ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 13 » Ներդրումային ներուժ ունեցող երկիր է /Շվեյցարական ընկերություններին Հայաստանում հետաքրքրում են որոշակի ոլորտներ/
12:01
Ներդրումային ներուժ ունեցող երկիր է /Շվեյցարական ընկերություններին Հայաստանում հետաքրքրում են որոշակի ոլորտներ/

Շվեյցարիան մնում է Հայաստանում ամենաշատ ներդրում կատարող 20 երկրների ցանկում։ 2015 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շվեյցարիան Հայաստանում կատարել է 90 մլն դոլարի ներդրում։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը երեկ հրավիրված ասուլիսում նշեց, որ ցուցանիշները կարող են տարեցտարի փոփոխվել։
«2016 թվականը բավականին բազմաբովանդակ տարի էր՝ լուրջ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացման, վիզայի ռեժիմի դյուրացման տեսանկյունից։ Վերջերս վարչապետի հետ ունեցած հանդիպումը լավ հնարավորություն էր՝ քննարկելու հայ—շվեյցարական հարաբերությունների ներկայիս վիճակը, տնտեսական համագործակցությունը, ներդրումները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում Շվեյցարիայի համար պոտենցիալ ներդրումներ կատարելու ոլորտներից են ժամագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը եւ այլն։ «Մենք խորացնում ենք մեր ֆինանսական սեկտորների միջեւ հարաբերությունները։ Այստեղ կա լոլիկ, մեղր, ծիրան, իշխան ձուկ, որոնց կարիքը կա շվեյցարական սուպերմարքեթներում, եւ պետք է այս ուղղությամբ աշխատել»,—նշեց Գասերը։
Լուկաս Գասերի կարծիքով՝ թեպետ Հայաստանը շվեյցարական ընկերությունների համար ներդրումային ներուժ ունեցող երկիր է, այնուամենայնիվ, ունի իր ներուժը միջազգային շուկայում պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր։
«Շվեյցարիան շատ երկար ժամանակ կայունություն է ունեցել, այդ իսկ պատճառով տնտեսական լավ գործընկեր է։ Կարող եմ ասել, որ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում հասել է կայունացման ողջամիտ մակարդակի, սակայն այստեղ խնդիրը դա ցույց տալն է, ներդրողների համար ավելի տեսանելի եւ ճանաչելի դառնալու ուղղությամբ աշխատելը»,—եզրափակեց դեսպանը։
Հայաստանը կարող է լինել հարթակ Շվեյցարիայի եւ Իրանի տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ «Դրա համար Հայաստանը նույնպես պետք է բազմապատկի ծավալները Իրանի հետ ունեցած տնտեսական հարաբերություններում։ Այստեղ, իհարկե, շվեյցարական մասնավոր ընկերությունների ընտրությունն է՝ արդյոք նրանք կցանկանան հենց Իրանո՞ւմ գործունեություն ծավալել, թե՞ Իրանի հետ՝ Հայաստանի միջոցով։ Հայաստանը հետաքրքիր երկիր է՝ լինելով Իրանի անմիջական հարեւանը, ում հետ բարիդրացիական հարաբերություններ ունի»,—ասաց Գասերը։
Դեսպանը նշեց, որ նախորդ կոնֆլիկտներից հետո Իրանի շուրջ ձեւավորվող մթնոլորտը գնալով բարելավվում է, ինչը հանգեցնում է տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, իսկ Շվեյցարիան վերջին երկու—երեք տասնամյակներին բավականին ինտենսիվ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ։
Լուկաս Գասերը անդրադարձավ նաեւ ԼՂ խնդրի կարգավորմանը։ Ըստ նրա՝ Շվեյցարիան իր հաստատակամ դիրքորոշումն է արտահայտել Արցախի հիմնահարցի վերաբերյալ՝ սատարելով դրա խաղաղ հանգուցալուծման գաղափարին։ Նրա խոսքով՝ 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը միանշանակ պետք է հարգվի։
«1996 եւ 2014 թվականներին Շվեյցարիան ստանձնել էր նախագահություն ԵԱՀԿ—ում։ Այդ շրջանում մենք ինտենսիվ ներգրավված էինք Հայաստանի եւ հարեւանների հարաբերությունների կարգավորման գործընթացում։ ԼՂ հակամարտությունը դեռեւս չի գտել իր հանգուցալուծումը։ Խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի, եւ սա ներառում է մեծածավալ դիվանագիտական գործունեություն հատկապես ԵԱՀԿ շրջանակում։ Պետք է հասկանանք նաեւ, որ ամեն ինչ չէ, որ հրապարակայնորեն է ծավալվում։ Անհրաժեշտ է կայուն հանգուցալուծում գտնել հակամարտությանը եւ խաղաղություն հաստատել։ Իսկ եթե Շվեյցարիան որեւէ կերպ կարող է նպաստել, ապա մենք պատրաստ եւ ուրախ կլինենք ձեռք մեկնելու»,—ընդգծեց դեսպանը։
Շվեյցարիան պատրաստ է աջակցել նաեւ հայ—թուրքական հարաբերությունների կայունացմանը կողմերի պատրաստակամության դեպքում։
«Հայ—թուրքական հարաբերությունների խնդիրն այն է, որ դրանք գործնականում բացակայում են։ Շվեյցարիայի տեսանկյունից սա բնական իրավիճակ չէ երկու երկրների միջեւ, որոնք երկարաժամկետ համատեղ պատմություն եւ սահման ունեն։ Չպետք է մոռանալ, որ տնտեսական զարգացման տեսանկյունից ամենաբնական առեւտրային հարաբերությունները հենց հարեւանների հետ են լինում։ Շվեյցարիան էլ այս դասը քաղել է իր պատմության ընթացքում, մեր հարաբերությունները մեր հարեւանների հետ միշտ չէ, որ հեշտ են եղել, անցել ենք վեճերի, անգամ պատերազմների միջով, բայց այսօր մենք հասել ենք բաց սահմանների թե առեւտրաշրջանառության մեջ, թե անհատական շփումներում։ Սա այն բնականոն իրավիճակն է, որ կցանկանայինք տեսնել հայ—թուրքական հարաբերություններում։ Մենք ավելի քան պատրաստ ենք աջակցելու դրան, եթե նրանք պատրաստ կլինեն»,—ընդգծեց դեսպանը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024