ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 27 » Հստակ ծրագրեր են անհրաժեշտ /Համայնքներում պետք է զարգանան ենթակառուցվածքները/
11:24
Հստակ ծրագրեր են անհրաժեշտ /Համայնքներում պետք է զարգանան ենթակառուցվածքները/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 278,999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչեւ 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում՝ պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչեւ 40 տոկոսը։ 2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել եւ հանձնաժողովի հավանությանն է արժանացել 84–ը։ Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը։
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի հատկացնել 10 մլրդ դրամ, սակայն դեռեւս չի հաջողվում այս ոլորտում աշխուժություն ապահովել։ «Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրով 10 մլրդ դրամ կտանք, բայց առայժմ մեր թվերը պտտվում են 200–300 մլն դրամի շրջանակում»,–նշել է վարչապետը։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ այս տարի կլինի սուբվենցիաների ծրագրերի եւս երկու փուլ, ծրագրերը քննարկման ընթացքում են։ «Այնուամենայնիվ, 10 մլրդ դրամն այս տարի սպառել չենք կարող։ Առաջարկում եմ 2019 թվականի հայտերը ստանալ նոյեմբերից, որպեսզի տարեսկզբից հնարավոր լինի սկսել ծրագրերը»,–ասել է նախարարը։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է այդ գումարները տրամադրել, բայց համայնքները չունեն ծրագրերը կամ ֆինանսական միջոցները, որպեսզի մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը։ «Մենք իսկապես պետք է քննարկենք՝ արժե՞ այդ 10 մլրդ դրամն այլ խողովակներով ծախսել համայնքներում, թե՞ չարժե։ Վերջին շրջանի բացահայտումներն ու հետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք լուրջ ռիսկեր ունենք։ Մենք պետք է ապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն։ Մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։


Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
 

Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ–ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման եւ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության մեջ։ «Գրին ֆարմեր»–ը Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ, որոնք համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ հակակարկտային։ Ընկերությունը մտադիր է կատարել 1,87 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մինչեւ 250 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Մեկ այլ որոշմամբ էլ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաեւ «Սաթենկար» ՍՊԸ–ն։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 286.5 մլն ՀՀ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին կծառայի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ, հասցնելով այն 68–ի՝ 94 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործում, եւ կառավարությունը հրավիրում է նոր ներդրումներ կատարելու այդ բնագավառում։ «Կարծում եմ՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում ընդունված որոշումը եւս կխթանի ոլորտի զարգացումը։ Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված խնդիր կա, եւ պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով։ Ի վերջո, որոշում է կայացվել, որպեսզի այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին։ Պայմանավորվածությունը հետեւյալն է. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները, եւ բոլորի ներկայությամբ ու տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,–հայտնել է վարչապետը։


Օրենսդրական նախաձեռնություններ
 

Հավանության է արժանացել ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Օրինագծի ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես՝ լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ։ Հաշվի առնելով ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաեւ ներկայումս գործող ընթացակարգերի բարելավման եւ պարզեցման անհրաժեշտությունը՝ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ հայտատուն պետական տուրքը կարող է վճարել լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս ամրագրված մեկ աշխատանքային օրվա փոխարեն։
Գործադիրը հավանություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով։ Այդպիսով, անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որեւէ գործատուից եւ ֆինանասավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով եւ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար։ Ըստ հիմնավորման, օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք անկախությունը, կբարձրանա աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստահությունը, կընդլայնվի աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակը, եւ էապես կթեթեւացվի նրանց աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը։ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել։


Այլ որոշումներ
 

2018թ. ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչի եւ զորակոչից տարկետումների գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ 2018թ. ամառային զորակոչի ավարտը նախատեսվում է օգոստոսի 11–ը ներառյալ, ինչպես նաեւ հանձնարարվում է ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարներին՝ համապատասխանաբար ապահովելու զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված անվանացուցակների տրամադրման գործընթացը։ Միաժամանակ, որպեսզի զորակոչի ավարտի երկարաձգումը չազդի սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրման գործընթացի վրա՝ զորացրումների վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 31–ը ներառյալ։ 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին, նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետեւողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ։ «Կա քննարկում, թե արդյո՞ք այս թեման ուսումնասիրվում է։ Այդ թեման ուսումնասիրում են ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ գլխավոր դատախազությունը։ Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով. դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի։ Ցավոք, զորակոչի ոլորտում դեռեւս շարունակում ենք չարաշահումներ ունենալ։ Ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել։ Հետեւողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ։ Զարմանալի է, որ այսքան հայտարարություններից հետո նման դեպքերը շարունակվում են։ Թող որեւէ մեկը չմտածի, թե մենք որեւէ կետում որեւէ պատճառով կկանգնենք»,–ասել է վարչապետը՝ կրկին հայտարարելով, որ կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու։
Կառավարության որոշումներով ամառային զորակոչից տարկետում են ստացել մշակույթի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ։
Հոկտեմբերի 21–ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ. գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ։
Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին եւ առաջարկել Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարին՝ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն։ «Մայիսի 8–ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում։ Անհրաժեշտ է դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,–ասել է վարչապետը եւ հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին։ «Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան։ Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը։ Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,–նշել է կառավարության ղեկավարը։

 

Դիտումներ: 293 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024