ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.11.2017, 11:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Մշտապես բարձր գնահատականներ /Հայկական խաղաղապահ զորախմբերը լավ են կատարում իրենց աշխատանքը/
10:03
Մշտապես բարձր գնահատականներ /Հայկական խաղաղապահ զորախմբերը լավ են կատարում իրենց աշխատանքը/

Նոյեմբերի 14—18—ը Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով Հայաստանում անցկացվում է հերթական՝ տասներորդ «ՆԱՏՕ—ի շաբաթ» միջոցառումների շարքը։ Դրանց թվում երեկ նախատեսված էր այցելություն ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադ։
Այս պահին հայ խաղաղապահների 2 զորախումբ՝ 56 եւ 65 խաղաղապահներով, տարբեր ռազմակայաններում առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։ 35 հոգանոց մի խումբ էլ Կոսովոյում է գտնվում, իսկ Լիբանանում առաքելություն իրականացնում է 32 հայ խաղաղապահ։ Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանը չբացառեց, որ Լիբանանում գտնվող զորախմբի թիվն ավելանա։
Արթուր Սիմոնյանը տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերի վերաբերյալ մշտապես դրական գնահատականներ է ստանում. «Մենք ունենք ՆԱՏՕ—ի չափանիշներով երկրորդ մակարդակի գնահատական, քննություն ենք հանձնել եւ ստացել ենք խաղաղապահ գործողություններին մասնակցելու օրվանից մինչեւ այսօր մեր ամենաբարձր գնահատականը։ Դրական արձագանքներով նամակներ ենք ստանում նաեւ հրամանատարներից։ Իհարկե, թերություններ էլ կան, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք։ Տարեկան 12 զորավարժությունների ենք մասնակցում, որից 8—9—ը՝ տարբեր երկրներում, բազմազգ ուժերի կազմում»։
Խաղաղապահ բրիգադի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, մայոր Երվանդ Ոսկանյանը Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներին եւ ՆԱՏՕ—ի միջազգային շտաբում մեր երկրի համար պատասխանատու պաշտոնյային ներկայացրեց Հայաստանի խաղաղապահ բրիգադի պատմությունը։ «Հայկական խաղաղապահ ուժերը նախնական պատրաստություն են անցնում Հայաստանում, ապա գործընկեր որեւէ երկրում, հետո ուղղորդվում համապատասխան երկիր առաքելությունն իրականացնելու համար, ինչպես օրինակ՝ պատրաստություն են անցնում Գերմանիայում, ապա մեկնում Աֆղանստան։ Սպաների մեծամասնությունը հավելյալ դասընթացների է մասնակցում Եվրոպայում, ԱՄՆ—ում։ Խոսելով խաղաղապահ բրիգադի մասին՝ կարող եմ ասել, որ ՆԱՏՕ—ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում ունենք հայտարարագրված մի գումարտակ, որը 2007—2015թթ. անցել է բոլոր փուլերը եւ այժմ ունի մարտական պատրաստվածության հավաստագիր»,–ներկայացրեց մայորը։
Նա ասաց, որ միշտ էլ հաճույքով են ընդունում ՆԱՏՕ—ի գործընկեր երկրների ներկայացուցիչներին եւ ծանոթացնում զորամասի առօրյային ու կատարվող աշխատանքներին, քննարկում հետաքրքրող հարցերը, լսում նաեւ կարծիքներ ու դիտարկումներ հայ խաղաղապահների ու ընդհանրապես մեր երկրի խաղաղապահ բրիգադի մասին։
Հայաստանում Գերմանիայի ռազմական կցորդ Միխայիլ Վեստերմանը, որ թեպետ նոր է նշանակվել որպես ռազմական կցորդ Հայաստանում, սակայն արդեն հասցրել է հիանալ հայկական զինված ուժերով, խաղաղապահ բրիգադով. «Ես այսօր այստեղ եմ ՆԱՏՕ—ի շաբաթին մասնակցելու համար։ Հայկական խաղաղապահ բրիգադը 2010—ից մասնակցում է Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելություններին, եւ մենք շնորհակալ ենք Հայաստանի այդ աջակցության համար»։
Հայաստանի ԶՈՒ—ի Խաղաղարար բրիգադում ծառայություն են անցնում նաեւ կին զինծառայողներ։ Արթուր Սիմոնյանի խոսքով, բրիգադում կանայք են ծառայում, բայց խաղաղարար առաքելություններին նրանք չեն կարող մասնակցել։ «Դրա համար կառավարության որոշում է անհրաժեշտ, բայց այն չկա»,–պարզաբանեց Արթուր Սիմոնյանը։ Նա նաեւ նշեց, որ բրիգադի համալրումը շարունակվում է։
Գործընկեր պետություններին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ գեներալ—մայորը նշեց, որ հայ զինծառայողները վերապատրաստում են անցնում ԱՄՆ—ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում։
«Ուզում եմ նշել, որ մեր երեք սպաները թագավորական զինվորական դասընթացն են ավարտել»,–հավելեց Արթուր Սիմոնյանը։ Բրիտանական կողմը նաեւ աջակցում է չեխական Վիշկովոյում հայ սերժանտների վերապատրաստմանը։


Հայաստանի  խաղաղապահ առաքելությունը կարեւոր ազդանշան է
 

Երեկ կազմակերպվել էր նաեւ Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց հայ խաղաղապահների մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում եւ շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին ու նրանց ընտանիքների անդամներին նվիրումի համար։
Ընդհանուր առմամբ հայ խաղաղապահների տրամադրությունը բարձր էր, ասում էին՝ ամեն ինչ լավ է։ Բոլորն իրենց պատրաստակամությունն էին հայտնում վերադառնալու հայրենիք, սակայն ոչ թե հանգստանալու, այլ երկրի խաղաղությունը պահպանելու համար։
Հեռուստակամուրջի ընթացքում խաղաղապահներին եւ իրենց հարազատներին ողջունեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
«Ինձ համար մեր զինծառայողների հետ այս ձեւաչափով խոսելն առանձնահատուկ է։ Քանի որ ՀՀ զինված ուժերը բավականին բարդ իրավիճակում են, ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ, նաեւ խաղաղության կազմակերպման մասին պետք է մտածենք։ Ձեր գործունեությունը շատ կարեւոր է, եւ այն փորձը, որ դուք ձեռք եք բերում, օգտագործելու ենք բանակի զարգացման շրջանակում»,–ասաց նա։
ՀՀ—ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ ամերիկյան զինծառայողները գոհ են ու բարձր են գնահատում հայկական զորախմբի ծառայությունը։
Դիմելով խաղաղապահներին՝ դեսպանն ասաց. «Ծառայում եք երկու վայրում, որտեղ անվտանգության խնդիրները շատ կարեւոր են։ Մենք գիտենք այդ մասին, բայց կարեւոր է նաեւ այդ մասին հիշեցնել հայ եւ ամերիկյան հասարակություններին։ Ձեր ծառայությունը մարմնավորում է այն լավագույնը, ինչը կա մեր հարաբերություններում՝ ՆԱՏՕ—ի հետ համատեղ աշխատանքում եւ ՄԱԿ—ի ներքո։
Ուզում եմ արժանին մատուցել ձեր ընտանիքներին այն զոհողության համար, որին նրանք գնացել են. դուք այժմ ձեր ընտանիքներից հեռու եք եւ ձեր ծառայությունն ենք իրականացնում։ ԱՄՆ—ը, ՆԱՏՕ—ի անդամ բոլոր երկրները հպարտանում են այն աշխատանքով, ինչը մենք միասին իրականացնում ենք։ Անվտանգ եւ ապահով ծառայություն»։
Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին բացառիկ աշխատանքի համար։
«Բարդ տարածաշրջանում եք աշխատում, հատկապես երբ խոսքը Աֆղանստանի մասին է։ Մշտապես վտանգի տակ եք։ Թե՛ Կոսովոյում, թե՛ Աֆղանստանում Հայաստանի իրականացրած խաղաղապահ առաքելությունը վկայում է, թե որքան կարեւոր է համաշխարհային անվտանգության խնդիրը Հայաստանի համար։ Կարծում եմ, որ սա շատ կարեւոր ազդանշան է, որ Հայաստանն ուղարկում է։ Ցանկանում եմ անվտանգ ծառայություն եւ բարի վերադարձ»,–ասաց դեսպան Քիսլերը։
Կոսովոյում գտնվող Դավիթ Երզնկյանի հայրը՝ Արամայիս Երզնկյանը, լրագրողներին ասաց. «Բանակից զորացրվել է ու որոշել շարունակել ծառայությունը։ Երբ խոսում ենք, տրամադրությունը միշտ բարձր է լինում, ընդհանրապես, որեւէ խնդրի մասին չի խոսում, ասում է, որ ամեն ինչ նորմալ է»։
Ցավոք, Դավիթի եղբայրը՝ Մհեր Երզնկյանը, ծառայության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ապրիլի 5—ի լույս 6—ի գիշերը։ Նա երկուսուկես ամսվա ծառայող էր։
Սուսաննա Ադամյանի որդին՝ Սեւադա Ադամյանը, ծառայում է Կոսովոյում։
«Փոքր ժամանակվանից սիրում էր զինվորական կյանքը։ Բանակից հետո շարունակեց ծառայությունը։ Շատ գոհ է ծառայությունից։ Հպարտ ենք մեր որդով»,–ասաց Սուսաննա Ադամյանը։
Երեք տարեկան Գայանեն արդեն մի քանի ամիս չի տեսել հայրիկին, որը ծառայում է Կոսովոյի խաղաղապահ ուժերում։ Նա հայրիկին ասաց, որ շատ է կարոտել իրեն եւ խնդրեց իր համար Կոսովոյից տոնածառ բերել։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017