ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 20 » Լավ գաղափարն ու բարձր որակը՝ մեկ տեղում / Բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը/
16:27
Լավ գաղափարն ու բարձր որակը՝ մեկ տեղում / Բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը/

Երեկ «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որին ներկա գտնվեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջոցառումն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում։ Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստան տեղափոխված եւ գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր։
Հանրապետության նախագահը ծանոթացավ տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն եւ առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին։ Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաեւ իրենց մոտ առկա աշխատատեղերը եւ ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը։ 
Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության եւ այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սերժ Սարգսյանը ոգեւորիչ համարեց եւ բարձր գնահատեց ներկայացված ապրանքների որակական հատկանիշները։ Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկեց իրենց արտադրանքի իրացման եւ արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր։
Բացման խոսքով հանդես եկավ «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Մարիտա Ռիդելը։
Սիրիահայերի հիմնախնդիրների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մասնավորապես նշելով. «Այսօր սիրիահայերի հիմնադրած 100—ավոր ձեռնարկություններ են գործում Հայաստանում. դրանք ավտոսպասարկման, սննդի, ռեստորանային, սրճարանային բիզնեսներ են, նրանք արծաթագործության, ոսկերչության մեջ մեծ հաջողություններ ունեն։ Ունենք բազմաթիվ հաջող օրինակներ։ Նրանք աշխատանքի նկատմամբ ունեն պատասխանատվություն եւ նվիրված վերաբերմունք, բերել են նոր մշակույթ, նոր վերաբերմունք։ Բոլորս արդեն գիտենք, եթե սիրիական ապրանք է, ուրեմն որակյալ է»։
Ցուցահանդեսին ներկայացված է ամենատարբեր ոլորտների ապրանքատեսականի։ Օրինակ, սիրիահայ Կարապետ Ջոքարյանը ներկայացնում է սեփական արտադրության բոլորովին նոր սարքավորում, որը բենզինով եւ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների համար է նախատեսված։ Այն, ըստ մասնակցի, նպաստում է վառելիքի տնտեսմանը, իսկ այրումն էկոլոգիական տեսանկյունից ավելի արդյունավետ է լինում, շարժիչը մնում է մաքուր եւ անվնաս։
«Կազմակերպել եմ նաեւ բարձր ճնշման խողովակների եւ դրանց գլխամասերի արտադրություն։ Իսկ ներկայացված սարքի համար արտոնագիրը ստացել ենք վերջերս, ու, չնայած դրան, արդեն իսկ կան պատվերներ։ Բնականաբար, կան դժվարություններ, սակայն աշխատանքն աստիճանաբար հաջողվում է»,–ասաց գործարարը լրագրողների հետ ճեպազրույցում։
Ներկայացված գրեթե բոլոր ապրանքներն ու ծառայությունները ներառվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող եւ խոստումնալից ոլորտների շրջանակում։ Նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առկա ձեռագործ աշխատանքներից մինչեւ տեխնոլոգիական նոր լուծումներ՝ բոլոր ներկայացված ապրանքներն ու ծառայությունները կարող են իրացվել նաեւ ԵԱՏՄ շուկաներում։
«Միտքը, գաղափարն ու որակն առկա են։ Ամենակարեւորը, կա ներկայացման ձեւը։ Առաջիկայում կցուցաբերվի լրացուցիչ աջակցություն, որի արդյունքում կտեսնենք սիրիահայերի տնտեսությունների առաջընթացը։ Այս փորձը ցույց է տալիս, որ որքան էլ դժվարություններ լինեն, մարդիկ լավատեսությամբ են լցված։ Աջակցությունը կլինի թե՛ ֆինանսական եւ թե՛ արտահանման սխեմաներում ներգրավելու տեսանկյունից։ Դրան գումարած, գովազդների արշավների համաֆինանսավորում, ապրանքների ցուցադրությունների կազմակերպում այլ երկրներում»,–ասաց նախարարը։
Սիրիահայ գործարարները եւս մեծ հույսեր են կապում ԵԱՏՄ շուկաներում իրենց արտադրանքը ներկայացնելու առումով։ Այդ ուղղությամբ առավելությունների մասին խոսեց տրիկոտաժեղենի արտադրությամբ զբաղվող «Մոսսինի» ընկերության հիմնադիր Մովսես Հալաջյանը։ Մասնավորապես, որպես առավելություն նա մատնանշեց մաքսային վճարներից ազատված լինելը, ինչը թույլ կտա հայկական արտադրության ապրանքներին առավել մրցունակ լինելու։
«Մեր ընկերությունը տրիկոտաժի արտադրության մեջ բավականին մեծ փորձ ունի։ Գործում է 1985 թվականից՝ Սիրիայում ու արդեն մեկ տարի՝ Հայաստանում։ Տեղական արտադրություն ենք կազմակերպել սեփական ուժերով, տեղի աշխատուժով։ Արտադրում ենք տղամարդկանց ու կանանց տարբեր ոճի հագուստ, շուտով երեխաների համար ենք նախատեսում արտադրել։ Ընդհանուր առմամբ, աշխատանքի հետ կապված, գոհ ենք եւ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր բիզնեսի զարգացման համար ժամանակ է պետք։ Առայժմ արտադրանքը իրացնում ենք հիմնականում  Հայաստանում, սակայն նոր շուկաներ գրավելու նպատակ ունենք։ Արդեն արտահանման փորձ ունենք  դեպի Ֆրանսիա եւ Ռուսաստան»,–պատմեց գործարարը։
Վերջին տարիների ընթացքում տարատեսակ աջակցություն է տրամադրվել շուրջ 10 հազար սիրիահայի։ Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանը փաստեց՝ իրենք աջակցում են իրենց դիմած բոլոր սիրիահայերին։ Նա նշեց, որ տոնավաճառի հիմքը նախորդ տարիներին ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված տոնավաճառներն են։
«Լավ հիշում եմ, երբ անցկացրեցինք առաջին տոնավաճառը, ընդամենը 10 մասնակից ունեինք։ Այսօր տեսնում ենք արդեն պրոֆեսիոնալ ձեւով կազմակերպված միջոցառում, որը ներկայանալի է նաեւ միջազգային հարթակում։ Այս ցուցահանդեսները օգնում են սիրիահայ գործարարներին, ոմանք արդեն շուկայում իրենց տեղն են գտել»,–նշեց նա։
Յակուբյան քույրերի ձեռագործ աշխատանքների արտադրությունն արդեն 35 տարվա պատմություն ունի. մի քանի ամիս առաջ նման արտադրություն է հիմնվել նաեւ Հայաստանում։ Սիլվա Յակուբյանի խոսքով՝ չնայած մայր հայրենիքում կարճ կենսագրությանը՝ իրենց ընկերությունն արդեն իսկ հաճախորդներ է ունեցել։ «Իհարկե, դեռ ժամանակ է պետք, որ մեր ձեռքի աշխատանքին ծանոթանան։ Բայց բոլոր նրանք, ովքեր մեր ձեռագործ աշխատանքները գնել են, գոհ են մնացել։ Դժվարություններ կան, բայց քիչ—քիչ առաջ ենք շարժվում։ Առայժմ մեր ապրանքները ցուցահանդեսների միջոցով ենք վաճառում, փորձում հանրությանը դրանք ճանաչելի դարձնել»,– եզրափակեց նա։


Շարունակական  աջակցություն սիրիահայերին
 

2012թ. մինչ օրս ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ պետական մարմինների, գործընկեր կառույցների, հայաստանյան եւ միջազգային կազմակերպությունների փոխգործակցությամբ իրականացվել են Սիրիայի պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության եւ ինտեգրման տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ, լուծվել են նրանց համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր։
ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները եւ աջակցության ծրագրերը համակարգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Տնտեսական ինտեգրման ոլորտում 2012—2015թթ. Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի կողմից տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերվել 500 սիրիահայի։ Նույն ժամանակահատվածում մշակվել են ավելի քան 100 բիզնես ծրագրեր, որոնցից առավել հաջողված 85 ծրագրի հեղինակները ՓՄՁ ԶԱԿ—ից ստացել են վարկեր՝ արտոնյալ պայմաններով։ ՓՄՁ ԶԱԿ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շուրջ 450 սիրիահայերի համար կազմակերպվել են դասընթացներ ՀՀ մաքսային եւ հարկային օրենսդրության վերաբերյալ։ Որոշակի պարբերականությամբ կազմակերպվել են սիրիահայ գործարարների հավաք—խորհրդակցություններ։
Նախորդ տարիներին կազմակերպվել է 40 սիրիահայ գործարարների հանդիպում—քննարկումը ՀՀ նախագահի հետ՝ բժշկական կենտրոնների, ոսկերչական արտադրամասերի եւ արտադրատարածքների հիմնադրման խնդիրների վերաբերյալ։ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպվել է մեկամսյա դասընթաց սիրիահայ ավելի քան 40 հաշվապահների, տնտեսագետների, բանկային գործի մասնագետների համար։ 2015թ. դեկտեմբերից ՓՄՁ ԶԱԿ—ի կողմից նախաձեռնվել է աջակցության ծրագիր, որի շրջանակներում սիրիահայ գործարարներին կտրամադրվեն անվճար հաշվապահական հաշվառման ծառայություններ՝ 6 ամսից 1 տարի տեւողությամբ։
2016—ից գործունեությունն է սկսել «Սիրիահայերի միություն» ՀԿ—ն, որին արդեն անդամագրվել են մեծ թվով սիրիահայ գործարարներ։ 
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ 2015թ. նոյեմբերին մեկնարկել է աջակցության նոր ծրագիր՝ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում», որը կցված է ԳՄՀԸ «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» հայաստանյան ծրագրին։ Այս ծրագրի նպատակն է ստեղծել ինտեգրման համար նախապայմաններ՝ նպաստելով ոչ միայն սիրիահայերի բարեկեցության մակարդակի աճին, այլեւ ՀՀ տնտեսության զարգացմանը։ 
Ինչ վերաբերում է զբաղվածության ոլորտին, ապա 2012—2015թթ. ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարություն աշխատանքի տեղավորման հարցում աջակցության խնդրանքով դիմել է շուրջ 2 հազար 200 սիրիահայ։ Նախարարությունում մշտապես իրականացվում է սիրիահայերի հաշվառում՝ ըստ մասնագիտությունների. բժիշկներ, մանկավարժներ, ոսկերիչներ, արծաթագործներ, մետաղագործներ, ասեղնագործներ, խոհարարներ, ավտոմեքենաների սպասարկման ոլորտի մասնագետներ, գործարարներ եւ այլն։ Հայաստան տեղափոխված ավելի քան 200 սիրիահայեր ընդգրկված են ավտոմեքենաների վերանորոգման եւ նույնքանն էլ սննդի սպասարկման ոլորտներում։ Մյուսները զբաղվում են ոսկերչությամբ եւ արծաթագործությամբ, թաղիքագործությամբ, ասեղնագործությամբ եւ խեցեգործությամբ, դերձակությամբ, երկաթագործությամբ եւ հրուշակագործությւամբ։
Նախարարությունը սիրիահայերին աշխատանքով ապահովելու հարցում համագործակցում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ինչպես նաեւ հայաստանյան շուրջ 200 կազմակերպությունների եւ անհատների հետ։ 2012—2015թթ. համատեղ աշխատանքների արդյունքում ավելի քան 1200 սիրիահայ ապահովվել է աշխատանքով։  hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024