ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 15:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 11 » Լույսն ու բարին կհաղթեն /ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երրորդ գլոբալ ֆորումի ժամանակ/
11:37
Լույսն ու բարին կհաղթեն /ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երրորդ գլոբալ ֆորումի ժամանակ/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում, այլեւ՝ «բարի» կամ «լավ լույս», եւ մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ։ «Պայքարը լույսի ու խավարի միջեւ մինչ օրս արդիական է։ Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ։ Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունը. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին։ Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է։
21—րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձեւավորում արմատներ, ունենում հետեւորդներ։ Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն։ Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է։ Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ։ Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատեւել, եթե չպայքարենք դրա դեմ։
Մինչեւ լուսավոր կողմին անցնելը՝ կցանկանայի խոսել այս համաժողովի մասին։ Հավանաբար, աշխարհում 2—3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել։ Ցավոք, Հայաստանը այդ վայրերից մեկն է, որովհետեւ հայերը, որպես ազգ, կրել են ցեղասպանության ցավը։
Հայաստանում երկու վայր է խորհրդանշում կատարվածը. առաջինը Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը, երկրորդը հենց այս վայրն է՝ Մատենադարանը։ Երբ համեմատում եմ այս երկու վայրերը, երկու թանգարանները, սրանք երկու տաճարներ են, մեկը՝ ի հիշատակ նահատակվածների, մյուսը՝ Մատենադարանը, խորհրդանիշ լույսի, որտեղ մենք պնդում ենք՝ այլեւս երբեք։ Մատենադարանը վկայում է, որ լույսն ի վերջո հաղթում է տառապանքին, խավարին։ Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն։ Սա նաեւ այն վայրն է, որտեղ ցեղասպանության շատ մեծ հիշողություն կա։
Ցեղասպանությունը միայն կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը։ Սա գործողություն է ընդդեմ հանդուրժողականության՝ միտված պատմությունը, մշակույթը, արվեստն ու գիտելիքը վերացնելուն։ Այսինքն, շատ ավելի մեծ արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան՝ պարզապես մարդկանց ոչնչացումը։ Միաժամանակ, Մատենադարանն այն վայրն է, որն ասում է՝ ինչ էլ անես, չես վերացնի։ Այն հատուկ է նաեւ մարդկային պատմության տեսանկյունից։
Հազարավոր օրինակներ կան հայ կանանց մասին, ովքեր, փախչելով ցեղասպանությունից, իրենց հետ վերցրել են ամենաարժեքավորը՝ գիրքը։ Իմ տատիկը նույնպես, ով Օսմանյան կայսրությունում ապրող բարեկեցիկ ընտանիքից էր, ցեղասպանության արհավիրքից փախչելիս որեւէ բան, անգամ հագուստ կամ զարդ չի վերցրել, տարել է իր հետ ամենաարժեքավորները՝ որդուն եւ Աստվածաշունչը։ Դժբախտաբար, որդուն կորցրել է Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերել է իր հետ։ Այն մինչ օրս կա եւ իր մեջ ունի ոչ միայն 450 տարվա պատմություն, այլեւ՝ այն երեխայի կորստի հիշողությունը, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ։ Սա ապրող հիշողություն է եւ լույսի տաճար։ Հայոց ցեղասպանությունը սկսվեց 103 տարի առաջ, իսկ մենք հիմա հիշատակում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, տները, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, երեխաներին։
103 տարի անց մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն, եւ ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը։ Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Ողջ աշխարհին հայերը հայտնի են որպես աշխատասեր, ազնիվ, շատ հայրենասեր մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, այդ երկրների լավ քաղաքացիներ են, նպաստում են այդ երկրների հաջողությանը։ Նրանք հոգու խորքում փայփայում են ցավը, սակայն, միեւնույն ժամանակ, ունեն արժանապատվություն ու հպարտություն, որ մենք կարող ենք հաղթել չարին։ Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարեւոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին՝ պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, սերը, կրոնը, Աստված եւ մարդասիրությունը։
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում, բարով եք եկել մի ժողովրդի մոտ, որը կարողացել է հաղթահարել ամենածանր, ամենադաժան հանցագործությունը՝ ցեղասպանության հանցագործությունը։
Հայաստանը ձեզ հետ է, եւ հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին՝ ընդդեմ չարի»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024