ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Հունվար » 15 » Նպատակը հզոր ու զարգացած Հայաստանի կերտումն է /Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ԱԺ–ում /
09:24
Նպատակը հզոր ու զարգացած Հայաստանի կերտումն է /Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ԱԺ–ում /

Վեհափառ տե՛ր,

Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ պատգամավորներ,
Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով։ Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար։
Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների եւ հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի։
Դեկտեմբերի 9—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի եւ միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին։
Նոր Ազգային ժողովի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը։ Սկսում է հաջորդ, հույսերի եւ խոստումների իրականացման, հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլը։
Հարգելի՛ պատգամավորներ,
Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները եւ արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան։
Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությամբ եւ նրա մասնակցությամբ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական կյանքին։
Հարգելի՛ պատգամավորներ,
Սահմանադրության 1—ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն»։ Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարեւորագույն սկզբունք—նպատակ. նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեք իրականացված, նպատակ, որին պետք է ձգտել՝ մշտապես կատարելագործելով եւ անցնելով երկար ճանապարհով։
Այսպիսով, նոր Հայաստանը կառուցելու համար դեռ բազում եւ լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում եւ տարբեր մակարդակներով։
Առաջնային հարց է մնում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի երաշխավորումը։
Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարեւորություն տրված չէ։ Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները եւ ազատություններն պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարեւորագույն բաղկացուցիչ մասը։
Եվ հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի եւ պետական մարմինների գործողությունների հիմքում։
Հարգելի՛ պատգամավորներ,
Աշխարհը դառնում է ավելի անկայուն եւ անկանխատեսելի՝ լի մարտահրավերներով։
Միջազգային հարաբերությունների մեջ ավանդական մոտեցումները եւ մեթոդները, ինստիտուտները, կառույցները հաճախ կորցնում են իրենց արդյունավետությունը։
Սա ստեղծում է մեծ ռիսկեր, միաժամանակ, իհարկե, ստեղծում է նաեւ նոր հնարավորություններ։
21—րդ դարը սրընթաց փոփոխությունների, արագ գնահատականների եւ որոշումների, խորը փոխկապակցվածության դար է լինելու։
Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք եւ պետք է վերափոխենք մեր մտածելակերպը եւ մեր մոտեցումները։
Գիտակցելով մեր իրական եւ թվացյալ առավելություններն ու թերությունները, ունենալով հստակ տեսլական եւ ծրագիր՝ օգտագործենք աշխատող, ստեղծող, մտածող ազգի մեր կարողությունները 21—րդ դարում։
Այո, փոխվում են ժամանակները, սակայն անփոփոխ են մեր նպատակները՝ նպաստել հզոր ու զարգացած Հայաստանի կերտմանը, նպաստել 21—րդ դարի մարտահրավերներին պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձեւավորմանը։
Սրանք են մեր նպատակները։
Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ հաշվի առնելով արտաքին ոլորտում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները եւ մարտահրավերները։
Այդ մարտահրավերների շարքը երկար է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորում, Հայաստանի ու Արցախի անվտանգության բարձրացում, բանակի արդիականացում, եվրասիական եւ եվրոպական ուղղություններով համագործակցության խորացում, համագործակցության զարգացում հարեւանների, համաշխարհային բոլոր դերակատարների, բոլոր գործընկերների եւ, իհարկե, բարեկամների հետ, Հայաստանի տեղի ամրապնդում աշխարհում՝ որպես միջազգային հուսալի եւ կայուն գործընկեր։
Այս ամենի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մոտեցումներ եւ հմտություններ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն։
Նոր Հայաստանը պետք է հանդես գա որպես գիտության, մշակույթի, կրթության եւ նոր տեխնոլոգիաների աշխարհի կարեւորագույն կենտրոններից մեկը, խթանի նորարարությունը, ստեղծարար միտքը։
Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր Թումանյաններ եւ Կոմիտասներ, նոր Արշիլ Գորկիներ, Համբարձումյաններ, Խաչատրյաններ, նոր Գյուլբենկյաններ եւ Քրքորյաններ։
Եվ իհարկե, բացի իրավական, ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներից, նոր Հայաստանում մեզանից յուրաքանչյուրը նույնպես պետք է ստանձնի «բարեփոխվելու» պարտավորություն, պետք է կատարելագործի իր արժեհամակարգը, հասկանա իր ազգային եւ անհատական ինքնությունը եւ դրանից բխող բոլոր պատասխանատվությունները։
Հարգելի՛ պատգամավորներ,
Այն հասարակությունը, որ մենք պետք է զարգացնենք այսօր, կառուցվելու է մեր վարքի, հանդուրժողականության, բազմակարծության հանդեպ հարգանքի եւ վստահության վրա, կառուցվելու է մեր աշխատելու ունակությամբ, ստեղծելու եւ ստեղծագործելու կարողությամբ, կառուցվելու է այս պատերի ներքո կայացվելիք ողջամիտ որոշումներով։
Որոշումներ, որոնք կոչված են բարելավելու մեր կյանքը ոչ միայն այսօր, այլեւ վաղը՝ ապագա սերունդների համար։
Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները եւ տեսակետները։ Բազմակարծությունը, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը եւ հարգանքը փոքրամասնությունների հանդեպ արժեքներ են, նաեւ՝ առաջընթացի շարժիչ ուժեր։
Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ։
Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին։
Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն։ Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը, ինչպես նաեւ իշխանության ճյուղերի միջեւ տարանջատման, զսպման եւ հակակշռման մեխանիզմների ստեղծումը եւ կիրառումը, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին։
Իմ խորհուրդն է՝ այսօր հաջողության հասնելու համար սեւեռենք մեր ուշադրությունը եւ գործունեությունը ապագայի վրա։ Աշխատենք բոլորս միասին եւ բոլորս բոլորի համար սկզբունքով։
Եվ ինքներս մեզ միշտ հարցնենք՝ ի՞նչ պայմաններում են ապրելու եւ ի՞նչ հնարավորություններ են ունենալու մեր երեխաները սրանից 10, 20 եւ ինչու չէ, 100 տարի հետո։
Աշխատենք կառուցել մի հասարակություն, որի հիմքում ընկած են կայուն—հարատեւ զարգացման հիմունքները։
Կայուն, հարատեւ զարգացումը հնչեղ կարգախոս չէ միայն, այն կենսական խնդիր է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել։
Կայուն, հարատեւ զարգացման մասին արժե լրջորեն խորհել նախքան որոշումներ կայացնելը մեր հողի, ջրի, բնական պաշարների, ազգային ժառանգության եւ արժեքների վերաբերյալ։
Նոր Հայաստանում, երիտասարդ Հայաստանում, պետք է խթանել սերունդների, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջեւ փոխադարձ վստահությունն ու հարգանքը, արդյունավետ համագործակցությունը։
Երբ ասում եմ երիտասարդ, ես նկատի ունեմ ոչ միայն տարիքը, այլեւ նախ եւ առաջ մտքի եւ հոգու կայտառությունը, փնտրելու եւ գտնելու, սովորելու եւ ստեղծագործելու ունակությունը։
Ինձ համար Հայաստանը 21—րդ դարում ապրող եւ հաղթելու հնարավորություն ունեցող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա այսօրվա բոլոր միտումները։ Այսինքն, մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային համակապակցված ազգ։
Եվ իհարկե, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք։ Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով։
Հայաստանը իրո[ք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում։
Այդ ուղին հեշտ չի լինելու։
Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի անսպառ տաղանդին եւ անկոտրում ոգուն։ Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այդ ճանապարին ընկած բոլոր դժվարությունները։
Հարգելի պատգամավորներ,
Մեզ բոլորիս մաղթում եմ կազմակերպվածություն, առողջ դատողություն, աշխատասիրություն, հետեւողականություն եւ պատասխանատվություն։
Խորհրդարանին մաղթում եմ արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք։
Որպես հանրապետության նախագահ, իմ լիազորությունների սահմաններում, պատրաստ եմ համագործակցության եւ աջակցության, համատեղ բեղմնավոր աշխատանքի՝ ի շահ մեր Հայրենիքի եւ Ժողովրդի։

Աստված մեզ պահապան։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024