ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 28 » Օտարերկրյա ներդրումները կխթանվեն /Երկարաժամկետ զարգացում՝ ազգային կարողությունների միախմբմամբ/
13:22
Օտարերկրյա ներդրումները կխթանվեն /Երկարաժամկետ զարգացում՝ ազգային կարողությունների միախմբմամբ/

Կառավարության երեկվա նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ, նա անդրադարձել է հասարակությանը հուզող մի հարցի. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով։ Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում եւ շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթեւեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է։ Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչա՞փ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան եւ միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը եւ տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են։ Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, եւ մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը եւ արդյունքների մասին զեկուցենք նաեւ հանրությանը, ինչպես նաեւ ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ։ Պարոն Թովմասյան, Ձեր կարծիքով որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այս հարցերի պատասխանները ստանալու համար»։
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան.
–Պարոն վարչապետ, կարծում եմ 1–2 ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու։ Եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, եւս մեկ ամիս։ Այսինքն, 2–2,5 ամսվա ընթացքում, կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները կունենանք, որպեսզի շատ ավելի հիմնավոր եւ համապարփակ լուծումներ ունենանք, այլ ոչ թե տեղային, 1–2 խնդրով բավարարվենք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան.
–Շատ լավ, այդ դեպքում պարոն Գաբրիելյանի հետ պատրաստեք որոշման նախագիծ, այդ թվում՝ ներկայացրեք այն կազմակերպությունների ցանկը, որոնք ձեր կարծիքով ճիշտ կլինի ներգրավենք խմբի մեջ։ 


Սպասված որոշում
 

Գործադիրը նիստում սահմանել է, որ տրանսպորտային այն միջոցի, որի համար դրա օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբեւէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որեւէ այլ իրավախախտման դեպք 2011թ. հունվարի 1–ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վերը նշված հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաեւ արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31–ը։
«Սա սպասված որոշում էր»,–ասել է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով ԶԼՄ–ների օգնությամբ քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ։


Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը
 

ՀՀ կառավարությունը նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն եւ լրացումներ, որոնցով սահմանվել են ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ճանապարհային ոստիկանության ծառայություն եւ ՀՀ բանկեր առցանց ռեժիմով փոխադրամիջոցների համար գույքահարկի հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ տեղեկության տրամադրման ձեւը եւ ժամկետը։ Ակնկալվում է, որ որոշման գործադրմամբ կվերանա կամ հնարավորինս կնվազի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաեւ կկանոնակարգվի այդ գումարների ծրագրման եւ հավաքման գործընթացը։ Ըստ որոշումներին կից տեղեկանքների, դրանց ընդունմամբ իրավական այլ ակտերում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ պետբյուջեի եկամտային եւ ծախսային մասերում՝ նույնպես, իսկ սահմանված դրույթները համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։
Կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒԱԶ 31519» մակնիշի տրանսպորտային երկու միջոցը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որն զբաղվում է քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական, կենցաղային ոլորտի բարելավմանն ուղղված գործունեությամբ։


Հավանություն է տրվել երկրի հեռանկարային զարգացման ծրագրին
 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2014–2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին։
Գործադիրը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը»՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները։ Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձեւավորման համար։ Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձեւավորման շուրջ՝ հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները։
Ծրագրի հեռանկարը մինչեւ 2025 թվականն է։ Փաստաթղթում նախանշված են երկրի սոցիալ–տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները եւ սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաեւ հիմնական ռիսկերը։ Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական եւ ոչ նյութական բարեկեցության անշեղ ավելացումն է։ Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով՝
որակյալ եւ բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ։
ՀՀ կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորության ստեղծմանը։ Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի՝ սեփական պետության կողմից պաշտպանված եւ սոցիալապես ապահովված լինելու անվերապահ ընկալման ամրապնդումը։ ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ յուրաքանչյուրի մեջ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը։


Բարձրացնել սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակությունը
 

ՀՀ կառավարությունը որոշել է պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ 2009–2013թթ. ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2014թ. համար հաշվարկված՝ վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին հատկացնել մոտ 66 մլն դրամ։
Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված սահմանամերձ համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով նույն որոշմամբ հատկացվել է ավելի քան 23 մլն դրամ։
Եվս մոտ 18 մլն դրամ է հատկացվել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։
ՀՀ կառավարության՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության ամրապնդմանը եւ դրանց սոցիալ–տնտեսական զարգացմանը։
Գործադիրի որոշմամբ Երեւանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական եւ ապառազմական կազմակերպություն է եւ նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ։ Վերջին տարիներին ՀԿ–ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն։ «Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար,–ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։–Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»։ Նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ–ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը։


Գործադիրը կարեւորում է օտարերկրյա ներդրումները
 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին եւ հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին։ Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթեւացնելու քայլեր։ Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա։ «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենեւին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է»,–շեշտել է կառավարության ղեկավարը։
ՀՀ կառավարությունը երեկվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի 7–րդ հոդվածը, ըստ որի՝ ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրում իրականացնելու պահին գործող օրենսդրությունը։ Կառավարության եզրակացության համաձայն, գործադիրն առանձնակի կարեւորում է օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ պայմանների եւ նախադրյալների ստեղծումը, գտնում, որ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա այդ գործընթացի վրա, մանավանդ որ ներդրումները վերջին տարիներին անկայուն բնույթ են կրում եւ հետճգնաժամային տարիներին կտրուկ նվազման միտում ունեն։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը։ Օրինագիծը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Պերուի Հանրապետության կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագիր կրողների մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համանման համաձայնագրեր են ստորագրվել Հարավային Ամերիկայի մի շարք պետությունների՝ Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի հետ։
Կառավարության որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանող Հայկ Գեւորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչեւ ուսումնառության ավարտը՝ 2015թ. ձմեռային զորակոչ։ Հ. Գեւորգյանն ավարտել է Երեւանի պետհամալսարանի «Ռադիոֆիզիկա եւ էլեկտրոնիկա» մասնագիտության բակալավրիատը եւ մագիստրատուրան։ Այժմ նա հնարավորություն է ստանում ավարտել աշխարհի առաջատար բուհերից մեկը եւ ստացած գիտելիքն ու հմտությունը ներդնել հայրենի երկրում։


ՀԱԷԿ գործող էներգաբլոկը հոսանք կտա մինչեւ 2016թ. սեպտեմբեր
 

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը։ Նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը։ Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի եւ մսամթերքի, կաթի եւ կաթնամթերքի, մրգի եւ բանջարեղենի, հյութերի եւ հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո անհրաժեշտ կլինի տեղայնացնել։ Տեղայնացման ենթակա կլինեն նաեւ սննդամթերքի բոլոր տեսակների, այդ թվում՝ թարմ պտուղ–բանջարեղենի, ձվի եւ ձվամթերքի, ինչպես նաեւ գարեջրի հիգիենային եւ անվտանգությանը, մակնշմանը եւ շփվող նյութերին ներկայացվող պահանջները, թույլատրելի սննդային հավելումները, դրանց շուկայահանման ընթացակարգերը եւ այլն։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, գործադիրը հավանություն է տվել մինչեւ 2016թ. սեպտեմբեր դրա երկարացման ծրագրին։ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մինչեւ ս.թ. մայիսի 1–ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման նպատակով ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը։
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20–ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ եւ հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ–ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր եւ 125 միավոր հարակից սարքավորում։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել եւս 100 տրակտոր, կոմբայններ եւ սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1–ը։
Կառավարության որոշմամբ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման եւ շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավասու մարմիններ են նշանակվել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ–ը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Կառավարությունը պատրաստ է քննարկել «Ժառանգության» առաջարկը
 

ՀՀ կառավարությունը նիստում քննության է առել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին։ Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն։ Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ եւ շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ։ Սակայն ծագում են նաեւ մի շարք խնդրահարույց հարցեր. չի՞ տուժի, արդյոք, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել եւ քննարկել օրենքների նախագծերը։ Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։
Միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել, եւ դրա հետեւանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները։
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են սահմանել վերջին շրջանում սոցիալական ցանցերում մեծ տարածում ստացած կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն բովանդակող տեղեկատվության տարածումը կանխելու միջոցներ, մասնավորապես՝ լրատվական միջոցների պատասխանատվությունը։ Կարեւորելով եւ ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրն, այնուամենայնիվ, արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Կհամալրվեն ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները
 

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման եւ գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը եւ դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները։ Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում, համակարգվում եւ պահպանվում են մատնադրոշմային տեղեկությունները։
Նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձեւով, որի համար ուսումնառության ժամկետ է սահմանված վեց ամիսը։ Նկատի առնելով կրտսեր խմբի թափուր պաշտոնների արագ համալրման անհրաժեշտությունը, կառավարությունը մինչեւ 2016թ. հունվարի 1–ը ուսուցման ժամկետը կրճատել է երեք ամսով, որպեսզի սահմանված կարգով համալրվեն շուրջ 1500 հաստիքները։


Ավելի որակյալ եւ մատչելի բուժօգնություն
 

ՀՀ կառավարությունը հաստատել է՝
–սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման, ինչպես նաեւ առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձեւավորման եւ վարման կարգը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցփաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման որակի ու մատչելիության, այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում,
–«ՀՀ առողջապահության նախարարության «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցփաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների տրամադրման արտաբյուջետային հաշվի 2014թ. նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2014թ. պետբյուջեի եւ կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխություններն ու լրացումները,
–ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրով այդ միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը։


Հավանություն՝ քաղպաշտպանության գնահատման կարգին
 

Կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9–րդ, 14–րդ եւ 17–րդ հոդվածների պահանջը, կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն եւ լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Վերը նշված 9–րդ եւ 14–րդ հոդվածների համաձայն, հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից ընդունում պարտադիր կուտակային վճարների անհատական հաշվարկները եւ օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը, կամուրջ հաշիվ մուտքագրված եւ հաշվետվության մեջ նշված կուտակային վճարների մասով վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշիվ մուտքագրված գումարներից եւ ՀՀ պետբյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար եւ այլն։ Վերը նշվածը կարող է կատարվել սույն որոշման ընդունմամբ։
Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատման կարգին։ Քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է խնդիրների կատարմանը «պատրաստ է», «պատրաստ է մասամբ» եւ «պատրաստ չէ» արդյունքներով։ Գնահատական է տրվում ինժեներական պաշտպանության, ճառագայթային պաշտպանության, բժշկական պաշտպանության վիճակին, տարհանման միջոցառումների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությանը, բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպմանը, պահեստային կառավարման կետերի առկայության, կապի եւ ազդարարման համակարգի վիճակին։ Մինչեւ օրս ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման մեթոդական ուղեցույց չի եղել։ Որոշման նախագիծը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Կբարձրանա աշխատաշուկայի մրցունակությունը
 

ՀՀ կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ–ը վերանվանվել է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ–ն։ Նորաստեղծ ՊՈԱԿ–ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչի շնորհիվ կբարձրանա բժշկական օգնության եւ սպասարկման որակը, կբարելավվի ֆինանսական միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը առողջապահության բնագավառի ՊՈԱԿ տնօրենին ներկայացվող 65 տարին լրացած չլինելու պարտադիր պայմաններից մեկը տարածել է հարյուր տոկոս պետական սեփականությամբ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա՝ դրսեւորելով միատեսակ մոտեցում եւ նպաստելով աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը։
 
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 450 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024