ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 20 » Մենք պատրաստ ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը /Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է հարցերի/
12:29
Մենք պատրաստ ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը /Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է հարցերի/

«Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմեր
–Պարո՛ն նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել. մի կողմից Դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը Ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը եւ նոր գործընկերություն էր ստեղծել։ Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել։ Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը։
–Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետեւ մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց եւ անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ՝ հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում։ Երբ մենք ԵՄ—ի հետ սկսեցինք մեր բանակցությունները՝ մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, եւ մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար։ Մենք դա հնարավոր էինք տեսնում։ Եվ երբ «ե՛ւ, ե՛ւ»—ի սկզբունքը փոխարինվեց «կա՛մ, կա՛մ»—ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր։ Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր։ Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ։ Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձայնագիր, որ մենք էինք առաջարկել։ Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները եւ Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը եւ Ուկրաինայի դերակատարությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր։ Այնպես որ՝ մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագիր ստորագրելուց, եւ փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, եւ այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը։ Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ։ Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ եւս ընդգծենք՝ մենք որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որեւէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, եւ ինչպես ես ասացի՝ մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել՝ բերում է մեծ ողբերգությունների։ Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք եւ չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին։
Սադի Ջաֆարով, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար
–Պարո՛ն նախագահ, ի՞նչ եք կարծում Հարավային Կովկասում մենք հիմա ունենք տարածաշրջանային զարգացման ծրագրեր, եւ նորմա՞լ է, որ Հայաստանը հիմա դուրս է այս ծրագրերից, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ոլորտի ծրագրերից։ Սրանով հանդերձ ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնալ. եթե չլիներ հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա հավանաբար այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածաշրջանային ծրագրերից։
Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, եւ Դուք պետք է անպայման հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիաժեք շահակից լինել տարածաշրջանում եւ չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ։ Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, եւ ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն։
–Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետեւ ես էլ եմ արմատներով Ղարաբաղից։ Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է՝ իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երեւանի նկատմամբ, որի հիմնադրման 2800—ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել։
Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եւ Դուք, թեեւ ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի եւ հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից։ Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում։ Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել եւ ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն եւ իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը։
Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք։ Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձեւով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական Միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական Միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ։ Փոխարենը՝ ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը։ Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին եւ ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի։ Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի։ Ես ատում եմ պատերազմը։ Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի։
Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն՝ խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, եւ իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա։ Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու։ Երեւանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, եւ Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը։ Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար։
«Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմեր
—Պարո՛ն վարչապետ, պարո՛ն նախագահ, նույն հարցը երկուսիդ եմ հղում։ Հարցը հետեւյալն է՝ 2018 թվականն է, մենք գիտենք՝ որոնք են մարտահրավերները։ Եթե մենք վերադառնալու լինեինք այստեղ մեկ կամ երկու տարուց ու հանկարծ պարզեինք, որ բանախոսների այս նույն կազմը շատ ավելի դրական է գնահատում Ռուսաստանի եւ Եվրոպայի ու վերջիններիս արանքում գտնվող երկրների միջեւ հարաբերությունները, ուրեմն ի՞նչ պետք է կամ կարող է տեղի ունենալ, որը մեզ թույլ կտար, որպեսզի ավելի լավ արդյունք ստանայինք այս կազմի քննարկումից։
–Ես կարծում եմ՝ ավելի շուտ համոզված եմ, որ, իհարկե, այսպիսի քննարկումներ լինելու են մեկ տարի, երկու տարի հետո էլ, բայց եթե ես լինեմ այդպիսի քննարկման մասնակից, կհամոզվեմ եւ բարձրաձայն կասեմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունները շատ կառուցողական են դարձել, եթե այդ պարագայում նրանք լուծեին, օգնեին մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Սա կլիներ շատ կարեւոր հանգամանք։ Ինչպես ասացի՝ սա երեւի այն եզակի եզրերից մեկն է, որով զբաղվում են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը՝ ունենալով համանման ուղղություն։ Սա կլիներ, իրոք, ապացույց՝ ապացույց ոչ միայն հայերի համար, ադրբեջանցիների համար, այլ ամբողջ աշխարհի։
«Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմեր
–Ընդ որում՝ ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց։ Եվ ուրեմն՝ դուք ավելի շատ հնարավորություններ ունե՞ք։
–Այո, գիտեմ, որ մեր հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետեւ աշխարհը կամաց—կամաց, երեւի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը եւ ինչպիսի դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում են։ Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ, մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին։ Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է՝ միֆ է, միֆ, չկա այդպիսի բան։ Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ եւ այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 20 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018