ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 1 » Հովիկ Աբրահամյանը՝ Ազգային ժողովի նախագահ /Նոր խորհրդարանը՝ քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ/
17:24
Հովիկ Աբրահամյանը՝ Ազգային ժողովի նախագահ /Նոր խորհրդարանը՝ քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ/

5—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, ԱԺ կանոնակարգ օրենքի 34 հոդվածի 4—րդ կետի համաձայն, նորընտիր պատգամավորները տվեցին նաեւ իրենց երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ.
Բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Այնուհետեւ նիստը վարող պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց բոլոր 131 պատգամավորներին։
Ազգային ժողովի 5—րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստի ընթացքում, կանոնակարգ օրենքի համաձայն, տեղի ունեցան նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները։ Համաձայն կանոնակարգ օրենքի՝ քվեարկությունն անցկացվեց փակ, յուրաքանչյուր ներկայացված քաղաքական ուժ հնարավորություն ուներ առաջարկելու ԱԺ նախագահի եւ տեղակալների իր թեկնածուներին։ Առաջին նիստին ներկա էին 111 պատգամավորներ։
Մինչ այդ նիստը վարողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը՝
1. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
3. Ազգային ժողովի փոխնախագահների ընտրություններ,
4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատում,
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ,
6. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
Օրակարգային առաջին հարցի հետ կապված՝ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն առաջարկեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում ընտրել 7 պատգամավոր, որից 2—ը՝ ՀՀԿ—ից, իսկ մյուս քաղաքական ուժերից՝ 1—ական թեկնածու, ինչն ընդունվեց քվեարկությամբ։ ՀՀԿ—ից առաջադրվեցին Ռաֆիկ Գրիգորյանը եւ Տաճատ Վարդապետյանը, ԲՀԿ—ից՝ Վահագն Մախսուդյանը, ՀՅԴ—ից՝ Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ—ից՝ Իշխան Խաչատրյանը, իսկ «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի թեկնածուների տեղերը թափուր մնացին այդ քաղաքական ուժերի բացակայության պատճառով։
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռաֆիկ Գրիգորյանը։
Օրակարգի երկրորդ հարցով ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը որպես ԱԺ նախագահ առաջարկեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Արգամի Աբրահամյանի թեկնածությունը։ Այլ թեկնածություններ այլ քաղաքական ուժերից չեղան։ 
Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահի բարձր պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու համար, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար։ Նախ եւ առաջ երախտապարտ եմ հանրապետության նախագահին նման վստահության համար, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործընկերներին։
Հայաստանի Հանրապետության 5—րդ գումարման խորհրդարանը՝ այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազգային ժողովում ներկայացված է Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտն իր ամենալայն ներկապնակով։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է լավ ընտրությունների միջոցով ձեւավորել ուժեղ օրենսդիր մարմին։ Վստահ եմ, որ ներկա Ազգային ժողովը մեր երկրում պառլամենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի է բարձրացնելու եւ դառնալու է քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ։
Ասել, որ մեծ հպարտություն ու լուրջ պատասխանատվություն եմ համարում նման խորհրդարանի ղեկավարի պաշտոնին առաջադրվելը, նշանակում է քիչ բան ասել։ Ես լավ պատկերացնում եմ՝ ինչպիսի դերակատարություն է վերապահվելու Ազգային ժողովի նախագահին եւ հաստատապես պատրաստ եմ դրան։
Դեռ ընտրապայքարի ընթացքում ուշադրությամբ հետեւել եմ այսօր արդեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող նպատակադրումներին եւ ուսումնասիրել եմ բոլոր ծրագրերը։ Տեսել եմ ահռելի ընդհանրություն հնչեցված խոսքի ու հռչակած մտադրությունների մեջ.
— բոլորն էլ առաջ էին քաշում սեփական ուժերին հավատալու անհրաժեշտությունը,
— բոլորն էլ պնդում էին փոփոխությունները շարունակելու կարիքը,
— բոլորն էլ ասում են, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը մեր կյանքի արատավոր երեւույթների դեմ,
— բոլորն էլ խոսում են մարդու որպես մեր երկրի ամենաէական եւ հիմնարար արժեքի մասին։
Դա շատ լավ է։
Դա նշանակում է, որ մեր հասարակությունը կայացել է որպես հավաքական պահանջարկ ձեւավորող սուբյեկտ։
Դա նշանակում է, որ այդ կայացումն արդեն անշրջելի է։
Դա նշանակում է, որ մեր երկրի բոլոր ուժերը ակամայից համաձայնության են եկել ընդհանուր արժեքային համակարգի շուրջ։
Վերջիվերջո, դա նշանակում է, որ մենք բոլորս էլ, որքան էլ իրար քննադատենք, իրականում իրար շատ մոտ ենք մեր երկրի ապագայի պատկերացումների առումով եւ պատրաստ ենք միեւնույն ճիշտ ուղղությամբ տանել մեր երկրի զարգացումը։
Ես հավատում եմ, որ մենք բոլորս էլ մեր երկրի հայրենասեր քաղաքացիներն ենք։ Եվ այս տրամաբանությամբ կառուցված ընտրապայքարում հաղթել է ոչ թե մեկ քաղաքական ուժ, այլ ամբողջ Հայաստանը եւ մեր ժողովուրդը։
Համոզված եմ, որ սա միայն ու միայն ավելի ուժեղ է դարձնելու մեր երկիրը։ Վստահ եմ, որ դրանում շատ արագ կհամոզվենք Ազգային ժողովի գործունեության արդեն առաջին մի քանի ամիսների ընթացքում։
Եկել է աշխատելու ժամանակը։
Ու պիտի աշխատենք բոլորս միասին։ Որովհետեւ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները կարելի է միայն համագործակցաբար լուծել, որովհետեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը կարելի է միայն միասնաբար բարձրացնել։
Հարգելի՛ գործընկերներ,
Ազգային ժողովի գործունեության վերաբերյալ իմ ծրագրային մոտեցումները չեն փոխվել։ Ընդհակառակը, անցած տարիների ընթացքում, հասցնելով տիրապետել խորհրդարանի գործունեության ամենաաննկատ կողմերին, անտեսանելի նրբություններին, ես այսօր առավել քան վստահ եմ ուժեղ եւ արդյունավետ խորհրդարանի վերաբերյալ իմ մոտեցումներում։
1. Այսօր էլ կրկնում եմ, որ խորհրդարանի բնականոն եւ արդյունավետ գործունեության համար առաջնային նշանակություն ունի փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ գործընկերության մթնոլորտի ապահովումը։ Այս առումով պատահական չէ, որ ստանալով Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն, Հանրապետական կուսակցությունը, ինչպես եւ նախկինում, այսօր էլ հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից։
Հինգ տարի մենք աշխատելու ենք միասին։ Շատ բան ենք իմանալու միմյանց մասին, բազմաթիվ շինծու միֆեր են ցրվելու, շատ առիթներ են լինելու ներքուստ համոզվելու նախկին որոշ պատկերացումների կեղծության մեջ եւ կրկին հիշելու, որ պարտադիր չէ, որ մեր մտավախությունները լինեն դիմացինի մտադրությունները։ Այս խորհրդարանը լավ խորհրդարան է լինելու եւ հեղինակության խնդիր չի ունենալու։ Համենայն դեպս, ես եռանդ չեմ խնայի դրա համար։
Ամեն ինչ անելու եմ նաեւ, որ ցանկացած բանավեճ կամ անհամաձայնություն երբեւէ չանդրադառնա խորհրդարանի բնականոն գործունեության եւ աշխատանքային մթնոլորտի վրա։
2. Ազգային ժողովը քաղաքական կյանքի առաջնային ամբիոնն է։ Սա է քաղաքական բանավեճի բարձրագույն հարթակը։ Այս դահլիճում են սկսվելու եւ ավարտվելու քաղաքական մտքի բոլոր հիմնական զարգացումները մեր երկրում եւ այստեղ են հատվելու Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մոտեցումներն ու տարբերվող տեսակետները։ Ես եռանդ չեմ խնայելու բաց, ակտիվ եւ ծանրակշիռ դերակատարությամբ Ազգային ժողով կայացնելու ճանապարհին։ Միասին ենք կայացնելու։
Օրինաստեղծ աշխատանքը դնելու ենք պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Ինչ խոսք, միշտ էլ կլինի պոպուլիստական հռետորաբանություն, կլինեն երեւակայականը իրականի տեղ մատուցելու փորձեր. եւ դա բնական է։ Բայց դա լինելու է բացառությունը, ոչ թե օրինաչափությունը, իսկ օրինաչափությունը լուրջ, համակողմանի կշռադատված, ամենօրյա հետեւողական օրինաստեղծ աշխատանքն է լինելու, ինչի համար էլ մենք առաջին հերթին հավաքվել ենք այստեղ։
3. Ազգային ժողով—կառավարություն հարաբերությունները տեսնում եմ դինամիկ զարգացման հարթությունում։ Այո, կառավարությունը ձեւավորում է իշխող քաղաքական ուժը, եւ ես, որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ունեմ կառավարության գործունեության վրա ազդելու ներկուսակցական հարթությունը։ Միեւնույն ժամանակ ես համոզված եմ, որ անկախ առկա այլ մեխանիզմներից, Ազգային ժողովն է, որ պետք է եւ կարող է առավել ընդգրկուն կերպով դիտարկել իրականացվող քաղաքական տարբեր ասպեկտները եւ նոր երանգներ հաղորդել։ Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ ես չեմ վարանելու լինել կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք իմ կարծիքով լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ։ Միեւնույն ժամանակ ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը, քանի որ ինձ համար չկան ինքնանպատակ գերատեսչական կամ կուսակցական շահեր, կա միայն Հայաստանի ու մեր ժողովրդի շահը եւ հանուն դրա իրականացվող գործունեությունն եմ միայն համարում արդարացված։
4. Եվ վերջապես, ներկա իրողությունների պայմաններում մենք պետք է լուրջ տեղ հատկացնենք խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը։ Մեր որոշ հարեւաններ լայն թափով հակահայ գործունեություն են ծավալում աշխարհի գրեթե բոլոր քաղաքական հարթակներում։ Նման ռեսուրսների դիմաց մենք պարտավոր ենք առավել արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորություններն ու մեխանիզմները։ Այս հարցում մեծ դեր ունի նաեւ խորհրդարանը, եւ մենք բոլորս շատ ակտիվ պետք է լինենք ամենատարբեր ձեւաչափերում մեր երկրի շահերին հետամուտ լինելու հարցում։
Սրանք էին իմ հիմնական մոտեցումները Ազգային ժողովի գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ։ Դրանք չեն փոխվել վերջին տարիների ընթացքում։ Փոխվել են միայն իմ համոզմունքները խորհրդարանի, համագործակցային միջավայրի եւ համատեղ աշխատանքի դրական ներուժի մասին։ Դրանք շատ ավելի ամուր են դարձել։ Եվ ես պատրաստ եմ իմ այդ համոզմունքներով վարակել յուրաքանչյուրին։
Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ ինձ աջակցելու համար»։
Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Գալուստ Սահակյանը եւ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրին, որ նախորդ օրը գումարվել են ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերը, եւ միաձայն առաջարկություն է եղել պաշտպանելու Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը։ Նրանք բարձր գնահատեցին թեկնածուի մարդկային ու մասնագիտական արժանիքները՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանը նախորդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնում կատարած իր աշխատանքով արդեն ապացուցել է, որ կենսափորձ ունեցող ու լայնախոհ քաղաքական գործիչ է։
Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ Հովիկ Աբրահամյանը նախորդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնավարման ընթացքում իրեն դրսեւորել է լավագույն կողմերով, բարձրացրել է խորհրդարանի քաղաքական հեղինակությունն ու կշիռը՝ պահպանելով իշխանությունների տարանջատման սկզբունքը։
ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ԱԺ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանին հորդորեց ընտրվելու դեպքում ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը եւ թույլ չտալ, որ կանոնակարգային խախտումներ կատարվեն։
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ տեղի ունեցավ ԱԺ նախագահի՝ գաղտնի քվեարկությամբ ընտրությունը։
Ամփոփելով անցկացված փակ քվեարկության արդյունքները՝ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկներից 4—ը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ 102 կողմ եւ 4 դեմ ձայներով Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը։
Ազգային ժողովի նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, Հանրապետական կուսակցությանն ու ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վստահության համար, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով իրականացնելու են նախանշված բոլոր ծրագրերը։ ԱԺ նախագահը վստահ է, որ կա անհրաժեշտ ներուժ այդ ծրագրերը կենսագործելու համար, եւ համոզված, որ արդարացնելու են ժողովրդի վստահությունը։ «Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, որոնց աջակցության շնորհիվ այսօր գտնվում ենք Ազգային ժողովում»,—նշեց Հովիկ Աբրահամյանը։ hhpress.am


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 462 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024