ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 21 » Ինչն է մեզ համար արժեք եւ ինչը՝ ոչ /ՀՀ նախագահը հանձնեց Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները/
14:36
Ինչն է մեզ համար արժեք եւ ինչը՝ ոչ /ՀՀ նախագահը հանձնեց Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 22—ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու եւ շնորհելու կարգի մասին» ՆՀ—1164—Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները։ Երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառներում։
Գրականության եւ արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության եւ կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես)՝ «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (գրականության եւ հրապարակախոսության ոլորտ), Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Վահե Կեւորկովը (ռեժիսոր), Սամվել Բաբասյանը (օպերատոր), Հայկ Բադալյանը (օպերատոր), Աննա Դերձակյանը (սցենարի հեղինակ) եւ Արթուր Փարսյանը (մոնտաժող)՝ «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմի համար (կինոարվեստի ոլորտ)։
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել Նարեկ Սարգսյանը (ճարտարապետ), Պոլ Չաթալբաշյանը (կոնստրուկտոր) եւ Ստեփան Ախոյանը («Սպիտակ Տնակ» ՍՊԸ—ի տնօրեն)՝ Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրի համար։
Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Աշոտ Սաղյանին, Աննա Մկրտչյանին եւ Հայարփի Սիմոնյանին՝ «Նոր սերնդի ոչ սպիտակուցային ամինաթթուների արդյունավետ փոքրածավալ արտադրական տեխնոլոգիա» աշխատանքի համար։
Հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին։
Այս տարի մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի ոլորտում, թատերական արվեստի ոլորտում, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2015թ. ՀՀ պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ–գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ։
Պետական մրցանակները հանձնելուց հետո, հանրապետության նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել բոլոր մրցանակակիրներին.

Ի ցույց է դրվում այն, ինչը արժանի է գնահատականի այսօր

Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօր արվեստագետներին եւ գիտնականներին մենք շնորհում ենք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ։
Համոզված եմ, որ գիտական նոր նվաճումը կամ արվեստի նոր ստեղծագործությունը իր իսկական գնահատականը ստանում է ավելի ուշ, երբ անցնում է ժամանակի քննությունը։ Դա չի նշանակում, որ մենք պետք է սպասենք հարյուր կամ երկու հարյուր տարի եւ հետո միայն գնահատենք, թե ով ինչ է արել։ Համոզված եմ նաեւ, որ ժամանակակիցները պատասխանատվություն ունեն ստեղծագործողների եւ հայտնագործողների առջեւ։ Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք եւ ինչը՝ ոչ։ Սա հասարակության ու պետության արժեքային համակարգը վերահաստատելու պարտադիր միջոց եւ պայման է։
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների իմաստը ես առաջին հերթին տեսնում եմ հենց դրանում։ Մենք մատնանշում ենք, կարեւորում ենք, հանրությանն ի ցույց ենք դնում այն, ինչը արժանի է գնահատականի այսօր եւ այստեղ։
Հարգելի՛ ներկաներ,
Մենք այս տարի ունենք անվանակարգեր, որոնց հետ կապված ես, իհարկե, երկակի զգացողություն ունեմ։ Մի կողմից՝ տխուր եմ, որ, օրինակ, թատերական, կերպարվեստի, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում չունենք մրցանակակիրներ, մյուս կողմից՝ ուրախ եմ, որ մեր համապատասխան հանձնաժողովները խստապահանջություն են դրսեւորել, որովհետեւ եթե մենք չափորոշիչներն իջեցնենք, սրանով ուղղակի կարժեզրկենք մեր պետական մրցանակները։ Այնպես որ հանձնաժողովների անդամներին եւ նախագահներին, որտեղ մենք չունենք մրցանակակիրներ, ես ոգեւորում եմ, խրախուսում եմ՝ շարունակել նույն ոգով։ Հուսով եմ, որ այս անվանակարգերում հաջորդ տարիներին մենք իսկապես կունենանք արժանավոր թեկնածուներ։
Հարգելի՛ դափնեկիրներ,
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր արժեքավոր աշխատանքի համար եւ կրկին շնորհավորում եմ այս պատվավոր մրցանակներին արժանանալու առթիվ։ Մաղթում եմ ձեզ նոր գիտական եւ ստեղծագործական ձեռքբերումներ՝ ի փառս մեր երկրի, նրա գիտության եւ մշակույթի։
Շնորհակալություն։

Առաջին հերթին պատվի են արժանանում մշակույթն ու գիտությունը

ՀՀ նախագահի նստավայրից 2015թ. պետական մրցանակների մրցանակակիրները երեկ տարբեր զգացողություններով հեռացան։ Ոմանց համար պարգեւը վաստակի գնահատական էր, ոմանց համար խթան՝ վաստակի հասնելու ճանապարհին։ Իսկ անհատական ընկալումներից դուրս, ըստ «սահմանման», մրցանակի հասցեատերեր են դառնում լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների եւ աշխատանքների հեղինակները։
Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ՝ 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով։
Ճարտարապետության ու քաղաքաշինության ոլորտում աչքի ընկավ Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված կառավարական վարչական համալիրը։ Պետական մրցանակը ստացավ կառավարական վարչական համալիրի նախագծի գլխավոր ճարտարապետը՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում Ն. Սարգսյանն ընդգծեց, որ գաղափարն անկախության շեշտադրումն է եղել, աշխատել են, որ լինի ժամանակակից կառույց՝ համահունչ հայկական ավանդույթներին, լեզվին, մտածելակերպին, համոզմունքներին, կառուցված է տեղական սպիտակ քարով։ «Խորհրդային շրջանում կառուցված կառավարության առաջին շենքը՝ Հանրապետության հրապարակում, կառուցվել է մայթի վրա, չունի ցանկապատ, հողամաս։ Երկրորդը կոմկուսի շենքն է՝ այժմ Ազգային ժողովի, որը կառուցվել է հետպատերազմյան տարիներին, որտեղ գաղափարախոսության արտահայտություն կա՝ հսկա տարածք է զբաղեցնում, ունի պարիսպ, բլուրի վրա է՝ ժողովրդից հեռու եւ անմատչելի։
Այս շենքի դեպքում մենք ընտրեցինք առաջին տարբերակը՝ մայթի վրա, առանց պարիսպների ու հողամասի, բաց տարածական համակարգով, մեծ կամարով, որն ավելի շուտ հիշեցնում է հաղթակամար, ազատ տարածություններով, աշտարակների երկխոսությամբ»,–ասաց նա։
«Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմն էլ առանձնացվեց կինոարվեստի ոլորտում։ Զորի Բալայանի համանուն գրքի եւ փաստական այլ նյութերի հիման վրա նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Դերձակյանը մրցանակը ստեղծագործական ողջ թիմինն է համարում։ Աշխատանքները բարդ են եղել։
«Զորի Բալայանի գիրքը հագեցած էր ճակատագրերով, իրադարձություններով, ապրումներով ու հույզերով։ Եվ այդ ամենը պետք էր տեղավորել մեկ ժամանոց ֆիլմում»,—մեկնաբանեց Աննա Դերձակյանը։
Երաժշտության ոլորտում էլ բարձր գնահատականի արժանացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը՝ «Հնչյունի թատրոն» լարային նվագախմբի, գոսերի եւ դաշնամուրի համար» ստեղծագործության համար։
Կոմպոզիտորի խոսքերով, «Հնչյունի թատրոնը» վերջին տարիներին գրված մեծակտավ գործերից է, որում արտացոլվել են իր խոհափիլիսոփայական մտորումներն ու վերհուշը կյանքի եւ ստեղծագործական ուղու առավել կարեւոր հանգրվանների մասին, ուղի, որը, ինչպես նա ասաց, անցել է հատկապես աճեմյանական թատրոնի եւ աճեմյանական երաժշտության ներազդեցության մթնոլորտում։
Աճեմյանն ընդգծեց, որ այդ ստեղծագործության համար ստացած պարգեւը նոր լիցքեր է հաղորդում առավել մեծ եռանդով եւ նվիրվածությամբ աշխատելու համար։ Ու նաեւ անչափ պարտավորեցնող է։
ՀՀ նախագահից գրականության եւ հրապարակախոսության ոլորտում «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար ՀՀ 2015 թվականի պետական մրցանակ ստանալով, Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսես) ասաց. «Կասկած չկա, որ երկրի մշակութային, գիտական կյանքի բարձրագույն պարգեւին արժանանալով, առաջին հերթին պատվի արժանացած ենք զգում ոչ թե մեզ, այլ հենց մշակույթն ու գիտությունը»։
Կերպարվեստի, թատերական արվեստի, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակի դափնեկիրներ չկան։
Կերպարվեստի ոլորտի հանձնախմբի անդամ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանն ասաց, որ հանձնախումբը ստացել է 5 հեղինակի աշխատանք, քվեարկության արդյունքում հեղինակներից որեւէ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայն, հետեւաբար՝ հանձնախումբը որոշեց այս տարի որեւէ մեկին չներկայացնել պետական մրցանակի։
Թատերավեստի ոլորտի հանձնախմբի նախագահ Ա. Գրիգորյանն ասաց, որ այս անգամ եւս թատերական արվեստի հանձնախումբն աշխատել է անարդյունք. «Ի տարբերություն նախորդ մրցանակաբաշխության, այս տարի ներկայացված էր մեկ գործ՝ Համազգային թատրոնի «Համլետ» բեմադրությունը»։ Այն անհրաժեշտ «կողմ» ձայներ չի հավաքել։
Հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառի հանձնախմբի նախագահ Յու. Սուվարյանն ասաց, որ հանձնախումբը ստացել է 4 աշխատանք՝ իրավագիտության, երաժշտագիտության, քաղաքագիտության, պատմագիտության գծով։
«Հանձնախումբն ուսումնասիրել է աշխատանքները, երաժշտագիտության գծով աշխատանքն ուղարկվել է լրացուցիչ փորձաքննության, քանի որ հանձնախմբում չունենք երաժշտագետ։
Հանգամանալից ուսումնասիրելուց հետո եւ առաջնորդվելով այն սկզբունքով, որ պետական մրցանակը մեր երկրի բարձրագույն մրցանակն է մշակույթի եւ գիտության բնագավառներում, փակ–գաղտնի քվերակության արդյունքում ներկայացված աշխատանքներից ոչ մեկը բավական քանակի ձայն չստացավ։ Հանձնախումբը որեւէ աշխատանք չի ներկայացրել պետական մրցանակի»,– ասաց Յուրի Սուվարյանը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 442 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024