ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 22 » Նպատակը մեկն է՝ Հայաստանի համակողմանի վերելքը /Պարգեւատրման հանդիսավոր արարողություն նախագահի նստավայրում՝ Անկախության տոնի առթիվ /
16:35
Նպատակը մեկն է՝ Հայաստանի համակողմանի վերելքը /Պարգեւատրման հանդիսավոր արարողություն նախագահի նստավայրում՝ Անկախության տոնի առթիվ /

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ՝ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք—սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներով՝ շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած վերոնշյալ բնագավառների ներկայացուցիչներին հանձնել է պետական բարձր պարգեւները։ Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։
«Սիրելի՛ պարգեւատրվածներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 26—րդ տարեդարձի կապակցությամբ։ Նաեւ շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու կապակցությամբ։
Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը։ Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջեւ, ապա՝ գործընկերներիդ եւ վերջապես՝ ողջ հասարակության առջեւ։
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլեւ իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը եւ արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում։ Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն։ Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին եւ անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք։
Սիրելի՛ պարգեւատրվածներ,
Այն, ինչին դուք այսօր արժանանում եք՝ մեդալների, շքանշանների եւ կոչումների տեսքով, իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ։ Դրանք մեր ողջ ժողովրդի եւ երկրի գնահատականն են ձեր կարեւոր եւ շնորհակալ գործունեությանը։
Այսօր եւ վաղը կյանք մտնող երիտասարդները պետք է ունենան չափանիշներ եւ ուղենիշներ։ Նրանք պետք է իմանան, թե ի՛նչն է մեզ համար արժեք։
Մենք նաեւ ձեր օրինակով արժեքային համակարգ ենք սահմանում մեր հասարակության համար։ Շնորհակալություն ձեզ, որ դուք կաք, որ դուք մասնագիտական բարձր մակարդակով եւ քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ օր օրի ամրացնում եք մեր պետությունը։
Համոզված եմ, որ վաղը նման արժանավորները մեր երկրում ավելի շատ են լինելու, եւ մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած եւ ուժեղացած։
Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ գործի մեջ եւ երջանկություն անձնական կյանքում։
Շնորհակալ եմ եւ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ»,–ասել է Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքում։


Պարգեւները հետագա լավ աշխատանքի խթան են
 

ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի շքանշանով պարգեւատրված դուդուկահար Ջիվան Գասպարյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում 21 մրցանակի է արժանացել, սակայն իր համար դրանք երկրորդական նշանակություն ունեն։ «Ինձ համար միշտ էլ ավելի կարեւոր ու գնահատելի է Հայաստանում ստացած պարգեւներս։ Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնը, անկախությունն ամենալավ բանն է։ Թող այն բոլորիս երջանկություն բերի. ամենակարեւորը թող խաղաղություն լինի»,—ասաց նա։
Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը եւս պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի շքանշանով։
«Սա լավ ստեղծագործական խթան է, սա վերաբերմունք է ոչ միայն անձին, այլ բնագավառին, որտեղ աշխատում ես, ստեղծագործում ես»,–նշեց կոմպոզիտորը։
«Այս կոչումն ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է»,–ասաց վաստակավոր արտիստի կոչման արժանացած երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
Նրա խոսքով՝ դա ոչ միայն իր արդեն արված աշխատանքի գնահատականն է, այլ ժողովրդի ու երկրի վստահությունն ու հույսը։ «Իմ քրտնաջան աշխատանքով ու հաջողություններով կփորձեմ արդարացնել դա»,– նշեց Նարեկ Հախնազարյանը։
«Մեկ տարվա զինծառայող եմ։ Հոսպիտալում պառկած էի, երբ իմացա, որ պարգեւատրվելու եմ»,—ասաց հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար Մարտական ծառայության մեդալով պարգեւատրված ժամկետային զինծառայող, շարքային Վահե Գրիգորյանը։ 
Իսկ հոսպիտալում զինծառայողը հայտնվել է վիրավոր սպային օգնություն ցուցաբերելիս ստացած վիրավորումից հետո։ «Հունիսի 15—ի գիշերը հակառակորդի հետ հրաձգության ժամանակ սպան վիրավորվել էր. իրեն իջեցնելիս ես էլ թեւերից վիրավորվեցի»,–նշեց նա։ «Հիմա բուժումս ընթացքի մեջ է. որից հետո կվերադառնամ զորամաս»,–ասաց զինծառայողը։
Արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Մկրտիչ Արզումանյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։ Հումորիստ—դերասանն իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ կերպ է արձագանքել. «Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ՝ պարզվեց վաստակավոր արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան»։
Քուվեյթահայ բարերար Ֆիլիպ Փաթաթանյանը, որ պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով, նշեց, որ Հայաստանում դեռ շատ ծրագրեր ունի։ Ծրագրերն իրականացնելու համար ստացած մեդալն իր համար ոչ այնքան պարտավորեցնող է, որքան՝ ուրախացնող։ «Հայրենիքում ես կանեմ ինչ անհրաժեշտ է։ Ես առանց մեդալ ստանալու էլ կշարունակեի։ Հայաստանում շատ ծրագրեր ունեմ»,–ասաց նա։
Շնորհավորելով հայ ժողովրդին անկախության կապակցությամբ՝ նա ընդգծեց, որ մենք շատ հին ազգ ենք եւ պարտավոր ենք հպարտանալու մեր հայրենիքով։ «Ես տեսնում եմ, որ Հայաստանում տարեցտարի դրական փոփոխություններ են լինում։ Գնահատում եմ այն ահռելի աշխատանքը, որ արվում է երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար»,—ասաց բարերարը։
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել։
ՀՀ նախագահից պարգեւներ ստացողների մեջ էր «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոլրատվության խմբագրության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանը, ով արժանացել է վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման։
Ֆելիքս Առուստամյանը պատմեց, որ երկու օր առաջ է իմացել, որ իրեն ներկայացրել են պետական մրցանակի, ինչը իր համար անսպասելի է եղել։ «Երկար տարիներ աշխատել եմ, բայց երբեք նման բարձր պարգեւի չէի արժանացել... Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ նման պարգեւի։ Շատ անսպասելի էր, զգացողություններս էլ անհասկանալի են, բառերով չեմ կարող բացատրել։ Անչափ ուրախ եմ»,–նշեց Առուստամյանը։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024