ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 19 » Իրացնելի հնարավորությունների հարթակ /Ներդրումները կլինեն անխուսափելի, իսկ արտահանումը երկնիշ աճ կապահովի/
09:41
Իրացնելի հնարավորությունների հարթակ /Ներդրումները կլինեն անխուսափելի, իսկ արտահանումը երկնիշ աճ կապահովի/

 

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեց մի քանի նպատակով, որոնցից են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի միասնական շուկա ձեւավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Ի սկզբանե հանրության շրջանում առաջացան դժգոհություններ առ այն, որ ցանկացած ինտեգրում նախ մեծ ռիսկեր է պարունակում, ու, բացի այդ, ցանկացած ժամանակ ռուբլու արժեզրկումը կարող է ցավոտ հարված հասցնել նաեւ մեր երկրի տնտեսությանը։
Ընդհանուր առմամբ, տնտեսական տեսանկյունից ցանկացած միություն իր մեջ կրում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոններ։ Հայաստանի համար, իհարկե, դա տնտեսական դիմացկունության փորձություն էր ենթադրում։ Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե հայ գործարարներից շատերը այնքան էլ լավ չեն գիտակցում ԵԱՏՄ միասնական տարածքում գործակցելու հնարավորությունները եւ ոչ ամբողջովին են օգտագործում տրամադրված արտոնությունները։ Ինչքանով էր ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն արդարացված, ինպիսին էին ակնկալիքները կամ ինչպիսին են կանխատեսումները։ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ գործարարների (գործատուների) եւ արդյունաբերողների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի հետ։
Նա հիմնավորեց՝ քանի որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի տնտեսական ինտեգրումը մինչ մաքսային միություն ստեղծելն արդեն իսկ 20—25 տարվա իրողություն է, եւ հումք, մեքենասարքավորում եւ ներդրումներ ավելի շատ ունեինք այդ երկրներից, ուստի ԵԱՏՄ— ին անդամակցությունը պետք էր ու անհրաժեշտ։
«Մենք միացանք ԵԱՏՄ—ին մեր օրենսդրությունը եւ տեխնիկական կանոնակարգերը օպերատիվորեն մշակելով, արդեն երրորդ տարին է՝ ԵԱՏՄ իրավական տնտեսական ռեժիմի մեջ ենք։ Մշակվեցին 5—7 տարով մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր, որոնք մեզ արտոնություն տվեցին երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վրա չունենալ մաքսային դրույքաչափերի աճ։ Ընդամենը երկու տարի ԵԱՏՄ—ի հետ գործակցելով՝ մենք համոզվեցինք, որ ճիշտը սա էր։ Ելնելով իրավական դյուրացված ռեժիմից՝ ահռելի քանակությամբ հումք, ապրանք, արտադրանք սկսեց ներկրվել ԵԱՏՄ երկրներից ավելի արագ, մատչելի եւ ավելի էժան տարբերակով։ Կատարվեց կառուցվածքային փոփոխություն, որն առաջիկայում ավելի է ընդլայնվելու»,–ասաց Արսեն Ղազարյանը։


ՌԴ—ն՝ Չինաստանին այլընտրանք
 

Նրա դիտարկմամբ, եթե նախկինում տարեկան 1000 միավոր ուղեբեռ էր գալիս ԵԱՏՄ տարածքից, ապա այսօր դարձել է 3000 միավոր, սկսած պարզունակ մթերքից ընդհուպ արդյունաբերական հումք, ցորեն, վառելիք։ Այն տնտեսավարողների համար, ովքեր ռեալ շուկայում են, քանակային—ծավալային արդյունքներն առավել ակնառու կլինեն։ Նա նկատեց. եթե հայ գործարարները սովորաբար սանտեխնիկա ներմուծում էին Չինաստանից՝ այլընտրանքային ուղղություն չգտնելու հանգամանքից ելնելով, ապա այժմ ներմուծում են նաեւ ՌԴ—ից։ Ընդ որում՝ նախկին 40—50 օրվա փոխարեն ուղեբեռը Հայաստան է հասնում 3—5 օրվա ընթացքում, եւ ելնելով առկա մրցակցությունից՝ ներմուծման գործընթացը գնային առումով դառնում է ավելի մատչելի։
Շատերին մտատանջող այն կարծիքը, թե հայ գործարարները ոչ ամբողջական ներուժով են կարողանում հարմարվել նոր տնտեսական հնարավորություններին, Արսեն Ղազարյանը անհիմն է համարում։ ԵԱՏՄ—ին անդամակցության հնարավորությունները ամբողջապես չերեւացին այն պարզ պատճառով, որ ռուբլու կտրուկ անկումը էականորեն նվազեցրեց դեպի ՌԴ արտահանումը։
«Հայաստանի անդամակցությունը համընկավ ՌԴ նկատմամբ միջազգային սանկցիաների խստացմանը հաջորդող ռուբլու կոլապսի հետ, եւ մոտ 1 տարի հայ գործարարները չկարողացան ավանդական պահածոները, խմիչքը, հյութը արտահանել։ Ռուբլու կտրուկ անկումները, տատանումները հանգեցրին պայմանագրերի կնքման անորոշությանը։ 2016 թ. կեսերից նոր միայն իրավիճակը սկսեց կայունանալ, եւ մեր արտահանողները կարողացան ռուսական մատակարար ընկերությունների հետ իրենց պայմանագրերը վերակնքել։ Այս գործընթացը էապես ազդեց մեր շուկայի գնողունակության եւ ծավալների վրա։ Հայաստանը կորցրեց մոտ 1,5 մլրդ տրանսֆերտների հոսք։ Միայն նախորդ տարի ծավալները կամաց–կամաց վերականգնվեցին։ Ուստի մեր սպասելիքները լիովին չիրականացվեցին զուտ ստեղծված տնտեսական իրավիճակով պայմանավորված։ Բայց որ մեր ընտրած ռազմավարական ուղին՝ ինտեգրումը այս 5 երկրների շրջանակում ճիշտ է եւ ճիշտ ճանապարհին ենք՝ փաստ է»,–վստահեցրեց ՀՀ գործարարների (գործատուների) եւ արդյունաբերողների միության նախագահը։
Նա Հայաստան—ԵԱՏՄ համագործակցությունը դրական է համարում մեկ այլ տեսանկյունից եւս։ Մաքսային միությանն անդամակցությունը մեծացնում է Հայաստանի ֆունկցիոնալությունը։ Երկիրը հարեւան երկրների համար շատ լավ հարթակ է ԵԱՏՄ մուտք գործելու համար, որտեղից կարելի է ներկրվող ապրանքը առանց մաքսատուրքերի, առանց վարչարարական խնդիրների արտահանել, ինչը երկրի սահմանափակ հաղորդակցության պայմաններում մեծ առավելություն է։ «Արտասահմանյան գործարարներն արդեն սկսում են հասկանալ Հայաստանի ֆունկցիոնալ հատկանիշները։ Իսկ եթե մինչեւ տարեվերջ լիարժեք սկսի գործել Մեղրու ազատ առեւտրի գոտին, ապա այդ ֆունկցիոնալությունն ավելի կմեծանա»,–վստահեցնում է Ա. Ղազարյանը։
Ամփոփելով ԵԱՏՄ—ին ադամակցության տարիները՝ նա փաստում է՝ 2017—ին Հայաստանն արձանագրել է արտահանման 14,5 տոկոս աճ, եւ աճի մեկնարկը նախորդ տարվանից է սկսվել։ «Պարզունակություն է ակնկալելը, որ այս կարճ ժամանակահատվածում որակական տնտեսական թռիչք եւ մարդկանց կենսամակարդակի փոփոխություն էր տեղի ունենալու։ Ցավոք, աշխարհաքաղաքական գործոնը ազդում է նաեւ մեր երկրի տնտեսության վրա։ Նախորդ տարի դրվեց աճի սկիզբ, որքան էլ քննադատաբար մոտենան, բայց փաստ է, որ տնտեսական աճ է արձանագրվել եւ աննախադեպ արտահանման աճ։ Այս տարի սպասվում է նաեւ ներդրումների ակտիվություն, ինչի համատեքստում կարեւորվում է ԵԱՏՄ անդամակցությունը»,–վստահեցրեց բանախոսը՝ հավելելով, որ ներդրումների քանակը այս տարի ավելանալու է նոր ներդրումների շնորհիվ, որոնք ուղղվելու են տրիկոտաժի եւ կոշիկի արտադրությանը, էներգետիկայի, շինարարական ինդուստրիայի եւ ջերմոցաշինության ոլորտներին։ Հավատացնում է՝ աճն այս տարի երկնիշ է լինելու։
Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից օգտվողը հիմնականում միջին բիզնեսն է։ Նա նկատում է՝ եթե նախկինում կայացած մատակարար ընկերությունների հետ չէր ստացվում մրցակցել, ապա այսօր նրանց քանակն է ավելացել, ոլորտում նոր ընկերություններ են հայտնվել։ Կան նաեւ նրանք, ովքեր զրոյական կարգավիճակից բիզնես են ստեղծել այս արտոնություններից օգտվելու համար։


Գերխնդիրը ոչ թե սպառումն է, այլ արտադրության ծավալների մեծացումը
 

Հայաստանին հաջողվեց զարգացնել եւ պահպանել իր առեւտրային ռեժիմը նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ–ի հետ «GSP+»–ի շրջանակներում։ «GSP» ստանդարտ համակարգը շուրջ 66 տոկոսով նվազեցնում է ԵՄ ներմուծման տուրքերը 23 երկրների համար։ Հատուկ խրախուսական դրույթները զրոյացնում են մաքսային տուրքերը 10 այլ խոցելի երկրներից։
Տրված է լիարժեք հարթակ արտահանման համար։ Բայց, ինչպես նկատում է Ղազարյանը, հայ գործարարներն արդեն խնդիր ունեն ոչ թե արտահանման շուկաներ գտնելու, այլ ստեղծված պահանջարկը բավարարելու առումով։ Գերխնդիրն այստեղ ապրանքատեսակների ծավալների մեծացումն է, արտադրության ընդլայնումը։
Նշենք նաեւ, որ ներկրողների եւ արտահանողների համար տարսկզբից միության շրջանակներում հարկային օրենսդրության մեջ որոշ դրույթներ են փոփոխվել։
Տարեսկզբին ԱԺ—ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մի օրենքի նախագիծ, համաձայն որի 2018թ. հունվարի 1—ից տնտեսավարող սուբյեկտները մեքենասարքավորումներ, տարբեր տեսակի հումքեր եւ բեռնատար ավտոմեքենաներ ներմուծելիս սահմանի վրա ազատվելու են ԱԱՀ—ի վճարումից։ Այն միտված է հարկային բեռի կրճատմանը եւ ՀՀ—ում ներդրումների նպաստմանը։ Սահմանի վրա ԱԱՀ—ից ազատվելու են միայն ԱԱՀ վճարողները։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024