ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 17 » Մայիսյան հերոսամարտերը եւ Հայոց եկեղեցին
15:27
Մայիսյան հերոսամարտերը եւ Հայոց եկեղեցին

Ապրիլի 28—ին Թուրքիայի կառավարությունը, ճանաչելով Անդրկովկասի անկախությունը, Բաթումում վերսկսեց բանակցությունները եւ առաջ քաշեց անընդունելի պահանջներ՝ թույլատրել իրենց զորքերին Ալեքսանդրապոլ—Ջուլֆա երկաթգծով փոխադրվել Իրան, իբր թե Իրանում եւ Միջագետքում անգլիացիների դեմ կռվելու նպատակով։ Այս բանակցություններին իր մասնակցությունը բերեց նաեւ գերմանական պատվիրակությունը՝ գեներալ Լոսովի գլխավորությամբ։
0գտվելով այն բանից, որ հայերը կտրականապես դեմ են, որ թուրքերը Հայաստանի տարածքով անցնեն դեպի Իրան, թուրքական բանակը մայիսի 15—ին, խախտելով զինադադարը, հարձակման անցավ Ալեքսանդրապոլի ուղղությամբ։ Առավոտյան ժամը 7—ին թուրքերը քաղաքի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան կողմերից անցան հարձակման՝ աշխատելով կտրել քաղաքի հայության նահանջի ճանապարհը։
Այս հարձակումը քաղաքում խուճապ առաջ բերեց։ Ժողովուրդը փասխչում էր դեպի Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում մեծաթիվ հայ փախստականներին օգնելու նպատակով Թիֆլիսի հայոց Ազգային խորհուրդը, Մեսրոպ եպիսկոպոս Տեր—Մովսիսյանի նախագահությամբ, գաղթականական արտակարգ հանձնաժողով ուղարկեց Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում կուտակված հայությունը շատ ծանր վիճակում էր՝ մատնված սովի եւ հիվանդությունների, սկսվել էին մահացության դեպքեր։ Ժողովուրդն ուզում էր մեկնել ավելի հանգիստ տեղ՝ Վրաստան, սակայն Սանդարի մոտ ճանապարհը թուրքերի կողմից փակված էր, եւ հայ զինվորականների շարանները կռվի բռնվելով չէին կարողացել նախորդ օրը բացել այդ ճանապարհը։
Մեսրոպ Սրբազանը տագնապով նշում էր, որ «Եթե Երեւանի կողմից եւս ժողովուրդը շարժվելու լինի, դա կլինի ազգային սոսկալի աղետ. միակ փրկությունը նկատվում է, որ ժողովուրդը յուր տեղում մնա, որով գուցե ապահով՝ սովամահությունից կարողանա ազատվել»։ Ղարաքիլիսայի շրջանում կուտակված բոլոր փախստականների պարենավորման հարցը լուծում էր Մեսրոպ Սրբազանի ղեկավարած հանձնաժողովը։
Գրավելով Ալեքսանդրապոլը եւ այն հենակետ դարձնելով՝ թուրքերն սկսեցին դանդաղ շարժվել դեպի Երեւան, Ղարաքիլիսա, Ապարան եւ Ախալքալաք։
Մայիսի 19—ին թուրքերի՝ 36—րդ կովկասյան դիվիզիան ներխուժեց Արարատյան դաշտ եւ հաջորդ օրը գրավեց Արաքս կայարանը, որը գտնվում էր Սարդարապատից 10 կիլոմետր հեռու։ Այս ուղղության զինվորական խմբավորման հրամանատար գեներալ Մ. Սիլիկյանը, որն իր հրամանատարական կետը հաստատել էր Գեւորգյան ճեմարանի շենքում՝ Էջմիածնի Մայր տաճարից ոչ հեռու, ստանալով թուրքերի առաջխաղացման մասին ստույգ տեղեկություններ, Երեւանի ապագա պարետ Ա. Շահխաթունու ընկերակցությամբ այցելեց Գեւորգ Ե կաթողիկոսին եւ առաջարկեց նրան անվտանգության համար մեկնել Սեւանա վանք։ Այս առաջարկին կաթողիկոսը պատասխանեց. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա Մայր Տաճարի շեմին»։
Այսպես է իր հուշերում նկարագրում այս իրադարձությունները գեներալ Արարատյանը. «1918 թվականի մայիսի 21—ի առավորտյան Վաղարշապատի (Էջմիածնի վանքի) դրությունը ավելի ծանրացավ։ Գաղթականության եւ տեղի բնակչության ճնշող տրամադրությունը, ինչպես նաեւ Նորին Սրբություն ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռականությունը վանքի միաբանության հետ միասին չլքել Մայրավանքը։ Երեւանի ջոկատի շտաբը քաջարի գեներալ Մ. Սիլիկովի եւ շտաբի պետ Վեքիլովի գլխավորությամբ կանգնեցրին անհրաժեշտ որոշում ընդունելու առաջ՝ հարձակվող թշնամուն հակահարված տալ»։
Գեւորգ Ե—ի հրամանով մայիսի 21—ից մինչեւ մայիսի 29—ը Արագածից մինչեւ Սեւան ութ օր անընդհատ ղողանջեցին բոլոր եկեղեցիների զանգերը՝ ժողովրդին զենքի կոչելով։ Հայ հոգեւորականության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն ունեցան այն օրերի բոլոր կռիվներին։ Մայր Աթոռի միաբան Արիստակես վարդապետ Զուլոլյանը Եղիշե վարդապետ Շահումյանին ուղղված նամակում գրում էր. «Հայկական խմբերի հետ գնում են եւ վարդապետները։ Կիրակի օրը գնացել են Կորյուն եւ Խորեն վարդապետները, վաղն էլ գնում են Գյուտ եւ Ներսես վարդապետները։ Ինձ էլ չեմ խնայում, երբ վիճակվի գնալ. արդեն գրված եմ»։ Դիմելով Վեհափառ Հայրապետին՝ Արիստակես վարդապետը գրում էր. «Ներկայումս ավելի քան կարիք եւ պարտիք զգալով նորից նվիրվելու հայկական ռազմիկ գնդերի հոգեւոր գործին՝ շնորհը ունիմ նորից թախանձելու Ձերդ Սրբութեանը՝ թոյլ տալու նվաստիս պատրաստվել եւ, Վեհիդ Ս. 0րհնութեամբ զորացած, ուղի ընկնել ռազմաբեմ՝ իմովսանն ծառայելու այդ նվիրական գործին եւ ի թիվս մյուս միաբան եղբայրների ուղեւորվել ռազմաճակատ»։
Ռազմաճակատ մեկնող վանական կառավարության անդամներ Կորյուն եւ Խորեն վարդապետները ստացան վանքապատկան «մանլիխեր» հրացաններ։
Այդ նույն ժամանակ Վեհափառ Հայրապետից ռազմաճակատ մեկնելու թույլտվություն էին խնդրում Գանձակի փոխանորդ Լեւոն վարդապետ Պսերյանը եւ Հովսեփ վարդապետը, իսկ Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետը հայկական 7—րդ գնդի հրամանատար գնդապետ Բեյ—Մամիկոնյանի՝ Վեհափառ Հայրապետին ուղղված իր խնդրանքի կատարմանն էր սպասում, որպեսզի դառնար այդ գնդի զինվորական հովիվը։
Թուրքերի դեմ կռվելու համար ռազմաճակատ մեկնեցին հայրապետական դիվանի ծառայող Մնացական Գեւորգյանը եւ ճեմարանի ուսանող Ե. Աճեմյան—Վանեցին։
Հայկական գնդերի զինվորական քահանաները, դիմելով Երեւանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոսին, հարցրել էին՝ ինչպես պետք է վարվել, երբ իրենցից պահանջում են Ս. Պատարագ մատուցել այնտեղ, որտեղ եկեղեցի չկա։ Խորեն սրբազանը պատասխանել էր. «Ցանկալի է, որ առհասարակ զինվորական քահանաների համար առանձին հրահանգ մշակվի՝ ցուցակներ կազմելու, առանձին մատյաններ ունենալու, ժամերգություն եւ այլ պարտականություններ կատարելու համար»։
1918թ. գնդերի զինվորական քահանաներն էին. 1—ին գունդ՝ Գարեգին քահանա Մելիք—Ղազարյան, հետագայում՝ Ստեփան քահանա Պապայան, 2 գունդ՝ Գարեգին քահանա Թադեւոսյան։
Սարդարապատի հերոսական 5—րդ գունդը բաղկացած էր ղարաբաղցիներից, եւ նրա հրամանատարն էր գնդապետ Պ. Բեկ Փիրումյանը, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը ռազմի դաշտում մկրտեց այդ գնդի ռազմիկներին «մահապարտներ» անունով։ Համալրված շրջակա գյուղերի 500 կամավորներով, որոնց հավաքագրել էին Եզնիկ վարդապետ Ներկարարյանը, Թադեւոս վարդապետ Հարությունյանը եւ Հովհաննես վարդապետ Տեր—Միքայելյանը, եւ առաջնորդվելով Գարեգին եւ Զավեն (Մահտեսի—Բաբայան) եպիսկոպոսների կողմից, որոնք գնում էին առջեւից՝ ձիերի վրա նստած եւ խաչը ձեռքներին, գունդը մայիսի 22—ին հարձակվեց թուրքերի վրա Ղամըշլուի մատույցներում եւ պարտության մատնեց թշնամուն։
Սարդարապատի ճակատամարտին մասնակցեցին նաեւ գյուղական ծխական քահանաներ՝ իրենց գլխավորած աշխարհազորային ջոկատներով, ինչպես օրինակ՝ Կոտայքի Թազա գյուղի Տեր Զաքար քահանա Տեր—Հարությունյանը իր եւ Շահաբ գյուղի 250 հոգուց բաղկացած ջոկատով, Էջմիածնի Գրամփա գյուղի ծխատեր Տեր Հովհաննեսը իր ջոկատով եւ Ջաֆարապատ գյուղի ծխատեր Տեր Սահակ քահանան իր ջոկատով։
Երկաթգծից հյուսիս Եզնիկ ու Թադեւոս վարդապետների եւ Տեր Հովհաննեսի առաջնորդած պատանքավորները գործում էին 5—րդ գնդի հետ միշտ համերաշխ, եւ կռվի ընթացքում, գնդի հատկապես կրտսեր սպայության ցուցումով, երեք—չորս հոգով կցվեցին գնդի առանձին ջոկերին։
Հայ հոգեւորականությունը, զենքը ձեռքին, շատ էր ոգեշնչում հայ զինվորին եւ բարձրացնում նրա մարտական ոգին։
Սարդարապատի հաղթանակից հետո կաթողիկոսը Մայր տաճարում հանդիսավոր պատարագ մատուցեց։

Ստեփան ԿԵՐՏՈՂ

ՌԴ եւ ՀՀ պատմական գիտությունների դոկտոր, 
Մոսկվայի պետական համալսարանի Երեւան մասնաճյուղի պրոֆեսոր

Վերջը՝ հաջորդիվ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024