Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների եւ ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650—րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի եւ Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել 650—ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը եւ երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձեւը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձեւաչափով, թե՛ ԵՄ—ի հետ համագործակցության շրջանակներում։
Արտգործնախարար Վաշչիկովսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ընդունելության համար, եւ ջերմությամբ հիշել սեպտեմբերի 19—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների հանդիպումն ու արդյունավետ քննարկումը։
Վիտոլդ Վաշչիկովսկին հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքները։
Զրուցակիցները հայ—լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաեւ ՀՀ—ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին եւ Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից։
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ—ի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ միության հետ համագործակցության արդյունքում Հայաստանում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել, եւ ՀՀ—ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել։ Սերժ Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի դերակատարությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ—ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|