ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 12 » ԼՂՀ անկախությունը ճանաչվելու է / Կա՛մ խաղաղ բանակցությունների արդյունքում, կա՛մ դրանց բացակայության դեպքում/
15:46
ԼՂՀ անկախությունը ճանաչվելու է / Կա՛մ խաղաղ բանակցությունների արդյունքում, կա՛մ դրանց բացակայության դեպքում/

Ազգային ժողովում ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների հետ։ 
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից. «Ես իմ պարտքը համարեցի խոսել այն մասին, որ ԵԽԽՎ—ն չպետք մատների արանքով ու հավասարության նշան դնելու եղանակով նայի ղարաբաղյան հակամարտությանը։ Մենք պարբերաբար ասել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրին այդպիսի մոտեցումները կարող են տարածաշրջանում լարվածության առիթ տալ։ Ես հույս հայտնեցի, որ ապագայում նրանք արդեն մատների արանքով չեն նայի արցախյան հիմնախնդրին»։ ԵԽԽՎ համազեկուցողները խոստացել են, որ ապագայում փորձելու են այլ տեսանկյունից նայել ղարաբաղյան հիմնախնդրին՝ թույլ չտալով, որ հարցն այդ կառույցում շահարկման առարկա դառնա. «Նրանք ասել են, որ ընդունում են իրենց սխալը եւ փորձելու են հետագայում դասեր քաղել այդ սխալներից։ Այդ սխալներից մեկն այն էր, երբ նրանք բալանսավորված մոտեցում ցուցաբերեցին՝ մերժելով Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, սակայն ընդունեցին Միլիցա Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Նրանք հասկացել են, որ նման դեպքերը կարող են Ադրբեջանի համար հիմք հանդիսանալ»։
«Հայաստանի եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորը հենց Հայաստանն է, որը հնարավոր բոլոր միջոցներով պետք է մտածի իր պաշտպանությունը կազմակերպելու մասին,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։–Միջազգային ասպարեզում բարձրաձայն գոռացողները մեզ այլ երաշխիքներ չեն տվել։ Եթե մեր սահմանի վրա մեր զինվորը չկանգնեցներ թշնամուն, մենք շատ լուրջ խնդիրներ կունենայինք՝ մեր գոյությունը պահպանելու իմաստով։ Ո՞վ է պաշտպանելու մեզ, ո՞վ է այդ անվտանգության երաշխիքները մեզ տալու՝ մենք ինքներս։ Ուրեմն թող սանձեն այս թշնամուն, որը ցանկանում է մեզ երկու կողմից մամլիչի տակ վերցնել, նոր խոսենք նորմալ հարաբերությունների մասին։ Հիմա բանը բանից անցել է, նոր հիշում են ինչ—որ միջազգային չափանիշների մասին։ Դրանք բոլորը երկակի ստանդարտներ են, որոնք մի դեպքում կիրառում են, մի դեպքում՝ չէ։ Եվ հենց այդ երկակի ստանդարտներն են, որ բերել հանգեցրել են այս իրավիճակին։ Միջազգային կարգը, որ պետք է պատերազմի սպառնալիք կասեցնի, այսօր խաթարված է։ Սա լրջագույն հարց է, որ մենք պետք է կարողանանք լուծել»։
Նա պնդել է, որ եվրոպական կառույցների ներկայացուցիչները պետք է առիթ ստեղծեն ու այցելեն Արցախ, իսկ եթե չեն էլ այցելում, ապա պետք է գոնե հստակ գնահատական լինի, թե ով սկսեց պատերազմը։ Դրա համար փաստերն ակնառու են։
Հարցին, թե համազեկուցողների կողմից արձագանքներն ինչպիսի՞ն էին, Արմեն Ռուստամյանը պատասխանել է, թե նրանք, բնականաբար, այս ամենն ընդունում են. «Ղարաբաղի մասով իրենք համարում են, որ, այո, չեն այցելում հիմա, բայց ասում են, որ օրակարգում պետք է պահեն անպայման այդ հարցը եւ անպայման Ղարաբաղ այցելելուց հետո ունենան համապատասխան ինֆորմացիա կատարվածի վերաբերյալ եւ անպայման պետք է կանխեն պատերազմական գործողությունները։ Ընդունում են, որ այստեղ լուրջ անելիք ունի Եվրոպայի խորհուրդը»։
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավորն է ու համարժեք քայլեր պետք է իրականացնի, ինչը ենթադրում է նաեւ չեզոքացնել այն ռազմական սպառնալիքը, որը Ադրբեջանը ներկայացնում է Արցախի ժողովրդի համար»,—ավելացրել է Ռուստամյանը։
Այդ համատեքստում, ըստ Ռուստամյանի, պետք է արագացնել Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիրը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի նախագահը. «Հայաստանը շատ հստակ հայտարարել է, որ պատրաստում է ռազմական փոխօգնության պայմանագիր, որը իրերը պետք է կոչի իր անուններով. դե ֆակտո ստեղծված իրավիճակը պետք է դե յուրե ամրագրենք, ինչի մասին վաղուց խոսում ենք։ Այսինքն՝ Հայաստանի զենքը, Հայաստանի ունեցած զինանոցը պետք է ծառայի Արցախի անվտանգության համար»։
Դիտարկմանը, թե Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, դաշնակցական պատգամավորը արձագանքել է, թե Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը մի պարզ պատճառով՝ որ դա տեղի ունենա միջազգային գործընթացի միջոցով, այնուհետեւ հավելել է. «Աշխատում է Մինսկի խումբ, եւ մենք դա ուզում ենք կատարել այդ խմբի միջոցով, ոչ թե միակողմանի ճանաչել։ Դա մեծագույն զիջումն է մեր կողմից, որպեսզի բանակցությունների միջոցով բոլորը համոզվեն, որ պետք է ճանաչվի Ղարաբաղը։ Բայց եթե Ադրբեջանը բանակցություններ ասածը մտցնում է փակուղի, ըստ էության, դադարեցնում է բանակցությունները, ուրիշ ելք չի մնում, քան ճանաչել Ղարաբաղը»։
Խոսելով քառօրյա պատերազմի ընթացքում ՌԴ—ի որդեգրած դիրքորոշման մասին՝ Ռուստամյանը նկատել է՝ ՌԴ—ն Հայաստանին աջակցել է այնքանով, որքանով դա այս պահին անհրաժեշտ է. «Մենք մեր ռազմավարական գործընկերներից դժգոհ չենք։ Չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է այդ աստիճանի ծայրահեղացնել։ Մենք կարծում ենք, որ այս պահին Ռուսաստանն ուղղակի պետք է հետեւի, որպեսզի հավասարակշռությունը չխախտվի...»։
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը ասել է, որ ԼՂՀ—ի դե յուրե ճանաչումը պատմական առումով այլընտրանք չունի։ Ըստ նրա, ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է տեղի ունենալ երկու սցենարի դեպքում։ Առաջին սցենարը, Ա. Աշոտյանի խոսքով, ԼՂՀ—ն խաղաղ կարգավորման շրջանակներում կդառնա ճանաչված հերթական ինքնորոշված պետությունը, որը երկարաժամկետ է։
«Երկրորդը ֆորսմաժորային սցենարն է, որը կգործարկվի այն ժամանակ, երբ սկսվի լայնածավալ ագրեսիա, որն ամբողջությամբ կվիժեցնի բանակցային գործընթացը եւ Հայաստանին այլընտրանք չի թողնի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը»,– ասել է ՀՀԿ փոխնախագահը։
Ըստ նրա, երբ խոսվում է ագրեսիայի մասին, խնդիրը չափելի կորուստների կամ հարձակման ծավալի մեջ չէ, այլ նախ եւ առաջ քաղաքական հարթության մեջ է. «Իհարկե, մեր 100 զոհի արյամբ կարողացանք պաշտպանել այն, ինչ ունենք՝ երկու հայկական պետականությունները։ Թեեւ ագրեսիան նախ եւ առաջ ուղղված էր ԼՂՀ—ի դեմ, բայց մենք ազգային անվտանգության տեսակետից երբեք չենք սահմանազատել Հայաստանը ԼՂՀ—ից»։
Ա. Աշոտյանը հավատացրել է՝ առաջին իսկ պատեհ պահի պարագայում, երբ չմնա բանակցային գործընթացի հեռահար որեւէ հնարավորություն, երբ որ միջազգային գործընկերների ջանքերը փաստվեն որպես ապարդյուն, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը։ Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ եթե ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական կողմը փորձում էր մոլորեցնել միջազգային հանրությանը, թե ով է սկսել պատերազմը, արդեն այժմ այդ հարցը չի էլ քննարկվում, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ով ինչ է արել։
Ըստ նրա, թեեւ Հայաստանը բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ է դրել, սակայն չի նշանակում, որ բանակցային գործընթացը վիժեցվել է։
«Հայաստանը հարգում է միջազգային հանրության կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին վերապահված բանակցությունների խաղաղ կարգավորման մանդատը, բայց նաեւ ակնկալում է համապատասխան գործողություններ, հասցեական հայտարարություններ, վստահության մթնոլորտի ստեղծում, համապատասխան միջադեպերի կամ ռազմական գործողությունների հետաքննության մեխանիզմ, անվտանգության երաշխիքներ»,– ասել է Արմեն Աշոտյանը։
ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հայտարարել է. «Բանակցային գործընթացի սկզբունքները հայտնի են եղել հենց սկզբից, եւ ամենասկզբից էլ ասվել է, որ քանի դեռ սեղանին դրված վերջնական փաստաթուղթ չկա, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, նախնական կամ ընթացիկ փուլում կարգավորման մասին չարժե խոսել։ Հրադադարի հաստատման նոր համաձայնագրի կարիք չկա, քանի որ գործող փաստաթուղթն այն եզակիներից է, որտեղ առկա է ԼՂՀ—ի ստորագրությունը։ Այդ փաստաթղթի հիման վրա է, որ 22 տարի քիչ թե շատ հրադադար է պահպանվել, եւ չեմ կարծում, որ մենք պետք է գնանք որեւէ նոր փաստաթղթի ստորագրմանը։ Նոր փաստաթուղթը ձեռնտու կլիներ Ադրբեջանին, բայց ոչ հայկական երկու կողմերին։ Մենք պետք է պնդենք, որ որոշակի երաշխիքներ տրվեն հրադադարի պահպանման առումով, քանի որ վաղ թե ուշ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ եւ փորձեն խաղաղություն հաստատել։ Սրան այլընտրանք չկա»։ Նրա խոսքով, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը նշանակում է բանակցություններից հրաժարում, սակայն միանշանակ է, որ հարցը պետք է պահել օրակարգում, որպեսզի ոչ ոք պատրանքներ չունենա, թե Հայաստանը չի կարող չճանաչել Արցախը։
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, պատասխանելով հարցին, թե որ դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ասել է, թե նախագահի կողմից արդեն հայտարարվել է, թե ինչ պայմաններում պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը. «Բայց կարծում եմ, որ մենք ճիշտ չենք ասում, երբ ձեւակերպում ենք, թե կարծես Հայաստանը ոչ մի ճանաչում չի տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Այդպես չէ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճանաչման եւ Միացյալ Նահանգների կողմից չտրված ճանաչման միջեւ մեծ տարբերություն կա։ ՀՀ—ում գործում է ԼՂՀ ներկայացուցչություն դիվանագիտական նույն իրավունքներով ու կարգավիճակով, ինչ Միացյալ Նահանգների դեսպանությանն է։ Երկու երկրների միջեւ կան ստորագրված պայմանագրեր, նախագահներն իրար նախագահ են ասում։ Հետեւաբար ասել, թե Հայաստանը չի ճանաչում, այդքան էլ ճիշտ չէ»։ Նա նշել է, թե Հայաստանը պետք է շեշտը դնի փոխօգնության պայմանագրի վրա. «Դա, իսկապես, պետք է իրականություն դառնա... Պետք չէ շատ երկար ձգել այս վիճակը»։
Կիրո Մանոյանն ասել է, թե ի վերջո այդ անկախության ճանաչմանը նաեւ կարող է հաջորդել միացման հայտարարությունը, այսինքն՝ երկու անկախ պետություններ միասին կորոշեն միանալ։
«Աշխարհը պետք է ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ադրբեջանին ստիպելով հաշտվել պարտության հետ։ Եթե 5, 8, 10 պետություն գտնենք, որոնք հարաբերություններ կզարգացնեն Ղարաբաղի հետ այնպես, ինչպես դա անում է Հայաստանը, մենք կգցենք ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհը»,– նշել է Մանոյանը։
Ինչ վերաբերում է ԼՂՀ—ի՝ բանակցային սեղան վերադառնալուն, Կիրո Մանոյանն ասել է. «Հայաստանն ինչ—որ տեղ իրավունք էլ չունի Ղարաբաղի Հանրապետությանը ներկայացնելու։ Դրա համար է, որ ասում ենք՝ այդ հարաբերությունը պայմանագրում սահմանվի, որպեսզի աշխարհն էլ հասկանա։ Եվ երկրորդ, միշտ էլ ասել ենք, որ ԼՂՀ—ն պետք է ուղղակի մասնակիցը դառնա բանակցություններին եւ այդ բանակցությունների սկզբից, այլ ոչ թե ինչ—որ հանգրվանից հետո, ինչպես ասում են համանախագահողները»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024