ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 14:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 28 » Կարգավիճակ եւ անվտանգություն /Առանց այս երկու սկզբունքների հստակեցման՝ կարգավորում հնարավոր չէ/
15:27
Կարգավիճակ եւ անվտանգություն /Առանց այս երկու սկզբունքների հստակեցման՝ կարգավորում հնարավոր չէ/

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում նշվեց, որ Նյու Յորքում Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել է, թե աջակցում է համանախագահների ինչ—որ հետաքրքիր առաջարկությունների։
Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով հարցին, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Արտգործնախարարությունն արդեն հայտարարել էր, որ Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաեւ եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ։ Եռանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը»։
Նա շեշտեց, որ այլ հարցերի շուրջ, հատկապես ինչ—որ առաջարկների, չի խոսվել։ «Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ այդպիսի առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»,—ասաց Հայաստանի ԱԳ նախարարը։
Նա կրկին անդրադարձավ իր այն հայտարարությանը, որը վերաբերում էր տարածքներ զիջելու հարցին՝ շեշտելով, որ որոշ մեջբերումներ եւ դրա վրա հիմնված մեկնաբանություններ կոնտեքստից դուրս են. «Ես չեմ խոսել ինչ—որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում։ Եվ այդ սկզբունքները, այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը, ինչը եւ Ադրբեջանն է փորձում անել։ Ես նաեւ նշեցի այն, որ, ինչպես եւ hանրապետության նախագահն էր նշել իր ելույթի մեջ, կարեւորագույնն Արցախի կարգավիճակի եւ անվտանգության ապահովման հարցերն են։ Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն ածանցյալ է»։ Նա հիշեցրեց, որ նշել է բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին եւ շատ մանրամասն դրանց անդրադարձել։ «Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց անհրաժեշտ է տարանջատել, ինչ—որ մեկ բանի վրա շեշտադրում անել, սենսացիաներ անել։ Դրա կարիքը չունենք»,—ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ապա հավելեց. «Մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչեւ հիմա եւ որի արդյունքում ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահողների կողմից արված հայտարարությունների մեջ պարունակվող առաջարկություններին, որոնք մենք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք՝ ճանապարհ դեպի հիմնախնդրի կարգավորում»։
Նա ընդգծեց, որ դրանցից Ադրբեջանը մշտապես հրաժարվում է եւ անգամ չի ցանկանում որեւէ հղում կատարել դրանց. «Դա տեղի ունեցավ Ռիգայում՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը պարզապես, ես չեմ խուսափի այդ բառից, փախուստի դիմեց գագաթնաժողովից այն պատճառով, որ ԵՄ բոլոր երկրները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության մնացած բոլոր անդամ երկրները կողմ էին, որ հղում կատարվի եռանախագահող երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ արված այդ հինգ հայտարարություններին»։
Լրագրողների խնդրանքով Է. Նալբանդյանն անդրադարձ կատարեց նաեւ Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեից հետո սպասվող զարգացումներին. «Ես կարող եմ ասել, որ մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություններ կգտնեն՝ լուծելու առկա հարցերը»։
Ալան Դանքնից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե հայկական խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելն իր անձնական կարծիքն է, թե՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության։ Դանքնը պատասխանեց, որ ՄԹ—ն դատապարտել է վայրագություններն ու ջարդերը, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ. «Այն ժամանակից ի վեր դատապարտել ենք տեղի ունեցածը, մենք առաջիններից ենք եղել։ Այսօր ես գնացել էի զոհերի հուշահամալիր, սրտաշարժ, հուզիչ պահ էր ինձ համար»։
Էդվարդ Նալբանդյանը, ի լրումն Ալեն Դանքնի պատասխանի, նշեց. «Ես միայն կարող եմ հավելել, որ իսկապես հարյուր տարի առաջ կամ մի փոքր ավելի՝ 1915թ. մայիսին, Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ, ինչպես գիտեք, համապատասխան հայտարարություն ընդունեցին, որտեղ բնորոշեցին Հայոց ցեղասպանությունը որպես «մարդկության դեմ գործած հանցագործություն»։
Դանքնը նաեւ պատասխանեց հարցին, թե ինչ է անում երկրի կառավարությունը Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը խթանելու, ինչպես նաեւ դեպի Հայաստան ներդրումներ խրախուսելու համար։
«Դա լրջագույն հարցերից է, որ ուզում ենք քննարկել այս այցի շրջանակում։ Կան մի քանի մոտեցումներ։ Նախ, ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այս երկիրը գրավիչ լինի առեւտրի համար, քանի որ լավ բիզնես միջավայր ունենալու պարագայում են ներդրողները սկսում հետաքրքրվել եւ գալ տվյալ երկիր։ Մի լավ քայլ կա, որ դուք փորձում եք անել։ Դա արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացն է, ակնկալում եք մյուս տարի արդեն իսկ միանալ։ Սա աշխարհին ցույց է տալիս, որ հատկապես հանքարդյունաբերական ոլորտում դուք շատ բարձր չափանիշ եք ձեւավորելու։ Դա կլինի բարենպաստ»,– ասաց նա։
ՄԹ—ն ցանկություն ունի նաեւ այլ ոլորտներում համագործակցելու Հայաստանի հետ եւ բիզնեսներ իրականացնելու. «Այդ իսկ պատճառով նշանակել ենք առեւտրի ներկայացուցիչ, ով կգա եւ կուսումնասիրի այս ոլորտը եւ Հայաստանից տեղեկատվություն եւ գաղափարներ կտանի Միացյալ Թագավորություն, թե ինչպես կարելի է այստեղ ներդրումներ անել։ Հուսանք՝ երբ հաջորդ անգամ այցելեմ Հայաստան, առեւտրաշրջանառության ծավալն ավելացած կլինի»։
Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարարը հույս ունի, որ դիվանագիտական հարաբերությունների հաջորդ 25 տարիներին Միացյալ Թագավորության եւ Հայաստանի համագործակցությունը կընդլայնվի մի շարք ոլորտներում՝ առեւտուր, քաղաքական երկխոսություն եւ այլն։ «Մեր հարաբերությունները շատ լավ վիճակում են։ Հուսանք՝ սա շարունակությունը կլինի շատ երկկողմ ամուր հարաբերությունների, որոնք կան երկու երկրների միջեւ»,–ասաց նա։
Դանքնը նշեց, որ Հայաստան է բերել վարչապետ Թերեզա Մեյի բարեմաղթանքը, ինչպես նաեւ մի ուղերձ, այն է՝ Միացյալ Թագավորությունը հեռանալու է Եվրամիությունից, սակայն ոչ՝ Եվրոպայից, ոչ էլ աշխարհից։
«Մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի, ՆԱՏՕ—ի միջոցով եւ հատկապես հետաքրքրություն ենք ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության եւ առեւտրի հարցերով»,—ընդգծեց բրիտանացի պաշտոնյան։
Մեծ Բրիտանիան իր օժանդակությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին։ «Առավոտյան պատիվ ունեցա ելույթ ունենալ խորհրդարանում, օժանդակություն հայտնեցի Հայաստանում կատարված սահմանադրական բարեփոխումներին։ Դուք անցում եք կատարում դեպի խորհրդարանական ժողովրդավարություն։ Ես ներկայացրեցի, թե ինչպես է մեզ մոտ գործում այն։ Ես չեմ ձեւացնում, որ այն կատարյալ է, ես կանխատեսում եմ, որ տարիներ անց դուք մեզ ասելիս կլինեք, թե ինչպես է պետք պատշաճ կերպով խորհրդարանական ժողովրդավարություն իրականացնել եւ ոչ հակառակը»,– ասաց Ա. Դանքնը։

Առկա է երկկողմ օրակարգն ընդլայնելու պատրաստակամություն

Նախքան ասուլիսը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին։
«Ուրախ եմ ողջունել Հայաստանում Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին։ Սա պետնախարար Դանքնի առաջին այցն է Հայաստան,–նշել է նախարար Նալբանդյանը։–Մեր հյուրի հետ առաջին անգամ հանդիպել էինք այս տարվա փետրվարին, Մյունխենում եւ այսօր հնարավորություն ունենք շարունակելու մեր երկխոսությունը»։
Նա հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը, որի շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Դանքնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները, ու ընդգծեց, որ իր այցելության նպատակը երկկողմ համագործակցությանը խթանելն է։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հաստատվել է արդյունավետ համագործակցություն մի շարք ուղղություններով, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն առավել ընդլայնել հայ—բրիտանական երկկողմ օրակարգը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության խորացման, ակտիվ միջխորհրդարանական կապերի խրախուսման, կրթության եւ մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր առեւտրատնտեսական կապերի առավել խթանումը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորել է բրիտանացի խորհրդարանական Մարկ Փրիթչարդի նշանակումը ՄԹ վարչապետի կողմից Հայաստանի հետ առեւտրի բանագնացի պաշտոնում։ «Եվ սպասում ենք իր այցելությանը, որը կարծում եմ տեղի կունենա մեկ շաբաթից»,–ասել է Նալբանդյանը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
Նալբանդյանը տեղեկացրել է, որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրներ. «Բանակցություններին անդրադարձանք Սիրիայում, Իրաքում, ընդհանրապես՝ Միջին Արեւելքում ընթացող իրադարձություններին։ Գոհունակությամբ նշեցինք ահաբեկչության դեմ պայքարում արձանագրված հաջողությունները»։
Նշենք, որ Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը երեկ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծանոթացել ցեղասպանության թանգարանի ցուցանմուշներին։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 318 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024