ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 16 » Միասնաբար, մեկ բռունցք դարձած / Ընդդեմ թուրքական նվաճողականության եւ դավադիր հարձակումների/
15:12
Միասնաբար, մեկ բռունցք դարձած / Ընդդեմ թուրքական նվաճողականության եւ դավադիր հարձակումների/

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ Ապարանի աշխարհազորայինների սխրանքն իր արժանավոր ու մշտնջենական տեղն է զբաղեցնում մեր հերոսական տարեգրության էջերում։ Թուրք զավթիչների դեմ ապարանցիների մղած հերոսամարտի մասին պահպանվել են արխիվային կցկտուր տեղեկություններ, աղքատիկ են անգամ ռազմական զեկուցագրերն ու հաղորդումները։
—Ինձ հաջողվել է,–«ՀՀ»—ին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը,–եղած նյութերի եւ ճակատամարտի մասնակիցների (նրանցից շատերի հետ բախտ եմ ունեցել հանդիպելու—զրուցելու 1950—ական թթ.) վկայությունների համադրմամբ որոշակիորեն վերականգնել դեպքերի, իրադարձությունների ընթացքը։ 1918 թ. գարնանը, երբ որոշվում էր հայ ժողովրդի լինել—չլինելու հարցը, թուրք զավթիչների գերակշիռ ուժերի դեմ մղված, իսկապես, հայրենական պատերազմի օբյեկտիվ ուսումնասիրումն ամբողջ վեհությամբ բարձրացնում է Ապարանի ճակատամարտում ձեռք բերված հաղթանակի վիթխարի նշանակությունը։
Ըստ պատմաբանի, թուրքերի մոտալուտ հարձակման լուրն առնելուն պես միաձայն որոշվեց կազմակերպել դիմադրություն, եւ մայիսի 16—ին Բաշ Ապարանից սուրհանդակներ եղան բոլոր գյուղերում։ Առաջինն իրենց զինված խմբերով տեղ հասան Չամրլու (Քասախ) գյուղի բնակիչ Սեդրակ Ջալալյանը եւ Րաֆֆու «Խենթի» հայտնի հերոսի որդի Արսեն Տեր—Պետրոսյանը (Պողոսյան), ովքեր էլ հենց դարձան Բաշ Ապարանի ինքնապաշտպանության կազմակերպիչն ու ոգեւորողը։ Ընդ որում, բոլոր գյուղերից կանայք ու երեխաները երկու օրվա ընթացքում տեղափոխվեցին Ապարանի տարածքից ոչ հեռու գտնվող Իլանչալան (Արտաշավան) գյուղին հարող բարձունքների վրա։ Դրա հետ մեկտեղ գյուղերում սկսվեց աշխարհազորի ձեւավորումը։
Աշխարհազորի մեջ մտան զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ՝ անկախ դիրքից, ունեցվածքից ու կուսակցական պատկանելությունից։ Նրանք զինված էին հրացանով, ատրճանակով, դաշույնով եւ էլ ինչով հնարավոր էր։ Աշխարհազորային խմբերի ղեկավարները հիմնականում Առաջին համաշխարհային պատերազմի բովով անցած զինվորներ էին։
—Ապարանի ուղղությամբ,–շարունակեց Վլադիմիր Պետրոսյանը,–շարժվում էին թուրքական 3—րդ դիվիզիայի հեծյալ գնդերը՝ 2000 զինվոր, 6 թնդանոթ եւ 12 գնդացիր։ Զորախմբի հրամանատար Էսադ փաշան տեղեկացվել էր Ապարանի բնակչության ծանր վիճակի, տեղում հայկական զորամաս չլինելու մասին, ուստի եւ համոզված էր՝ առանց որեւէ դժվարության, առանց դիմադրության հանդիպելու առաջ կշարժվի։ Մայիսի 20—ի երեկոյան բոլոր գյուղերից եկած աշխարհազորայինները հավաքվում են Ապարանի կենտրոնում գտնվող բազիլիկ եկեղեցու մոտ։ Նրանցից շատերը զենք չունեին։ «Կխլենք թուրքերից»,–կատակում էին երիտասարդները։ Հավաքվածներին կրակոտ խոսքով դիմում է Սեդրակ Ջալալյանը. «Եթե թուրքական զորքի դեմը չառնենք, ապա թուրքը կմտնի Երեւան եւ այն ժամանակ վերջ մեզ…»։ Աշխարհազորայինները հանդիսավորությամբ երդվում են՝ ոչ մի քայլ հետ։ Մասնակիցների պատմելով, երդման վերջում հնչել են եկեղեցու զանգերը, եւ նրանց թվացել է, թե զանգերի ձայնն ուրիշ հնչեղություն ուներ…
Մայիսի 20—ի գիշերը պաշտպանները դիրքեր գրավեցին Քասախ գետի վրա գցված Միրաքի կամրջին հարող բարձունքներին։ Նրանց էին միացել մոտակա գյուղերի եզդի կամավորները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։ Վաղ լուսաբացին Ղոնդաղսազի կողմից երեւացին թուրք հեծյալ հետախույզները։ Կամրջի մոտակայքում կասկածելի ոչինչ չնկատելով, նրանք վերադարձան։ Մի քանի ժամ անց երեւացին թուրքական առաջապահ հեծյալ ջոկատի զինվորները, որոնց հանկարծակիի բերեցին Ապարանի պաշտպանների կրակոցները։ Մի քանի սպանված ու վիրավոր թողնելով, թուրքերը խուճապահար հեռացան։ Ուշ երեկոյան թուրքերը նոր գրոհ ձեռնարկեցին։ Մարտը տեւեց մինչեւ գիշեր։ Թուրք հեծյալներից մի քանիսին հաջողվեց մխրճվել մեր պաշտպանների դիրքերը։ Սկսվեց ձեռնամարտ։ Պաշտպանները կարողացան հեծյալներին վայր գցել ձիերից։ Այս անգամ էլ անհաջողության մատնվելով, թուրքերը հարկադրված նահանջեցին։
Պատմաբանի վկայակոչմամբ, մայիսի 22—ի վաղ առավոտյան հորդառատ անձրեւ սկսվեց։ Տեղաց նաեւ կարկուտ։ Քասախն արագորեն վարարեց եւ ծածկեց Միրաքի կամուրջը, ինչը լուրջ սպառնալիք էր պաշտպանների համար։ Այնուամենայնիվ, նրանց մի կերպ հաջողվեց անցնել վարարած գետը եւ դիրքեր գրավել Բաշ Ապարանի հյուսիսային կողմում գտնվող բարձունքներին։ Կեսօրին անձրեւը դադարեց։ Նվազած ջրի տակից երեւաց կամուրջը։ Պաշտպանները փորձեցին վերադառնալ նախկին դիրքերը, բայց արդեն ուշ էր։ Խճուղուն երեւաց թուրքական զորախումբը։ Էսադ փաշան հարձակվում էր ունեցած ողջ ուժերով։ Սակայն չկարողացավ սասանել աշխարհազորայինների կամքը։ Սկսված մարտի հենց սկզբից նրանց հաջողվեց նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել եւ կանգնեցնել թշնամուն։
—Ճիշտ է,–նշեց մեր զրուցակից գիտնականը,–երկօրյա համառ մարտերը թշնամուն հաջողություն չբերեցին, բայց եւ Ապարանի պաշտպանների վիճակն էլ գնալով բարդանում էր։ Պակասում էր զինամթերքը։ Թուրքերի հաջորդ գրոհներին դժվար կլիներ դիմադրել։ Սպառվում էր նաեւ հացը, որը թխվում էր այնքան խնամքով պահված սերմացու ցորենից։ Մայիսի 23—ին, չնայած շարունակվող հորդ անձրեւին, թուրքերը վերսկսեցին գրոհը՝ առաջին անգամ օգտագործելով թնդանոթները։ Մեկեն Ապարանի պաշտպանները ոգեւորվեցին, երբ տեղեկացան, որ գեներալ Սիլիկյանի հրամանով իրենց օգնության են շտապում գնդապետ Դոլուխանյանի հրամանատարությամբ 6—րդ հրաձգային գնդի ապարանցիներից ձեւավորված ջոկատը, գնդապետ Զալինյանի պարտիզանական գունդը, գնդապետ Սիլինի սահմանապահ գումարտակը, ինչպես նաեւ Զեմլյակ Նանումյանի հրամանատարությամբ գործող պարտիզանական ջոկատը։ Չնայած այդ գնդերը լրիվ կազմով չէին գալիս, այդուհանդերձ, միանալով իրար՝ որոշակի ուժ էին ներկայացնում։ Նրանք Ապարան հասան մայիսի 24—ի առավոտյան եւ միանգամից մտան սկսված մարտի մեջ։ Այս մարտում իր սխրագործությամբ աչքի ընկավ պորուչիկ Զեմլյակի ջոկատը՝ ոչնչացնելով թշնամու 30 զինվոր եւ 1 սպա։ Էսադ փաշան, զրկվելով նախաձեռնությունից, հարկադրված հեռացավ՝ դիրքեր գրավելով Քոռբուլաղ—Ղոնդաղսազ—Ջարջարիս գծի վրա եւ հենակետ ունենալով Տանագիրմազ (Նիգավան) գյուղը։
Ահա, այսպիսին էր իրավիճակը, երբ մայիսի 24—ի երեկոյան իր ջոկատով Ալիքուչակ (Քուչակ) գյուղ հասավ Դրաստամատ Կանայանը (Դրո), ով շատ չանցած ստանձնեց Ապարանի պաշտպանների ընդհանուր հրամանատարությունը։ Մինչդեռ հաջորդ օրը կեսօրին, համալրում ստանալով Համամլուից, Էսադ փաշան հրետանու պաշտպանությամբ վերսկսեց գրոհը։ Փոփոխակի հաջողություններով ընթացած մարտը կրկին ավարտվեց թուրքերի նահանջով։ Թուրքական զորքերը կենտրոնացան Տանագիրմազի արեւմտյան բարձունքներին եւ, Ղարաքիլիսայի ճակատից նոր համալրում ստանալով, մայիսի 26—ին նորից անցան գրոհի, որը նույնպես ձախողվեց։ Մարտի մեջ մտած Դրոյի ջոկատը տվեց 10 զոհ եւ 35 վիրավոր։
—Հետախուզության տվյալների համաձայն,–ասաց Վլադիմիր Պետրոսյանը,–թուրքերի մտադրությունը հետեւյալն էր՝ առաջ շարժվել Ղարանլուղ—Սամադարվեշ—Գյուլուջա—Չամրլու գծով, շրջանցել Ալիքուչակը եւ դուրս գալ դեպի Երեւան տանող ճանապարհ։ Թուրք ռազմագերին էլ հայտնել էր, որ եթե իրենց դա չհաջողվի Չամրլուի մոտից, ապա Քասախ գետի ձախ ափով դուրս կգան Ղարաբուլաղ եւ կշարժվեն Եղվարդի ուղղությամբ։ Ըստ այդմ էլ, մեր կողմից մշակվել էր պլան՝ դիրքեր գրավել Գյուլուջայի (Վարդենիս) մոտ եւ հանկարծակի գրոհով ջախջախել ոսոխին։ Սակայն առաջ է քաշվում նաեւ այսպիսի տարբերակ, ըստ որի թուրքերն անպայման Տանագիրմազից կշարժվեն Արագածի արեւելյան լանջերով, կշրջանցեն Ալիքուչակը եւ Ղազնաֆար (Արագած)—Շիրաղալա (Վարդենուտ)—Բազարջուղ (Արայի) գյուղերով դուրս կգան Ապարան—Երեւան խճուղի՝ շարժվելով դեպի Աշտարակ։ Ահա այս նկատառումով մայիսի 28—ին լուսաբացից առաջ զորաջոկատները Բաշ Ապարանից հետ քաշվեցին դեպի Ղազնաֆար՝ դիրքեր գրավելով այդ եւ Բլխեր (Շենավան) գյուղերի սահմանագծում։ Հայկական ուժերի տեղաշարժն աննկատ չմնաց, ինչից օգտվելով էլ՝ Էսադ փաշան դիմեց խորամանկության եւ փոխեց հարձակման ուղղությունը։ Շրջանցելով Բաշ Ապարանը հյուսիսից, թուրքերը մայիսի 28—ին անցան բնակիչներից դատարկված Ղարանլուղ (Լուսագյուղ) եւ Հաջիբաղր (Սարալանջ) գյուղերով՝ հասնելով Գյուլուջա, որտեղից կարող էին շրջանցել Ալիքուչակը եւ դուրս գալ Երեւան տանող խճուղի։ Բայց սկսված տեղատարափ անձրեւը նրանց ստիպեց կանգ առնել…
Թուրքերի առաջ շարժվելը աննկատ չմնաց Ապարանի պաշտպաններից։ Հարկավոր էր շատ արագ վերադասավորել ուժերը։ Չնայած շարունակվող հորդառատ անձրեւին, Ղազնաֆարում դիրքավորված զորաջոկատները, 20 կմ տարածք կտրելով, նույն օրը ժամը 20—ին հասան Գյուլուջայի մատույցներ։ Հաջորդ օրը, առավոտյան ժամը 10—ին Չինգլ կոչվող բարձունքի եւ Գյուլուջայի միջեւ ընկած տարածքում սկսվեց մարտը։ Երկու կողմից էլ ուժեղ փոխհրաձգություն էր։ Թուրքերը, նպաստավոր դիրքեր գրավելով այդ բարձունքին, համառ դիմադրում էին։ Երկու ժամ անց հայ քաջորդիների ձախ թեւին հաջողվեց նրանց դուրս մղել բարձունքից։ Մայիսի 29—ի կեսօրին, կարճատեւ դադարից հետո, թուրքերն աջ թեւից վերսկսեցին գրոհը՝ հարկադրելով մեր պաշտպաններին հետ քաշվել Գյուլուջայից Մուլքի տանող ճանապարհից։ Օրվա վերջին Արսեն Տեր—Պետրոսյանն իր ջոկատով դուրս եկավ թշնամու թիկունք՝ շրջապատման մեջ հայտնվելու վտանգ ստեղծելով նրա համար։ Էսադ փաշան շտապեց նահանջել՝ մարտադաշտում թողնելով 200 զոհ, 2 գնդացիր եւ 100 հրացան։ 
Ողջ մարտի ընթացքում քաջաբար կռվեց եւ իր օրինակով մարտիկներին ոգեւորեց Զեմլյակը՝ մայիսի 29—ի երեկոյան գրոհի ժամանակ, ցավոք, զոհվելով։ Պաշտպաններից շատերն էլ զոհվեցին եւ ծանր վիրավորվեցին։ Տարած հաղթանակի մասին հայտնելով Թիֆլիս, գեներալ Սիլիկյանն ընդգծում էր, որ գերազանց է Ապարանի պաշտպանների ոգեւորությունը։
—Տանագիրմազում իր զորաջոկատը կարգի բերելով,–նշեց պատմաբանը,–Էսադ փաշան մայիսի 30—ին փորձեց Ապարանի վրա գրոհել Արագածի արեւմտյան փեշերի կողմից։ Բայց այս անգամ էլ մեր պաշտպանները պատրաստ էին։ Հենց թուրքերը փորձեցին մտնել Քասախի կիրճը, բարձունքներում աննկատ դիրքեր գրաված պաշտպաններն ուժգին կրակ բացեցին։ Թուրքերի մտադրությունը կրկին ձախողվեց։ Ղարաքիլիսայից նոր համալրում ստանալով, թուրքական զորքը հունիսի 1—ի առավոտյան նոր գրոհ ձեռնարկեց՝ հույս փայփայելով վերականգնել կորցրած դիրքերը։ Նախապես տեղեկանալով այդ մասին, հայ մարտիկներն աննկատ դիրքեր գրավեցին Տանագիրմազին հարող բարձունքներին։ Երբ թուրքերը, սկսելով երթը, փորձեցին դուրս գալ Ապարան տանող ճանապարհի վրա, մեր պաշտպանների ջոկատները երկու կողմից ուժգին կրակ բացեցին։ Մարտը տեւեց մի քանի ժամ։ Ապարանցիներին օգնության եկած կապիտան Սակելյարիի ռուս հրետանավորներն իրենց դիպուկ կրակով շարքից հանեցին հակառակորդի թնդանոթները։ Ի վերջո, խուսափելով շրջապատման վտանգից, օրվա երկրորդ կեսին թուրքական ջախջախված 36—րդ դիվիզիայի մնացորդները Ճլի գյոլի մոտով բռնեցին դեպի Համամլու փախչելու ճանապարհը՝ հասցնելով մորթոտել Միրաք եւ Ղոնդաղսազ գյուղերի տասնյակ տղամարդկանց…
Ապարանի պաշտպանները դրանով կանգ չառան եւ կրնկակոխ հետապնդեցին ոսոխին՝ պատրաստ վերջնականապես ջախջախելու նրանց։ Սակայն ինչ—ինչ հանգամանքներ նրանց կանգնեցրին եւ ստիպեցին հրաժարվել առաջ շարժվելու մտադրությունից։ Ինչեւէ…
Հաղթանակ տանելով թուրք զավթիչների կանոնավոր ուժերի դեմ, Ապարանի պաշտպանները թուրքական 36—րդ դիվիզիային զրկեցին Սարդարապատի ռազմաճակատում հայկական ուժերի թիկունք դուրս գալու հնարավորությունից՝ դրանով իսկ փրկելով նաեւ Երեւանը։ Նրանք նաեւ, Վլադիմիր Պետրոսյանի խոսքերով, ապացուցեցին, որ պատերազմում հաղթում են ոչ միայն հրանոթն ու փամփուշտը, այլեւ (միգուցե՝ առավել) զինվորի քաջությունը, հայրենի հողը, օջախը, պատիվը պաշտպանելու վճռականությունն ու կամքը։ Հաղթում է նա, ով ուզո՛ւմ է հաղթել… Հենց սրանք են Բաշ Ապարանի ճակատամարտում ապարանցիների տարած հաղթանակի անանց նշանակությունն ու մեծ խորհուրդը։

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018