ՀՀԿ
քարոզարշավի շրջանակներում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ
նշեց, որ առաջիկա ընտրությունները խիստ կարեւոր են Հայաստանի հետագա
զարգացման համար։ «Որպես ՀՀԿ—ի նախագահ՝ ցանկանում եմ, որ դուք ձայն տաք
«Հանրապետականին», իսկ ահա որպես ՀՀ նախագահ՝ շահագրգիռ եմ, որ
ընտրություններն անցնեն ազատ ու արդար։ Իսկ ազատ ընտրություններ ապահովելու
համար պետք է հասարակությունն ու իշխանությունները ձեռք ձեռքի տան ու
լինեն միասնական»,– ասաց Սերժ Սարգսյանը։ Գյուղական համայնքների
զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան
պայմանների ստեղծումը կուսակցության գլխավոր նպատակներից է։ Հնաբերդ
համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ ղեկավարը փաստեց, որ անցած
չորս—հինգ տարիների ընթացքում էապես չի հաջողվել անել այնպես, որ
գյուղացիների բոլոր խնդիրները մնան անցյալում, սակայն դրա համար արվել է
հնարավոր ամեն ինչ. «Մեր նպատակն է, որ գյուղը լինի հարմարավետ, որպեսզի
գյուղն ունենա խմելու եւ ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն։ Հինգ
տարիների ընթացքում մենք աշխատել ենք, ծուլություն չենք արել, իսկ դուք
կարող եք դրան տալ ձեր գնահատականը։ Աշխարհում արդեն մեզ հետ հաշվի են
նստում, միանշանակ է նաեւ այն, որ միջազգային հարթակներում մենք
հաջողությամբ ներկայացնում ենք մեր շահերը»։ Ծաղկահովիտից հետո ՀՀԿ
առաջնորդն այցելեց հիմնականում եզդիներով բնակեցված Ալագյազ համայնք։ Իսկ
Ապարան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը տեղեկացրեց,
որ Հայաստանի համայնքների զարգացման ՀՀԿ—ի հիմնական ուղեցույցը «Տարածքային
համաչափ զարգացման» ռազմավարությունն է. «Այն մեր օրակարգի առաջնային
տեղում է։ Մենք աշխատում ենք, որ Երեւանն ու մարզերը զարգանան հավասարաչափ։
Նրանք պետք է սոցիալական ծառայությունների մատուցման նույն ու համաչափ
հնարավորությունները ստանան։ Հայաստանը թեւակոխել է շտապ փոփոխությունների
նոր փուլ, որով շտկելու ենք համակարգային թերությունները»։ Կուսակցության
ղեկավարը նշեց, որ իրենք դեռ ճանապարհի կեսին են հասել. աղքատությունը
ամբողջությամբ չի հաղթահարվել, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ արված
չէ. «Դա կարելի է բնորոշել որպես քաղցկեղ, որի դեմ մենք կիրառելու ենք
«վիրահատական միջամտություն»՝ վերջնականապես հաղթահարելու համար»։ Նա
վստահեցրեց, որ կոռուպցիան վերացնելու ճանապարհին կիրառվելու են բոլոր
օրինական մեթոդները։ Ապարանից հետո Ս. Սարգսյանը եղավ Քուչակի համայնքում, զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին։ «Հայաստանը
կարողացավ հաղթել անհավասար պատերազմում։ Այժմ ժամանակն է պատերազմ
հայտարարել մերթերություններին։ Պետք է հավատալ փոփոխությունների
հնարավորությանը, պետք է հավատալ, եթե ցանկանում ես փոխել»,–ասաց ՀՀԿ
առաջնորդը՝ արդեն Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Ս.
Սարգսյանն այցելեց նաեւ Թալին, հանդիպեց տեղի բնակիչների հետ։ Այստեղ նա
վստահեցրեց, որ հայ գյուղացին վարձահատույց է լինելու իր ապրած
դժվարությունների համար. «Մենք կատարելու ենք փոփոխություններ, որոնց
շնորհիվ ստեղծվելու են արդյունավետ իրավական նորմեր ու պայմաններ
անասնապահությամբ ու մշակաբույսերի բուծմամբ զբաղվելու համար»։ hhpress.am
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ
|