ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 12:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21 » «Մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի»
10:45
«Մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի»

Ոստիկանությունն ամփոփեց առաջին կիսամյակի գործունեության արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների գործունեության արդյունքները։
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ—մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ—մայոր Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ—մայոր Լեւոն Երանոսյանը։
Նիստն ամփոփել է ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։
Մինչ օրակարգին անցնելը նախագահ Սերժ Սարգսյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին։

Նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումները ոստիկանության կոլեգիայի նիստում

Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին։ այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության եւ առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար։ Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջեւ դրված խնդիրների եւ զարգացման նպատակների չընկալման։ Այստեղ որեւէ կասկած լինել չի կարող։
Մենք շատ ենք աշխատել ոստիկանական բարեփոխումները արագացնելու ուղղությամբ։ Անձամբ ես հետեւել եմ ձեր քայլերին գրեթե ամենօրյա հաճախականությամբ։ Այս վերջին փուլում ես ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել էի ոստիկանության արտաքին ծառայության, նկատի ունեմ հասարակական կարգի պահպանության եւ ընդհանրապես հասարակության հետ անմիջական շփումն ապահովող գործառույթների, ինչպես նաեւ կատարված հանցագործությունների բացահայտման գործում ժամանակի պահանջներին հարիր որակական առաջընթաց ապահովելու առաջնահերթության վրա։ Պիտի ասեմ, որ այս երկու ուղղություններով էլ առաջընթաց տեսնում եմ։
ՀՀ ոստիկանության զորքերի, արտաքին ծառայության ստորաբաժանումների գործունեության մեջ կա թեկուզ փոքր, սակայն տեսանելի եւ հստակ առաջընթաց։ Այն արտահայտվել է ոչ միայն հանրային վայրերում, զանգվածային միջոցառումների եւ, մասնավորապես, ընտրությունների անցկացման ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանության ապահովմամբ, այլեւ առանձին իրավիճակներում ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին հասնելու համար համարժեք եւ չափավոր միջոցներ կիրառելու մեջ։ Մի շարք բավականին թեժ իրավիճակներում մենք ականատես ենք եղել ձեր սառը, համբերատար, որ չափազանց կարեւոր հանգամանք է, եւ շատ դեպքերում նաեւ հոգատար գործելաոճին, եւ դուք հիմնականում կարողացել եք զարգացումները տանել գրագետ հունով։ Սա տեսանելի է, տեսանելի է շատերի համար, բայց սա միայն գործի սկիզբն է, եւ կանգ առնելու իրավունք դուք չունեք։ Արտաքին ծառայությունների մասով ես նոր եռանդի ու ավելի արագ տեղաշարժերի ակնկալիք ունեմ ձեզնից, նույնը նաեւ ճանապարհային ոստիկանության, անձնագրային եւ վիզաների վարչության գործունեության բնագավառներում։ Ցավոք, պետք է նշեմ, որ այս երկու ծառայությունների աշխատանքում ես պարբերաբար նկատում եմ տեղատվություն. միջոցառումներ ենք իրականացնում, պահանջներ ենք ներկայացնում, եւ որոշակի ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ աշխատանք, տեսնում ենք հասարակության դրական արձագանք, բայց անցնում է երկու, երեք, չորս շաբաթ, եւ նորից ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր։ Սա չի կարելի թույլ տալ։ Այստեղ ինձ համար անհասկանալի է դառնում ձեր ներքին անվտանգության ծառայության գործունեությունը։ Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որեւէ մեկին։ Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը։ Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան։ Թերությունների հետ միասին կան նաեւ հանցագործություններ։ Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում։ Կա՛մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի։
Տեսանելի է նաեւ առաջընթացը նախկինում կատարված, այդ թվում՝ հասարակական մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման, այդպիսի հանցագործություններով հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների եւ ստացված արդյունքների մասով։ Սա նույնպես կարեւոր մի ոլորտ է, որտեղ դուք ճիշտ ուղղության վրա եք, բայց դեռ զարգանալու, կատարելագործվելու շատ տեղ ունեք։
Այդուհանդերձ, չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները։ Խոսքը նաեւ այն բոլոր անընդունելի երեւույթների մասին է, որոնք եղել են ու դեռեւս կան ոստիկանության համակարգում։ Հավատում եմ, որ փոփոխությունների ուղղությամբ ավելի մեծ արագություն հավաքելու դեպքում արատները թոթափելու հարցը շատ ավելի հեշտ կստացվի, եւ հավատացեք՝ շատ պարագաներում ինքն իրեն կստացվի։
Շարունակում է խնդրահարույց մնալ նաեւ քրեական գործերով կատարվող նախաքննության որակը։ Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է։ Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել։ Գտնում եմ նաեւ, որ հանցագործությունների բացահայտման, դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երեւույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջեւ բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը։ Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ եւս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի։ Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնմխելի է, իրոք, հեքիաթներ են։ Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը։ Չկան այդպիսի մարդիկ։ Ով հանցագործություն է կատարում, պետք է պատժվի։ Սա՛ է մեր մոտեցումը։
Հատկանշական է, որ նշված ուղղություններով ձեռնարկվելիք աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն բացասական երեւույթներ ծնող պատճառները կամ անձանց բացահայտելով։ Ի՞նչ նկատի ունեմ. շատ դեպքերում, երբ թյուրիմացություններ, թերություններ են լինում, հանցագործություններ են կատարվում, միշտ լսում ենք նույն պատճառաբանությունները։ Բայց սա բավարար չէ։ Իրոք, բավարար չէ։ Մի անգամ հասկացանք, պատճառը լսեցինք, բայց երկու, երեք ամիս հետո՝ նույնանման դեպք եւ նույն պատճառներն են ներկայացվում։ Անհրաժեշտ է նախանշել եւ մշակել այն կառուցողական լուծումները, որոնք հնարավորություն կտան արձանագրել առանցքային փոփոխություններ եւ դրանցից բխող դրական արդյունքներ։ Ընդ որում, պետք չէ միայն ապավինել օրենսդրական կամ կազմակերպական բարեփոխումներին, որովհետեւ փոփոխություն նախ եւ առաջ ակնկալում եմ այդ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործելակերպում եւ մտածելակերպի մեջ։ առաջին հերթին, որքան էլ օրենքները փոխենք, զուտ միայն օրենք կամ ընթացակարգեր փոխելով մենք չենք կարող հաջողության հասնել։ Դա անհրաժեշտ գործընթաց է, բայց ոչ բավարար։ Պետք է փոխել մեր մտածելակերպը։ Հատկապես, որ այն կարծրացել է տասնամյակների ընթացքում։ Եթե մենք չկարողանանք փոխել մեր եւ մեր ենթակաների մտածելակերպը, որեւէ ուղղությամբ չենք կարող լուրջ հաջողությունների հասնել։
Մենք դանդաղելու շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող։ Պետք է շարունակենք առաջընթացն արդեն հայտնի ուղղություններով եւ ձեռնամուխ լինենք խնդիրների լուծմանը մյուս ոլորտներում։ Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ամեն օր աշխատանքի գա մի բան փոխելու հաճույքը զգալու նկատառումով։ Եթե մարդ իր աշխատանքից հաճույք չի ստանում, նա չի կարող արդյունավետ աշխատել։ Հույս ունեմ, որ կանցնի որոշ ժամանակ, եւ ձեզնից յուրաքանչյուրը, իրոք, հաճույքով կգա աշխատանքի, ու ցանկացած դրական տեղաշարժ նրա համար կլինի գրեթե երջանկություն։ Ահա այսպիսի մոտեցում է մեզ անհրաժեշտ։

Առաջին կիսամյակում նվազել է  հանցագործությունների թիվը

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո համակարգի պատասխանատուները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Մինչ այդ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ամփոփեց ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։
Հիշյալ ժամանակահատվածում երկրում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 10.7 տոկոսով կամ 905 դեպքով (2011—ի 6 ամսում՝ 8465, 2012—ի 6 ամսում՝ 7560)։ Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում նվազել է նաեւ հանցավորության գործակիցը. հաշվետու ժամանակահատվածում 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը երկրում կազմել է 232 (2011 թ. 6 ամսում՝ 260)։ Հանցավորության մակարդակը բարձր է միայն Երեւանում (347), առավել ցածր՝ Արագածոտնում (132), Գեղարքունիքում (140), Սյունիքում (147) եւ Արմավիրում (151)։
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում նվազում է արձանագրվել սպանության փորձերի (20—17), առողջությանը ծանր վնաս պատճառելու (92—82) դեպքերով։ Արձանագրված սպանության դեպքերի թիվը մնացել է անփոփոխ (28—28)։ Միեւնույն ժամանակ, այս ոլորտում աճ է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (629—690), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով (42—58), այդ թվում՝ բռնաբարության եւ բռնաբարության փորձերով (5—12)։
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններում նվազում է արձանագրվել գողության (2606—1966), այդ թվում՝ բնակարանային գողության (525—357), յուրացման կամ վատնման (102—86), ավազակության (73—33), կողոպուտի (105—95) եւ տրանսպորտային միջոցներ փախցնելու (34—21) դեպքերով։
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց երկրում 2.2 տոկոսով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (2011 թ. 6 ամսում՝ 5446, 2012 թ. 6 ամսում՝ 5323)։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 68—ով (2011 թ. 6 ամսում՝ 255, 2012 թ. 6 ամսում՝ 187), իսկ քրեական պատասխանատվության կանչված անչափահասների թիվը՝ 33—ով (2011 թ. 6 ամսում՝ 217, 2012 թ. 6 ամսում՝ 184)։
Բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է գրեթե բոլոր հիմնական հանցատեսակներով՝ սպանության փորձերով, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության եւ բռնաբարության փորձի, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, այդ թվում՝ մահվան ելքով, խուլիգանության, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, պետական գույքի գողության, խարդախության, անձնական գույքի գողության, ավազակության, կողոպուտի եւ տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով։ Միեւնույեւ ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, բնակարանային գողության եւ կեղծ թղթադրամների ապօրինի շրջանառության դեպքերով։
2012—ի առաջին կիսամյակում շարունակվել է պայքարը այնպիսի երեւույթի դեմ, ինչպիսին է շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրումը (թրաֆիքինգ). հայտնաբերվել է 15 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11—ի դիմաց։
2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 941 հետախուզվող (2011 թ. 6 ամսում՝ 916—ը)։ Բացի այդ, հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող եւս 92 հանցագործներ։
2012—ի հունվարի 16—ից Երեւան քաղաքի 20 խաչմերուկներում շահագործվել են տեսանկարահանման եւ 30 փողոցներում՝ արագաչափ սարքեր, որոնց միջոցով հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար 122 հազար որոշումներով նշանակվել է վարչական տույժ։
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում արձանագրվել է 1066 ճանապարհատրանսպորտային պատահար (2011 թ. 6 ամսում՝ 904), որոնց հետեւանքով զոհվել է 118 (2011 թ. 6 ամսում՝ 117) եւ մարմնական վնասվածքներ ստացել 1556 (2011 թ. 6 ամսում՝ 1316) մարդ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի աճի պայմաններում աճել են նաեւ հետիոտնի վրաերթի դեպքերը (2011 թ. 6 ամսում՝ 307, 2012 թ. 6 ամսում՝ 329)։
Ոստիկանությունը հայտնում է, որ հիշյալ ժամանակահատվածում համակարգի ղեկավարության կողմից իրականացվել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ համակարգը բարեփոխելու, ոստիկանության մարմինների աշխատանքների իրավական դաշտը կատարելագործելու, հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական եւ այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։

Անձնագրերի դեֆիցիտ չկա

Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործով նախաքննությունը շարունակվում է, գործին առնչվող համապատասխան անձինք հարցաքննվել են։ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հայտնեց, որ որոշ հարցեր, սակայն, դեռ ճշտման փուլում են։
«Փուչիկները լիցքավորած անձի հետ պայմանագիր չի կնքվել. նրան տրվել է պատվեր։ Փուչիկ լիցքավորողին պատվիրել են պարզապես լիցքավորել դրանք եւ չեն նշել՝ հելիումով կամ մեթանով։ Շուտով ամբողջապես կավարտվի քրեական գործի նախաքննությունը, եւ բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն»,–ասաց նա։
Գ. Համբարձումյանն անդրադարձավ նաեւ «Հարսնաքարի» դեպքին՝ մասնավորապես նշելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային զրույցների վերծանումները ստանալու իրավական հիմքեր չկան։ Ոստիկանությունն իրավունք ունի պահանջել այն անձանց հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնք ունեն մեղադրյալի կարգավիճակ, ինչն այս դեպքում Հայրապետյանին չի վերաբերում։
Համբարձումյանը մանրամասնեց, որ համապատասխան բջջային օպերատորներին արդեն դիմում է ներկայացվել՝ մեղադրյալների խոսակցությունների վերծանումները ստանալու, որը բավարարվել է. «Ստացված վերծանումների ուղղությամբ գնում է ակտիվ քննություն»։
Վերջին շրջանում քաղաքացիներին հատկապես հուզում են անձնագրերի փոխանակման գործընթացում առաջ եկող խնդիրները՝ հերթեր, ժամանակային խնդիր եւ այլն։
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ իրականում անձնագրերի դեֆիցիտ չկա, պարզապես ժամանակի հարց է. այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանակված անձնագրերի քանակն արդեն 15 տոկոսով ավելացել է։
Ոստիկանությունն ամեն դեպքում չի հերքում, որ կան հերթեր, իսկ անձնագրային որոշ բաժանմունքներ գտնվում են անմխիթար վիճակում։ Առաջիկայում Երեւանում դրանցից մի քանիսը կվերաբացվեն։
Ինչ վերաբերում է սիրիահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգին, ապա Օսիկյանը շեշտեց, որ նրանց մասով եւս գործում է նույն օրենքը՝ ազգությամբ հայերին Հայաստանի քաղաքացիություն է տրամադրվում հեշտացված կարգով, նույնը վերաբերում է նաեւ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգին։ Քաղաքացիության տրամադրման գործընթացը տեւում է մինչեւ մեկ տարի։
Փոխոստիկանապետը հայտնեց, որ վերջին 1—2 տարիների ընթացքում ավելացել է Մերձավոր Արեւելքի երկրներից Հայաստանի քաղաքացիության դիմում ներկայացնողների թիվը։
Այսօր ոստիկանության համակարգի պատասխանատուները «նոր» ոստիկանի կերպարի անհրաժեշտություն են տեսնում՝ սկսած համազգեստից մինչեւ բուն էություն։ Նրանք հավաստիացրեցին, որ այդ ուղղությամբ տարվում է լուրջ աշխատանք։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 492 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024