ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 28 » ԿԳՆ—ն զարգացման նոր մոդել է մշակում /Ավագ դպրոցների մրցակցությունը կմեծանա /
13:24
ԿԳՆ—ն զարգացման նոր մոդել է մշակում /Ավագ դպրոցների մրցակցությունը կմեծանա /

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների հիմնական խնդիրը կրթության որակն ապահովելն է։

Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները՝ մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ—իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը։ Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12—ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացման շրջանակներում 2009—2010 ուսումնական տարվանից մեկնարկեց եռամյա ավագ դպրոցի ներդրումը։
Սույն ծրագիրն ուղղված էր հանրակրթության երրորդ աստիճանում՝ ավագ դպրոցում կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը։
Ավագ դպրոցների ստեղծման հիմնական նպատակն էր նաեւ ավագ դպրոցում սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում՝ նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորության ստեղծումը, ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը։
Ինչպիսի՞ն էր բարեփոխման ընթացքը, արդյո՞ք մեր կրթական համակարգին համահունչ էր ավագ դպրոցների կայացումը. կարծիքներն իրարամերժ են։ Կան հիմնախնդիրներ, որոնք այդուհանդերձ չեն նպաստում անհրաժեշտ գաղափարի ստեղծմանը։ Մասնավորապես, առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների փոքրաքանակ լինելու պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի (հոսքերի) բազմազանություն, մինչդեռ՝ միջնակարգ դպրոցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում է շարունակել կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության հաստատություններում, հետեւաբար դպրոցի ուսումնական պլանը պետք է հնարավորություն ընձեռի սովորողներին ստանալու մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ըստ իրենց նախասիրությունների։ Այս խնդիրները մասնակիորեն փորձում են լուծել առանձին մասնագիտացված վարժարաններն ու կրթահամալիրները, սակայն դրանք չեն կարող բավարարել պահանջարկը։
Ավագ դպրոցներն այսօր մեծ մասամբ չեն իրականացնում հոսքային ուսուցում, մասնավորաբար՝ տնտեսագիտական, իրավագիտական, արվեստի, ռազմագիտական, մարզական եւ այլ հոսքերում։ Ոմանց կարծիքով՝ առաջադրված ուսումնական խնդիրներով ավագ դպրոցն այսօր քիչ է տարբերվում հիմնական դպրոցից։
Այդուհանդերձ ավագ դպրոցներ կան եւ գործում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։
Ինչքանո՞վ էր մեզ համար հրատապ ավագ դպրոցների ստեղծումը, ծրագրի իրականացման ո՞ր փուլում ենք հիմա. «ՀՀ»–ն զրուցել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ։


Ներդաշնակեցման  խնդիր էր դրված
 

Մանուկ Մկրտչյանը նկատեց՝ մի կողմից ավագ դպրոցների ցանցի ստեղծումը պայմանավորված էր 12—ամյա կրթական համակարգին անցում կատարելու գործընթացով, մյուս կողմից՝ այն կարեւոր եւ պարտավորեցնող էր, քանի որ միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու, ներդաշնակելու խնդիր էր դրված։
«Մենք պետք է որեւէ կերպ համապատասխանեինք միջազգային կրթական չափորոշիչներին։ Ավագ դպրոցը հատուկ իմաստ ստացավ։ Մեր օրենսդրությամբ հիմնական դպրոցում ուսանելը պարտադիր է, իսկ ավագ դպրոցում՝ կամովի։ Վերջին տարիներին արդեն ընդունվեց ծրագիր, ըստ որի՝ միջնակարգ դպրոցը պետք է լիներ պարտադիր 12—ամյա։ Այս երեւույթը սակայն եւս ոչ նորմալ ընկալվեց, հնչեցին տարբեր կարծիքներ։ Ծրագրի իմաստը ոչ թե ավագ դպրոցում սովորելու գաղափարին էր միտված, այլ առհասարակ միջնակարգ կրթությունը 12—ամյա դարձնելու գործընթացին, անկախ նրանից՝ շրջանավարտը քոլեջ թե ավագ դպրոց կնախընտրեր։ Մենք քոլեջներում պետք է իրականացնեինք հատուկ հանրակրթական ծրագիր, ուստի շատ քոլեջներ դարձան անվճար։ Ծրագրի իրականացման ժամանակ առաջ եկավ եռամյա կրթության դերն իմաստավորելու անհրաժեշտություն»,— նշեց Մանուկ Մկրտչյանը։ Նրա դիտարկմամբ, ավագ դպրոցում հասարակության եւ պետության շահերը մղվում են երկրորդ պլան, կարեւորվում է միայն անհատի շահը. «Մեր հանրությունը չնկատեց այս պահը, եթե մենք միջնակարգ դպրոցում առաջնահերթությունը տալիս ենք կրթական ծրագրերին, չափորոշիչներին, ապա այս փուլում ուշադրությունը բեւեռվում է բացառապես անհատի նախասիրությունների վրա»։
Ավագ դպրոցում աշակերտն ունի ազատ ընտրության իրավունք՝ գնալ բնագիտական, հումանիտար, ֆիզմաթ, տնտեսագիտական թե այլ հոսքային ուղղությամբ։ Այս առումով՝ առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը համապատասխանում է այդ մոտեցմանը եւ նպաստում առկա խնդրի լուծմանը։ Առանձնացված ավագ դպրոցները հնարավորություն են տալիս կենտրոնացնելու թե՛ նյութատեխնիկական միջոցները եւ թե՛ կադրային ռեսուրսները։ Ավագ դպրոցները պետք է մասնագիտանան կոնկրետ որեւէ ուղղությամբ։


Ամեն դպրոց պետք է իր դիմագիծն ունենա
 

Այս ծրագրի չստացված կողմերից մեկը, ըստ Մանուկ Մկրտչյանի, ավագ դպրոցների բնականոն գործունեության ապահովումն էր գյուղական վայրերում, ինչը չհաջողվեց։ «Սկզբում ենթադրվում էր, որ կլինեին առանձնացված ավագ դպրոցներ, սակայն բոլոր գյուղերում դա հնարավոր չեղավ ապահովել, բացի շրջկենտրոններից։ Այս հանգամանքը եւս խնդիրներ ստեղծեց,–անկեղծանում է փոխնախարարը,–ցանկացած հարց ունի իր պատմությունը, կենսագրությունը։ Հասկանալով ավագ դպրոցների կայացման հիմնախնդիրները, նախապատմությունը՝ փորձում ենք շտկել իրադրությունը։ Շատ հաճախ ծնողները դժգոհում են, թե ինչու իրենց բնակավայրին մոտ գտնվող ավագ դպրոց չկա։ Օրինակ՝ մենք ունենք որակյալ ֆիզմաթ դպրոց, որտեղ ծնողը երեխային տանելուց երբեք տարածքային հեռավորության հարց չի բարձրացնում»։


Ֆինանսավորման  բանաձեւ է փոխվելու
 

Մանուկ Մկրտչյանը հստակ նախանշում է, թե որն է ավագ դպրոցների կայացման ու զարգացման հիմնական ճանապարհը։ Այն պետք է որեւէ հոսքային ուղղություն ապահովի, ձեւավորի իր հստակ դիմագիծը, որպեսզի ծնողն ու երեխան այլընտրանքային տարբերակ ունենան։
«Այս խնդիրը չի կարելի ասել, թե լուծել ենք, անհրաժեշտ են մի քանի գործոններ։ Մասնավորապես, սխալ է ըստ աշակերտի թվաքանակի ֆինանսավորման մոդելի կիրառումը։ Համակարգի բարեփոխումներից մեկն ուղղված է հենց ֆինանսավորման բանաձեւի փոփոխմանը։ Երբ աշակերտի թվով է դպրոցը ֆինանսավորվում, տնօրինությունն աշխատում է բոլոր հնարավոր հոսքերն ունենալ թվաքանակ ապահովելու համար։ Իսկ երբ դպրոցն ապահովում է բոլոր հնարավոր հոսքերը եւ չի մասնագիտանում միայն մեկի ուղղությամբ, տուժում է կրթության որակը։ Մենք ունենք 35 ավագ դպրոց Երեւանում, սակայն մարզերում ավագ դպրոցների քանակը շատ ավելին է, քան պահանջարկը, որի պատճառով բնականոն ճանապարհով շատ դպրոցներ փակվում են»,–նշեց Մ. Մկրտչյանը։ Փոխնախարարի դիտարկմամբ, դրված է խնդիր՝ միացնելու ավագ դպրոցները ու որեւէ հստակ ուղղությամբ զարգացնելու։ Նա վստահեցրեց՝ որտեղ բնակավայր է, պետք է դպրոց լինի եւ չտուժի կրթության որակը։
Շրջանառվող այն լուրերը, թե որոշ գյուղական համայնքներում օպտիմալացման արդյունքում որոշ դպրոցներ կմիացվեն, Մանուկ Մկրտչյանը չի համարում հավաստի։ Հակառակը, նա վստահեցնում է, որ նման խնդրի առաջ գյուղաբնակները երբեք չեն հայտնվի. «Շատ գյուղերում հիմնական ֆինանսական միջոցը դպրոցն է, որը նաեւ ապահովում է զբաղվածություն։ Երբ գյուղում դպրոցներ փակվեն, կբախվենք գյուղի մտավորականության վերացման խնդրին, որն իր բացասական արտացոլումը կգտնի առաջիկա տարիներին»։ Մ. Մկրտչյանը վստահաբար ասաց՝ բնակավայրերում դպրոցներ չեն փակվի։


Դրական միտումը  նկատել է պետք
 

12—ամյա պարտադիր կրթության շրջանակներում շրջանավարտները բախվում են այլընտրանքային լուրջ խնդրի՝ որտեղ շարունակել կրթությունը՝ միջին մասնագիտական հաստատություններո՞ւմ, թե՞ ավագ դպրոցներում։ Այս համատեքստում մարզերի ավագ դպրոցները բավականին տուժում են։ Դիմելիությունն է նվազում՝ հօգուտ ուսումնարաններ դիմողների։ Իսկ երեխային հարկադրաբար ստիպելը, ըստ Մանուկ Մկրտչյանի, վտանգավոր է երեխայի հասունացման նախաշեմին։ Ավագ դպրոցների առկայությունն ունի առավելություն, նրա մատնանշմամբ՝ ավարտելով միջնակարգ կրթությունը, երեխան այլեւս ժամանակ չի կորցնում մտորելու՝ ինչ ուղղությամբ մասնագիտանալ։
«Այժմ երեխային տրվում է հնարավորություն ծնողի հետ մտածելու այս ուղղությամբ դեռեւս 9–րդ դասարանից, ինչը լուրջ բարեփոխում է ե՛ւ հասարակական կյանքում, ե՛ւ երեխային ինքնուրույն կողմնորոշելու հարցում։ Այս դրական միտումը նկատել է պետք։ Երեխան չի պարփակվում իր դպրոցում եւ հնարավորություն է ստանում կրթությունը շարունակելու այլ դպրոցում, ստեղծելու նոր շփումներ, մուտք գործելու նոր միջավայր»,–ասաց փոխնախարարը։


Կրկնուսույցների կարիք չի զգացվի
 

10 տարի առաջ, նկատում է Մ. Մկրտչյանը, գրեթե անհնար էր բուհ ընդունվել առանց կրկնուսույցների մոտ պարապելու, անկախ աշակերտի ունակություններից եւ դպրոցում մատուցվող կրթական որակից։ Այժմ պատկերն այլ է, աշակերտն առանց հավելյալ պարապմունքների դպրոցից ստացած իր գիտելիքներով բուհ է ընդունվում։ Այս երեւույթին նպաստեց նաեւ միասնական քննությունների ներդրման համակարգը։ 
«Ծնողներ կան, ովքեր այդուհանդերձ որպես երաշխիք ապավինում են կրկնուսույցներին եւ նախընտրում հավելյալ պարապմունքների տալ երեխաներին։ Բայց հավաստիացնեմ, որ շատ ավագ դպրոցներ, օրինակ՝ Երզնկյանի անվան 118 ավագ դպրոցը, որը մասնագիտացած է բնագիտության ուղղությամբ, փայլուն շրջանավարտներ է տալիս, որոնցից գրեթե բոլորն առանց կրկնուսույցների պարապմունքների բուհ են ընդունվում։ Սիսիանում եւ Գորիսում ունենք ավագ դպրոցներ, որոնք մեդալակիրներ ունեն։ Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ ավագ դպրոցներն իրենց չեն արդարացնում։ Ակնառու է այն փաստը, որ ունենք տեղաշարժ կրթության որակի եւ կրկնուսույցների նվազեցման առումով։ Սակայն ես հակված չեմ այն կարծիքին, թե ավագ դպրոցների ցանցը վերջնականապես կայացել է։ Դեռ անելիքներ շատ կան։ Շատ դպրոցներ այսօր ունեն հստակ վարկանիշ, ապահովում են կրթական բարձր որակ, եւ ծնողը նույնիսկ նպատակահարմար չի գտնում մատնանշել տարածքային հեռավորության խնդիրը»,–նշեց փոխնախարարը։


Ամենավնասակարը ոլորտում  մրցակցությունն է
 

Փոխնախարարը սկզբունքորեն դեմ է դպրոցների մրցակցությանն ու վարկանիշավորման գործընթացին, ինչը, ըստ նրա, ոչ թե նպաստում, այլ՝ խոչընդոտում է դպրոցի զարգացմանը։
«Ես համարում եմ, որ մրցակցությունը ամենավտանգավոր եւ ամենավնասակար գաղափարախոսությունն է, մենք չպետք է խաբվենք այն մոլորությամբ, թե մրցակցությունը զարգացում է ապահովում հատկապես կրթության ոլորտում։ Պատահական չէ իմ ասածը։ Այն խիստ մոլորություն է։ Մրցակցությունը խոչընդոտում է լավագույն արդյունքի ստացումը։ Երբ, օրինակ, 2 դասագիրք մրցակցում են միմյանց հետ, մենք ընտրում ենք նրանցից մեկը, այսինքն՝ մեր մակարդակը դրանցից մեկին է հավակնում միայն։ Երբ նրանք համագործակցեն՝ մրցակցելու փոխարեն, ապա մեր ունեցած մակարդակը կգերազանցի նախորդին։ Մրցակցությունը մեր վնասակար կողմերից մեկն է։ Երբ կռվի դաշտում ենք, մեր վաշտի զինվորները ոչ թե մրցում, այլ միմյանց սատարում են։ Երբ կողքի վաշտը հաջողություն է ունենում, մյուսը չի նախանձում, ուրախանում է»,–ասաց պարոն Մկրտչյանը։ Նրա համոզմամբ, միասնությունը կյանքի կազմակերպման հիմքն է։ Պետությունը պետք է իրականացնի վերլուծություն, թե որ դպրոցը չի ապահովում կրթության անհրաժեշտ որակ եւ կրի պատասխանատվություն՝ բարձրացնելու այդ նշաձողը։
Նա առաջարկեց՝ կարելի է վարկանիշավորել միայն ոչ պետական դպրոցները։ «ԿԳՆ–ն պատասխանատու է ծնողին իրազեկ պահել, թե որ դպրոցը կրթական առումով ինչ նշաձող է ապահովում, որպեսզի օգնի ծնողին կողմնորոշվելու՝ ինչի դիմաց է վճարում դպրոցին։ Պետական դպրոցներին ներառել վարկանիշավորման համակարգում սխալ է, անհուսալի է, դա չի կարող նպաստել կրթական որակի բարձրացմանը»,–իր մտահոգությունը կիսեց կրթության եւ գիտության փոխնախարարը։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024