ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 15 » Կախարդական փայտիկ գործի չի դրվելու / Արվելու են սոցիալական լարվածության նվազեցմանը եւ բիզնեսի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր/
12:33
Կախարդական փայտիկ գործի չի դրվելու / Արվելու են սոցիալական լարվածության նվազեցմանը եւ բիզնեսի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլեր/

ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի անդրանիկ քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամներն ու վարչապետը պատասխանեցին խորհրդարանականների հարցերին։ Բնականաբար, պատգամավորների հարցերի հիմնական հասցեատերը ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ 
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը խնդրեց վարչապետին մանրամասներ ներկայացնել իր ծրագրերից ու նպատակներից։ Կարապետյանը նշեց, որ իր ծրագիրը երկու փուլից է կազմված, առաջին փուլում արագ փոփոխություններ չեն լինելու, այլ կլինեն քայլեր, որոնք կարող են մոտ ապագայում կատարել, երկրորդ փուլի համար ժամանակ է պետք՝ որոշելու՝ որ ուղղությամբ են տանելու երկիրը։ «Սպասելիքներ, թե շատ արագ տնտեսությունը կփոխենք, չեն լինելու, բայց մենք ազդակներ ենք տալու, թե տնտեսությունը ո՛ր ուղղությամբ է զարգանալու»,—ասաց նա։ 
Վարչապետը տեղեկացրեց, որ օգտագործելու են նախորդ կառավարության ծրագիրը։ Նա նշեց, որ նպատակ ունեն ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. «Բոլոր ռեյտինգների համաձայն՝ երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող, նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն, իսկ մեր քայլերը որոնք կլինեն՝ դեռ կներկայացնենք»։ Նոր կառավարության կազմն ընտրելիս վարչապետն ուշադրություն է դարձնելու պրոֆեսիոնալիզմին, ոչ թե կուսակցական պատկանելությանը։ Հարցին՝ արդյոք այսօր լավ կադրերի պակաս կա, վարչապետն արձագանքեց, որ լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում, Երեւանում եւս։ Կարապետյանը նշեց՝ ինքը մեկուկես օր է՝ ինչ վարչապետ է եւ ծանոթանում է այն մակրոտնտեսական ցուցանիշներին, որ կան, ու եթե ասում է՝ արագ փոփոխություններ չեն լինելու, դա չի նշանակում, որ քայլեր չեն արվելու։ «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ ուղղված ե՛ւ սոցիալական լարվածության նվազեցմանը, ե՛ւ բիզնեսի զարգացմանը, բայց պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, համակարգային փոփոխություններ են պետք։ Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր»,– հավելեց նա։
ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ հարց ուղղեց, թե ծանո՞թ է վարչապետը տնտեսության տարբեր ցուցանիշներին եւ արդյոք կարո՞ղ է թողնել ներկայիս պաշտոնն ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու համար։
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ եթե ակնարկվում է քաղաքապետի պաշտոնից հրաժարվելը, ապա իր հիմնավորման մեջ խոսք չի եղել ավելի բարձր աշխատավարձի մասին։ «Ես բարձր աշխատավարձի համար չեմ լքել քաղաքապետի պաշտոնը, սակայն եթե Դուք դա եք ակնարկում, ապա ասեմ, որ այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, որն ավելի ցածր աշխատավարձով աշխատանք է։ Ես հիմա չեմ տիրապետում մակրոտնտեսական բոլոր թվերին, եթե միայն դրանով առաջնորդվենք, ուրեմն, կառավարության շենքից բացի, ոչ մի այլ տեղից վարչապետ չպետք է վերցնենք։ Ապագայի հետ կապված ունենք տեսլական, բայց թվերի դեռ չենք տիրապետում»,–ասաց վարչապետը։
ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն էլ հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է օգտագործել Հայաստանի գիտական ներուժը ապագա կառավարության ծրագրում, ինչպե՞ս է նորանշանակ վարչապետը վերաբերվում ինովացիոն, մասնավորապես այլընտրանքային էներգիայի հետ կապված ծրագրերին։ 
«Կարծում եմ, որ մեր էներգետիկ ոլորտը մեծ ներուժ ունի։ Ինովացիային լավ եմ վերաբերվում։ Գիտնականների, ոչ գիտնականների առաջարկների համար, որ կարող են կիրառական օգուտ տալ, մինչեւ վերջ բաց եմ»,–պատասխանեց Կ. Կարապետյանը։
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ինչպես է նոր վարչապետը պայքարելու մենաշնորհների դեմ։ «Ես պատրաստ եմ եւ նման բանաձեւով եմ ուզում աշխատել ԱԺ—ի հետ՝ լինել մինչեւ վերջ պարզ, բաց եւ անկեղծ։ ՀՀ տնտեսությունը բանաձեւ ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու վերարտադրվելու՝ ոչ, փորձելո՞ւ ենք անել՝ այո, կհաջողվի՞՝ կտեսնենք, մենք տրամադրված ենք շատ վճռական, որովհետեւ այլ ձեւ գոյություն չունի»,–ասաց նա։ Վարչապետը նշեց, որ հարկեր փոխելով, բանաձեւեր տալով տնտեսությունը չեն կարող վերարտադրել։ Նրա խոսքով՝ մենաշնորհը միշտ չէ, որ վատ է, այն ինչպե՞ս է առաջանում՝ բնույթից է կախված, բնակա՞ն է, թե՞ ոչ. շուկան փոքր է, եւ էֆեկտիվ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է գերիշխող դիրք շահել, բայց եթե բնական մրցունակ դաշտում է անում, ոչ վարչական ռեսուրսի հաշվին՝ դա այլ բան է։
ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց «Նաիրիտ» գործարանի ճակատագրով, նոր ներդրողի հետ գործարք կնքելու հավանականությամբ։ Կարապետյանը նշեց, որ գործարքի հիմնական դրույթներին ծանոթ չէ, մանրամասն պիտի ծանոթանա։ «Ինձ շատ անհանգստացնում է, երբ պոտենցիալ ներդրողները գալիս եւ «Նաիրիտի» մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային, 10–15 տարվա որեւէ կանխատեսում։ Ելնելով դրանից՝ մի օր պետք է պատրանքներից հրաժարվենք եւ թուղթ—գրիչով խոսենք. 3—րդ թե 4—րդ փորձն ենք արել, որը բյուջեի վրա թանկ է նստում»,–նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ փողը վատնել մի բանի վրա, որ գուցե ապագա չունի, այս պահին չափից դուրս ռիսկային է։ Նա նշեց, որ պիտի լինի տրամաբանական բիզնես—առաջարկ, որում բոլոր գործոնները, ռիսկերը հաշվարկված են։ «Ես չեմ հիշում մի ներդրող, որ մեր հանրապետությունից թուղթ կամ կանխատեսում է ուզել, թե գազի գինը որքան է լինելու, եթե այդպես մտնում ես բիզնեսի մեջ, պարզ է՝ մտավախություն կա»,–ասաց նա։ Վարչապետը նշեց, որ «Նաիրիտի» վերագործարկման շուրջ բանակցությունները չեն հետաձգվի, անգամ օր է նշանակված, սակայն հայտարարում է այն չափորոշիչների մասին, որոնց հետ հասարակությունն էլ պետք է հաշվի նստի։ «Երբեմն որեւէ առաջարկի վերաբերվում ենք որպես մի հեքիաթային կախարդական փայտիկի՝ մեկը կգա, կանի, պետք է այդ իլյուզիաներից հրաժարվել»,– ասաց նա։
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե որքանով են տնտեսական աճի հետ կապված վիճակագրական ծառայության եւ իրական տվյալները համընկնում։ 
«Երբ կառավարությունը ներկայացրել է, որ կա տնտեսական աճ, միեւնույն ժամանակ, թե՛ 2015 թվականին, թե՛ 2016–ին, նշվել է, որ իրականում տնտեսական աճին զուգահեռ չկա ներառական տնտեսական աճ։ Այսինքն՝ մենք ունենք արտահանման աճ, սակայն միաժամանակ բոլորը չէ, որ տնտեսական աճի հետեւանքները միանգամից զգում են,–ասաց Գաբրիելյանը եւ հավելեց.–Իրականությունը սա է, ներկայացվել է ողջ ներկապնակով ճշմարտությունը։ Երբեւէ տնտեսական աճ ասելով՝ չենք ասել ավելացել է կենսամակարդակը, երբեւէ չենք ասել, որ այնպիսի աճ է, որը ֆիսկալ հետեւանքներ ու ֆիսկալ լարվածություն չունի»։
Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանում ունենք գնանկում։ Հատկապես լայն սպառման գծով սննդամթերքի գնանկում կա, իսկ պատճառը ոչ միայն գյուղմթերքի արտադրության ծավալներն են, այլ այն, որ դրսից ներմուծվող սննդամթերքը ունի ցածր գին, քանի որ կա մեծ խնդիր Ռուսաստանից ավելի էժան ներկրումների վերաբերյալ. «Այն, որ կան խնդիրներ, որ տնտեսությունն ունի էական ու լրջագույն մարտահրավերներ, որտեղ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, սա միանշանակ է»։
Պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, թե եղել են պատգամավորներ, ովքեր ուզել են ՔԿՀ—ներում հանդիպել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, հասկանալ՝ ինչ է կատարվում, սակայն մուտք ու ելքի հնարավորություն չի եղել, ինչո՞ւ է սահմանափակվում, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն ասել է. «Եվ քրեակատարողական իրավունքի տեսությունը, եւ այլ երկրների օրենսդրությունը վկայում են այն մասին, որ քրեակատարողական ռեժիմում տարբերակվում են անարգելք ելք ու մուտքի եւ անարգելք տեսակցելու իրավունքները։ Անարգելք տեսակցելու իրավունքը վերապահված է առավել բարենպաստության ռեժիմով բացառապես պաշտպանին։ Մնացած բոլոր դեպքերում, երբ կա վարույթն իրականացող մարմնի արգելք, իսկ այս դեպքում դա առկա է եղել, այս ռեժիմը տարածվում է նույնիսկ անարգելք մուտք ու ելքի իրավունք ունեցող անձանց վրա, բացառություն է կազմում մարդու իրավունքների պաշտպանը»։
«Երեւանում օդանավերի սպասարկման սակագները մրցակցում են Թբիլիսիում ու Բաքվում գործող սակագների հետ»,—ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին։
Համեմատության համար հիմք են վերցվել միջազգային չափորոշիչը՝ 75 տոննա առավելագույն թռիչքային քաշով «Ա 320» օդանավի սպասարկման գները։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկման սակագինը կազմում է 5827 դոլար, մինչդեռ Թբիլիսիում ու Բաքվում՝ 6652 ու 10139 դոլար համապատասխանաբար։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024