ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չկա /Կա փոխըմբռնում մեր եւ միջազգային հանրության միջեւ/
12:46
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չկա /Կա փոխըմբռնում մեր եւ միջազգային հանրության միջեւ/

Երեկ հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի ԱԺ—կառավարություն առաջին հարցուպատասխանի օրն էր։ Կառավարության անդամները կանոնակարգով սահմանված կարգով պատասխանեցին պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճաների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէին նիստին, քանի որ գտնվում են գործուղման մեջ։ Գործադիրին հարցեր ուղղելու համար հերթագրվեց 16 պատգամավոր։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հարցը վերաբերում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության՝ «ՇՕՍ»—ի հետ մեր երկրի հարաբերություններին։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքականության եւ համագործակցության նոր ուղղությունների հաստատումը պետք է արժանանա նաեւ խորհրդարանի հավանությանը։
Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ «ՇՕՍ»—ի առումով խոսքը Հայաստանի ոչ թե անդամակցության, այլ դիտորդի կարգավիճակի մասին է։
«Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3—ին հրապարակված որոշմանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, դրանից առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ կազմվել էր ՀՀ կառավարության համապատասխան ծրագիրը եւ ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, ՀՀ եւ ՌԴ նախագահների պայմանավորվածությամբ եւ հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում էր այն ֆորմատներն ու եղանակները, որոնք կարող են լինել մեր երկրի ու Մաքսային միության միջեւ համագործակցություն հաստատելու համար։ Հետագայում քաղաքագետները, փորձագետները եւ այդ աշխատանքային խումբը եզրակացության եկան, որ հնարավոր է անդամակցությունը՝ չնայած նախկինում նշվում էր, որ կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տա անդամակցելու։ Այսինքն՝ դա զարգացում է, իսկ երբ զարգացում է լինում, եւ որոշումներ են ընդունվում՝ նկատի ունենալով բոլոր հանգամանքները եւ գործոնները, այստեղ անմիջապես շտկումներ անելու խնդիր չկա»,–ասաց ԱԳ նախարարը։
Է. Նալբանդյանը հիշեցրեց, որ ամեն ինչի մասին շատ պարզ կերպով հայտարարվել է։ Եթե անհրաժեշտ լինեն համապատասխան քննարկումներ ՄՄ—ին անդամակցելու, «ՇՕՍ»—ում որպես դիտորդ հանդես գալու, եթե լինեն համապատասխան պայմանավորվածություններ, ստորագրվեն միջազգային պայմանագրեր, որոնք վավերացում են պահանջում, ապա դրանք կներկայացվեն նաեւ ՀՀ Ազգային ժողով, եւ խորհրդարանը համապատասխանաբար կհայտնի իր կարծիքը. «Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, նկատի ունենալով կազմակերպության նպատակները, երբեւէ որեւիցե որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որը լիներ մեր երկրի շահերի դեմ։ Ադրբեջանը եւս խնդրել է դիտորդ դառնալ այդ կազմակերպությունում»։
ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ Լիտվայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, որն անմիջապես հաջորդել էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությանը։ 
Է. Նալբանդյանը նկատեց, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է նույնը, ինչ հայտարարել է ՀՀ արտգործնախարարը Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵՄ հետ՝ հիմնվելով այն հաջողությունների, ձեռքբերումների վրա, որոնք կան Հայաստանի եւ ԵՄ միջեւ վերջին տարիներին. «Ամեն ինչ հստակ է ասված, եւ եթե որեւէ մեկն ուրիշ երանգ է տեսնում դրանում, դա արդեն իր անձնական մոտեցումն է։ Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո մեր հաղորդագրության մեջ նշված էր, որ շարունակելու ենք ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ։ Սեպտեմբերի 13—ին Հայաստանում կկայանա Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին զուգահեռ՝ նաեւ կրթության նախարարների հանդիպումը, որին ներկա են լինելու Ֆյուլեն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրանք ոչ միայն ցանկություններ են, այլեւ դա լուրջ գործընթաց է, որը շարունակվում է։ Ֆյուլեի հետ հանդիպումներից հետո ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է բոլոր ձեւաչափերով իր հարաբերությունները զարգացնել, խորացնել եւ ընդլայնել ԵՄ—ի հետ այնքան, որքան հնարավոր կհամարի Եվրամիությունը եւ չի խանգարի մեր անդամակցությանը Մաքսային միությանը»։
ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը փորձեց ճշտել՝ ի վերջո Հայաստանի արտաքին քաղաքականությունում որեւիցե փոփոխություն եղել է, թե՝ ոչ։
Է. Նալբանդյանը փաստեց՝ ոչ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ոչ էլ ՀՀ կառավարության ծրագրում փոփոխություններ տեղի չեն ունեցել. «Եթե անդրադառնանք նույն «ՇՕՍ»—ին, ապա ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցելու է տարբեր միջազգային կազմակերպությունների աշխատանքին դիտորդի կարգավիճակով կամ անդամակցությամբ։ «ՇՕՍ»—ում դիտորդական կարգավիճակը դրա մասին է խոսում։ ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն պրոցեսներում մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք դրսեւորում, ինչը նույնպես կա ՀՀ կառավարության ծրագրում։ Մեր արտաքին քաղաքականության ծրագրում որեւէ փոփոխություն չկա»։
Արտաքին գործերի նախարարը հիշեցրեց՝ Հայաստանը մշտապես հայտարարել եւ բազմիցս ամենաբարձր մակարդակով տրված հարցազրույցներում ասել է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Հայաստանը նաեւ ցանկանում է ամենասերտ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ ԵՄ—ի, ԱՄՆ—ի հետ. «Մենք շատ ուրախ ենք, որ այսօր մեր հարաբերությունները ԵՄ—ի հետ շատ ավելի սերտ են, քան երբեւէ։ Ուրախ ենք, որ այսօր Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությունը ունի շատ լուրջ հիմքեր, եւ պետքարտուղարի հետ մենք ոչ մեկ անգամ հայտարարել ենք, որ հարաբերությունները բարձրացել են որակական նոր մակարդակի։ Ուրախ ենք, որ զարգանում է շատ սերտ համագործակցություն Չինաստանի հետ։ Կարող ենք հատուկ արձանագրել, որ այսօր ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ մենք ունենք ըմբռնում միջազգային հանրության կողմից։ Որովհետեւ այն հինգ հայտարարությունները, որ ընդունվել են եռանախագահող երկրների մակարդակով, համահունչ են մեր մոտեցումներին։ Հայտարարություններից անմիջապես հետո ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանում էր դրանց ամեն մի կետը։ Մենք մշտապես նշել ենք, որ կիսում ենք եռանախագահների կարծիքը այն առաջարկների հիման վրա, որոնք կազմում են մեկ ամբողջություն, եւ որոնց հիմքը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելն է։ Այն, ինչ մենք հայտարարել ենք այս տարիների ընթացքում, շարունակվում է նույն ձեւով։ Կա փոխըմբռնում մեր եւ միջազգային հանրության միջեւ։ Այս տարիներին երբեք չի եղել, որ մենք հայտարարենք ինչ–որ բան, հետո ուղղենք, որովհետեւ մեր հայտարարություններում սուտ չկա»։
Նույն խնդրին էր վերաբերում նաեւ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցը։ Արտաքին գործերի նախարարը նախ հիշեցրեց, որ ՀՀ նախագահն, ըստ Սահմանադրության, իրավունք ունի ստորագրել միջազգային պայմանագրեր եւ եթե կարիք կա՝ ներկացնել ԱԺ—ի վավերացմանը. «Միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, որպես կանոն՝ դրանք հրապարակվում են ստորագրումից հետո։ Մաքսային միության վերաբերյալ այլ փաստաթուղթ չկա, բացի նրանից, որ հրապարակվել է ՌԴ—ի եւ ՀՀ—ի նախագահների կողմից։ Հավանաբար հոկտեմբերի երկրորդ կեսին կկայանա համաժողով Մաքսային միության վերաբերյալ, ու դրանից հետո վավերացվելիք փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանին»։
Է. Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահի ու ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտությունը միշտ թափանցիկ է եղել. «Մենք երբեւէ որեւէ գաղտնիք չենք ունեցել, Հայաստանը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարել։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել ու մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս մեր հարաբերությունների Ռուսաստանի հետ։ Մեր ձգտումը այն է, որ մենք պետք է շարունակենք մեր մերձեցումը, մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով ու ֆորմատներով Եվրամիության հետ»։
ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի հարցը նույնպես վերաբերում էր Մաքսային միությանն անդամակցելուն, սակայն գազի սակագնի, դրա հնարավոր փոփոխության տեսանկյունից։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հիշեցրեց՝ գազի սակագինը Հայաստանի համար սահմանի վրա 270 ԱՄՆ դոլար էր սահմանված «Գազպրոմ» ընկերության կողմից։
«Սակայն երկարատեւ բանակցությունների արդյունքում ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ այդ գումարի 30 տոկոսը պետք է սուբսիդավորվի, որպեսզի մեր բնակչության համար հնարավորինս մեղմ պայմաններ ստեղծվեն։ Արդյունքում՝ գազի սակագները հաստատվել էին՝ հանած այդ 30 տոկոսը։ Բանակցությունները շարունակվում էին մինչ այն պահը, երբ ընդունվեց Մաքսային միությանն անդամակցելու որոշում։ Այժմ խնդիրը պետք է լուծվի այդ սուբսիդավորման հարցի ներքո։ Իհարկե, գործընթաց է պահանջվում, որպեսզի միությանը միանալը տեղի ունենա, սակայն մինչ այդ, մեր պայմանավորվածության համաձայն, հատուկ օրենք կընդունվի ՌԴ Պետդումայում, որը մեզ կտա հնարավորություն 30 տոկոսով էժան գազ ներկրելու Հայաստան։ Սակայն հաստատված սակագները մնում են նույնը, որեւիցե փոփոխության չեն ենթարկվելու»,–նշեց Ա. Մովսիսյանը։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 401 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024