ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 20 » Միակողմանի փոխզիջում լինել չի կարող /Մինչդեռ դրան է ձգտում Բաքուն ղարաբաղյան կարգավորման գործընթացում/
14:32
Միակողմանի փոխզիջում լինել չի կարող /Մինչդեռ դրան է ձգտում Բաքուն ղարաբաղյան կարգավորման գործընթացում/

«Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը ղարաբաղյան հակամարտության եւ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումն է»,– դեկտեմբերի 17—ին ելույթ ունենալով ՀԱԿ համագումարում՝ ասել է կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանը։ 
Նա կարգավորման հիմքում դրել է փոխզիջումների գաղափարը՝ պնդելով, որ դրանք պետք է ձեռք բերվեն փուլային եղանակով, քանի որ ԼՂ խնդրի կարգավորման փաթեթային տարբերակը անընդունելի է Ադրբեջանի համար։ Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոհեմ գործիչ է եւ այս դեպքում կարգավորման հետ կապված իր դիրքորոշումը չի խստացնի։ 
Նախկին նախագահը ՀԱԿ—ի անդամներին առաջարկել է ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով։ Նա նաեւ տեսակետ է հայտնել, որ «ազգ—բանակ» ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ, իր համոզմամբ, Իսրայելի հետ համեմատած, մենք պակաս վտանգավոր իրավիճակում ենք գտնվում. նրա խոսքով, Թուրքիան մեզ համար անվտանգ երկիր է, եւ մեր միակ վտանգը գալիս է Ադրբեջանից։
Տեր—Պետրոսյանը, սակայն, պնդել է, որ պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը կպարտվի եւ տարածքներ կկորցնի։
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Արմենպրեսին» ասել է, որ Տեր—Պետրոսյանի ելույթն ընդդիմադիր գործչի ելույթ էր, որը զերծ էր ռադիկալ գնահատականներից. «Ելույթում կային գնահատականներ, որոնց հետ ես համամիտ եմ, եւ կային գնահատականներ, որոնց հետ կապված ես չեմ կիսում հարգարժան առաջին նախագահի կարծիքը։ Բնականաբար, համամիտ եմ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում։ Համամիտ եմ այն թեզի հետ, որ մենք պետք է քարոզենք խաղաղություն տարածաշրջանում, այլ ոչ թե պատերազմ։ Համամիտ եմ այն թեզի հետ, որ այսօրվա բերված փաստաթուղթը կարելի է բանակցել եւ դրանով հասնել խնդրի լուծման։ Երբ Տեր—Պետրոսյանն ասում է, որ այսօրվա փաստաթուղթը փոխզիջումային է եւ սպասարկում է հայկական կողմերի շահերը, դրանով ինքը բառացի չի ասում, բայց ընդունում է, որ հայկական դիվանագիտությունը այս տարիների ընթացքում գնացել է ճիշտ ուղղությամբ»։ 
Շարմազանովի խոսքով, սակայն, Լեւոն Տեր—Պետրոսյանը չի նշում, որ ղարաբաղյան կարգավորման խոչընդոտը, խաղաղության եւ փոխզիջումների խոչընդոտը հայկական կողմերը չեն։ «Անվանելով Ալիեւին ռացիոնալ մտածող գործիչ, ինչպես ինքն է ասել, օդում կախված է թողնում, թե այդ ո՞ւմ պատճառով է, որ խաղաղություն հաստատել չի ստացվում, ո՞ւմ պատճառով է, որ փոխզիջում չկա, ո՞ր կողմը պատրաստ չէ փոխզիջումների։ Նա չի նշում հասցեատիրոջը։ Եթե ես չլինեի Էդուարդ Շարմազանովը, լինեի ոչ թե Հայաստանի, այլ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի քաղաքացի եւ կարդայի հարգարժան առաջին նախագահի հայտարարությունը, այնտեղ առաջին նախագահի կողմից կտեսնեի ցանկություն փոխզիջումների գնալու եւ խաղաղություն հաստատելու, բայց ես չէի տեսնի հասցեատիրոջը, թե ո՞վ է այս պահին պատասխանատու, որ չկա խաղաղություն եւ փոխզիջում։ 
Իսկ փոխզիջում չկա, խաղաղություն չկա, բանակցությունները չեն կարող առաջընթաց ունենալ, քանի որ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը, որքան էլ առաջին նախագահը Իլհամ Ալիեւին համարում է ռացիոնալ մտածող գործիչ, իռացիոնալ է տրամադրված։ Դրա վառ ապացույցն ապրիլյան պատերազմն էր, դրա վառ ապացույցը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունների չկատարումն է, Ալիեւի հիվանդագին, ցնորամիտ, լկտի հայտարարություններն են «իրենց պատմական հողեր Երեւանը եւ Գորիսը մի օր նվաճելու մասին»։ Մենք մշտապես ասել ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, բայց ամեն գնով խաղաղության մենք պատրաստ չենք։ Մենք պատրաստ չենք խաղաղության, որ Ալիեւը պատերազմ հրահրի, իսկ մենք այդ ժամանակ ասենք, որ մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք դրա համար քայլեր ձեռնարկում ենք, բայց հարգարժան առաջին նախագահի ելույթն ավելի ամբողջական կլիներ, երբ նա նշեր տարածաշրջանային անկայունության հիմնական մեղավորին, իսկ դա Ադրբեջանն է»,–մանրամասնել է ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ լիովին կիսում է Տեր—Պետրոսյանի այն կարծիքը, որ նոր պատերազմ հրահրելու դեպքում Ադրբեջանը դառը պարտություն է կրելու եւ մի քանի շրջաններ է կորցնելու։
Ավելի ուշ «Tert.am»—ին տված հարցազրույցում Աժ փոխնախագահը ավելի է հստակեցրել իր գնահատականը, ասելով. «Մեզ ամեն գնով խաղաղություն պետք չէ, պետք է արժանապատիվ խաղաղություն»։
Շարմազանովն անդրադարձել է նաեւ հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի դիտարկումներին։ «Տեր—Պետրոսյանն ասում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում կլուծվի նաեւ հայ—թուրքական հարաբերությունների հարցը։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ հայ—թուրքական սահմանի վերաբացումը, հայ—թուրքական հարաբերությունների վերահաստատումը չպետք է կապել ոչ թուրք—կիպրական, ոչ թուրք—սիրիական, ոչ ռուս—թուրքական, ոչ էլ ղարաբաղա—ադրբեջանական խնդիրների հետ։ Սա ամրագրված է արձանագրություններում։ Ես ցանկանում եմ մի հռետորական հարց հնչեցնել՝ իսկ ով է մեղավորը, որ այսօր հայ—թուրքական սահմանը փակ է, ով է 2009թ. հրաժարվել վավերացնել հայ—թուրքական արձանագրությունները, Հայաստա՞նը, իհարկե, ոչ, Թուրքիա՞ն, իհարկե, այո։ Եվ ես սպասում էի, որ պարոն առաջին նախագահը դրա մասին կխոսի։ Այն, որ մենք Թուրքիայի հետ պետք է գնանք հարաբերությունների հաստատման, այդ մասին հանրապետության նախագահն ասել է դեռ 2009թ. Մոսկվայում, իսկ մեր ամբողջ ֆուտբոլային դիվանագիտությունն ուղղված էր այդ քայլին»,–ասել է նա։
«Սա նահանջողական քաղաքական դիրքորոշում է, որը նա ունեցել է դեռեւս 90—ական թվականներին… Դա ավելի շատ գավառականության նշան է, որովհետեւ աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի չառնել եւ 25 տարի նույն քաղաքականությունը կրկնել՝ դա առնվազն նշանակում է քաղաքական իրավիճակից անտեղյակություն»,—ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Լ. Տեր—Պետրոսյանի ելույթին։ 
Ըստ Ալավերդյանի՝ 2016 թվականն ապացուցեց, որ ժողովուրդը հարազատ է այն գաղափարախոսությանը, որը վերաբերում է թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարացման եւ Արցախի ազատագրման հարցերում։ «2016 թվականի ապրիլին դա ապացուցեց նոր սերունդը»,– ընդգծել է Ալավերդյանը։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ «Ֆեյսբուքում» անդրադարձ է կատարել ելույթին՝ մասնավորապես նշելով. «Երբ Տեր—Պետրոսյանն ընտանյոք հանդերձ կբնակվի ոչ թե Երեւանի հայտնի սեւ ամրոցում, այլ Տավուշի մարզի որեւէ սահմանամերձ գյուղում՝ հակառակորդի ուղիղ նավոդկայի տակ, այ այդ դեպքում հետաքրքիր կլինի, թե ինչ տեքստեր կգրի Իլհամի ռացիոնալության մասին, երբ իր ընտանիքի գլխին թափվեն հակառակորդի արկերը։ Չար չեմ։ Ուղղակի ուզում եմ աշխարհին միշտ բարձունքից նայած նախագահը մի անգամ էլ Ալիեւի արկերի տակից նայի կյանքին»։
Իսկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով, ելույթը պարունակում էր հայեցակարգային հայտարարություններ։
«Ելույթը նույն ձեւով, ինչպես եղել է տասնամյակներ առաջ, իր ոճով բավականին երկար, խորը, հայտարարությունների, ուղերձների մի շարք էր, որն իր մեջ պարունակում էր ուղերձներ բոլոր քաղաքական ուժերին, նաեւ արտաքին դերակատարներին»,–ասել է Ս. Մինասյանը՝ հավելելով, որ այն նաեւ հասարակությանն էր ուղղված, ավելի շատ այն զանգվածին, որը փոփոխություններ է ուզում։ Միաժամանակ այն, ինչ որ հայտարարվում է, եւ այն, ինչպես ընկալվում է հասարակության տարբեր շերտերում, տարբեր բաներ են։
«Ելույթում ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ուղերձներ կային, որոնք ոչ մասնագետի համար թվում են բավականին պարզ։ Օրինակ, փոխզիջումների, զիջումների մասին։ Իրականում ասելով ամեն ինչ, կարելի է ասել, որ Լեւոն Տեր—Պետրոսյանը ոչ մի բան չասաց։ Նշեց, որ հնարավոր են ինչ—որ փոխզիջումներ, բայց կոնկրետ ոչ մի բան չէր խոսվում։ Գլխավոր նպատակն այն էր, որ հասարակության մեջ ստեղծվի պատկերացում, թե Լեւոն Տեր—Պետրոսյանի եւ ՀԱԿ—ի վերադարձն ակտիվ քաղաքականություն կարող է հույսեր արթնացնել հասարակության մեջ, որ հնարավոր է ինչ—որ խաղաղության հաստատում արցախյան հակամարտության շուրջ։ Կարծում եմ՝ Լեւոն Տեր—Պետրոսյանը շատ լավ հասկանում է, որ դա տեսականորեն հնարավոր չէ, բայց չմոռանանք, որ դա նախընտրական ելույթ է, գլխավոր նպատակը հենց դա է՝ հասարակության մեջ ստեղծել սպասելիքներ մոտավորապես նույն ձեւով, ինչպես 2007—2008 թվականին հաջողվեց անել»,– ասել է քաղաքագետը։
Ս. Մինասյանի խոսքով՝ Տեր—Պետրոսյանի ելույթում առկա էին նաեւ ուղերձներ իշխանություններին։ Մասնավորապես, «Առաջարկություն է գալիս Լեւոն Տեր—Պետրոսյանից, որ, այո, ՀԱԿ—ը լինելու է ընդդիմադիր ուժ նոր խորհրդարանում, որն առնվազն հաշվի է առնելու խաղի կանոնները։ Այստեղ գլխավոր նպատակը նաեւ այն է, որ ցույց տրվեր ընդդիմադիր, իշխանական դաշտում, որ հենց ՀԱԿ—ն է լինելու այն գլխավոր ընդդիմադիր ուժը, որը փորձելու է հնարավորինս համախմբել ամբողջ ընդդիմադիր, նաեւ չեզոք դաշտը, դրա հետ մեկտեղ փորձելու է խաղալ խաղի կանոնների շրջանակում»։
Նրա կարծիքով, ՀԱԿ առաջնորդի հաջորդ հայտարարություններն ավելի շատ ուղղված են սոցիալ—տնտեսական իրավիճակին։
«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանի՝ արցախյան հիմնահարցի վերաբերյալ առաջարկած լուծումը տանելու է դեպի բացահայտ պարտության»,–ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
«Լեւոն Տեր—Պետրոսյանը ցանկանում է ցույց տալ, որ 1998 թվականին անարդար է իշխանությունից գնացել։ Այս առաջարկով նա իր անձնական խնդիրն է փորձում լուծել, այլ ոչ թե պետության համար քաղաքական խնդիր»,–ընդգծել է Մելիք—Շահնազարյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ ինչպես 1998 թվականին, այնպես էլ ներկայումս Լեւոն Տեր—Պետրոսյանի առաջարկած լուծումն անընդունելի է։ «Ադրբեջանի հետ գնալ զիջումների՝ փոխարենը ոչինչ չստանալով, անընդունելի է եւ չի կարող կենսունակություն ունենալ»,– նշել է Մելիք—Շահնազարյանը։

Ադրբեջանական ԶԼՄ—ները եւս անդրադարձել են Լեւոն Տեր—Պետրոսյանի ելույթին։ Մասնավորապես, «Haqqin. az»—ն լրատվական կայքը նրա ելույթն անվանել է «սենսացիոն, վառ եւ ճշմարիտ»։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 300 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024