ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 11 » Մեր հարաբերություններն ունեն ամուր, հուսալի հիմք /Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը/
09:40
Մեր հարաբերություններն ունեն ամուր, հուսալի հիմք /Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը/

–Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցությունը։ Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը եւ բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյակը...
–Իսկապես, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերություններն իրապես առանձնանում են դաշնակցային, ռազմավարական բնույթով, ներառում են ամենաբարձր մակարդակով դինամիկ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական ու հումանիտար ոլորտներում։ Ամրապնդվում է մեր փոխգործակցության խորհրդարանական չափումը։
Ցանկանում եմ նաեւ ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում, ինչպես նաեւ այլ բազմակողմանի հարթակներում, ինչն էապես հարստացնում է հայ—ռուսական համագործակցության ողջ համալիրը։ Մեր հարաբերությունների զարգացման մեջ էական տեղ է հատկացված նաեւ Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ միջտարածաշրջանային համագործակցությանը։
Վերջին տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամությունն ու համագործակցությունն աստիճանաբար զարգացել են, նոր որակներ ու տեմպ են ձեռքբերել, համալրվել են նոր ուղենիշներով ու շեշտադրումներով։ Հատկանշական է, որ դիվանագիտական հարաբերությունների 25—ամյա պատմության ընթացքում առաջին անգամ երկրների ղեկավարների մակարդակով պետական փոխայցեր տեղի են ունեցել հենց վերջին տասնամյակի ընթացքում։ Միաժամանակ, իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների հետ մեկտեղ մենք հետագա աշխատանքի հսկայական ներուժ ու լայն դաշտ ունենք։
Ամենակարեւորը՝ մեր հարաբերություններն ունեն ամուր, հուսալի պատմական հիմք, փառահեղ ընդհանուր պատմություն, երբ ուս ուսի տված, միասին կրել ենք մեզ բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները։ Այդ ավանդույթները պետք է հոգատարությամբ պահպանենք, հարստացնենք ու անընդհատ բազմապատկենք։
Կարծում եմ, որ մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկային շփումների ընդլայնմանը, մեր քաղաքացիների շփումներին, հատկապես՝ երիտասարդության։ Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որ արդեն տարուց ավելի գործում է, էապես հեշտացրել է այդ շփումը։ Դա նաեւ արտացոլում է այն խորը զգացմունքները, որ առկա են մեր ժողովուրդների միջեւ։
Մեր նվաճումն ու հպարտությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի՝ մեր ընդհանուր ու փառահեղ հաղթանակի պատմական հիշողությունն է։ Հայ ժողովուրդը ծանրակշիռ ներդրում է ունեցել այդ նվաճման մեջ. Մեծ հայրենականի ճակատներում կռվել են Հայաստանի 600 հազար որդիներ, որոնց կեսը՝ 300 հազարը ռազմաճակատից տուն չի վերադարձել...
Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ երկու գործիչների, ում անունն անխզելիորեն կապված է հաղթանակի հետ։ Դա Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանն է ու ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Անդրեյի Վարդանյանը։ Մարշալ Բաղրամյանի հետ պատիվ եմ ունեցել հանդիպել, երբ ուսանող էի, եւ հռչակավոր զորավարն այցելել էր Երեւանի պետական համալսարան։ Գեւորգ Վարդանյանի ու նրա տիկին, համախոհ ու մարտական ընկեր Գոհար Վարդանյանի հետ բարեկամացել են ծնողներս, ընտանիքներով՝ 1940—ականներին, երբ ապրում էին Իրանում։ Ջերմությամբ եմ հիշում իմ անմոռանալի հանդիպումներն այդ արտասովոր անձանց հետ թե Մոսկվայում, թե Երեւանում։ Այժմ, երբ Գեւորգ Վարդանյանն այլեւս մեզ հետ չէ, ձգտում եմ ավելի հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ երբ լինում եմ Մոսկվայում, անպայման այցելում եմ նրան։ 
Առհասարակ՝ բոլորս անհատույց պարտք ունենք Հայրենական մեծ պատերազմի վետերանների հանդեպ։ Առանց նրանց ակտիվ մասնակցության դժվար է պատկերացնել երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը։ Ես ու իմ սերունդը շատ բան ենք նրանցից սովորել, ու մեր պարտքն է դա երիտասարդությանը փոխանցելը։
–Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր ունեն մեր մշակութային ու հումանիտար կապերը։
–Մշակութային կապերը, հումանիտար ոլորտում համագործակցությունն էականորեն լրացնում են ու հարստացնում են մեր երկրների բազմակողմ ու բազմաշերտ հարաբերությունները։ Մենք հաստատակամորեն պետք է ընդլայնենք հայ—ռուսական փոխգործակցության այդ ոլորտը։ Ցուցահանդեսները, համերգները, շրջագայությունները, համատեղ մշակութային, գիտական, կրթական, հումանիտար նախագծերը, ուսանողների եւ բուհերի դասախոսների շփումներն ու փոխանակումները, գիտական փոխանակումները պետք է էականորեն ընդլայնեն մեր կապերը, դրանց նոր դինամիկա ու որակ հաղորդեն։ Այս համատեքստում կցանկանայի հատուկ ընդգծել, որ հարյուրավոր երիտասարդ մասնագետներ կրթություն են ստանում ու իրենց գործում վարպետանում են հենց ռուսական բուհերում՝ այն քվոտաների շրջանակներում, որ տրամադրում է ՌԴ կառավարությունը։
Ուրախալի է, որ վերջին տարիներին մեր մշակութային—հումանիտար կապերն ինտենսիվ կերպով զարգացել են, անց են կացվել Հայաստանում Ռուսաստանի մշակութային օրեր եւ Ռուաստանում Հայաստանի մշակութային օրեր, որոնք առանձնացել են խոշոր միջոցառումներով։ Այսօր Երեւանում հաջողությամբ գործում են Հայ—ռուսական համալսարանը եւ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը։ 
Բացի այդ, ժամանակակից ռուսական գիտության մեջ բազմաթիվ հայտնի հայկական անուններ կան, ովքեր լայն ճանաչում են գտել, հարստացրել են ռուսական ու համաշխարհային գիտությունը նոր հայտնագործություններով, խոշորամասշտաբ գիտական արդյունքներով։ Նրանք արժանի հետնորդներն են այնպիսի հռչակավոր գիտնականների, ինչպիսիք են ակադեմիկոսներ Հովսեփ եւ Լեւոն Օրբելիները, Աբրահամ Ալիխանովն ու Արտեմ Ալիխանյանը, Նորայր Սիսակյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը եւ շատ ուրիշներ։
–Ե՞րբ եք նախատեսում Ձեր առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն։
–Ես դեռ նոր եմ ստանձնելու նախագահի պաշտոնը (ծիծաղում է)։ Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա։ Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա։ Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն «ՏԱՍՍ»–ը առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին։
–Ինչպե՞ս կգնահատեիք ղարաբաղյան կարգավորման վիճակը։
–Վերջնարդյունքում տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծվելու են, դրանք միանգամայն հաղթահարելի են։ Պատմությունն ավելի դաժան ու դրամատիկ հակամարտություններ է տեսել։
Արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ—ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա։ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ։ Մենք բարձր ենք գնահատում հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղղությամբ այդ միջնորդական ջանքերը։ Ակնհայտ է, որ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու կամք։ Խաղաղության հասնելու համար Հայաստանն իր կողմից անում է հնարավոր ամեն ինչ եւ ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույն վերաբերմունքը կցուցաբերի։
–Դուք դարձաք նախագահ, երբ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձեւի։
–Ճիշտ եք, Հայաստանի քաղաքական նոր համակարգը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական ձեւին, որը սկզբունքորեն մեզ մոտ գործում էր նաեւ մինչեւ 1991թ. առաջին նախագահական ընտրությունները։ Սակայն հիմա մեզանում միանգամայն նոր իրավիճակ է, եւ հանրապետության նախագահին, որին ընտրում է խորհրդարանը, հատուկ տեղ է վերապահված։ Ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական պարտականություններից բացի, որ ամրագրված են Սահմանադրությամբ, մենք կենտրոնանում ենք սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանում նրանց ներկայության ընդլայնման, ներդրումների ներգրավման, քաղաքացիական հասարակության զարգացման, կրթության, գիտության, երիտասարդներին խրախուսելու վրա։ Անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման ուղղությամբ ողջ իշխանությունն աշխատի։
Այո, քաղաքական նոր համակարգի պայմաններում պետական իշխանությունը լիովին բաժանված է խորհրդարանի, կառավարության ու նախագահի ինստիտուտների միջեւ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել այն սուր խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության առջեւ, քանզի միայն համախմբված, համերաշխ հասարակությունն է կարող արդյունավետ արձագանքել ժամանակի մարտահրավերներին։
Մինչ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում համաձայնություն տալը ես բազմաթիվ արդյունավետ քննարկումներ ունեցա քաղաքական ուժերի, սփյուռքի, հասարակության ու մտավորականության ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, թե ժամանակակից Հայաստանի համար որքան արդիական է, որքան կարեւոր է լսելու եւ ըմբռնելու, միմյանց հարգելու, զրուցակցի կարծիքին ըմբռնումով մոտենալու կարողությունը։
–Ձեր հարցազրույցներում ասում եք, որ ցանկանում եք տեսնել «նոր Հայաստան՝ նորացված ու երիտասարդ ոգով, 21—րդ դարին համապատասխանող»։
–Հայ հասարակության առաջնահերթություններից մեկը ես կնշեի երիտասարդության տրամադրվածությունը։ Ասելով երիտասարդություն՝ ես նկատի ունեմ ոչ այնքան տարիքը, որքան ներքին հոգեվիճակը, ըստ որում՝ նկատի ունենալով նաեւ ինձ (ժպտում է). որքանով են երիտասարդ քաղաքացիները մոտիվացված, տրամադրված մասնակցելու երկրի առաջընթացին, որքանով են պահանջված։ Չէ՞ որ արտագաղթը, առաջին հերթին երիտասարդության արտագաղթը կանգնեցնել մենք կարող ենք միայն երիտասարդների ինքնաիրացման, ինքնահաստատման համար, պետականաշինությանը, հասարակական կյանքին մասնակցության համար լիարժեք պայմաններ ստեղծելով, հնարավորություններ ստեղծելով գիտության, կրթության, բիզնեսի, սպորտի եւ բոլոր այն բնագավառներում, որոնցում նրանք ընդունակ են ու ցանկանում են իրենց ներդրումն ունենալ։
Ուրախալի է, որ Հայաստանում կան երիտասարդությանը նորարար ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաներում, կրթական նորարար ձեւաչափերում ընդգրկելու մի շարք շատ հաջողված օրինակներ։ Դրանցից են ստեղծարար տեխնոլոգիաների «ԹՈՒՄՈ» կենտրոնը, «Սինոփսիս Հայաստան» ընկերությունը, նոր, ժամանակակից դպրոցներն ու համալսարանները։ Վստահ եմ, որ այդ միտումը պետք է հետեւողականորեն զարգացնել։
Ի դեպ, մենք ցանկանում ենք Հայաստանում գրավիչ դարձնել նույնիսկ զինծառայությունը։ Հանրապետության պաշտպանության նախարարությունն աշխատում է մի շարք ստեղծարար ծրագրերի վրա, որոնք խրախուսում են համալսարանական կրթությամբ ու շոշափելի սոցիալական երաշխիքներով զուգորդված զինվորական ծառայությունը։
–Ինչպիսի՞ն է կնոջ դերը հայ հասարակության մեջ։
–Գեղեցիկ կեսն ակտիվ մասնակցում է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային կյանքին՝ չհաշված ավանդական «կանացի» ոլորտները՝ առողջապահություն ու կրթություն։ Մեզանում կանայք կան կառավարությունում, խորհրդարանում, դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ձեռնարկատերեր։ Իհարկե, ժամանակակից հասարակության մեջ կնոջ դերը պետք է ամեն կերպ ընդլայնել ու մեծացնել։
Ցանկանում եմ արժանին հղել հայ կնոջը՝ տիկնոջը, մորը, դստերը, քրոջը։ Կինն ազգի առանցքն է, ողնաշարը, եւ ի դեպ, ոչ միայն Հայաստանում։ Շատ ուրիշ երկրներում եւս նույնիսկ ամենածանր ժամանակ կանայք վստահորեն իրենց ուսերին են կրում ընտանիքի, հանրության հիմնական բեռը։
–Հայերը պատմականորեն սփյուռք ունեցող ազգ են։ Հինավուրց ժողովուրդը դարեր շարունակ տարածվել է մոլորակով մեկ՝ Եվրոպայից մինչ Ավստրալիա, Աֆրիկայից մինչ Ամերիկա։ Ի՞նչ եք մտադիր առաջարկել արտասահմանի հայրենակիցներին։
–Հայ վաճառականները, առեւտրականները վաղնջական ժամանակներից առեւտրային կապեր են հաստատել հեռավոր երկրներում՝ Հնդկաստանից մինչ Իրան, Ամերիկա ու Ավստրալիա, վստահորեն «յուրացրել են» նոր երկրներն ու աշխարհամասերը։ Սակայն արտերկրի հայկական սփյուռքի հիմնական հատվածը ձեւավորվել է, երբ 19—րդ դարի վերջին ու 20—րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերը ցեղասպանության ենթարկվեցին։ Այսօր մեր հայրենակիցները գործնականում ապրում են բոլոր աշխարհամասերում, աշխարհի 100 երկրներում, նրանք ակտիվ մասնակցում են իրենց կացության երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական կյանքին։ Չափազանց կարեւոր եմ համարում ոչ միայն հայկական պետության աջակցությունն արտերկրում ապրող հայրենակիցներին, այլեւ սփյուռքի լայն ներառումը Հայաստանի կյանքին։ Ես ինքս մոտ 30 տարի ապրել եմ արտերկրում ու միայն լսածով չէ, որ տեղյակ եմ սփյուռքի հոգսերի, ակնկալիքների եւ խնդիրների մասին։
–Ինչպե՞ս եք Դուք մտադիր ազդել երկրում առկա ներդրումային միջավայրի վրա։ Ի՞նչ միջոցառումներ եք պատրաստվում ձեռնարկել, որպեսզի կարողանաք դրամական հոսքեր ներգրավել եւ դրանք երկրում պահել։
–Որպեսզի արտասահմանյան ներդրումները Հայաստան բերվեն, անհրաժեշտ է այնպես անել, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող իմանա, թե ինչ է իրեն սպասում, այսինքն՝ ինչ պայմաններում է ինքն աշխատելու, ինչպիսին է երկրի օրենսդրությունը եւ պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում իրականացնել։ Իսկ բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար պետք է ջանասիրությամբ աշխատել։ Պետք է մտածել երկրի տնտեսական եւ ներդրումային գրավչության, օրենքի գերակայության հետագա ամրապնդման եւ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին։ Ընդ որում՝ դա կախված է ոչ միայն պետությունից, այլ նաեւ՝ քաղաքացիներից, հասարակությունից, գործարար համայնքից։
–Ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանը Ձեզ համար։
–Ինձ համար Ռուսաստանը նախեւառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն։ Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների եւ, մասնավորապես, ինձ համար եղել եւ մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարեւոր դեր են խաղացել աշխարհայացքի ձեւավորման գործում։ Իմիջիայլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես՝ իմ կրթության եւ իմ գործունեության առաջին քայլերի համար։ Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984—85թթ. ես եղել եմ միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում։ Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով։
Օգտվելով առիթից՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին անկեղծորեն մաղթում եմ նոր, մեծ հաջողություններ երկրի տնտեսության զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման գործում։
Որպես Հայաստանի նախագահ՝ ես, անկասկած, իմ խնդիրն եմ համարում հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը։
Որպես եզրափակում՝ «ՏԱՍՍ» գործակալության ընթերցող լսարանին կցանկանայի մաղթել խաղաղություն, երջանկություն եւ բարեկեցություն, իսկ ձեր լրատվական գործակալության աշխատակազմին՝ ստեղծագործական նոր մեծ հաջողություններ եւ նվաճումներ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 1 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018