ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.09.2017, 22:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 17 » Նոր մոտեցումներ են մշակվում /Պետք է ավելի արդյունավետ օգտագործել համագործակցության հնարավորությունները/
10:55
Նոր մոտեցումներ են մշակվում /Պետք է ավելի արդյունավետ օգտագործել համագործակցության հնարավորությունները/

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ լավ ավանդույթ, որտեղ բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ձեռք բերել գործընկերներ, համագործակցել պետական մարմինների հետ, Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովում հայտարարեց եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ պետական մարմիններն էլ կարող են լսել խնդիրները, վերակազմակերպել իրենց աշխատանքը, որը պետք է ուղղված լինի ԵԱՏՄ երկրների բիզնես ոլորտի զարգացմանը։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրացիան նոր հիմք է ձեւավորում ձեռնարկատիրական համայնքի աշխատանքի համար. «Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է տնտեսական սահմանները բոլոր երկրների համար, ստեղծել համարյա 200 մլն—ի հասնող շուկա առանց մաքսային սահմանների, դյուրացրել է բիզնեսի վարման կանոնները մի շարք ոլորտներում»։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ—ում կա 4 ազատություն, որոնք կապված են ծառայությունների, ապրանքների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի հետ. «Դա նշանակում է, որ ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսը ստանում է գործելու ավելի լայն հնարավորություն»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է նաեւ, որ տարեվերջին արդեն աշխատանքներ են տարվելու դեղորայքի եւ բժշկական միջոցների ընդհանուր շուկայի, էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փաստաթուղթը, որի վրա հանձնաժողովն աշխատում է երկար ժամանակ։ Նրա խոսքերով՝ հանձնաժողովն աշխատանքներ է տանում, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի այս տարվա դեկտեմբերին՝ ԵԱՏՄ նախագահների հանդիպման ժամանակ։
Նա նաեւ տեղեկացրել է, որ հիմա աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ—Չինաստան համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ Մետաքսի ճանապարհի միջոցով։ Բացի այդ, ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Իսրայելի, Մոնղոլիայի, Հարավային Կորեայի, Սինգապուրի հետ։ Արդեն իսկ ստորագրվել է Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնության փաստաթուղթը։
Ռուսաստանը մտադիր է առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Այդ մասին հինգերորդ հայ—ռուսական միջտարածաշրջանային եւ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովների բացման ժամանակ հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ 
«Առեւտրատնտեսական ոլորտում Հայաստանի խոշոր գործընկերը Ռուսաստանն է, եւ մենք մտադիր ենք առաջիկայում էլ ավելի մեծ տեղ տալ հայ—ռուսական հարաբերությունների զարգացմանը։ ՌԴ—ն հիմնական ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ, ինչն արդեն իսկ կազմել է չորս միլիարդ դոլար։ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով 1200—ից ավելի ձեռնարկություններ»,—նշել է Սոկոլովը։
Միաժամանակ Սոկոլովն ասել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով, բեռնափոխադրումները հեշտացված կարգով իրականացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նախորդ տարի Լարսում արդեն գործել է ԵԱՏՄ երկրների համար նախատեսված առանձին ուղեգոտի, որն ավելի հեշտացված կարգով հնարավորություն է տալիս իրականացնելու ուղեւորաբեռնափոխադրումներ։
«Մենք ակտիվ համագործակցում ենք նաեւ միասնական տրանսպորտային քաղաքականության, բաց երկնքի հաստատման ուղղությամբ»,– ընդգծել է Սոկոլովը։ Նա, միաժամանակ, կարեւորել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ համագործակցության եւ կապերի խորացումը։
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը համաժողովի շրջանակում անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ—ին՝ նշելով, որ անդամակցության ընթացքում գրանցված ցուցանիշները բավականին տպավորիչ են։
«Ինձ համար հետաքրքիր էր ներկա գտնվել այս համաժողովին, քանի որ վերջին անգամ Հայաստանում եղել եմ, երբ այն դեռ միության անդամ պետություն չէր։ Այդ ժամանակահատվածում ոչ բոլորն էին հավատում, որ անդամակցությունը զարգացման նոր հնարավորություններ կբերի, եւ այն թվերը, որոնք այսօր հնչեցին, իսկապես ուրախացնում են։ Համաձայն եմ, որ Հայաստանը կդառնա եվրասիական ինտեգրացիայի կենտրոն. ըստ ցուցանիշների՝ նա արդեն իսկ համարվում է»,–ասել է նա։
Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին մասնակցող Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Չինաստանի եվրոպական ուսումնասիրությունների կազմակերպության փոխնախագահ դոկտոր Քսյու Մինգքի կարծիքով, Չինաստանը եւ Հայաստանը հնարավորություն ունեն համագործակցելու մի շարք ոլորտներում։
«Կարծում եմ՝ շատ լավ ֆորում է, առհասարակ լավ գաղափար՝ համախմբելու բոլորին մի տեղում գաղափարների փոխանակման համար։ Այն, նախ եւ առաջ, կարեւոր է Հայաստանի համար, երբ մարդիկ աշխարհի տարբեր վայրերից գալիս են այստեղ քննարկելու այն բոլոր հնարավորությունները, որոնցով Հայաստանը կկարողանա համագործակցել այլ երկրների հետ։ Ակնկալում եմ տեսնել՝ արդյոք Չինաստանը եւ Հայաստանը կարո՞ղ են միասին քայլել՝ առաջ խաղացնելով առեւտրային, ներդրումային միջավայրը։ Համագործակցության շատ ոլորտներ կան՝ առեւտուր, ներդրումներ, արդյունաբերություն եւ այլն»,– նշել է նա։
Այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ տվյալ ոլորտներում համագործակցության հաստատման եւ ամրապնդման համար, նա պատասխանել է. «Գլխավոր գործոններից մեկն այն է, որ երկու երկրների կառավարությունները կարողանան ընկերությունների համար ապահովել բիզնեսի վարման ավելի դյուրին պայմաններ, ընկերություններն էլ իրենց հերթին պետք է կարողանան հնարավորինս բացահայտել միմյանց շուկաները»։ 
ՅՈՒՆԵՍԿՕ—ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կարծում է, որ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովն ամբողջ Եվրասիայում տեղի ունեցող պատմական եւ դարակազմիկ փոփոխությունների մի մասն է։
«Եվրասիան սկսում է գիտակցել, որ այն ոչ միայն աշխարհագրական, այլ նաեւ միասնական տնտեսական տարածաշրջան է, ինչպես հսկայական կենդանի օրգանիզմ, որի յուրաքանչյուր օրգան պետք է առողջ լինի եւ փոխգործակցի մյուսների հետ։ Մեր տնտեսությունների ինտեգրումը շահեկան է Եվրասիայի բոլոր ժողովուրդների համար։ Դրանից կշահեն նաեւ բոլոր գործարարները եւ ներդրողները, որոնց այսօր ողջունում ենք մեր համաժողովին, եւ նաեւ նրանք, ովքեր կմիանան մեզ ապագայում։ Մենք ստեղծում ենք այս համաժողովը որպես ընդհանուր տնտեսական սիրտ, որը եվրասիական տնտեսական ընկերակցության անդամներին եւ բոլոր երկրներին կապահովի ներդրումներով, գաղափարներով եւ ծրագրերով»,—ասել է Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ համաժողովը ստեղծվել է մասնագիտացումների ինտեգրմանը եւ փոխգործակցությանն օժանդակելու նպատակով։
«Եթե յուրաքանչյուր երկիր առաջարկի ինտեգրման համար իր լավագույն ռեսուրսները, ունակությունները եւ հնարավորությունները, ապա ոչինչ չի կարող խոչընդոտել արդյունավետ կառավարվող տարածաշրջանի զարգացմանն ու աճին։ Տարածաշրջանի բոլոր երկրները ձեռք կբերեն շատ ավելին՝ ամրապնդելով իրենց համագործակցությունը, քան իրենց անհաշտ դիրքերը։ Դա հեշտ գործ չէ, բայց պատմական հակամարտությունների լուծման յուրահատուկ մոտեցումները կօգնեն Հայաստանին եւ իր հարեւաններին վերականգնելու վաղուց քանդված կամուրջները»,—նշել է նա։
Արա Աբրահամյանի համոզմամբ՝ միջազգային համաժողովը ծառայում է որպես հարթակ բիզնեսի եւ քաղաքականության ոլորտում առաջարկությունների, քննարկումների եւ նոր մոտեցումների մշակման համար։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 23 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017