ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 07:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 26 » Ժխտողականությունը ապագա չունի /Սկսվում է ցեղասպանության ճանաչումից անցումը դեպի հատուցման փուլ/
10:55
Ժխտողականությունը ապագա չունի /Սկսվում է ցեղասպանության ճանաչումից անցումը դեպի հատուցման փուլ/

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 102—րդ տարելիցի առիթով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառը 1915թ. իրադարձությունները նկարագրելիս, Սփայսերը նշել է. «Նախկին մի քանի վարչակազմեր օգտագործել են այդ լեզուն։ Եթե հետ նայենք եւ դիտարկենք այն լեզուն, որ օգտագործում էին նախագահներ Օբաման ու Բուշը եւ դրանից առաջ էլ, ապա նախագահի օգտագործած լեզուն հետեւողական է»։
Մինչդեռ ԱՄՆ—ի կոնգրեսական Ադամ Շիֆը հիասթափված է Թրամփի հայտարարությունից։ «Մենք հերթական հիասթափությունը ստացանք եւս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915—1923 թվականներին 1.5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչել,–ասել է Շիֆը եւ հավելել.–Նախագահ Թրամփը միացավ հանրապետական եւ դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չեն ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ՝ ԱՄՆ—ն դարձնելով ժխտողական արշավի մաս»։
ԱՄՆ—ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ ասել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու եւ հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն որոշել է կիրառել Անկարայի «բերանը փակելու» քաղաքականությունը։ Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24—ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ–ի քաղաքականությունը հանձնել է Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, ով հրապարակավ ոլորում է ԱՄՆ—ի նախագահների ձեռքերը՝ ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»։
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է, որ թեեւ Դոնալդ Թրամփը շարունակել է նախորդ նախագահների քաղաքական գիծը, սակայն իմանալով նրա անկանխատեսելի խառնվածքը չի կարելի այն ընդունել որպես վերջնական։
«Այս ուղերձը պետք չէ ընդունել որպես հիմնական ուղղություն։ Հայոց ցեղասպանության հարցը կախված է, թե ինչ հարաբերություններ կունենա ԱՄՆ—ն Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հետ, քանզի ամերիկացիները այդ հարցը դիտարկում են ավելի մեծ խնդիրների համատեքստում»,– նշել է Մանոյանը։
Նշենք, որ թեեւ Թրամփը չի գործածել «Հայոց ցեղասպանություն» տերմինը, սակայն Թուրքիայի ԱԳՆ—ն, այնուամենայնիվ, վրդովմունք է հայտնել։ Քննադատելով ԱՄՆ—ի նախագահի տարածած հաղորդագրությունը՝ այն անվանել է «սուբյեկտիվ» ու «ապատեղեկատվության արդյունք»։
Ի դեպ, Թուրքիայի ԱԳ նախարարությանը վրդովվեցրել է ապրիլի 23—ին Երեւանի Ազատության հրապարակում ջահերով երթի մեկնարկից առաջ հերթական անգամ Թուրքիայի դրոշն այրելու գործողությունը։
Երկրի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ դրոշն այրելու երեւույթը «մեծ վրդովմունքի եւ արձագանքի է արժանացել թուրք հասարակության կողմից»։


Հատուցման գործընթացը երկար կտեւի
 

«Հայոց ցեղասպանության 102—րդ տարելիցը շարունակվեց նույն թափով, ինչ 100—րդ տարելիցի ժամանակ էր»,—ասել է Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի արձագանքը այս տարի, նախորդ տարիների համեմատ, բավականին թույլ էր։
«Միջազգային բոլոր լրատվամիջոցները խոսում են ցեղասպանության փաստի մասին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության վերաբերյալ, եւ այլեւս չեն օգտագործում «հայերի տեսանկյուն» բառակապակցությունը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներին տարբեր երկրներում բավականին մեծ մասնակցություն ունեցան պետությունների կողմից գործադիր եւ օրենսդիր մարմինները»,–ընդգծել է Մանոյանը։
«Խոստում» ֆիլմի հետ կապված համաշխարհային արձագանքը լռեցրել է Թուրքիայի ձայնը»,—հավելել է նա։
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը բավականին հետաքրքիր ճանապարհ է անցնում, տարբեր երկրներում ընթանում են ճանաչման հետ կապված հետաքրքրական զարգացումներ»,—լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սահմանադրական դատարանի խորհրդական, Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը։
«Հայոց ցեղասպանությունը ճանաչման ոլորտից տեղափոխվեց հատուցման ոլորտ։ Եվրոպայում փորձ արվեց քրեականացնել ցեղասպանության ժխտումը։ Դա այնքան էլ հաջողված փորձ չէր։ Խորհրդարանն ընդունեց, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժեց այն՝ համարելով Ֆրանսիայի Սահմանադրությանը չհամապատասխանող։ Մենք ունեցանք բավականին դրամատիկ զարգացումներ Դողու Փերինչեքի հետ կապված գործով՝ Եվրոպական դատարանում»,–հիշատակել է նա՝ մատնանշելով նաեւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը։
Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ԱՄՆ—ում, որտեղ ընթանում են գույքային պահանջներով դատավարություններ։ «Թեեւ այստեղ էլ բախվում ենք որոշակի քաղաքական ճնշումների, տեխնիկական դատավարական խոչընդոտների»,—ասել է նա՝ հիշատակելով նաեւ Արամ կաթողիկոսի պահանջը Սիսի կաթողիկոսարանի վերադարձման հետ կապված։
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հաջողության հասնելու համար պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, աշխատանք պետք է տարվի նաեւ թուրք հասարակության վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։
Իսկ ցեղասպանության ճանաչումից անցումը դեպի հատուցման փուլ պատմաբան Էդիկ Մինասյանը բնորոշում է պահանջատիրական խնդիրների առկայությամբ։
«Դրա լավագույն օրինակը Սիսի կաթողիկոսության՝ գույքի, կալվածքների պահանջն էր թուրքական պետությունից։ Սահմանադրական դատարանը հայցն ուղարկեց արդարադատության խորհուրդ, որտեղից հայցը մերժվեց, որից հետո հայցադիմումով դիմեցին ՄԻԵԴ։ Պարզ էր, որ Թուրքիան չի ընդառաջելու հարցադրմանը, բայց ցույց ենք տալիս, որ պահանջատեր ենք, որ խնդիր ունենք լուծելու, որ դրանք մեր հողերն են»,—ասել է պատմաբանը։ 
Ըստ նրա՝ պահանջատիրության հարցը եւս երկար ճանապարհ ունի անցնելու. «Եթե Թուրքիան իմանար, որ ներողությամբ հարցը կլուծվեր՝ վաղուց կխնդրեր։ Բայց մենք մեր պահանջատիրական խնդիրը կարող ենք լուծել ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական տեսանկյունից»։ 
Պատմաբանը նշել է, որ հանձնարարական էր տրվել թուրքագետներին, իրավաբաններին՝ թղթածրար պատրաստելու։ «Նյութական կորստի հաշվարկները որոշակի արվել են, չեկեր, բանկերին տրված գումարներ, փաստաթղթային հաշիվներ, այս հաշվարկները գնում են, եւ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են»,—ասել է նա եւ նշել, որ իրավական հիմքերի համար հատկապես Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճիռը մեծ գործոն են, որոնք ուժը չեն կորցնում։


Առաջադեմ հասարակությունը ներում է հայցում
 

Այս օրերին Հայաստանում են ազգությամբ թուրքերից կազմված «Ընդդեմ ցեղասպանություն» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ են խոնարհել 1915թ. զոհերի հիշատակին։ 
1998 թվականից ի վեր կազմակերպության անդամները Հայաստան են ժամանում, որպեսզի հարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ եւս մեկ անգամ իրենց նախնիների գործողությունների համար ներողություն խնդրեն։ Բացի այդ, «Ցեղասպանության դեմ միությունը» միջոցներ է հավաքում, որոնք յուրաքնաչյուր տարի ապրիլի 24—ին փոխանցվում են Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին։
«Ցեղասպանության դեմ միություն» կազմակերպության անդամ, Թուրքիայի քաղաքացի Էլիֆ Սելայ Էրթեմը, ասել է, որ իրենց պարտքն է մարդկային առաքելությունը՝ գալ Հայաստան եւ հարգել զոհերի հիշատակը. «Մեր պարտքն է, ուշացել ենք, բայց մեզ խոստացել ենք, որ մինչեւ մեր կյանքի վերջին շունչը պետք է լինենք այստեղ, կիսենք այս ցավը։ Ձեր ցավը մեր ցավն է։ Մենք պահանջատեր ենք մեր իշխանություններից՝ Անկարայից, որ ճանաչվի Հայոց ցեղասպանության եղելությունն ու ապրիլի 24—ը Թուրքիայում հայտարարվի Հայոց Ցեղասպանության օր։ Մենք ուզում ենք, որ Թուրքիան առերեսվի պատմության հետ»։
ՀԿ անդամները պատմել են, որ իրենք 1998 թվականից այցելում են Հայաստան, որովհետեւ չեն կարող անտարբեր լինել։
«Թուրքական իշխանությունները մերժողական կեցվածք ունեն, բայց մենք այդպես չենք մերժում։ Ուստի նյութական նվիրատվություն ենք կատարում 98թ.—ից Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին։ Դա մեր հոգու պարտքն է, մենք պետք է մասնակից լինենք, չենք կարող անմասն մնալ»,–նշել է Էրթեմը։
Մահմուդ Ուզունն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը՝ չնայած արդեն վաղուց ապրում է Մեծ Բրիտանիայում։ «Ես մանկուց իմացել եմ Հայոց ցեղասպանության մասին, եւ իմ նպատակն է մինչեւ վերջին շունչս պայքարել, որ Թուրքիան պետական մակարդակով ճանաչի այն»,–ընդգծել է նա՝ հավելելով, որ Թուրքիայում բնակվող քրդերը չեն կիսում իր դիրքորոշումը, քանի որ նրանց համար Արեւմտյան Հայաստանի տարածքը Քուրդիստան է։
«Ես առաջին անգամ եմ այցելում Հայաստան եւ դրա համար ներողություն եմ խնդրում, ամաչում եմ, որ այսքան ուշ եկա։ Շատ հուզված էի ձեր ցավը ձեզ հետ կիսելու թույլտվություն ստանալու համար։ Շնորհակալությում եմ հայտնում, որ մեզ թույլ եք տալիս, որ կարողանանք ձեր մեջ լինել, ներողություն խնդրել»,–ասել է Թուրքիայի քաղաքացի, Գերմանիայում գործող «Ընդդեմ ցեղասպանություն» հասարակական կազմակերպության անդամ Նիլգուն Քայանը։
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, «Twitter»—ի իր պաշտոնական էջում ցավակցել է հայ ժողովրդին տարելիցի կապակցությամբ։
«Ես կիսում եմ իմ հայ եղբայրների՝ ապրիլի 24—ի ցեղասպանության ցավը»,–գրել է Ջեմալը։
Իսկ թուրքական ընդդիմադիր մամուլն ակտիվորեն լուսաբանել է Ստամբուլում կայացած հիշատակի երթը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102—րդ տարելիցին։ Նշվում է, որ մարդկանց աննախադեպ հոսքը զարմացրել է քաղաքի բնակիչներին։
Միջոցառմանն անդրադարձած թուրքական ամենահեղինակավոր պարբերականներից «Ջումհուրիյեթը» խուսափել է ցեղասպանություն եզրույթի կիրառումից, սակայն նշել է, որ «1915—ի դեպքերը» եւ դրանց շուրջ քննարկումներն օրակարգային են մնում Թուրքիայի համար։
Իսկ թուրքական «artigercek. com» կայքն ու «Էվրենսել» պարբերականը ցեղասպանություն եզրույթն օգտագործել են առանց չակերտների եւ կոչ արել բոլորին ներողություն խնդրել հայերից։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 259 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024