ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 22.11.2017, 11:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 22 » Նոր ԱԷԿ—ի կառուցումը՝ օրակարգային է / Թե՛ ռազմավարական եւ թե՛ էներգակիրների մատակարարման առումներով/
12:32
Նոր ԱԷԿ—ի կառուցումը՝ օրակարգային է / Թե՛ ռազմավարական եւ թե՛ էներգակիրների մատակարարման առումներով/

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում մանրակրկիտ ներկայացրեց 2015թ. արվածը։ Դրան չենք անդրադառնա, քանզի տարվա ընթացքում մանրամասն ներկայացրել ենք բոլոր քայլերը, գործողություններն ու միջոցառումները։ Կանդրադառնանք միայն որոշ խնդիրների, որոնք ծավալում են ստանալու այս եւ հաջորդող տարիներին ու ընդհանրապես ապագայում։

Սակագնի սուբսիդավորումը՝ մինչեւ հուլիսի 31—ը
Նախ՝ սկսենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված խնդրից։ 
Մինչ այդ նախարարն ասաց, որ անցած տարի արտադրող կայանների կողմից Հայաստանում թողարկվել է 7,8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 0,62 տոկոսով ավելի է 2014թ. համեմատ։ Դրանից արտահանվել է 1,4 մլրդ կՎտ ժամը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ն սպառողներին առաքել է 5,5 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Այն 2014թ. համեմատ ավելացել է 2 տոկոսով։ 
Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015թ. բավական բարդ ու դժվարին տարի է եղել։ Այնուհանդերձ, հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները եւ բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական խնդիրները բարելավելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու, հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու, երկրի էներգետիկ համակարգը տարածաշրջանային ծրագրերում ներառելու առումով։ Քայլեր ձեռնարկվեցին ֆինանսական առողջացման նպատակով։ «Եվ դրանք հանգեցրին այն բանին, որ համակարգի մի շարք կարեւոր օղակներ դադարել են ոչ միայն նոր պարտքեր կուտակել, այլ աստիճանաբար փակում են նախկին վնասները։ Խոսքը, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին է, որը տարբեր պատճառներով վերջին տարիներին կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող վնասներ՝ մեծացնելով ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա՝ միաժամանակ խնդիրներ ստեղծելով համակարգի մյուս ձեռնարկությունների համար։ Ֆինանսական դժվարությունների պատճառով ՀԷՑ—ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները արտադրող կայանների եւ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։ Դա սպառնում էր համակարգում վերականգնել տարիներ առաջ գոյություն ունեցող փոխադարձ պարտքերի շղթան, ինչը հղի էր լուրջ հետեւանքներով ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ ընդհանրապես տնտեսության համար»,–նշեց Ե. Զախարյանը։ Նախարարը միաժամանակ հավելեց, որ 2012—2015թթ. ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ—ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ—երում թերարտադրված էլեկտրաէներգիայի հետեւանքով ՀԷՑ—ում առաջացել էր ֆինանսական ճեղքվածք՝ շուրջ 36.4 միլիարդ դրամի չափով։ Եվ դրանից 2013—2014 եւ 2014—2015 մարժային տարիների ընթացքում հատուցվել է 13 միլիարդ դրամը։ Շարունակվեց չլուծված մնալ 24.4 միլիարդ դրամի խնդիրը։ Այդ ամենը բերեց նրան, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման։ Օգոստոսի 1—ից Հայաստանում հոսանքի սակագինը բարձրացվեց 6.93 դրամով։ «Մի բան, ինչն արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում»,–չհերքեց նախարարը։
Մնացյալը գիտենք արդեն՝ միջազգային խորհրդատվական ընկերության ներգրավում, սակագների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություն, էլէներգիայի սակագների մասնակի սուբսիդավորում եւ այլն։ Նախարարը տեղեկացրեց, որ այն կշարունակվի մինչեւ սակագնային տարվա ավարտը՝ 2016թ. հուլիսի 31—ը։ 
Ինչեւէ, նախարարի վստահեցմամբ, նախորդ տարի ՀԷՑ—ում արձանագրվել է էլէներգիայի փաստացի կորուստների կրճատում։ Դրանք կազմել են 11.1 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի ՀԷՑ—ում կորուստները հասնում էին 12.73 տոկոսի։ «Կորուստների կրճատմանը նպաստել են համակարգի ֆինանսական վիճակի կայունացման ուղղությամբ նախարարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաեւ նոր սեփականատիրոջ միջոցառումները։ Եթե նախկինում մենք ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ, ապա այսօր անցած մի քանի ամիսների ընթացքում ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ կապված կառավարման հետ։ Մենք ունենք լուրջ սպասելիքներ, որ արդյունավետ կառավարման հետ կապված կունենանք կայուն եւ տեխնիկապես վերազինված համակարգ։ Ամեն դեպքում, այս մի քանի ամիսների աշխատանքի նախնական գնահատականներն այդ մասին են վկայում»,– շեշտեց նախարարը։
Ի դեպ, նա տեղեկացրեց նաեւ, որ հաստատված էներգահաշվեկշիռների կանխատեսման նոր կարգով, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ—ի կողմից խստորեն պահպանվեցին էներգահաշվեկշռով նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, ինչի արդյունքում ՀԷՑ—ում վնասներ չեն ձեւավորվել, ընդհակառակը՝ առաջացել է դրական տարբերություն՝ շուրջ 3,0 մլրդ դրամի չափով։


Ատոմայինից հրաժարվելու պատճառ չկա
 

Քանի որ շատ են խոսակցություններն այն մասին, թե ՀՀ—ն հրաժարվում է նոր միջուկային էներգաբլոկի կառուցումից, եւ մեզ «բարեկամաբար» տրամադրված երկրները չարչրկում են այդ թեման, փորձեցինք վերջնական ճշգրտում մտցնել հարցում։ 
Ի պատասխան նախարարը միանշանակ հավաստեց. երկրում նոր ատոմային բլոկ կառուցվելու է։ «Եվ ավելին,–ասաց Երվանդ Զախարյանը,–տնտեսական առումով մենք ատոմային էլէներգիայից հրաժարվելու ոչ մի պատճառ չունենք»։
Պարզապես, այս պահին կառավարությունը նախատեսում է երկարաձգել ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետը, որից հետո արդեն կմտածի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին։ Նախարարը ընդգծեց միաժամանակ, որ փոփոխություն կա նոր ԱԷԿ—ի հզորության մասով. «Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե 1000—1080 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, այլ 600 ՄՎտ հզորությամբ։ Ռուսաստանում արդեն իսկ սկսել են 600 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ կառուցել, ուստի մենք բոլոր հնարավորություններն ունենք այս ծրագիրը կյանքի կոչելու եւ չենք պատրաստվում հրաժարվել դրանից։ Նոր բլոկի շինարարությունը կառավարության օրակարգային հարցերից է՝ թե՛ ռազմավարական եւ թե՛ էներգակիրների մատակարարման առումներով»։
Ինչ վերաբերում է գործող բլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, ապա նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ «Բոլոր աշխատանքներն այս առումով ընթանում են համաձայն ժամանակացույցի։ 2017թ. գարնանը մենք արդեն պատրաստ կլինենք ատոմակայանը կանգնեցնել 3—4 ամսով՝ ընդհանուր կապիտալ վերանորոգում իրականացնելու համար։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված աշխատանքները կշարունակվեն նաեւ 2018թ.։ Եվ 2018թ. մենք կունենանք ատոմակայանի բլոկ, որն ի վիճակի կլինի աշխատել մինչեւ 2027թ.»,–նկատեց նախարարը։


Թեեւ «Գազպրոմինն» է, բայց Հայաստանի տարածքով է 
 

Անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հնարավորությանը՝ Երվանդ Զախարյանը ասաց, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ «Գազպրոմ»—ի կողմից։ Հայաստանը, իհարկե, հետեւում է այդ բանակցություններին եւ անհրաժեշտ պահի կմիանա դրանց։ Թյուրըմբռնումներից խույս տալու նկատառումով բանախոսն ընդգծեց, որ՝ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստան—Իրան գազատարը պատկանում է «Գազպրոմին»՝ այդ գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, եւ Հայաստանը չի կարող այս ամենին կողքից նայել»։ Տեղեկացնենք, որ խոսքը տվյալ պարագայում Իրանից 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան մատակարարելու մասին է, ինչն իրատեսական է, եւ «Հայաստանը կարող է ապահովել այդ մատակարարումը»։
Գանք գազի սակագնի հարցին։ Տեղեկացվել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով։ Բանակցություններն այս պահին շարունակվում են։ Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը, այս պահին պարզ չէ։ «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել։ Բանակցություններն ընթանում են։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները եւ ինչ արդյունք կտան»,—ի հավելումն ասաց նախարարը։
Իսկ ինչո՞ւ մենք Իրանից ավելի էժան գնով չենք գազ վերցնում։ Ի պատասխան նախարարը հորդորեց ուշադիր լինել՝ խնդիրն ավելի պարզ ներկայացնելու նկատառումով։ Բանն այն է, որ, նախարարի խոսքերով, ՀՀ—ում Իրանի դեսպանի կողմից չի եղել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը։ Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ, ինչպես գրում են որոշ թերթեր։ Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը։ «Մենք շատ լավ գիտենք, թե Իրանն ում ինչ գնով է գազ մատակարարում։ Մենք տիրապետում ենք գազի բնագավառի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը։ Թող ձեզ չթվա, թե մենք այստեղ նստած ինչ—որ այլ բաներով ենք զբաղված։ Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում։ Ես սա պատասխանատվությամբ հայտարարում եմ»,—հստակ ընդգծեց Երվանդ Զախարյանը։
Ի դեպ, օպերատիվ տվյալների համաձայն, 2015թ. ընթացքում Հայաստան է ներկրվել 1920,9 մլն խմ բնական գազ Ռուսաստանից եւ 371 մլն խմ գազ՝ Իրանից։  


«Նաիրիտի» վերագործարկմամբ շահագրգիռ է
 

Երեկ ասուլիսի ընթացքում նախարարության շենքի մուտքի մոտ հավաքված էին «Նաիրիտի» աշխատակիցները։ 
Անդրադառնալով գործարանի վերագործարկմանը եւ դրսում հավաքված նաիրիտցիների բողոքին՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը տեղեկացրեց, որ Միջպետական բանկի՝ «Նաիրիտի» ամբողջ գույքի նկատմամբ գրավի իրավունքները արդեն փոխանցվել են ՀՀ կառավարությանը։ Այսօր տարվում են կազմակերպչական, ձեւակերպման աշխատանքներ։ «Ինձ թվում է, որ առաջիկա ամսվա ընթացքում դրանք կավարտվեն»,– ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ «Նաիրիտի» վերագործարկման հարցում ոչ միայն «Նաիրիտի» նախկին եւ ներկա աշխատակիցներն են շահագրգիռ, այլեւ ՀՀ կառավարությունը։ Այսօր էլ տարբեր կազմակերպությունների հետ տարվում են բանակցություններ «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ, իսկ թե ինչ արդյունքի կհասնեն, ցույց կտա ժամանակը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 39 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017