ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 18:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 14 » Հյուսիս—հարավ էներգետիկական միջանցք /Հայաստանը, Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը համապատասխան փաստաթուղթ ստորագրեցին/
14:48
Հյուսիս—հարավ էներգետիկական միջանցք /Հայաստանը, Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը համապատասխան փաստաթուղթ ստորագրեցին/

Նախորդ տարվա վերջին կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպումը՝ նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը եւ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին։
Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ 2015թ. դեկտեմբերի 23—ին Երեւանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էին չորս երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք կարող են պայմաններ ստեղծել միավորելու չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։
Հերթական քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվեց եւ ստորագրվեց հյուսիս—հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը։ Ներկայացվեց նախորդ հանդիպումից հետո համակարգող խորհրդի կողմից կատարված աշխատանքների ընթացքը, ուղենշվեցին հետագա անելիքները։
Տարածաշրջանային էներգետիկ համագործակցության շրջանակներում ձեւավորվող հյուսիս—հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում նպատակ կա մինչեւ 2019թ. կառուցել բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր Հայաստանից Վրաստան եւ Հայաստանից Իրան։ Երկրորդի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ դեպի Վրաստան էներգետիկ միջանցքի կառուցումը կմեկնարկի մոտ ժամանակներս։ Այս մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ շեշտելով, որ փաստաթղթերի ստորագրման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռ 2015թ. դեկտեմբերի 23—ին։
«Այսօր չորս երկրների ներկայացուցիչները Երեւանում նախապատրաստեցին եւ նախանշեցին այն անելիքներն ու փաստաթղթերը, որոնք պարտադիր պետք է մշակվեն մինչեւ 2019թ. ֆիզիկապես այդ էներգետիկ միջանցքի գործարկումը։ Հենց այդ իրավական նորմերը կկարգավորեն տարածաշրջանային մեր համագործակցությունն էլեկտրաէներգետիկայի դաշտում։ Այսօր ստորագրված կարեւորագույն փաստաթուղթն այն «ճանապարհային քարտեզն» էր, որում էլ նախանշված են իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը եւ դրանց պատասխանատուները»,–ասաց Ա. Գալստյանը։
Ըստ փոխնախարարի, նաեւ նախանշվել է մինչեւ 2018թ. ստորագրվելիք իրավական փաստաթղթերի պարտադիր ցանկը, որոնց միջոցով 2019—ին էներգետիկ միջանցքի շահագործման ժամանակ կկազմակերպվի երկրների միջեւ համատեղ աշխատանքը։ Կառուցվող բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը հնարավոր կլինի օգտագործել մի շարք ծրագրերում։ Ա. Գալստյանի խոսքով, առաջինը սեզոնային փոխհոսքերի իրականացումն է, ինչը Հայաստանը հարեւան Իրանի հետ տարիներ շարունակ կատարում է ամենաբարձր մակարդակով. «Հայաստանն ունի հավելյալ հզորություններ, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է մեր ներքին պահանջարկի բավարարման համար։ Սակայն էլեկտրաէներգիայի ավելցուկ հասկացությունն այս դեպքում խիստ հարաբերական է, որովհետեւ, կախված սեզոնից, առկա հավելյալ հզորությունների տեխնիկա—տնտեսական ցուցանիշները բարենպաստ չեն լինում եւ չեն կարող մրցակցել։ Օրինակ, Վրաստանը ապրիլ—հունիս ամիսներին ունենում է ահռելի հիդրոէներգետիկ ռեսուրսներ ջրի առատության պատճառով, ինչի արդյունքում էլեկտրական էներգիան այնտեղ կտրուկ էժանանում է։ Կարելի է գնել այդ էներգիան՝ ժամանակավորապես դադարեցնելով ջերմային էլեկտրակայանների աշխատանքն այս սեզոնին, քանի որ վերջիններիս արտադրած էներգիայի ինքնարժեքն ավելի բարձր է դառնում»։
Նույն Վրաստանում, ըստ փոխնախարարի, ձմռանը գետերի սառչելու հետ առաջանում է էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ։ Այս դեպքում արդեն Հայաստանը կարող է առաջարկել լրացուցիչ հզորություններ, այդ թվում՝ ջերմային կայաններում արտադրվող, փոխանակման կամ կոմերցիոն գործարքների միջոցով։ Նույնը Իրանում, որտեղ խիստ շոգի պատճառով էլեկտրական էներգիայի դեֆիցիտ է առաջանում ամռանը, եւ անհրաժեշտ են բավականին մեծ լրացուցիչ հզորություններ։ Ա. Գալստյանը հիշեցրեց՝ ժամանակին, երբ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում, նման սեզոնային փոխանակումները առկա էին ու կիրառվում էին շատ արդյունավետ։ Սովորելով, իմանալով աշխատանքի սկզբունքները, ներկայումս Հայաստանը փորձում է ավելի զարգացած տարբերակներ առաջարկել իր գործընկերներին։
Մյուս տարբերակն, այսպես կոչված, «սվոփ—փոխանակումներն» են, երբ էլեկտրաէներգիան մի տեղից մյուսն է տեղափոխվում՝ օգտագործելով միջանկյալ երկրների էլեկտրական ցանցերը. «Կյանքի է կոչվելու Վրաստանի միջոցով մեր հյուսիսային հարեւանների հետ զուգահեռ աշխատանքը, որի մասին մենք տարիներ շարունակ երազել էինք ու որի հնարավորությունը կորցրել էինք ԽՍՀՄ փլուզումից ի վեր։ Այդ հնարավորությունը 2019 թվականից սկսած ընձեռվելու է։ Դա լրացուցիչ խթան կլինի նաեւ մասնավոր հատվածին ներգրավելու համար, որը կարող է սեփական գործարքները կազմակերպել»։
Պարզաբանելով՝ Ա. Գալստյանը նշեց, որ ծրագրի նպատակն է մեր երկիրը էներգետիկ բաց համակարգի վերածելը։ Նույն սկզբունքները պետք է կյանքի կոչվեն նաեւ ԵԱՏՄ—ում, անհրաժեշտ կլինի բացել էներգետիկ շուկան։ Առաջին հերթին այն կբացվի խոշոր սպառողների համար, ովքեր օգտվում են բարձր լարման ցանցից. «Հայաստանում աշխատող խոշոր սպառողները կկարողանան էներգիան գնել իրենց ցանկացած տեղից, օրինակ՝ Վրաստանից, երբ զուգահեռ աշխատենք հարեւան երկրի հետ։ Եվ հակառակը։ Երրորդ կողմի մուտքը պետք է բաց լինի դեպի բարձրավոլտ ցանցեր։ Մեր պլանների հաջողությամբ իրականացման դեպքում, որոշ ժամանակ անց աստիճանաբար հնարավոր կլինի նաեւ միջին եւ ցածր լարման ցանցի ազատականացումը, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսել։ Կարեւոր է, որ բոլոր չորս երկրները շահագրգռված են այդ տարածաշրջանային շուկայի ձեւավորման հարցում, ինչը թույլ կտա մրցակցության տարր մտցնել։ Իսկ մրցակցությունը հետագայում միանշանակ կազդի նաեւ միջինացված գեներացիոն սպառողական սակագների վրա»։
Անդրադառնալով ֆինանսավորման հարցերին՝ Ա. Գալստյանը նշեց, որ Հայաստան—Իրան երկշղթյա 400 կիլովոլտ գծի կառուցման աշխատանքներն սկսված են, ներկայումս խնդիրներ չկան. ըստ գրաֆիկի, 2018թ. ավարտին գիծը լարման տակ կդրվի։ Դա թույլ կտա մեծացնել դեպի հարավ մեր միջանցքի հզորությունը մինչեւ 1200 մեգավատտ, ինչը չափազանց լավ ցուցանիշ է. «Ինչ վերաբերում է դեպի Վրաստան գծին, ապա արդեն ընտրել ենք խորհրդատվական ընկերությունը, պատրաստվում է մրցութային փաթեթը, որի արդյունքում կընտրվի գլխավոր կապալառուն։ Երկու փուլի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են։ Այդ երկու փուլով կկառուցվեն եւ գիծը, եւ ենթակայանները՝ Դդմաշենում եւ Այրումում։ Դա հնարավորություն կտա աշխատել տարաժամանակյա ռեժիմով Վրաստանի հետ, ինչի արդյունքում մեր հնարավորությունները մեծանում են։ Երրորդ փուլի մասին մենք դեռ չենք խոսում։ Այն կմեկնարկի այն ժամանակ, երբ այս ամենը համակցենք նոր ատոմային բլոկի կառուցման հետ, ինչը, ըստ մեր պլանների, 2027թ. պետք է իրականություն դառնա։ Ինչ վերաբերում է երկու նոր շոգեգազային ջերմային բլոկներին, այստեղ դեռ խոսքը բանակցային գործընթացի ու տեխնիկա—տնտեսական հիմնավորումների մասին է։ Թե երբ կսկսվի շինարարությունը, այս պահին անհայտ է։ Սակայն դրանք լինելու են լավագույն տեխնոլոգիաները՝ ամենաբարձր ՕՕԳ—ով»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024