ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 4 » Հռչակագիրը պատմական անհրաժեշտություն էր /Անկախ պետականության տարեգրքում եւս մեկ էջ ավելացավ/
11:17
Հռչակագիրը պատմական անհրաժեշտություն էր /Անկախ պետականության տարեգրքում եւս մեկ էջ ավելացավ/

Վերստին տոնական հանդերձանքի մեջ է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախը Հայաստանի եւ սփյուռքի հետ հանդիսավորությամբ նշում է հանրապետության հռչակման 26—րդ տարեդարձը։ Իրադարձություն, որ պատմական մեծ նշանակություն ունեցավ Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի կանխորոշման, նրա անկախացման, պետականության հաստատման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, բնակչության անվտանգության ապահովման խնդրում։
1991թ. սեպտեմբերի 2—ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց ԼՂՀ հռչակման մասին հռչակագիր, ինչը նոր էջ բացեց Արցախի բազմադարյա պատմության մեջ։ Հետագայում, դեկտեմբերի 10—ին կայացած հանրաքվեի արդյունքներով ստեղծվեց հայկական երկրորդ անկախ պետությունը։ Ասել է թե՝ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ փլուզման գործընթացում իր նախկին ինքնավար կազմավորման կարգավիճակը բարձրացրեց անկախ պետության մակարդակի՝ անցնելով պետականաշինության փուլերը։ Որպես փլուզված խորհրդային դաշնային պետության սուբյեկտ, նա փաստացի դուրս եկավ ոչ թե Ադրբեջանից, որի մաս երբեք չի եղել, այլ ԽՍՀՄ կազմից։ Պատահական չէ, որ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ իրավաբանական որեւէ ծանրակշիռ ու հիմնավորված փաստարկ բերել, ինչը կասկածի տակ կառներ ԼՂՀ հռչակման օրինականությունը։
Արցախահայությունը դրսեւորեց հայ ժողովրդին բնորոշ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են արիությունն ու սխրագործությունը, փորձությունները հաղթահարելու եւ նպատակին հասնելու հաստատակամությունը, սերն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին, համախմբվածությունը։ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրի ընդունումը տարիների ընթացքում հաստատեց անկախության ուղին ընտրած ժողովրդի կամքն արտահայտող համարձակ որոշման պատմական ու քաղաքական նշանակությունը։ Ցավոք, ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրականացումը միանշանակ մերժվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Երկրում տասնամյակներ շարունակ վարվող ազգային խտրական քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ ստեղծել էր ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ, որն ուժգնանալով վերածվեց Արցախի դեմ լայնածավալ պատերազմի։
Ռազմական գործողությունների արդյունքում ունեցանք հազարավոր  զոհեր, հարյուր հազարավոր փախստականներ։ Ամբողջովին ավերվել էր տնտեսությունը, ոչնչացվել բնակելի ֆոնդի համարյա կեսը, շարքից դուրս էին եկել կենսապահովման հարյուրավոր օբյեկտներ։ Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը ցուցադրեցին, որ 26 տարի առաջ ընդունված քաղաքական որոշումն այլընտրանք չուներ եւ միակ ճիշտ քայլն էր, որը կանխեց արցախահայության բռնի տեղահանումը եւ ֆիզիկական ոչնչացումը։ Ռազմական գործողությունները հաստատեցին, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ հուսալի երաշխավորը պաշտպանության բանակն է, որն ի վիճակի է լուծել ցանկացած բարդ խնդիր։ Դրանում վերստին համոզվեցինք 2016թ. ապրիլյան պատերազմում, ուր արժանի հակահարված ստացավ թշնամին, եւ առավել ցայտուն ձեւով դրսեւորվեցին հայ զինվորի՝ հայրենիքը անձնազոհաբար պաշտպանելու կամքն ու բազկի ուժը, հայրենասիրական բարձր ոգին։
Բաքվի կողմից 1992—1994թթ. եւ 2016թ. ապրիլին սանձազերծված պատերազմներն ամենայն համոզչությամբ ապացուցեցին, որ արցախցին հանուն իր անկախ պետականության պատրաստ է զոհաբերել անգամ կյանքը։ Հաստատեցին նաեւ ԼՂՀ հռչակման անհրաժեշտությունը, ցեղասպան պետության կազմում մնալու անհարիրությունը, որի ղեկավարներն այսօր էլ չեն հրաժարվում Արցախի բռնակցման ու հայ բնակչության ոչնչացման գաղափարից։ Անցնելով դաժան փորձությունների եւ զրկանքների միջով, Արցախի ժողովուրդը՝ Հայաստանի եւ սփյուռքի աջակցությամբ, պատվով է քննություն բռնել՝ վստահորեն շարունակելով պետականաշինության գործընթացը։ Նոր Սահմանադրության ընդունմանը երկրում անմիջապես հաջորդել են սահմանդրական բարեփոխումները ամենատարբեր ոլորտներում, որոնք լուրջ քայլ են ինքնիշխանության ամրապնդման, հասարակական–քաղաքական կյանքի ժողովրդավարացման, բանակաշինության, Արցախի անկախության միջազգային ճանաչման ճանապարհին։ 
ԼՂՀ—ն այսօր կարեւորագույն ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում։ Երկրի ղեկավարները բազմիցս են ընդգծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, արդարության սկզբունքով լուծելու իրենց պատրաստակամությունը, քանի որ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովումը հնարավոր է բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը հաշվի առնելու դեպքում։ Այս իրողության գիտակցումով են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր գործադրում եռակողմ բանակցության խեղաթյուրված ձեւաչափը վերականգնելու, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու, մասնավորապես՝ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները ներդնելու եւ կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Իսկ թե Ադրբեջանը որքանով է պատրաստ հրաժարվելու հակակառուցողական իր դիրքորոշումից եւ նախընտրելու խաղաղ երկխոսությունը, ցույց կտա ժամանակը։
Հանրապետության հռչակման հաջորդ տարիներն ի՞նչ են տվել մեր ժողովրդին, որո՞նք են արցախցու գլխավոր ձեռքբերումները։ Այս հարցերի պատասխաններն ենք փորձել ստանալ մեր զրուցակիցներից։
Արզիկ Մխիթարյան, ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. «ԼՂՀ հռչակման փաստն, իմ համոզմամբ, պետք է դիտարկել 1988—ի Ղարաբաղյան շարժման համապատկերին, քանզի ամեն ինչ սկսվեց ազգային զարթոնքից։ 1988—ին բոլորս միավորվել էինք մեկ այլ գաղափարի շուրջ։ Համոզված էինք, որ մեր պահանջն արդարացի է, ու պիտի վերամիավորվենք Հայաստանին։ Սակայն սումգայիթյան ոճրագործությանը հաջորդեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը՝ մի նոր փորձության առաջ կանգնեցնելով մեր ժողովրդին։ Տարեվերջին մենք հասկացանք, որ մեր պայքարը քաղաքական փակուղի է մտել, եւ, բնականաբար, առաջ շարժվելու համար պիտի որոնեինք նոր ճանապարհներ, անհրաժեշտ էր գտնել քաղաքական այլ լուծում։ Այդ առումով, 1991—ի սեպտեմբերի 2—ին կատարած քայլը յուրահատուկ քաղաքական էտապ էր, որպեսզի կարողանայինք խուսափել ճնշումներից։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ մեր գերնպատակը միասնական հայրենիք ունենալն է։ Արցախցիներից ոչ մեկը չի կարող կասկածի տակ առնել այդ ձգտումը։ Եվ, հավանաբար, կգա ժամանակը, ու մենք կիրագործենք այդ երազանքը։ Այսօր 26 տարվա պատմություն ունենք կերտած։ Եվ ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Համայն հայության համար Արցախը դարձել է համազգային արժեք, եւ այն համոզմունքն ունեմ, որ նրա ճակատագրի հանդեպ ոչ ոք չի կարող անտարբեր մնալ՝ անգամ մոլորակի ամենահեռավոր անկյունում։ Ինձ ուրախացնում է եւ այն հանգամանքը, որ Արցախում առավոտները բացվում են հայերենով, եկեղեցու զանգերն են հայերեն հնչում եւ մանուկներն են թոթովում հայերեն։ Սա է մեր անկախությունը, ու մենք ենք մեր ճակատագրի տերը»։
Վարդան Բալայան, ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ—մայոր. «Հանրապետության հռչակումը հնարավորություն տվեց ինքնուրույն կերտելու մեր ապագան։ Արցախի ժողովուրդը թոթափեց ադրբեջանական լուծը եւ վերջ տրվեց թուրքերի ծրագրած ուծացման քաղաքականությանը։ Այսօր մենք հաստատուն քայլերով ընթանում ենք մեր ընտրած ճանապարհով, որը տանում է վերջնական հաղթանակի։ Համայն հայության աջակցությամբ կերտում ենք մեր անկախությունը, ամրապնդում ազատ ապրելու մեր իրավունքը, տեր կանգնում արյան գնով նվաճած մեր արժեքներին։ Ապրիլյան ռազմագործողությունները եւս մեկ անգամ ցույց տվին, որ մեր բանակը աներեր է, անպարտելի, իսկ ժողովուրդը՝ միասնական։ Մենք այսօր գտնվում ենք խաղաղ արարման ճանապարհին։ Իսկ ով հավատում է իր բանակի ներուժին, իր երկրի առավոտներն, անկասկած, խաղաղությամբ են բացվելու, եւ լուսավոր է լինելու Արցախի ապագան»։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024