ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 28 » Կախարդական փայտիկ չի լինի /Սակայն շոշափելի բարելավումները Հայաստանի քաղաքացին անպայման կզգա/
12:57
Կախարդական փայտիկ չի լինի /Սակայն շոշափելի բարելավումները Հայաստանի քաղաքացին անպայման կզգա/

Անցյալ շաբաթ Երեւանի կատարած քայլն ուշագրավ է. լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ—ի հետ՝ այդ կերպ կյանքի կոչելով «ե՛ւ—ե՛ւ»—ի քաղաքականությունը։ Թե Հայաստանի ղեկավարությունը, թե ԵՄ—ի ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանի քաղաքացին համաձայնագրի շնորհիվ սեփական մաշկի վրա զգալու է որակական փոփոխություններ։
«Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատրաստակամ է անելու ամեն ինչ՝ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների իրականացումն ապահովելու համար»,—հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Այս համաձայնագիրը նոր հնարավորություններ ու դռներ է բացում, բայց ամենաէականը դրա լավ իրականացման ապահովմամբ օգուտ ստանալն է։ Դրա համար յուրաքանչյուրս մեր դերակատարմամբ լծված ենք կատարելու համաձայնագրից բխող կետերը»,—ասել է ԵՄ պաշտոնյան։
Նա հավելել է, որ ակտիվացնելու են իրենց ջանքերը ՀՀ զարգացման գործում, որպեսզի հասարակ քաղաքացիների համար տեսանելի ու ճանաչելի դառնա համաձայնագրի կարեւորությունը. «Համաձայնագիրը չի պարունակում որեւէ կախարդական փայտիկ, որը մի գիշերվա մեջ ամեն ինչ կփոխի։ Բայց այն առաջ կբերի շոշափելի բարելավումներ սովորական քաղաքացու տեսանկյունից»։
Նրա խոսքով՝ հայ—եվրոպական համատեղ ջանքերի շնորհիվ այս համաձայնագիրը կարող է գործիք լինել սովորական քաղաքացիների իրավունքների առավել պաշտպանվածության համար, ինչպես նաեւ պատշաճ կառավարման հայեցակարգի ամրապնդման առումով։ Սվիտալսկու դիտարկմամբ՝ համաձայնագրի իրականացումը կարող է բերել նաեւ տնտեսական օգուտներ։
Դեսպանը վստահ է, որ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը երկրում նոր որակական փոփոխության կհանգեցնի կոռուպցիայի դեմ պայքարում։ «Վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարեւորագույն քայլեր է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում, ինչպես նաեւ համապատասխան միջոցառումներ՝ դատական համակարգը բարեփոխելու ուղղությամբ։ Այս բոլորը լավագույն օրինակներն են նախաձեռնությունների եւ նոր քայլերի, որոնք ձեռնարկել է Հայաստանը։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի կողմից իրականացվող նման քայլերը»,–ընդգծել է Սվիտալսկին։
ԵՄ դեսպանի խոսքով՝ Հայաստանը թեւակոխում է նոր ժամանակաշրջան, որտեղ բոլոր օրենսդրական, դատական բարեփոխումները գործնականում կստուգվեն եւ կփորձարկվեն։
Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը աջակցում են Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում, եւ բավականին ծավալուն ծրագիր է իրականացվել արդարադատության նախարարության, դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ։
«Եվրամիությունը ձգտում է Հայաստանին ուղղված մեր աջակցությունը ընդլայնել՝ զարգացնելու կանաչ էներգետիկայի ոլորտը, ազատականացնելու էներգետիկ շուկան, նաեւ առավել հասանելի ու մատչելի դարձնել էներգետիկ ռեսուրսների գները հասարակ քաղաքացիների համար։ Եվ սա հստակ հանձնառություն է»,– նկատել է դեսպանը։
Սվիտալսկին շեշտել է, որ միանում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների այն հայտարարություններին, ըստ որի՝ «համաձայնագիրը չի պարունակում որեւէ տարր, որը ինչ—որ բան կպարտադրի Հայաստանին»։
«Հայաստան—ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման համար կան մի շարք պայմաններ, որոնք պետք է բավարարվեն»,–անդրադառնալով ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման հարցին, ասել է Սվիտալսկին։
Հարցին ի պատասխան, թե որքան ժամանակ պետք կլինի այդ գործընթացն ավարտելու համար՝ Սվիտալսկին ասել է. «Ես մարգարե չեմ, բայց կարծում եմ՝ լավ է, որ վիզայի ազատականացման երկխոսությունը դրվել է 2020 թվականի առանցքային արդյունքների օրակարգում»։
ԵՄ դեսպանը կոչ է արել լինել լավատես, հավատալ՝ այն փաստը, որ այսօր կա Բրյուսելում համաձայնագրով ամրագրված այդ հանձնառությունը, պետք է խրախուսի իր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը. «Վիզաների ազատականացումն իսկապես ջանադիր աշխատանք է պահանջում։ Դա իրավունք չէ, արտոնություն է, եւ եվրոպական քաղաքացիները պետք է իմանան՝ այն երկրները, որոնք ձգտում են ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն իբրեւ իրական եվրոպացիների, ուզում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով, ունեն եվրոպական մտածելակերպ։ Սա է ուղերձը, որ պետք է Հայաստանից գա, պետք է հասկանանք, որ շահագրգռված եք ճամփորդել Եվրոպայով»։
«Մինչ 2020 թվականը միասնական աջակցության շրջանակում կտրամադրվի 170 միլիոն եվրո։ Սակայն սա չի սպառում այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել այս համաձայնագրի ստորագրմամբ»,–ասել է պաշտոնյան։
«Հայաստան—ԵՄ համաձայնագիրը պարունակում է հստակ հայտարարություն ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ»,–ընդգծել է նա՝ խոսելով համաձայնագրի ստորագրման՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին։
Դեսպանի խոսքով՝ եվրոպական դիրքորոշումը հստակ է. ԵՄ—ն ամբողջապես արտահայտվում է ի նպաստ խաղաղ կարգավորման, սատարում կամ կողմնակից է Մինսկի խմբի եւ համանախագահների աշխատանքներին, պատրաստ է նպաստել՝ շատ հստակ աջակցություն տրամադրելով վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաեւ հետհակամարտության շրջանի վերականգնողական գործողություններին։
«Մենք հավատում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, դա կարեւոր է Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի զարգացման, բացի այդ, Եվրոպական հարեւանության կայունության իմաստով։ Այն ձեւակերպումները, որոնք կան համաձայնագրում, ես կարծում եմ՝ արտացոլում են ԵՄ եւ Հայաստանի միջեւ ընդհանուր հայտարարի՝ շատ բարձր մակարդակի լինելը»,–ասել է նա։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի համոզմամբ՝ համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է Եվրամիության համար՝ առաջինը եւ հիմնականը, քանզի հստակ կերպով ցույց է տալիս Եվրամիության վճռականությունը՝ դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը Արեւելյան գործընկերության շրջանակում. «Մյուս կողմից, սա մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար, քանի որ այն չի ընտրում երկու ինտեգրացիոն նախագծերի միջեւ, այլ ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում բազմակողմ հարաբերություններում»։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջողությունը,–ասել է նա եւ ընդգծել, որ դա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ—ի եւ ԵԱՏՄ անդամ երկրի միջեւ։–Սա պատմական օր է ԵՄ—Հայաստան հարաբերությունների համար եւ արձանագրում է նոր մեկնարկ գործընկերների միջեւ կապերի խորացման եւ ուժեղացման առումով»։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը ողջունել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման փաստը։ «Ես ողջունում եմ ԵՄ—ի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների հաջող ավարտը, համագործակցության համաձայնագրի ստորագրումը մեծ հաջողություն է Հայաստանի համար։ Ես վստահ եմ, որ այդ երկիրը շարունակելու է բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում՝ համաձայնագրին համապատասխան։ Բացի այդ, տվյալ համաձայնագիրը հզոր գործիք է ԵՄ հետ հարաբերությունների խորացման, ժողովուրդների միջեւ հարաբերությունների ինտենսիվացման եւ նոր տնտեսական հեռանկարներ բացելու տեսանկյունից»,–ասվում է պատգամավորի գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ որեւէ երկրի դեմ։ Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը չի բացառում համագործակցությունը Ռուսաստանի հետ. Հայաստանը նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ է։ «Մեր նպատակն է ուժեղացնել տարածաշրջանի երկրները եւ առաջ մղել համագործակցությունը նրանց շրջանում։ Ուրախ եմ, որ Հայաստանի հետ մենք կարողացանք հերթական հաջողությունը գրանցել Արեւելյան գործընկերությունում»,–հայտարարել է Բունդեսթագի պատգամավորը։
«Gazeta.ru»—ն գրել է, որ կնքված նոր համաձայնագիրը իրենից ներկայացնում է տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցություն։
Պարբերականի հետ զրույցում ՀՀ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը նշել է. «Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ ամենակարեւորը՝ բիզնես ոլորտի զագացման հեռանկարների համար։ Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանի մի շարք ապրանքների եվրոպական շուկա մուտքի թույլտվություն»։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը թույլ կտա նաեւ Հայաստանին ԵՄ—ի հետ համատեղ ծրագրեր զարգացնել հատկապես կրթության, շրջակա միջավայրի եւ գիտատեխնիկական ոլորտներում։
Աղբյուրը նաեւ նշել է, որ Հայաստանը կպահպանի իր անդամակցությունը ԵԱՏՄ–ին։ hhpress.am

Լ. Ա.

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024