ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Նման վարքագիծը հարիր չէ /Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՉԵՇ գագաթնաժողովին/
13:04
Նման վարքագիծը հարիր չէ /Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՉԵՇ գագաթնաժողովին/

Օգոստոսի 30—31—ը Թեհրանում տեղի ունեցավ Չմիացած երկրների շարժման 16—րդ գագաթնաժողովը, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ եւ 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Գագաթնաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31—ին հանդես եկավ ելույթով, որը որպես գագաթնաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվեց մասնակից պետությունների պատվիրակություններին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ—ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա»։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին, նշեց. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթնաժողովի հայտարարության 391—րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը։ Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ։
Այս պարբերությունը հակասում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՚Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթնաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլնյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում։
Այս փաստաթղթերը կարեւորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր։
Ցավոք, 391—րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայնորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը։
Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել եւ մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթնաժողովների եւ նախարարական հանդիպումների փաստաթղթերում։
Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը։ Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով։ Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին։
Իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ՝ ի խախտումն իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով՝ վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությունը եւ անվտանգությունը։ Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը եւ ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը»,–ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։

***
Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31—ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը,  հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, Իրանի նախագահը ջերմությամբ հիշեց անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում։ Իրանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորեց Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորեցին երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան—Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծեց, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով։ 
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ եւ ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին։
Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։
Նախարարներն անդրադարձան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 560 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024