ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 19:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 24 » Նպատակն արդարադատության որակը բարձրացնելն է /Սահմանադրական դատարանի նիստերի սրահը այսուհետեւ կկրի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունը/
15:27
Նպատակն արդարադատության որակը բարձրացնելն է /Սահմանադրական դատարանի նիստերի սրահը այսուհետեւ կկրի Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը։
Մինչ այդ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով եւ մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաեւ իրավաբանությամբ զբաղվող անձանց եւ ուսանողների համար։ ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը եւ նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար։
Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անվամբ ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ հանրապետության նախագահն իր ողջույնի խոսքն է հղել ներկաներին՝ շնորհավորելով այդ նախաձեռնության կապակցությամբ եւ արարողության պատեհ առիթով նաեւ հաջողություններ է մաղթել Սահմանադրական դատարանի ներկա եւ նախկին նախագահներին՝ Հայաստանում արդարադատության որակի բարձրացմանն ուղղված նրանց կարեւորագույն եւ պատասխանատու աշխատանքում։
«Հարգելի՛ գործընկերներ,
Այս պահն իսկապես բավականին խորհրդանշական է. առաջին հերթին՝ ժամանակաշրջանի առումով, քանի որ Հայաստանը բեկումնային փոփոխություններով է անցնում։ Այժմ իսկապես հարուստ նյութ է կուտակվում ապագա պատմագիրների համար։ Եվ հուսով եմ, որ նրանց ընդհանուր գնահատականը դրական է լինելու։ Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։
Հայ իրավական միտքը զարգացման շատ կարեւոր ճանապարհ է անցել։ Եվ դեռեւս 200 տարի առաջ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանները հանդես են եկել նորարարական գաղափարներով եւ խոսել ինստիտուտների կարեւորության մասին։ Այն ինստիտուտների մասին, որոնք այսօր հիմք են ծառայում ժամանակակից իրավական եւ ժողովրդավարական պետությունների կայացման համար։
Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար եւ, իհարկե, շատ կարեւոր է լինելու նաեւ այն մարդկանց համար, ովքեր երբեւէ մտնելու են այս դահլիճ։
Շնորհավորում եմ բոլորիս այս լավ նախաձեռնության եւ անվանակոչության համար։ Մենք գնահատում ենք մեր երախտավորներին, իսկ սա չափազանց կարեւոր հանգամանք է։
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորում նրա ծննդյան 70—ամյա հոբելյանի կապակցությամբ։
Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր եւ նպատակասլաց մարդու։ Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար եւ բարդ։ Եվ նա միշտ իր հետեւողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը։ Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարեւոր կառույցի նախագահի պաշտոնում։ Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի։ Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետեւ Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարեւոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում, շատ յուրահատուկ։ Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների եւ դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք։ Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել։ Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք եւ ոչ թե վաստակի գնահատում։
Հարգելի՛ գործընկերներ, իհարկե, առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում եւ հաջողություն այս շատ կարեւոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ։ Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին։
Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար։ Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է։ Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը։ Այս պարագայում եւս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի։ Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է եւ համոզմունքի խնդիր։ Կցանկանամ, որ այս երեւույթները շարունակական լինեն։
Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք։ Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ։ Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին։
Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու եւ ներկայացնելու խնդիր։ Այստեղ եւս դեռ շատ մեծ անելիքներ կան։ Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաեւ նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարեւոր չէ՝ նաեւ ընկալման մակարդակը բարձրացնելու համար։
Հաջողություն եմ մաղթում բոլորիս եւ բարի երթ»,–ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին եւ արարողությանը ներկա բոլոր հրավիրյալներին՝ միջոցառմանը մասնակցելու համար եւ նշել, որ, հավատալով խորհուրդներին, Սահմանադրական դատարանում իր գործունեությունը ցանկացել է սկսել խորհրդանշական քայլով, եւ ընտրությունը կանգ է առել իր մեջ մեծ խորհուրդ պարունակող այս միջոցառման վրա։
«1783 թվականին լույս տեսավ Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների «Որոգայթ փառացը», որը համաշխարհային իրականության մեջ առաջին Սահմանադրության նախագիծն էր, որը գրվել է մի քանի տարի ավելի շուտ, քան Միացյալ Նահանգների, Լեհաստանի եւ Ֆրանսիայի սահմանադրությունները։ Դա նաեւ հայ ազգային—ազատագրական շարժման ծրագիր էր եւ դրա տեսական հիմնավորում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Որոգայթ փառացում», ըստ էության, հիմնավորվում է պառլամենտական կառավարման ձեւ ունենալու մոտեցումը, եւ խորհրդանշական է, որ մենք 230 տարի հետո ընտրեցինք այն ճանապարհը, որը մեր հայրենակիցների կողմից ներկայացվել եւ դարձել էր հիմք շատ ու շատ երկրներում ժողովրդավարական համակարգ ստեղծելու համար։ Մենք ընդամենը մի քանի օր հետո ամբողջությամբ անցում կկատարենք դեպի պառլամենտական կառավարման համակարգի։ Շահամիրյանների «Որոգայթ փառացը» արդարության, օրինականության կարգուկանոնով ապրելու, Սահմանադրության մերօրյա տերմիններով ասած՝ Սահմանադրության գերակայությունը ապահովելու խորհուրդ է, որը պետության զարգացման, ազատ ու երջանիկ ապրելու գրավականն է։ Սրահի անվանակոչումը Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների անունով հենց այդ խորհուրդն ունի, որ այս դահլիճում կայացված որոշումները նպաստեն վերոնշյալ նպատակներին։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ հյուրեր,
Այսօրվա մեր հավաքում եւս մեկ խորհուրդ կա, որը դժվարանում եմ ասել՝ կարեւորությամբ, արդյոք, զիջո՞ւմ է առաջինին, թե՞ ոչ։ Այսօր մենք Սահմանադրական դատարանի սրահներից մեկը անվանակոչեցինք Սահմանադրական դատարանի առաջին նախագահ, հայտնի պետական գործիչ, ճանաչված գիտնական Գագիկ Հարությունյանի անունով։ Անշուշտ, առաջին հերթին, դա Գագիկ Հարությունյանի վաստակի փոքրիկ գնահատականն է, սակայն այն միաժամանակ այլ խորհուրդ ունի։ Դա պատգամ է գալիք բոլոր սերունդներին առ այն, որ Սահմանադրական դատարանի՝ որպես ինստիտուտի եւ ընդհանրապես պետական համակարգի, պետականության ու սահմանադրականության ապահովման ճանապարհը պետք է ընթանա արժեւորելու, մեծարելու եւ շարունակականությունն ապահովելու ճանապարհով միայն։ Ինձ համար շատ կարեւոր էր հենց այսպես, այս նախաձեռնությամբ սկսել իմ պաշտոնավարումը՝ որպես խորհրդանշում այն շարունակականության, որ մենք պարտավոր ենք ապահովել պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս տարիների ընթացքում կայացած Սահմանադրական դատարանի համար»,–ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ նկատելով, որ այսօրվա միջոցառումը համընկնում է նաեւ Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման վերջին օրվա հետ, ընդունված կանոնների համաձայն, այդ առիթով փոքրիկ եւ խորհրդանշական հուշանվեր է փոխանցել Գագիկ Հարությունյանին՝ ներկայացնելով նաեւ այդ հուշանվերի խորհուրդը։
«Դժվար էր այդ հուշանվերի ընտրությունը, որը պետք է այսօրվա եւ պարոն Հարությունյանի անձի հետ կապված որոշակի խորհուրդ իր մեջ պարունակեր։ Եվ այն, ինչ ընտրվեց, պարո՛ն Հարությունյան, ըստ էության իմ մտահղացմամբ եւ քանդակագործի ձեռամբ իրականացված՝ Գագիկ Հարությունյանն է՝ ոտքերով ամուր մայր հողի մեջ՝ ոչ թե կանգնած, այլ ոտքերով հենց հողի մեջ, սերմը ձեռքին, սերմերն էլ՝ երեւացող, աշխատավոր, աշխատասեր, իր հայրենիքը սիրող, նոր համակարգ ստեղծող մի մարդ։ Պարո՛ն Հարությունյան, սա ուզում եմ փոխանցել Ձեզ՝ ի նշան մեր շնորհակալության եւ երախտիքի»,–ընդգծել է Հրայր Թովմասյանը։
ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու ցուցաբերված նման վերաբերմունքի համար եւ ընդգծել, որ իր համար Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանները հայոց պատմության մեջ հատուկ կարեւորություն են ունեցել։ «Տարիներ առաջ, երբ նախաձեռնեցինք ժամանակակից հայերենով հրատարակել «Որոգայթ փառացը», մեծ դժվարությամբ հայթայթեցինք եւ գտանք Շահամիր եւ Հակոբ Շահամիրյանների նկարները։ Այդ աշխատանքը ստեղծեցինք, ըստ էության, արխիվներում եղած նյութերի հիման վրա։ Եվ մեր հանրությունը՝ հատկապես իրավական, համոզվեց, որ նրանք դատարկ տեղում չստեղծեցին «Որոգայթ փառացը». դա մեր ժողովրդի պատմական որոշակի մտածողության հանրագումարը եղավ։
Ես պարզապես տեղեկացնեմ՝ շատերդ գիտեք, որ հիմա մենք նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի աջակցությամբ նախաձեռնել ենք հրատարակման պատրաստել մի երկհատորյակ, որը կոչվում է «Սահմանադրական մշակույթը քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ժողովրդի բազմադարյա պատմության էջերում»։ Մոտավորապես երեք հազար էջ է, որն այս տարվա վերջում կհրատարակվի, եւ հաջորդ տարվանից կլինի նաեւ անգլերեն թարգմանությունը, որպեսզի աշխարհը եւս կարողանա ընթերցել եւ ճանաչել։ Այդ շղթան ամբողջությամբ երեւալու է՝ Արատտայի թագավորությունից մինչեւ Շահամիրյաններ եւ նրանցից հետո, իսկ վերջում կամփոփվի «Պատմության դասերը եւ ժամանակի խորհուրդը» ամփոփ հոդվածով։
Ասելիքս այն է, որ հաջողություն կարելի է ակնկալել միայն այնտեղ, որտեղ կա շարունակականություն, երբ քարին քար է դրվում, երբ կաթիլները հավաքվելով՝ դառնում են կա՛մ լիճ, կա՛մ գետ եւ կարողանում են որակ ապահովել։ Խորհուրդ կտամ իմ բոլոր գործընկերներին, Սահմանադրական դատարանի աշխատակիցներին նկատի ունենալ հետեւյալը՝ ինչ մենք արել ենք մինչ օրս, եղել է նախապատրաստական աշխատանք։ Հիշում եք՝ մինչեւ 2005 թվականը՝ տասը տարում քննել ենք ընդամենը տասը օրենքի սահմանադրականության հարց, այսօր արդեն երկու ամսում մենք այդքան քննում ենք։ Տասը տարի եւ երկու ամիս։ Բայց այդքանով հանդերձ, սահմանադրական նոր փոփոխությունները բոլորովին նոր ասպարեզ են բացում։ Եթե արդեն վաղը, մյուս օրը, ամսի 9—ից, երբ նոր օրենքը կսկսի գործել, եւ նոր դիմողներ կհայտնվեն Սահմանադրական դատարանում, այս պարագայում ծանրաբեռնվածությունը բազմակի ավելանալու է, եւ պատասխանատվությունն է շատ ավելի բարձրանալու։ Ես համոզված եմ, որ այն մեկնարկային պայմանները, որ մեզ հաջողվեց ստեղծել, հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը իսկապես ստանձնել եւ իրացնել։ Մեր խնդիրը հետեւյալն է՝ շատ բան արվեց սահմանադրական փոփոխությունների առումով, շատերդ շփվել եք դրսերում, ունեցել եք նաեւ հանդիպումներ, ելույթներ կոնֆերանսներում եւ տեսել եք, որ այսօր չկա մի երկիր, որտեղ սահմանադրական զարգացումներից խոսեն ու դրվատանքի խոսքեր չասվի այն գործընթացի մասին, որն արվեց Հայաստանում։ Բայց ամեն ինչ կարող է մնալ թղթի վրա, եթե դա իրական կյանքում նույն ձեւով չի դրսեւորվում։ Չլինի այնպիսի վիճակ, երբ ունենք Սահմանադրություն, բայց սահմանադրականությունը դրան ներդաշնակ չէ, համարժեք չէ։ Մենք պետք է իսկապես կարողանանք Սահմանադրությունը կյանքի կոչել։
Պարո՛ն Թովմասյան, ես նույնպես Ձեզ շատ երկար եմ ճանաչում եւ ամբողջ Ձեր կայացման ականատեսը, վկան եմ եղել։ Մեծ հույս, մեծ վստահություն ունեմ, որ առաջին հերթին կոլեկտիվում ապահովելով այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի աշխատանքին եւ բարեկամաբար, գործակցաբար աշխատանքն առաջ տանելու խնդիրը կլուծի՝ մեծ հաջողություններ հնարավոր է ակնկալել ոչ միայն ներսում, այլեւ դրսում։ Դուք էլ գիտեք, որ ես Ձեր կողքին եմ, մշտապես Ձեր աջակիցը։ Ամեն ինչ կանենք միասին՝ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ դատական համակարգը այս երկրում կայացնելու համար։ Վիճակն այնպիսին է, որ, այո՛, դինամիկա կա, քայլեր կան, բայց որպես կայացած համակարգ, մենք, ինչպես ասում են, պետք է սկսենք հիմքերից եւ կարողանանք կյանքի կոչել այն, ինչ ցանկանում էինք սահմանադրական բարեփոխումների ընթացքում, որն այն ժամանակ նաեւ հանրապետության նախագահը նախաձեռնեց։ Իսկ դա կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր բոլոր գործընկերներից։ Ես վստահ եմ, որ գործակցաբար մեր արդյունավետ աշխատանքը հնարավորություն կտա որակ ապահովել եւ ասել, որ իսկապես ինչ նախաձեռնում եւ անում էինք՝ ճշմարտացի էինք, եւ այն առաջարկությամբ կամ նախաձեռնությամբ, որ հանրապետության նախագահը հանդես եկավ ու կյանքի կոչեց սահմանադրական այս մոդելը կամ այս մեխանիզմը, կենսունակ է եւ ի զորու է երկրում դրական շատ բաներ փոխել։ Ես ցանկանում եմ ձեզ երջանկություն, արդյունավետ աշխատանք։ Միասին փորձենք տեղից շարժել այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են եւ օր առաջ պետք է լուծվեն»,–ասել է Գագիկ Հարությունյանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024