ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 22 » Մայիսյան հերոսամարտերը եւ Հայոց եկեղեցին 2
15:27
Մայիսյան հերոսամարտերը եւ Հայոց եկեղեցին 2

Ինչպես Սարդարապատում, Բաշ Ապարանի հերոսամարտում եւս հայ հոգեւորականությունն իր մասնակցությունն ունեցավ։ Բաշ Ապարանի մարտին մասնակցեցին Փամբի գյուղի ծխատեր Տեր Գեւորգ քահանա Հայրապետյանն իր ծխականներից կազմված ջոկատով, ինչպես եւ Ապարանի շրջանի գործակալ եւ Գյուլլուջա գյուղի ծխատեր Տեր Հովհաննես ավագ քահանա Տեր—Մինասյանը իր գյուղի, ինչպես նաեւ Մուշից, Սասունից, Ալաշկերտից եւ Բայազետից Ապարան գաղթած հայերից հավաքագրված 200 հոգուց բաղկացած ջոկատով։
Տեղեկանալով թշնամու առաջխաղացման մասին՝ Տեր Հովհաննեսը իսկույն եւեթ գործի անցավ՝ շրջանի գյուղերի քահանաների օրհնությամբ եկեղեցիների զանգերի ղողանջներով տագնապ բարձրացրեց եւ ժողովրդին ոտքի հանեց զինված դիմադրության։ Իր ջոկատը զինելուց հետո ինքն էլ, զինված մաուզեր ատրճանակով, սպայական թրով եւ «մոսին» հրացանով՝ քաղաքացու տարազով ձեռքը վերցրեց ս. խաչը, աշխարհազորայիններին օրհնեց եւ կարճ ճառով դիմեց նրանց. «Սիրելի՛ ժողովուրդ, թշնամին հրով ու սրով է առաջանում՝ հետեւը թողնելով համատարած կոտորածներ, գերեվարություն, թալան եւ ավերածություններ. շուտով նույն բախտին մենք ենք արժանանալու։ Շորագյալի ժողովուրդը միամիտ գտնվեց, խաբվեց, աղ ու հացով դիմավորեց եւ խիստ տուժեց, իսկ մենք այդպիսի սխալ չենք գործի, թշնամուն կդիմավորենք գնդակների տարափով, փրկության միջոցը միայն դա է, երդվենք ս. խաչով, որ զենքը ձեռքներիս կզոհվենք հանուն մեր սուրբ կրոնի, ազգի փրկության եւ նոր սերունդների կողմից չենք նզովվի, անարգանքի սյունին չենք գամվի»։ Ամբողջ խումբը ս. խաչով երդվեց։
Տեր Հովհաննեսը մինչեւ եկեղեցական դառնալը չորս տարի ծառայել էր ցարական բանակում, ավարտել էր զինվորական դպրոցը եւ ուներ ենթասպայի աստիճան։
Բաշ Ապարանի ռազմաճակատում թուրքերի առաջապահ զորամասերի վրա առաջին գնդակներն արձակել էին Դանագիրմազի ծխատեր Տաճատ քահանայի եւ Տեր Հովհաննեսի խմբերը։ Առաջին օրը Տեր Հովհաննեսի խումբը մյուսների նման թուրքերի գերազանց ուժերի ճնշման տակ նահանջեց դեպի Բաշ Ապարան։ Երկրորդ օրը կռվի դաշտ հասավ Դովրի գյուղի ծխատեր Գրիգոր քահանան իր 100 հոգուց բաղկացած խմբով եւ ուտելիքի ու փամփուշտի մեծ պաշարով։
Երկրորդ օրը տեր Հովհաննես քահանան՝ որպես նախկին զինվորական, իր խումբը տեղավորեց ռազմաճակատի վտանգավոր հատվածում։ Այդ օրը եւս հայերը կռվում էին միայն հրացաններով եւ նախորդ օրը Տեր Տաճատի կողմից թշնամուց գրոհով վերցրած մեկ գնդացրով։
Միայն այդ օրը՝ երեկոյան, Սարդարապատից կանոնավոր զորք ուղարկվեց. 6—րդ գունդը՝ զինված թնդանոթներով, գնդացիրներով, զորամասերի բոլոր ստորաբաժանումներով, Դրոյի գլխավորությամբ եւ եզիդիների աշխարհազորային խմբերով՝ Ջհանգիր աղայի եւ Ուսուբ բեյի առաջնորդությամբ, հասավ Բաշ Ապարան։
Չդիմանալով հայկական ուժերի ճնշմանը եւ մարտի դաշտում տալով մեծ կորուստներ՝ ջախջախված թշնամին, մարտի դաշտում թողնելով 200 սպանված եւ զինամթերք, մայիսի 29—ին նահանջելով հասավ Ալեքսանդրապոլի մերձակայքը։
Ինչպես 1919 թվականին գրել էր գեներալ Արարատյանը. «Մտածում եմ, որ ամեն ժողովուրդ, որից թալանված է ամեն ինչը, եւ մնում է միայն մի փոքր հողակտոր մի Երեւան քաղաքով եւ Սուրբ Էջմիածնով, մինչեւ վերջին մարդը կպայքարի, որովհետեւ այլ կերպ իրեն կսպասի լիակատար ստրկություն»։
Հայկական ուժերը Ղարաքիլիսայի ուղղությամբ ղեկավարում էր գեներալ Թ. Նազարբեկյանը, որի շտաբը սկզբից գտնվում էր Ղարաքիլիսայում, իսկ երբ մայիսի 21—ին Համամլուն թուրքերի ձեռքն անցավ, տեղափոխվեց Դիլիջան։
Վերջապահ զորքերին օգնության էին հասել հարեւան գյուղերից եկած կամավորները, որոնք որոշեցին հարձակվող թուրքերին դիմադրություն ցույց տալ Ղարալի մոտ։ Մայիսի 23—ին Դարպաս գյուղի ծխատեր Տեր Կոմիտաս քահանա Սարգսյանը, փամփշտակալներով գոտեւորված եւ զինված, հնչեցնել տվեց եկեղեցու զանգերը եւ հավաքելով իր ծխականներին եւ Հաջիղարայի ու Ղշլաղի գյուղացիությանը՝ դիմադրություն կազմակերպեց։ Մինչեւ մարտը անդադար ղողանջեցին գյուղի եկեղեցու զանգերը։
Նույն օրը Ղարաքիլիսայում հրավիրվեց խորհրդակցություն, մասնակցությամբ Մեսրոպ եպիսկոպոս Տեր—Մովսիսյանի, գեներալ Ղամազյանի, գնդապետ Սամարցյանի եւ Նժդեհի, որտեղ որոշվեց դիմադրություն ցույց տալ թշնամուն։
Ինչպես իր «Հայոց ազգային միասնության հաղթանակը. 1918 թվականի մայիս» գրքում Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին նշում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ. Ավետիսյանը. «Զորքի հետ ոտքի ելան մինչեւ Ղարաքիլիսա ճանապարհին բռնված շիրակցի, կարսեցի, արեւմտահայ հազարավոր գաղթականներ, որոք արդեն տեսել էին թուրքական արշավանքի սարսափները»։
Հայկական բանակի զորամասերի, Լոռվա աշխարհազորայինների եւ 10—հազարանոց թուրքական բանակի՝ մինչեւ մայիսի 25—28—ը տեղի ունեցած ճակատամարտից հետո հայկական զինված ուժերը նահանջում են Դիլիջան։
Հայ ժողովրդի մղած ճակատամարտերից դժվարագույնն էր Ղարաքիլիսայի ճակատամարտը։ Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետը Ղարաքիլիսայից հայկական զորքի նահանջի մասին գրում է հետեւյալը. «Տեղի ունեցավ անսպասելի կերպով Ղարաքիլիսայի նահանջը, որտեղից ժողովրդի մի մասը գնաց Սանահինի եւ Ջալալօղլու ուղղությամբ, իսկ մյուս մասը գնաց Դիլիջանի ուղղությամբ»։ Ինքը՝ Արտակ վարդապետը, շտապեց Դիլիջան, որտեղից անցավ Երեւան։ Նա Մայր աթոռ էր տեղափոխում Ալեքսանդրապոլի գանձարկղը, որի մեջ կար Հառիճի վանքի 30000 եւ Կարսի հոգեւորականության էջմիածնապատկան 10000 ռուբլի։
Ղարաքիլիսայի մոտ մղված մարտերին մասնակցող եւ հայկական զորքերի գործողություններին խիստ գնահատական է տվել Հայ փախստականներին օգնող արտակարգ հանձնաժողովի նախագահ վիրահայության նախկին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր—Մովսիսյանը կաթողիկոսին ուղղված իր զեկուցագրում. «Պատերազմական ներկա դրությունը այսպես է. թուրքերը օգտվելով այն հանգամանքից, որ հայկական հետախուզությունը համարյա թե գոյություն չունի, այն ժամանակ, երբ հայ զորքերը Ղշլաղից առաջ ընթանալով գրավել էին Դարբազ գյուղը, մի ձախ թեւի վրա չափազանց խորը շրջապտույտ անելով, երեկ, ամսիս 28—ին, եկել էին Վարդանլու գյուղի դիմացի լեռներից, հետեւապես մտել էին մեր թիկունքը եւ դրանով հայ զորքի մեջ խուճապ առաջ բերել։ Զորքի մի մասը անցել եւ հասել է Վոսկրեսենովկա եւ մասամբ Դիլիջան, իսկ մյուս մասը կտրված է Ղարաքիլիսայում, որի մասին շտաբը հաստատ տեղեկություն չունի»։
Այս խուճապի հետեւանքը եղավ այն, որ Ղարաքիլիսայի գրավումից հետո թուրքերը կողոպտեցին քաղաքի մատակարարական ծառայության եւ Հայ փախստականներին օգնող արտակարգ հանձնաժողովի պահեստները։ Կոտորեցին 2000—ից ավելի տղամարդկանց, կանանց ու երեխաների եւ իրենց հետ քշեցին տարան 100 հազարից ավելի գլուխ կենդանի։
Ղարաքիլիսայի ճակատամարտի ավարտի մասին տեղեկանում ենք նաեւ Մեսրոպ սրբազանի հուշերից. «Երբ երկու օր անց ավտոմոբիլով Դիլիջանից վերադարձա Ղարաքիլիսա, ականատես եղա սոսկալի փախուստի աննկարագրելի ավերին։ 38 վերստ տարածություն ունեցող ճանապարհը լցված էր անթիվ սատկած կենդանիների լեշերով, կոտրված սայլերով, թափված բեռներով, որոնց փտումից երկիրը պիտի ապականվի։
Հայ զինվորությունը Դիլիջանի ձորում հայ գաղթականության ահռելի պատկերի տպավորության տակ ցնցվեց եւ իբրեւ մի մարդ՝ պահանջեց իր գեներալներից նորից գնալ պատերազմի դաշտ եւ թշնամուն դուրս վանել իր մայրենի հողից»։
Թուրքերն օգտվեցին այն բանից, որ ռազմաճակատը քանդվեց եւ ռուսական զորքը մեկնեց բուն Ռուսաստան։ Հզոր թուրքական զորքի դեմ կանգնած էր փոքրաթիվ եւ ամբողջությամբ չկազմակերպված հայկական զորքը, որն ավելի շատ նման էր պարտիզանական զորքի։ Եվ չնայած դրան՝ երեք ճակատամարտից երկուսն ավարտվեց հայերի աներկբա հաղթանակով։
Անհրաժեշտ էր կազմակերպել կանոնավոր բանակ, որն արդեն հայոց նոր պետության արտոնություն էր։
1918թ. մայիսի 26—ին ցրվեց Անդրկովկասյան սեյմը։ Նույն օրը Վրաստանի ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը։ Մայիսի 28—ին անկախ հռչակվեց Հայաստանը։

Ստեփան ԿԵՐՏՈՂ

ՌԴ եւ ՀՀ պատմական 
գիտությունների դոկտոր,
Մոսկվայի պետական համալսարանի 
Երեւան մասնաճյուղի պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 613 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024