ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 13 » Նոր հնարավորություններ են բացվում /Հայաստանը ավելի է մոտենում եվրոպական չափանիշներին/
11:19
Նոր հնարավորություններ են բացվում /Հայաստանը ավելի է մոտենում եվրոպական չափանիշներին/

Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից Հայաստանի քաղաքացիների սպասումները մեծ են։ Ե՞րբ կկարողանա քաղաքացին իր մաշկի վրա զգալ դրական փոփոխությունները եւ արդյո՞ք խանգարող հանգամանքներ չեն լինի։ Այս եւ այլ հարցերի անդրադարձավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
 Նա ընդգծեց, որ համաձայնագիրն իր ձեւի մեջ եզակի է, որովհետեւ այսօրվա դրությամբ այն միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետության հետ. «Համաձայնագրի ամբողջ հետաքրքրությունը, կարեւորությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, կարող է նաեւ առանձնաշնորհյալ, հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ—ի հետ»։
Կասկածի տակ չդնելով Հայաստանի եվրոպական ինքնությունը՝ դեսպանը շեշտեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի ստանձնած բարեփոխումները, իրենց բարդության հետ միասին, նշանակում են հնարավորինս մերձենալ ԵՄ—ի հաստատած չափորոշիչներին. «Մենք բնականաբար այս հարցերի առնչությամբ հանդիպել ենք Հայաստանի իշխանությունների հետ, եւ ես կարծում եմ՝ արդյունքում բոլորիս համար պարզ է դարձել, որ ԵՄ անդամ 28 պետությունները մի կողմից եւ ՀՀ—ն՝ մյուս կողմից, քաջ գիտակցում են այդ ռեֆորմների կարեւորությունը, որոնք Հայաստանը ստանձնել է կատարել եւ այսօր իրականացնում է»։
Խոսելով համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին՝ նա նշեց. «ՀՀ—ԵՄ համաձայնագրի հետաքրքրությունը հենց այն է, որ համագործակցության նորանոր հեռանկարներ կարող է ընձեռել Հայաստանին։ Ինչպես վկայում է համաձայնագրի անունը, այն համապարփակ փաստաթուղթ է, որը բացի առեւտրային դյուրինացված մոտեցումներից, ընձեռում է նաեւ ճյուղային համագործակցության հնարավորություններ։ Նպատակ է հետապնդվում ստանձնած բարեփոխումների միջոցով ՀՀ—ն համապատասխանեցնել եվրոպական չափորոշիչներին եւ եվրոպական ընդհանուր ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռել։ Օրինակ, այս նոր համաձայնագրով Հայաստանի բուհական հաստատություններին հնարավորություն կընձեռվի մասնակցելու եվրոպական ընդհանուր գիտահետազոտական ծրագրերին։ Հայկական ձեռնարկությունները հնարավորություն կունենան մասնակցելու ԵՄ անդամ երկրների ձեռնարկությունների կողմից հայտարարված հայտամրցույթներին։ Հայաստանը կկարողանա միանալ ԵՄ—ի Սպառողների պահպանության ընդհանուր միությանը։ Հայաստանում ձեռնարկված բարեփոխումների արդյունքում առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստան—Եվրամիություն հարթության վրա ավելի կնույնացվեն»։
Դեսպանի կարծիքով, շնորհիվ այդ փաստաթղթի, Հայաստանը կարող է շատ կարեւոր օղակ հանդիսանալ տարածաշրջանում։ «Այս գիտակցմանը եկել եմ այն բանից հետո, երբ հանդիպել եմ Հայաստանում արդեն հաստատված եւ տնտեսավարող ֆրանսիական ընկերությունների հետ, ինչո՞ւ. որովհետեւ Հայաստանում արդեն իսկ տնտեսավարող ֆրանսիական ընկերությունների գործունեությունն է դյուրինացվում։ Հայաստանը իր ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ ավելի շատ է մոտենում եվրոպական նորմերին, այստեղ հաստատված ֆրանսիական ընկերություններին հետաքրքրում է եվրասիական տնտեսական միության շուկայի հասանելիությունը։ Եթե Հայաստանը կարող է հանդես գալ գործարար աշխարհի համար ապահով միջավայրի իմիջով, ապա, բնականաբար, կարող է հիանալիորեն ստանձնել ԵԱՏՄ—ի հետ կապող կամրջի դերակատարությունը։ Միայն Հայաստանի ներքին շուկան մեր տնտեսական հարաբերությունները դարձնում էր սահմանափակ, իսկ այժմ իրավիճակը արմատապես փոխվել է։ Եթե վաղը ֆրանսիական ինչ—որ մի ընկերություն գա եւ հաստատվի Հայաստանում, բնականաբար, իրավաբանական տեսանկյունից ապահովվածություն ունենալով, կարող է ծավալել իր գործունեությունը եւ հեռանկարում ունենալ նաեւ ԵԱՏՄ—ի հետ համագործակցության հնարավորությունը։ Հայաստանի կրկնակի պատկանելությունը երկու համակարգերին՝ ԵԱՏՄ—ին եւ ԵՄ—ին, մի առանձնահատուկ կարեւորություն ունի, որովհետեւ մեր պատկերացմամբ մեկը մյուսին հզորացնում են»,—ասաց նա՝ նշելով, որ, բացի ԵԱՏՄ—ից, ներդրողներին հետաքրքրում է նաեւ իրանական շուկան։ 
Խոսելով Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներկայության մասին՝ Լաքոթը նշեց, որ եվրոպական երկրների ցանկությունն է իրենց բաժին մասնակցությունն ունենալ Հայաստանի տնտեսության մեջ. «Հայաստանի տնտեսությունն այն տորթը չէ, որ կարելի է կիսել, սակայն այն կարկանդակն է, որը բոլորը ցանկանում են ավելի մեծացնել։ Բնականաբար, այն ֆրանսիական ձեռնարկությունները, որոնք ցանկանում են գալ Հայաստան, գիտակցում են, որ Հայաստանը ԵԱՏՄ—ի անդամ է, եւ, բնականաբար, ռուսական մրցակցային դաշտը պետք է լինի»։
Դեսպանը խոսեց նաեւ համաձայնագրի հետ կապակցված մի գործընթացի՝ վիզային ռեժիմի ազատականացման մասին։
«Վիզաների ազատականացման շուրջ բանակցային գործընթացն առանձին է, այն ներդրված չէ համաձայնագրի մեջ, այսինքն՝ ամենակարեւորն է իմանալ, որ պետք է սկսվեն բանակցություններ, եւ բանակցային գործընթացների ընթացքը կտեւի այնքան, մինչեւ գա վիզաների ազատականացման վերաբերյալ որոշում ընդունելու պահը, եւ դա շատ երկար կտեւի։ Սա ԵՄ—ի գործելակերպի մաս է կազմում, յուրաքանչյուր անգամ պետք է այդ գործընթացային հաջորդականությունն անպայման հաշվի առնել ու չանտեսել»,—ասաց դիվանագետը՝ ընդգծելով, որ այդտեղ կարեւոր է որոշակի պայմանավորվածությունների կատարման գոհացուցիչ լինելը։ «Հենց որ անհրաժեշտ բոլոր պայմաններն ի մի բերված կլինեն, կտրվի մեկնարկը՝ գործընթաց, որը պետք է հանգեցնի վիզաների ազատականացման։ Փաստորեն այդ գործընթացն ավելի շուտ պետք է սկսվի հայտ ներկայացնող երկրում, քան այնտեղ՝ Բրյուսելում»,–հավելեց նա։


Հակամարտությանը լուծում տվողը կողմերն են
 

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ դեսպանը նկատեց, որ այն բավականին խորացված է։ 
«Ես փաստել եմ, որ այս երկու ամիսներին շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր։ Եթե չեմ սխալվում՝ 2017 թվականին՝ մինչ օրս 57 զինվոր է զոհվել. այստեղից կարելի է եզրակացնել, որ խոսքն ամենեւին էլ սառեցված հակամարտության մասին չէ, սա իրական հակամարտություն է, որը ծանր կշիռ ունի հայ հասարակության, ՀՀ կառավարության, Հայաստան պետության վրա, եւ հակամարտություն է, որը մեզ մտահոգում է։ Երեւի սա է պատճառը, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պիտի տանի կոնֆլիկտի լուծման ուղղությամբ։ Հիմքում ուժի չդիմելու սկզբունքն է, որովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, մյուսները տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներն են։ Այս երեք սկզբունքը, բանակցային գործընթացի կենտրոնում են,–ասաց նա–Մենք գոհունակություն ենք հայտնել բոլորովին վերջերս Ժնեւում եւ օրեր առաջ Վիեննայում կայացած հանդիպումների առնչությամբ եւ եկող տարեսկզբին նախատեսված հանդիպման առիթով»։ Նա նշեց, որ Ֆրանսիան վճռական է լիարժեքորեն իրականացնել իր ստանձնած հանձնառությունները ԵԱՀԿ ՄԽ կազմում. «Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում ղեկավարության ամենաբարձր մակարդակով ուշիուշով հետեւում են։ Թեեւ Ֆրանսիան հանձնառու է կատարել իր առաքելությունը, սակայն խոսքն ամեն դեպքում միջնորդական առաքելության մասին է։ Բանակցված եւ տեւական լուծում գտնելու գործընթացը բնականաբար հակամարտող երկու կողմերինն է»։ Դեսպանը ավելացրեց, որ իր առաքելությունը պատկան գերագույն իշխանություններին հակամարտության՝ Հայաստանի վրա թողած ազդեցության մասին պարբերաբար իրազեկելն է։ «Մինսկի խմբում իմ մեկ այլ գործընկեր է ստանձնել միջնորդության առաքելությունը, բնականաբար ես չեմ կարող բանակցային գործընթացի բովանդակության մասին արտահայտվել»,—նշեց նա։


Հարաբերությունները խորացման «տեղ» ունեն
 

Անդրադառնալով Հայաստան—Ֆրանսիա հարաբերություններին՝ Ժոնաթան Լաքոթն ասաց, որ դրանք «առանձնաշնորհյալ» են. «Ընդամենը 2 ամիս է, ինչ Ֆրանսիայի դեսպանն եմ Հայաստանում։ Լինել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան մեծ պատասխանատվություն է։ Ինչու. որովհետեւ Ֆրանսիան ՄԱԿ—ի ԱԽ մշտական անդամ է, ԵՄ—ի անդամ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր»։
Դեսպանը նշեց, որ թեեւ երկու ամիսը կարճ ժամանակահատված է, բայց այն բավականին խիտ եւ հագեցած է եղել։ Համաձայն դիվանագիտական ավանդույթի՝ դեսպանը նախեւառաջ հանդիպել է երկրում արդեն պաշտոնավարող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների եւ այնուհետեւ բարձրագույն ղեկավարության հետ. «Հանդիպումներ եմ ունեցել հանրապետության նախագահի, վարչապետի, բնականաբար, ԱԺ նախագահի եւ հետո արդեն նախարարների հետ։ Արդեն հասցրել եմ հանդիպել 11 նախարարի հետ։ Բնականաբար նման հանդիպումները առիթ են անդրադառնալու երկկողմ հարաբերություններին եւ քննարկելու դրանց տեսլականը»։
Լաքոթն այս ընթացքում այցելել է Հայաստանում հաստատված ֆրանսիական կառույցներ. «Բնականաբար այցելել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարան, մասնագիտական լիցեյ եւ դրանից զատ, եղել եմ նաեւ ֆրանսիական այլ ընկերություններում՝ ծանոթանալու նրանց գործունեությանը եւ պարզելու, թե ինչ դժվարություններ, խնդիրներ են ունեցել այդ ձեռնարկությունները»։
Խոսելով վերջին շրջանում Հայաստանի հետ կատարված նշանակալի իրադարձությունների մասին, նա նշեց, որ վերջին շաբաթները պատմական նշանակություն են ունեցել ՀՀ—ի համար։ Նա նկատի ունի ՀՀ—ԵՄ ընդլայնված համաձայնագրի ստորագրումը եւ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը ստանձնելը. «Ինձ թվում է, որ այս երկուսը հայկական դիվանագիտության շատ կարկառուն, ցայտուն հաջողություններ կարելի է ձեւակերպել։ Ամեն դեպքում այս երկու իրադարձություններն ամրապնդում են Հայաստան—Ֆրանսիա հարաբերությունները։ Իմ բախտը բերեց այն բանում, որ Հայաստան ժամանեցի այն ժամանակ, երբ Հայաստանը ստանձնել էր ԵՄ—ի հետ իր հարաբերությունների սերտացման գործընթացը եւ, բնականաբար, Հայաստան, որը ցանկանում է կենտրոնական դերակատարություն ստանձնել Ֆրանկոֆոնիայի ոլորտում։ Բնականաբար մեր երկկողմ հարաբերությունները պետք է սնվեն, հարստանան նշվածներից»։
Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ապա այն անցկացվելու է 2018 թվականի հոկտեմբերին, եւ ավանդաբար արդեն Ֆրանսիայի Հանրապետության նախագահը մասնակցելու է այդ համաժողովին. «Այդ ամենը ավելի պաշտոնապես կհաստատվի եկող տարվա ընթացքում, բայց, բնականաբար, մենք արդեն իսկ աշխատում ենք հանրապետության նախագահի այցի հեռանկարների, դրա կազմակերպման ուղղությամբ»։
Դեսպանը նկատեց, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը, որին կմասնակցեն պատվիրակներ աշխարհի 84 երկրներից, ներկայանալու բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար։
Ժ. Լաքոթը շեշտեց, որ 2018 թվականը Հայաստանի համար կարեւոր տարի է՝ Առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանը, բնականաբար, որի առիթով կլինեն այցեր Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների մակարդակով, կլինի Էրեբունի—Երեւան 2800—ամյակի տոնակատարությունը, իսկ տարեվերջին արդեն հիշատակման արարողություն՝ Սպիտակի երկրաշարժի 30—րդ տարելիցը. «Ողբերգություն, որը մեծ հետք թողեց Ֆրանսիայում։ Ողբերգություն, որի շնորհիվ, սակայն, ձեւավորվեց համերաշխության մի հուժկու ալիք, եւ, իմիջիայլոց, Սպիտակի երկրաշարժն ինչ—որ մի առումով մեկնակետ հանդիսացավ հայ—ֆրանսիական հարաբերությունների վերսկսման համար»։ Նա նշեց, որ համագործակցության շատ դրսեւորումներ, մասնավորապես առողջապահության ոլորտի կամ քաղաքացիական պաշտպանության հետ կապված ծրագրեր, հենց երկրաշարժի հաջորդող օրերին ծավալվեցին. «Մեզ սպասվում է նշանակալի տարի, որը մեծ կարեւորություն է ներկայացնում նաեւ Ֆրանսիայի համար»։
Դեսպանը համարում է, որ նույնիսկ նմանատիպ խոստումնալից համատեքստի առկայությամբ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել հայ—ֆրանսիական հարաբերությունները. «Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, կցանկանայի դրանք երկու ասպարեզներում զարգացնել. առաջին՝ բուհական եւ կրթական ոլորտ, որը կարծում եմ՝ այն ոլորտն է, որ կարող է դեռեւս զարգացում ապրել։ Ցանկանում եմ նշել Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որ Հայաստանում Ֆրանսիայի ներկայության հաջողված օրինակ կարող է համարվել»։ Դեսպանը նշեց, որ, հաշվի առնելով առկա պահանջարկը, եկող տարվանից ֆրանսիական համալսարանում կգործի նաեւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որը աշխատաշուկան կապահովի ֆրանկոֆոն իրավասու մասնագետներով. «Մենք ամբիցիա ունենք զարգացնելու նաեւ ֆրանսիական դպրոցը։ Նպատակ ունենք ստեղծել համընդգրկուն կառույց, այսինքն՝ մանկապարտեզից մինչեւ բուհ»։
Մյուս ոլորտը, որը դեսպանը ցանկանում է էլ ավելի զարգացած տեսնել, տնտեսական համագործակցության ոլորտն է. «Իմ պատկերացմամբ՝ այստեղ մեծ ներուժ կա, եւ տնտեսական տեսանկյունից անելիքները շատ են»։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 280 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024