ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 17.10.2017, 07:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [444]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [349]
Մշակույթ [14]
Հասարակություն [635]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [131]
Քաղաքականություն [503]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 21 » Հստակեցվում է գործընթացը /Փաստաթղթերի տրամադրման ձգձգումները պետք է բացառվեն/
13:55
Հստակեցվում է գործընթացը /Փաստաթղթերի տրամադրման ձգձգումները պետք է բացառվեն/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել։
Անդրադառնալով լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127–ից նվազեցվել է մինչեւ 85–ի, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաեւ մասնավոր կազմակերպություններին։ Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռեւս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձեւական պահանջներ եւ այլն։ Ավելին՝ որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմներ կամ մեկ պատուհանի հնարավորություն»։ Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1–ամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի եւ այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու եւ ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր՝ ամրագրելով դրանց կատարման հստակ եւ սեղմ ժամկետներ, այդ թվում հատուկ ուշադրություն դարձնելով գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է սահմանել վերահսկողություն 1–ին կետով սահմանված պահանջի եւ ծրագրի կատարման նկատմամբ, իրականացնել գործընթացի համակարգման եւ ամփոփման աշխատանքները եւ պարբերաբար զեկուցել կատարման ընթացքի մասին։
«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք, մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառենք»,–նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է։

Առաջարկություններ կներկայացվեն

Բնական ռեսուրսների օգտագործման պահանջների խախտումների վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետեւանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում եւ որոշ դեպքերում կրում են շարունակական բնույթ։ Ավելին, առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջեւ»։ 
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2–ամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ, ներառյալ ոլորտի հստակեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ։ Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաեւ շահագրգիռ այլ մարմինների հետ։

Նվազագույնի կհասցվեն արգելադրման դեպքերը

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարկային պարտավորության չափով արգելանքի կիրառմանը, նշել է. «Վերջին ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն եւ կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսավարողների գույքի եւ դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառումն ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ։ Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի եւ դրամական միջոցների արգելադրման դեպքերը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալում եմ Պետական եկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի, ինչպես նաեւ շահագրգիռ այլ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումը եւ նոր մեխանիզմների իրագործումը»։ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել։ ՊԵԿ նախագահը նշել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՊԵԿ–ը ԿԲ–ի հետ մշակել է նախագիծ, որը մոտակա օրերին կստորագրվի եւ կմտնի կիրառության մեջ։

ՀՀ–ում կստեղծվի միասնական երթուղային ցանց

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին։ Դրա շրջանակում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ։ Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ դեպի Երեւան։ Ելնելով ուղեւորահոսքի ծավալներից՝ կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, կսահմանվի նաեւ մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երեւան փոխադրման արդյունավետ տեսակը, արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերի աշխատանքը։ Արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղեւորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղեւորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղեւորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղեւորափոխադրումների արդյունավետությունը եւ ոլորտի վերահսկողության մակարդակը։ Պատասխանելով Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի՝ օպերատորների, Հայաստանում գործող տրանսպորտային ընկերությունների հետ։ Նա նշել է, որ հայտարարվելու է մրցույթ, որին կարող են մասնակցել նաեւ միջազգային ընկերությունները։

Կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտներում որոշումներ կայացնելու իրավասությունները տվյալ մարմիններին վերապահելու քաղաքականությանը համահունչ՝ առաջարկվում է նախապես սահմանված՝ որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը։ Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել այն մոտեցումը, որ տարածագնահատման 1–ին, 2–րդ եւ 3–րդ գոտիներում գտնվող, 50 մլն դրամից ավելի գնահատված արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումներն ընդունվեն ՀՀ կառավարության որոշմամբ։ Ինչ վերաբերում է տարածագնահատման 4–րդ եւ ավելի բարձր գոտիներում գտնվող, մինչեւ 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումների ընդունմանը, ապա այդ լիազորությունն առաջարկվում է վերապահել պետգույքի կառավարման վարչությանը։ Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվի գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաեւ խիստ կկրճատվեն ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կկարգավորվի ոչ լիգվիդային անշարժ գույքի վաճառքը՝ արդյունքում կավելանան ՀՀ պետբյուջեի մուտքերը։ Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսպիսով, մենք ավելացնում ենք պետգույքի կառավարման վարչության ճկունությունն ու ազատության աստիճանը, միեւնույն ժամանակ ավելացնում ենք պատասխանատվությունը, ինչի արդյունքում մենք ձեզանից սպասում ենք գումարների ինտենսիվ մուտք»։ 

Կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը

Գործադիրը հավանություն է տվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին եւ միջոցառումների ժամանակացույցին, որի նպատակն է պետական, համայնքային եւ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ։ Այն իրենից ներկայացնում է պետություն–համայնք–մասնավոր հատված–քաղաքացիական հասարակություն համագործակցություն՝ ուղղված Հայաստանն աղբից մաքրելուն, դրա հետագա կուտակումներն աղբահանության համար չնախատեսված վայրերում կանխելուն։ Արդյունքում նախատեսվում է առավելագույնս նվազեցնել աղբանոցների ու աղբավայրերի թիվը, սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում։ Բացի այդ, ակնկալվում է շեշտակիորեն բարելավել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաեւ բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը։ Ծրագրով նախատեսվում են նախապատրաստական, ուղղիչ եւ կանխարգելիչ գործողություններ։ Ուղղիչ գործողությունների շարքին կարելի է դասել շաբաթօրյակները, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր, աղբի լցակույտերի ծածկումը, աղբավայրերի ցանցապատումը եւ այլն։    Կանխարգելիչ գործողություններից են էկոկրթության եւ էկոդաստիարակության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, քարոզչության եւ հանրային հսկման աշխատանքների կազմակերպումը, ինտերակտիվ համացանցային կայքի ստեղծումը եւ այլն։ Նախատեսվում է նաեւ իրավական եւ վարչական աշխատանքների կատարելագործում, որի արդյունքում կբարելավվի համայնքապետարանների կողմից կազմակերպվող աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների կանոնակարգը՝ պահանջներն ու իրավասությունները։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների ծրագիր։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ 2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 126–ի։
 

Երկարաձգվել է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը


Տեսչական բարեփոխումների շրջանակում ներկայում իրականացվում են տեսչությունների օպտիմալացման աշխատանքներ։ Մինչեւ նոր տեսչական մարմինների վերջնական ձեւավորումն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընդունված ստուգումների կասեցման արգելքը՝ նվազագույնի հասցնելով տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների քանակը։ Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ եւ լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներում։ Ըստ այդմ՝ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը խթանելու եւ վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել մինչեւ 2017թ. դեկտեմբերի 30–ը։
Կառավարությունը համապատասխան որոշումներով գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Ֆարմեր» ՍՊԸ ընկերությանը տրամադրել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու եւ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն։ «Գրին Ֆարմեր» ընկերությունը նախատեսում է ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ՝ կատարելով շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Արդյունքում հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 230 աշխատատեղ, որից 200–ը սեզոնային, իսկ 30–ը՝ հիմնական։ Միջին աշխատավարձը կկազմի 2018թ. 120, 2019թ.՝ 130, 2020թ.՝ 150 հազար ՀՀ դրամ։

Օրենսդրական նախաձեռնություններ

Հավանության է արժանացել «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Հիմնավորման համաձայն, հանրագրեր ներկայացնելու իրավունքը՝ որպես քաղաքական իրավունք, կարեւորագույն նշանակություն ունի անհատական եւ հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս ապահովելու հասարակության առավել լայն մասնակցություն եւ ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին։ Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում։ Օրինագծերի ընդունմամբ կստեղծվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրության 53–րդ հոդվածով նախատեսված՝ հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար։ Օրինագծերով, մասնավորապես, նախատեսվում է, որ հանրագրերը կարող են ներկայացվել գրավոր կամ բանավոր եղանակով, դրանք կարող են լինել անհատական եւ կոլեկտիվ։ Հանրագրի առարկան կարող է վերաբերել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ հասարակական կյանքի այլ ոլորտներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների վերացմանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավմանը։ Նախագծով սահմանվում են նաեւ հանրագիր ներկայացրած անձանց իրավունքները եւ պարտականությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին մասնակցելու իրավունքը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները եւ պարտականությունները։ Արդյունքում հանրագրերի ինստիտուտի ամրագրումը կապահովի հասարակության մասնակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման գործընթացին։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում», «ՀՀ դատական օրենսգրքում», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, մասնավորապես, պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ, ինչպես նաեւ նույնաբնույթ իրավական ակտերի միասնականության ապահովմամբ։
Կառավարության հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ։ Հիմնավորման համաձայն, խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ սահմանված վայրերում եւ չափանիշներին համապատասխան։ Սակայն հստակեցված չէ հավանության արժանացած ծրագրի համաներդրողների առկայության դեպքում, որ ներդրողը կարող է հանդես գալ որպես կազմակերպիչ։ Այդ հստակեցմանն է ուղղված օրենքի փոփոխությունը։

Հաստատվել են մրցույթի արդյունքները

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) եւ «Մեյսիս Ապահով» ՍՊԸ–ից (ՀՀ) բաղկացած համատեղ ձեռնարկությանը։ Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը եւ ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումը իրականացվել է 2014–2015թթ. ընթացքում։ 2017թ. սկզբից համակարգին միացվել են պետական մասնակցությամբ առողջապահական ոլորտի մի շարք հաստատություններ, որոնց պետական պատվերի շրջանակում հաշվետվությունների կազմումն արդեն իսկ իրականացվում է համակարգի միջոցով։ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017թ. եւ 2018թ. առաջին եռամսյակում։ Համակարգի հետագա շահագործումը եւ զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնել միասնական օպերատորին, որի համար ձեւավորվել է միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, կազմակերպվել եւ իրականացվել է բաց մրցույթ։

Այլ որոշումներ

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը։ Գործադիրը փոփոխություններ է կատարել երկու որոշումներում՝ համապատասխանեցնելով դրանք միեւնույն հարաբերությունները կանոնակարգող վերոնշյալ օրենքին։ Արդյունքում կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող հնարավոր խնդիրները։ Հիմնավորման համաձայն՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները եւ ԱՄՆ–ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը։ Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում խնդիրներ են առաջանում նաեւ անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ, ինչը եւս հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը։
Կառավարության որոշմամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ–ը կվերակազմավորվի հիմնադրամի՝ Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։ Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում սփյուռքից ներդրումների ապահովմանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 78 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017