ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 16:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 28 » Ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն
12:57
Ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն

ՀՀ–ԵՄ համաձայնագիրը պատմական փաստաթուղթ է եւ նոր հնարավորություններ է ընձեռում

«ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրն իրոք պատմական փաստաթուղթ է, պատմական է ոչ միայն մեր եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման առումով, այլ նաեւ արտահայտում է մեր արտաքին քաղաքականության խորքային հենքը, մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն, եւ դա է մեր ամբողջ արտաքին քաղաքականության հիմքը»,–ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։ 
«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է այն հիմքի վրա, որ ոչ թե մենք սատարենք բաժանարար գծերին, մեկի հետ ընկերություն անենք մյուսի դեմ, այլ ճիշտ հակառակը՝ ձգտել տարբեր ուղղություններով համագործակցության, ավելին՝ շահագրգիռ լինել, որ ներգրավված լինեն տարբեր ուժային կենտրոնների, տարբեր պետությունների, միությունների շահերը, հետաքրքրությունները մեր տարածաշրջանում։ Այդ տեսակետից էլ է համաձայնագրի ստորագրումը կարեւոր»,–ասել է Շավարշ Քոչարյանը։
«Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը,–հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ—ի Հայաստանի ներկայացուցչությունում։–Եվրամիության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխումները»։
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համաձայնագիրը համարում է լրջագույն փաստաթուղթ, որն առաջիկայում կանխորոշելու է բազմաթիվ ոլորտներում Հայաստանի առաջընթացը։
«ԵՄ—ի հետ համաձայնագրում ԼՂ հատվածում հստակ արձանագրվում է, որ նրանք սատարում են եռանախագահների կողմից իրականացվող Մինսկի գործընթացին, նրանք համարում են, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար դրույթների կիրառմամբ, որոնք են ուժի ու ուժի սպառալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այնտեղ արձանագրված է նաեւ, որ նրանք հիմնվում են ՄԱԿ—ի կանոնադրության վրա»,–ասել է պատգամավորը։ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ—ի կանոնադրության վկայակոչումը կարեւոր է նրանով, որ այդ փաստաթղթում արձանագրվում է, որ ազգերի ինքնորոշումը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ ընդամենը միջոց։ Սա ըստ Մինասյանի՝ հաստատում է ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումները, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել։
Ըստ Մինասյանի՝ ստորագրված երկու փաստաթղթերում՝ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում իրենց հաստատումն են գտել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները. խաղաղության ամրապնդումն ու հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում։
«Հայաստանին ոչ ոք չի ստիպել համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իր շահերից ելնելով է ստորագրել այս փաստաթուղթը եւ եթե այն կյանքի կոչելու ցանկություն չունենար, պարզապես չէր ստորագրի,— «Tert.am»—ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը։–Նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ «ե՛ւ—ե՛ւ»—ի քաղաքականությունն արդյունավետ է եւ կարող է կյանքի կոչվել»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արման Սաղաթելյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չխոչընդոտեց ստորագրմանը, նշել է. «Կարծում եմ՝ սա էլ է արտաքին քաղաքականության ձեռքբերում։ Ըստ էության, եթե դիտարկում ենք այդ համալիր պրոցեսը, ապա հասկանալի է, որ սա չի հակադրվում մեր՝ նախկինում ձեռք բերված պարտավորություններին եւ մեր՝ այլ կառույցներում անդամակցությանը։ Այսինքն՝ մենք բազմիցս հայտարարել ենք, եւ այսօր էլ օրակարգում չկա հարց, թե ձգտում ենք դեպի Եվրոպական միություն։ Մենք միշտ ենք ասել, որ ձգտում են զարգացնել մեր հարաբերությունները ե՛ւ եվրոպական առանձին երկրների, ե՛ւ ԵՄ—ի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք մտադիր ենք, կարող ենք կամ ցանկանում ենք հրաժարվել մեր՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում ունեցած որեւէ պարտավորությունից կամ անելիքից։ Պրագմատիկ առումով՝ այդ փաստաթղթերն ուսումնասիրելիս դա ակնհայտ է»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ՀՀ—ԵՄ համաձայնագրի կնքման հետ կապված Ռուսաստանի կողմից խոչընդոտներ չեղան, որովհետեւ Հայաստանն ի սկզբանե այդ երկրի հետ անկեղծ է եղել, քննարկել է, թե ինչ է պատրաստում ստորագրել ԵՄ—ի հետ։ Նա նկատել է, որ Ռուսաստանն էլ, կարծես, Հայաստանի հետ շատ անկեղծ է։
«Էրդողան—Պուտին հանդիպումից հետո Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը տեղյակ է պահել, թե ինչի մասին են խոսել Թուրքիայի նախագահի հետ, ինչ է պատասխանել Թուրքիային։ Ես կարծում եմ, որ շատ անկեղծ ու բաց երկխոսություն կա երկու երկրների հարաբերություններում»,–ասել է նա։
«ԵՄ—Հայաստան համաձայնագրով կոմպլեմենտարիզմը Հայաստանում ավարտվեց՝ իր տեղը զիջելով պարզ, բազմավեկտոր քաղաքականությանը։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր երկրում կհանգեցնեն ներդաշնակության, այլ ոչ թե մրցակցության»,–«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ—ի եւ Եվրասիական փորձագիտական ակումբի հետ նախաձեռնած հետազոտության արդյունքներն ամփոփելով ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
«ՀՀ—ԵՄ համաձայնագիրն իրավական փաստաթուղթ է, որի մի կողմ լինելով՝ ՀՀ—ն հանձն է առնում որոշակի պարտավորություններ, այդ թվում եւ հիմնականում իր օրենսդրությունը եւ ինստիտուտների գործունեությունը հնարավորինս մոտեցնել Եվրոպական միության տարածքում գործող այդ նույն իրավական կարգավորումներին, ինստիտուտների գործունեությանը եւ վերջնարդյունքում, երեւի թե, կյանքի որակը համապատասխանեցնել Եվրոպական միության անդամ երկրների կյանքի որակին»,–«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի անդամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ—ի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
«Մյուս կողմից՝ Եվրոպական միությունը հանձն է առել աջակցել ՀՀ—ին ֆինանսական, տնտեսական, տեխնիկական առումներով այդ պարտավորությունների արդյունավետ կատարմանը»,–ասել է Հայկուհի Հարությունյանը։
«Համաձայնագիրը ոչ թե կախարդական փայտիկ է, այլ հնարավորություն, որից պետք է օգտվել»,–կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Նախքան համաձայնագրի ստորագրումը ես խոսում էի դրա կարեւորության, հավանականության մասին. դա տեղի ունեցավ, համաձայնագիրը ստորագրվեց։ Պետք է խոսել այն մասին, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս հասնելու որոշակի հաջողությունների տարբեր ոլորտներում՝ բիզնեսի կառավարում, առեւտուր, օրենսդրության բարելավում, եւ, իհարկե, այս ամենի հետ ուղղակիորեն կապ ունեն վիզայի ռեժիմին առնչվող գործընթացները։ Այս հնարավորությունները կան, իհարկե, համաձայնագիրը լուրջ փաստաթուղթ է, սակայն այն պարզապես ցանկություն կամ հուշագիր չէ, այլ որոշակի պարտավորությունների շրջանակ երկու կողմերի համար էլ. դրանք պետք է իրականացվեն, եւ դա անելու ճանապարհին համապատասխան աջակցություն է ցուցաբերվելու։ Այսինքն՝ այն տալիս է բավականին լայն հնարավորություններ։ Մենք տեսնում ենք, որ նման համաձայնագրեր արդեն ունեն Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, եւ ասել, թե դրանք Շվեյցարիա են դարձել, չի կարելի, մյուս կողմից էլ ասել, որ այս համաձայնագիրը քիչ նշանակություն ունի, նույնպես սխալ է»,–ասել է քաղաքագետը։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ընդգծել է, որ համաձայնագիրն իր բովանդակությամբ ենթադրում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ բազմաբովանդակ համագործակցություն ամենատարբեր բնագավառներում։
«Չեմ ուզում ասել քայլ առաջ է, թե քայլ հետ, բայց եթե ստորագրվում է խորը, համապարփակ համապատասխան փաստաթուղթը, բնականաբար, դա կարեւոր համագործակցային էլեմենտ է ՀՀ—ի համար, որը ֆորմալիզացնում է հետագա փոխհարաբերությունները՝ ԵՄ—ի եւ ՀՀ—ի միջեւ տարբեր բնագավառներում ստեղծելով հիմքեր բազմաշերտ եւ բազմաբովանդակային համագործակցության համար»,–ասել է քաղաքագետը։
«Սա լրջագույն հնարավորություն է Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների համար։ Այն հնարավորություն է ստեղծելու Հայաստանի օրենսդրական դաշտը, բիզնես միջավայրը, էներգետիկ համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։ Համաձայնագրում շատ զգույշ նշված է նաեւ օրենքները մոտարկելու մասին, ինչը շատ կարեւոր է»,–ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ hhpress.am

Ա. Խ.

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 261 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024