ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 21 » Նոր գործարան՝ նոր արտադրանքով /Ներկրված տեսականին առաջիկայում կփոխարինվի տեղականով/
12:51
Նոր գործարան՝ նոր արտադրանքով /Ներկրված տեսականին առաջիկայում կփոխարինվի տեղականով/

Հայաստանում կսկսի գործել չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրություն, եւ այսուհետ հայ գործարարները այդ սարքավորումների ձեռքբերման համար ներմուծվող արտադրանքը կփոխարինեն տեղականով։ Այս մասին երեկ հուշագիր ստորագրվեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի եւ «Արգա Յուրոսթիլ» ընկերության ներկայացուցիչների միջեւ։ Այն ենթադրում է ավելի քան 1 մլն դոլարի ներդրում արտադրություն սկսելու եւ գործարան հիմնելու ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիան» ծրագրի իրականացման նախնական փուլում հետագայում եւս արտահանման եւ խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։
Գործարանի համար արդեն տարածք է ձեռք բերվել Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Այն նախատեսում է նախնական շրջանում ապահովել 24 աշխատատեղ, ընդ որում գյուղաբնակներ եւս ներգրավված կլինեն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ եւ ավարտին կհասցվեն օգոստոսի վերջերին։ Ինչպես խոստացան ծրագրի պատասխանատուները՝ արդեն հոկտեմբեր ամսին գործարանը կթողարկի առաջին արտադրանքը։ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ պողպատե չժանգոտվող հումքից գործարանը ստանալու է արդյունաբերական վառարաններ, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ, որոնք հիմնականում սպառվելու են հյուրանոցներում եւ ռեստորանային համալիրներում, սրճարաններում, դպրոցներում եւ բիզնես կենտրոններում։
Գործարարները, ովքեր նախկինում այդ սարքավորումները ձեռք էին բերում արտերկրից, այժմ կգնեն տեղական շուկայից։ Ընդ որում, ներդրողները նախատեսում են բարձր որակի արտադրանք թողարկել եւ վստահ են, որ այն մրցունակ է լինելու բոլոր առումներով թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական եւ հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։
«Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է ստեղծում»,–վստահեցրեց «Արգա Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։
Գործարանի հիմնադիր լիբանանյան «Սալտեկ» ընկերությունը ավելի քան 40 տարվա փորձ ունի արտադրության ոլորտում, ում արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրում։ Ընկերությունը հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերության հետ համատեղ։ Արտադրանքը նախատեսվում է  արտահանել հիմնականում ԵԱՏՄ երկրներ, Ուկրաինա, Վրաստան, Իրան։
Հայկ Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն մի քանի ամիս է հիմնադրամն աշխատում է ընկերության հետ՝ տրամադրելով խորհրդատվություն տարբեր ոլորտների շուրջ՝ քննարկումներ ծավալելով նաեւ պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների մասին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակ մաքսատուրքի ազատման, ԱԱՀ—ի հետաձգման արտոնություններին եւ այլն։
Հայաստանում գործունեություն հիմնելու եւ ներդրում կատարելու մտահղացումը, ըստ Կարեն Սալխանյանի, ծագել է դեռ մի քանի տարի առաջ եւ իրականություն դարձել նախորդ տարի։ Բացի այն հանգամանքից, որ հայ գործարարը վաղուց ուներ ցանկություն ընտանիքով Հայաստան տեղափոխվելու եւ հիմնովին այստեղ բնակվելու, բայց եւ խոստովանեց՝ դիտարկել է Հայաստանը նաեւ ներդրումային տեսանկյունից եւ հաստատել այն միտքը, որ երկիրն ունի մեծ ներուժ թե՛ բիզնես միջավայրի, թե՛ զբոսաշրջային տեսանկյունից։ 
Ըստ Սալխանյանի, տարեցտարի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն ավելանում են, նաեւ աշխարհագրությունն է ընդլայնվում, իսկ այս տեսակի արտադրանքն իր գնահատմամբ՝ հաջողված է լինելու, պոտենցիալն է մեծ։
Ըստ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի, Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը իրավամբ մեծացել է, սակայն հետաքրքությունը՝ կոնկրետ ծրագրի վերածելը, կախված է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, խոսքը ԱԺ արտահերթ ընտրությունների մասին է։ Ցանկացած երկրում օրինաչափ է այդ դադարը, եւ ներդրողների շրջանում իրավիճակի ձեւավորման հստակեցման խնդիր կա։ Արտերկրներից ստացվող հայտերը ներդրումներ կատարելու մասին, ըստ բանախոսի, միանշանակ ավելացել են, սակայն նրանցից քանիսը իրենց գումարները կուղղեն դեպի Հայաստան՝ կհստակեցվի առաջիկայում։ «Բիզնես Արմենիայի» թիրախային ցուցանիշը, որը նախորդ տարի է հաստատվել, 46 մլն դոլարի սահմաններում է, իսկ ոլորտային առաջնահերթությունները տրվում են արտադրությանը, գյուղատնտեսական արտադրության վերամշակմանը, դեղագործությանը, թեթեւ արդյունաբերության ոլորտներին։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024