ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 04:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 7 » Միակ շահագրգռությունը Հայաստանի հավասարակշռված շահն է /Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ/
09:36
Միակ շահագրգռությունը Հայաստանի հավասարակշռված շահն է /Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ/

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղեւորվել է Ջերմուկ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետեւել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետեւ Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն։ Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների եւ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել։
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է Ջերմուկում։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում։ «Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ–որ կարգ է խախտվել։ Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն։ Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ ի սկզբանե էլ ասել է, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն, եւ առկա է իրավական վիճակ, որի յուրաքանչյուր հանգուցալուծում ունի իր հնարավոր զարգացումները։ «Եթե մենք այս իրավիճակում որեւէ ապօրինություն թույլ տանք՝ գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել։
Պետք է հասկանանք հետեւյալը՝ համաձա՞յն ենք արդյոք ի գիտություն ընդունել փորձագիտական դե յուրե պատասխանները վերը նշված հարցերի շուրջ։ Ցանկացած որոշում պետք է կայացնենք փաստերի հիման վրա։ Հույս ունեմ, որ ներկաները համոզված են, որ մենք, եւ կոնկրետ ես, այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռություն՝ բացի Հայաստանի հավասարակշռված շահը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն առաջարկել է վերը նշված երկու հարցերի շուրջ պետության, բնապահպանների եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ, որպեսզի դրանց վերաբերյալ լինի վերջնական ու անառարկելի պատասխան։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կարծիքը պետք է ձեւավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված եւ ապացուցված պատասխանների վրա. յուրաքանչյուր որոշում ունի իր գինը, եւ ինքը չի կարող առանց հիմքերի որեւէ որոշում կայացնելու մասին մտածել։
Վարչապետի առաջարկի հետ կապված՝ բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»–ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը։
Իր հերթին, «Լիդիան Արմենիա»–ի ներկայացուցիչները նշել են, որ նույնպես պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը։ Տեղի ունեցած քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ կապված բոլոր փաստերն ու կարտահայտի իր դիրքորոշումը։
Վերադարձի ճանապարհին՝ Գնդեվազի մոտ, վարչապետը զրուցել է իր հետ հանդիպելու նպատակով ճանապարհին կանգնած գնդեվազցիների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարների հետ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ նախկինում պետական պաշտոնի մեջ եղել են վայելքի էլեմենտներ, սակայն պաշտոնը պետք է ընկալվի որպես ծառայություն։ «Դա պետք է սկսվի ինձնից, եւ ես այդպես էլ վարվում եմ։ Ակնհայտ է, որ պետական ծառայությունը պետք է լինի իրոք ծառայություն, ոչ թե արտոնություններ ունենալու, չարաշահումներ անելու հնարավորություն»,–ասել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջարկների հիման վրա որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ներկայացնել համապատասխան ծրագրերը, որոնք նախընտրելի է, որ վերաբերվեն ենթակառուցվածքներին, խմելու, ոռոգման ջրի համակարգերի վերականգնմանը, գյուղտեխնիկային եւ ճանապարհներին։ «Հույս ունենք գումարները ծախսել այնպես, որ դրանք բերեն շղթայական ռեակցիա, որպեսզի տնտեսությունը մարզերում տեղից շարժվի»,–ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի շինարարության որակին։
Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ այլեւս Հայաստանում բացառվելու են մենաշնորհները, այդ թվում՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտահանման ուղղությամբ։ Կառավարությունը խրախուսելու է, որպեսզի անասնապահությունը զարգանա եւ գյուղացին արտահանումից ստանա առավելագույն եկամուտ։ «Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում՝ սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից։ Մենք պետք է որեւէ չարաշահում բացառենք։ Նման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի եւ ընթացք կստանա։ Այսօր որեւէ մեկը որեւէ մեկի առաջ չի կարող որեւէ պարտավորություն ունենալ։ Այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս կանոնների շրջանակում աշխատել, ունեն իրենց համայնքների ժողովրդի աջակցությունը՝ մենք պատրաստ ենք այդ համայնքների ղեկավարների հետ աշխատել, ուս ուսի տալ եւ շարժվել առաջ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ 
Այնուհետեւ վարչապետը հանդիպումներ է ունեցել Եղեգնաձոր եւ Արենի համայնքների բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մարզեր այցերի նպատակն է՝ հավաստիանալ, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում եւ իրեն համարում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համահեղինակը։ «Սա շատ կարեւոր է մեզ համար։ Մենք ուզում ենք, որ դուք վստահ լինեք, որ Հայաստանում ապօրինությունների, ամենաթողության, իշխանիկների, կոռուպցիայի, թալանի ժամանակն ավարտվել է։ Եվ մենք միասին պետք է ստեղծենք նոր երկիր, նոր Հայաստան, որտեղ բարձրագույն սուբյեկտը ՀՀ քաղաքացին է, որն իրեն զգում է հպարտ, հաղթանակած, արժանապատիվ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը քայլ առ քայլ ժողովրդի հետ միասին վերակառուցելու է երկիրը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը։ «Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթել է, եւ ՀՀ—ում որեւէ մեկը չի կարող համարձակվել ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից խլելու փորձ անգամ անել։ Ովքեր նման փորձ կանեն՝ կստանան կառավարության եւ ժողովրդի արժանի հակահարվածը։ Ժողովուրդ ջան, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ համբուրում եմ բոլորիդ, հպարտ եմ բոլորովդ, եւ ես ուզում եմ՝ դուք վստահ լինեք եւ համոզված, որ ձեր հաղթանակն այլընտրանք չունի»,–շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024