ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 27 » Ի նպաստ երկարատեւ փոխշահավետ համագործակցության հաստատման ու ընդլայնման
09:58
Ի նպաստ երկարատեւ փոխշահավետ համագործակցության հաստատման ու ընդլայնման

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման—հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել։ Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահի հետ ծաղիկներ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել նաեւ լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիեւիչի հուշատախտակին։
Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման—հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին եւս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29—ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը։
Հանրապետության նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաեւ Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսեւիչի եւ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։
Բոգդան Բորուսեւիչի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանականների ակտիվ փոխգործակցությունը։ Զրուցակիցներն ընդգծել են նաեւ ապակենտրոնացված համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ լեհահայ համայնքի դերը երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանրապետության նախագահը եւ վարչապետ Դոնալդ Տուսկը գոհունակությամբ են արձանագրել, որ երկկողմ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. տեղի են ունեցել հայ—լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, աշխուժացել է համագործակցությունը միջգերատեսչական մակարդակում։ Նրանք միաժամանակ ընդգծել են, որ համագործակցության ներուժը դեռեւս իրացման լայն հնարավորություններ ունի, հատկապես՝ առեւտրատնտեսական ոլորտում։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու երկրների կառավարությունների եւ գործադիր իշխանության տարբեր գերատեսչությունների միջեւ փոխգործակցության սերտացումը, քննարկել Հայաստանում Լեհաստանի բիզնես ներկայացվածության ավելացման հեռանկարին վերաբերող հարցեր։
Հայաստանի նախագահը եւ Լեհաստանի վարչապետն անդրադարձել են նաեւ Հայաստանի՝ ԵՄ—ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացին։
Սերժ Սարգսյանը երեկ նաեւ ներկա է գտնվել Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման եւ խաչքարի բացման ու օծման արարողությանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան մասնակցել են հայ—լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը։
Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ—լեհական բարեկամությանը, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ—լեհական առեւտրատնտեսական կապերին, ինչպես նաեւ հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսության զարգացման միտումներն ու ներդրումային հնարավորությունները։
Ողջույնի խոսքում նախագահը դրվատանքով է խոսել նաեւ Լեհաստանի իշխանությունների՝ ի դեմս նախագահ Կոմորովսկու եւ լեհ գործարարների մասին, ովքեր, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարին պայմաններում մեծ հաջողությունների են հասել եւ հզորացրել երկիրն իրենց ամենօրյա աշխատանքով։
«Հայ—լեհական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, եւ շուտով մենք կնշենք Լեհաստանում հայկական առաջին բնակավայրերի հիմնադրման հազարամյակը։ Դարերի ընթացքում ամրապնդվելով՝ հայ—լեհական կապերն ընդգրկել են փոխգործակցության բոլոր ոլորտները։ Հայերը պայքարել են ոչ միայն հանուն Լեհաստանի անկախության, այլեւ կարեւոր ներդրում են ունեցել Լեհաստանի զարգացման գործում։ Պատահական չէ, որ առեւտուրն ու արհեստները զարգացնելու նպատակով Լեհաստանի թագավորներն ու իշխանները հրավիրել են հայերին հաստատվել այս երկրի տարբեր բնակավայրերում՝ տալով նրանց բազմաթիվ արտոնություններ եւ իրավունքներ։
Այսօր մեր քաղաքական հարաբերություններում առկա բարձր մակարդակն ու տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումները սերում են դարերի ընթացքում ձեւավորված հոգեւոր եւ մշակութային ընդհանրություններից, բարեկամությունից եւ երկկողմ համակրանքից։
Ցավոք, այսօր հայ—լեհական առեւտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին։ Հենց այս բացը լրացնելու նպատակով է, որ մենք՝ երկու նախագահներս, հանգեցինք գործարար համաժողովներ անցկացնելու գաղափարին՝ երկու տարի առաջ Երեւանում եւ այսօր այստեղ՝ Վարշավայում։ Պետք է նշեմ, որ արդեն իսկ գրանցել ենք որոշակի արդյունքներ՝ հատկապես Հայաստանում լեհական ընկերությունների ներկայության եւ հայաստանյան տարբեր նախագծերում նրանց մասնակցության առումով։ Բայց եղածը շատ քիչ է, եւ ես ձեզ կոչ եմ անում լինել շատ ավելի ակտիվ։
Հարգարժա՛ն գործարարներ,
Կցանկանայի երկու բառով անդրադառնալ ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրին, տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաեւ ներդրումային հնարավորություններին։
Գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր նախադրյալներից է։ Այդ իսկ նպատակով վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ, մասնավորապես՝ Հայաստանում ընկերության հիմնադրման, շինարարական թույլտվությունների ստացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման եւ մի շարք այլ ոլորտներում։ Գրանցված արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաեւ միջազգային վարկանիշային զեկույցներում, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես—2012» տարեկան զեկույցում, որի համաձայն, Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 18 կետով՝ 185 երկրների շարքում գրավելով 32—րդ տեղը։ Թույլ տվեք նկատել, որ դրանով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում։
Այդուհանդերձ, մենք չենք համարում, որ այսքանով ավարտել ենք ներդրումային դաշտն ու գործարարության մթնոլորտը ազատականացնելու եւ առհասարակ պետական կառավարման համակարգի կատարելագործման մեր ջանքերը։ Դեռեւս ճանապարհ ունենք անցնելու եւ անցնում ենք այդ ճանապարհը, մասնավորապես, մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ։
Այս համատեքստում տեղին է անդրադառնալ ԵՄ—ի հետ կնքվելիք ասոցացման համաձայնագրին եւ դրա մաս կազմող խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին։ Այն որակապես նոր եւ առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ նաեւ Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը։
ԵՄ—ի հետ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որին անմիջապես հաջորդեց Հայաստանի կողմից ԵՄ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի վերացումը։ Հաշվի առնելով նաեւ լեհական «ԼՈՏ» ավիաուղիների շաբաթը 5—անգամյա թռիչքները դեպի Երեւան, կարծում եմ, որ վերացված են մեր երկիր այցելելու եւ ստեղծված հնարավորություններին ինքնուրույն ծանոթանալու բոլոր խոչընդոտները։
Այս ամենին զուգահեռ, կարծում եմ, որ լեհ գործարարների համար հետաքրքրական է իմանալ նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի անդամ եւ սերտ համագործակցություն ունենալով մաքսային միության հետ, մրցակցային առավելություն ունի ԱՊՀ տարածաշրջանում։ Սա միանշանակ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրված կապիտալով առավել բարենպաստ պայմաններով ԱՊՀ շուկա դուրս գալու համար։
Քայլեր ենք իրականացնում նաեւ ենթակառուցվածքների բարելավման եւ առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքը։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուզում եմ առանձնացնել մի շարք ոլորտներ, որոնք, իմ կարծիքով, կարող են ներուժ ունենալ հայ—լեհական համագործակցության հետագա զարգացման առումով։
Հայաստանում կտրուկ վերելք է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Այն ապահովում է բարձր եկամտաբերություն եւ իսկապես գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար։ Այդ մասին են վկայում Հայաստանի ՏՏ ոլորտում գործող ավելի քան 360 ընկերությունները, որոնցից 151—ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են։ Հայաստանում ներկայացված են միջազգային խոշոր կազմակերպություններ, դրանցից են՝ «Սինոփսիսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մայքրոսոֆթը», «Դ—Լինկը», «Մենթոր Գրաֆիկսը» եւ այլն։
Արվում է ամեն ինչ ոլորտի որակյալ կադրեր պատրաստելու եւ, իհարկե, վերապատրաստելու ուղղությամբ։ Իրականացվում է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների» ստեղծման ծրագիրը, վերապատրաստման ծրագրեր են մեկնարկել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում», «Մոբայլ լուծումների» տարածաշրջանային լաբորատորիայում։
2011 թվականից Երեւանում գործում է ստեղծարար տեխնոլոգիաների գերժամանակակից «Թումո» կենտրոնը 12—18 տարեկան երեխաների համար, եւ այժմ ծրագրում ենք ընդլայնել կենտրոնի գործունեությունը նաեւ հանրապետության մարզերում։
Ավանդական եւ հայերին համաշխարհային համբավ բերած ոլորտներից են ոսկերչությունն ու ադամանդագործությունը։ Հայկական ոսկեգործական իրերը սպառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ նաեւ Լեհաստանում։ Այժմ լուրջ ծրագրեր ունենք Հայաստանը վերածելու ոսկերչության տարածաշրջանային հարթակի եւ, ինչու չէ, նաեւ միջազգային կենտրոնի՝ ոսկերչության ազատ տնտեսական գոտու ստեղծման ճանապարհով։
Հայաստանը կարեւորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման եւ նորարարական մոտեցումների կիրառման, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման մեծ խթան։
Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում՝ տեխնիկական վերազինման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով։
Կցանկանայինք տեսնել լեհական կապիտալի աճ նաեւ զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք արդիականացվող, զարգացման մեծ ներուժ ունեցող եւ պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են։
Հարգարժա՛ն գործարարներ,
Լիահույս եմ, որ այսօր կայացած համաժողովը նպաստելու է մեր գործարարների միջեւ երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը՝ ի շահ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկեցության։ Մաղթում եմ բոլորիդ հաջողություն եւ հույս ունեմ շուտով լսել Հայաստանում լեհ գործարարների մեծ հաջողությունների մասին»,–հայ—լեհական համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից տրվել է պաշտոնական ընթրիք։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 446 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024