ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Ո՞ւմ է վստահում ժողովուրդը. պատասխանը թողնենք իրեն /ՀՀ վարչապետը՝ էթիկայի հանձնաժողովի, ԵԺԿ—ի եւ «Հանրապետականի» ցուցակի մասին/
16:06
Ո՞ւմ է վստահում ժողովուրդը. պատասխանը թողնենք իրեն /ՀՀ վարչապետը՝ էթիկայի հանձնաժողովի, ԵԺԿ—ի եւ «Հանրապետականի» ցուցակի մասին/

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում ԱԺ—կառավարություն հարց ու պատասխանից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին։
–Պարոն վարչապետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ ՀՀԿ ցուցակով գործարարներ չեն առաջադրվելու, սակայն մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Ո՞րն է դրա պատճառը։
–Մենք հավատարիմ ենք մեր հայտարարություններին։ Հանրապետական կուսակցության ցուցակով Ազգային ժողով ձեռներեցներ մուտք չեն գործելու։ Այդ սկզբունքը պահպանվում է։
Պատգամավորները, կառավարության անդամները եւ բարձաստիճան պաշտոնատար անձինք իրենց դիրքը չպետք է օգտագործեն իրենց սեփական բիզնեսի համար։ Ինչպե՞ս մենք կարող ենք դրան հասնել։ Հայաստանում մենք առաջին անգամ ընդունեցինք օրենք, որը հնարավորություն է տալու իրացնել սահմանադրական այդ նորմը, մենք ստեղծում ենք էթիկայի հանձնաժողով, որն իր հսկողության տակ է պահելու նորմի իրականացումը։
Դա նշանակում է, որ նախարարներն ու պատգամավորները էթիկայի հանձնաժողովին ներկայացնելու են հայտարարագիր իրենց ունեցվածքի եւ գույքի վերաբերյալ՝ մինչեւ այս կամ այն պաշտոնը ստանձնելը։ Մենք թիրախավորել ենք հինգ հարյուր բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանք գտնվելու են ինչպես հանրության, այնպես էլ էթիկայի հանձնաժողովի հսկողության տակ։
Առաջին հերթին, եթե պաշտոնյան ստանձնում է պաշտոնը, ապա մենք պետք է իմանանք, թե ինչ ունեցվածքով է այն ստանձնում, եւ թե իր կառավարման տարիներին այդ ունեցվածքն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում, եւ որքանո՞վ է դա պայմանավորված իր պաշտոնական դիրքով կամ իր ունեցվածքի բնականոն աճով։
Այս ամենը պետք է գտնվի հանրության ուշադրության ներքո, որպեսզի գայթակղությանը՝ պաշտոնն օգտագործելու սեփական եկամուտների ավելացման համար, մենք օրենսդրորեն զսպաշապիկ հագցնենք, եւ մարդիկ այդ գայթակղությանը չտրվեն։ Մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Հասկանալի է, որ միանգամից այդ խնդիրը չի լուծվի, բայց երբ մարդիկ տեսնեն, որ բիզնեսով զբաղվելն ավելի հարմարավետ է, երբ իրենք նախարար կամ պատգամավոր չեն, ապա նաեւ այդ գայթակղությունից զերծ կմնան։
–Իսկ նույնը չե՞ն կարող անել հարազատների օգնությամբ։
–Դրա համար ստեղծվում է էթիկայի հանձնաժողով, որը պետք է պատասխան տա հանրությանը մտահոգող հարցերին՝ կազմակերպելով համապատասխան լսումներ, քննություն կատարելով եւ հրապարակային հաշվետվություն տալով հանրությանը մամուլում կամ հանրության շրջանում պաշտոնատար անձանց հետ կապված մտահոգությունների առումով։ Էթիկայի հանձնաժողովը կսկսի իր աշխատանքները եւ կպատասխանի ձեր հարցերին։
Վերահսկվելու է նաեւ պաշտոնատար անձանց հարազատների ունեցվածքը։ Պաշտոնատար անձինք էթիկայի հանձնաժողովին ներկայացնելու են հայտարարագիր ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց հետ փոխկապակցված անձանց գույքի վերաբերյալ։
–Մի քանի կուսակցություններ հայտարարել են իրենց համամասնական ցուցակները։ Որի՞ն եք Ձեզ մրցակից համարում։
–Կարծում եմ, որ դեռ ամբողջական ցուցակները հրապարակված չեն, եւ մամուլում կան անճշտություններ։ Այս երկու օրերի ընթացքում ցուցակները կհստակեցվեն, չնայած հիմնականն արդեն պարզ է։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ այդ հարցի պատասխանը տա մեր ժողովուրդը, ոչ թե մենք։
–Խոսակցություններ կան, որ ԵԺԿ—ի աջակցությունը ՀՀԿ—ին պայմանավորված է Ձեր եւ Արմեն Աշոտյանի լոբբինգով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
–Նման լուրեր տարածողներն ընդհանրապես չեն պատկերացնում, թե ինչ բան է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, թե ինչ մշակույթով է իրականացվում քաղաքականությունը Եվրոպայում, թե այդ կուսակցություններում ինչպիսի հարաբերություններ են տիրում եւ ինչպիսի որոշումներ են ընդունվում։ Դրանք ընդամենը զրպարտություններ են։ Ընդ որում, կարծում եմ՝ վիրավորական ե՛ւ ԵԺԿ—ի, ե՛ւ ՀՀԿ—ի համար։
Մենք մեր գործընկերների հետ աշխատել ենք չորս տարի։ Համատեղ սեմինարներ ենք անցկացրել՝ նվիրված արժեքային համակարգին, մանրակրկիտ ներկայացրել ենք մեր գաղափարախոսությունը, մեր արժեքները։ Այդ մարդիկ ուսումնասիրել են ՀՀԿ—ի ծրագիրը, թե որքանով է մեր գործելակերպը համապատասխանում մեր ծրագրին, կան արդյոք շեղումներ։ Հայաստան է եկել հատուկ առաքելություն, ընդ որում, այդ առաքելության կազմում ընդգրկված են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ։
Եթե մենք Արմեն Աշոտյանի հետ կարող էինք մի պարզ լոբբինգի արդյունքում այդպիսի գնահատականի արժանանալ, ապա, կարծում եմ, դուք ինքներդ կարող եք դատողություններ անել եւ գնահատականներ տալ։ Այդ խոսակցությունների նպատակն է՝ վարկաբեկել, չկարեւորել այս գործառույթը, բայց մտածող մարդիկ կարողանում են տարանջատել թացը չորից։
–ԲՀԿ—ն կոշտ քննադատության ենթարկեց երկրի տնտեսական վիճակն ու կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Արդյո՞ք այդ դիրքորոշումը Ձեզ համար հասկանալի է՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ—ն կոալիցիայի մաս է։
–Ես չեմ համաձայնի Ձեր գնահատականի հետ, որ դա կոշտ քննադատություն էր։ Այն խնդիրները, որոնք բարձրացնում է մեր կոալիցիոն գործընկերը, մշտապես գտնվում են ողջ իշխանական կոալիցիայի ուշադրության կենտրոնում։ Մեր նախարարները զբաղված են հենց այդ հարցերի լուծմամբ։ Մենք նույնպես բազմաթիվ խնդիրներ ենք բացահայտում, եւ, ընդհանրապես, ինքնաքննադատությունը լավ բան է։ Եթե իշխանություններն ինքնաքննադատաբար են մոտենում տարբեր հարցերի, ապա դա երաշխավորում է, որ այդ հարցերը հետագայում կշտկվեն։
–ՀՀԿ ցուցակում Դուք երրորդն եք, իսկ ՀՀԿ շտաբի պետը՝ երկրորդը։ Ինչպե՞ս կբացատրեք այդ քաղաքական տրամաբանությունը։
–Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ՀՀԿ—ում ընթանում են ժողովրդավարական գործընթացներ։ Առաջինը՝ մենք կուսակցության գործադիր մարմնում բավականին երկար ժամանակ ու մանրակրկիտ քննարկել ենք այն սկզբունքները, որոնցով պետք է ձեւավորենք ցուցակները։ Հասկանալի է, որ եթե մենք ղեկավարվենք ազգանուններով, անհատներով, միշտ խնդիրներ են լինելու, որովհետեւ մարդիկ իրենց կատարած աշխատանքի արդյունքները տարբեր կերպ են գնահատում, ուստի այստեղ կա սուբյեկտիվիզմի վտանգ։
Մենք բավականին երկար քննարկել ենք այն հարցը, թե ինչ սկզբունքներով պետք է ձեւավորվի մեր ցուցակը, այդ սկզբունքների շուրջ եկել ենք համաձայնության եւ դրանցով էլ կազմել ենք ցուցակը։ Դա շատ ողջունելի է, քանի որ տրամաբանությունը հասկանալի է մեր կուսակցական ակտիվի համար, որովհետեւ նրանք բոլորը մասնակցել են այդ սկզբունքների ձեւավորմանը։
Մեր կուսակցության սկզբունքը եղել է հետեւյալը. առաջին շարքը դա մեր կուսակցության գործադիր մարմինն է։ Դա պայմանավորված է ոչ թե պաշտոններով, այլ զուտ մեր ներքին կուսակցական աշխատանքի բաժանման սկզբունքով։ Հետագայում ցուցակում տեղ են գտել այն կուսակցությունները, որոնք սատարում են «Հանրապետականին» եւ ցանկանում են մեզ հետ միասին մասնակցել ընտրություններին։ Այնուհետեւ՝ երկրի գործադիր մարմնի անդամները, մարզպետները եւ պատգամավորները, որոնք, եթե մենք ստանանք ժողովրդի քվեն, մասնակցելու են պատգամավորական գործունեությանը։ Ցուցակում կան նաեւ այն մեծամասնական պատգամավորները, որոնց մենք աջակցել ենք։
–Ընտրություններից հետո Ձեզ օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում եք տեսնում։
–Այսօրվա դրությամբ մենք ոչինչ չենք բացառում։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ՀՀԿ—ն որքան ձայն կստանա, որից հետո մենք կքննարկենք եւ ըստ այդմ որոշումներ կընդունենք։ Ձեր հիմնական հարցադրումներից բխում է այն մտայնությունը, որ մենք ունենալու ենք բացարձակ մեծամասնություն եւ ձեւավորելու ենք ե՛ւ Ազգային ժողով, ե՛ւ կառավարություն։ Իհարկե, այդ սցենարն էլ ցանկալի է, եւ չի բացառվում, սակայն, կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ մենք այս հարցերին պատասխանենք ընտրություններից հետո։
–Ի՞նչ խնդիր եք լուծում՝ ՀՀԿ–ի ցուցակում, օրինակ, Մանվել Գրիգորյանին ներառելով։
–Մանվել Գրիգորյանը մի մարդ է, ով իր կենսագրությամբ ապացուցել է, որ ինքն այս պետության եւ ժողովրդի արժանի զավակն է։ Կարծում եմ՝ մեր ընտրողները հարգանքով են վերաբերվում մեր հերոսներին՝ մանավանդ արցախյան պատերազմի հերոսներին։ Կարծում եմ՝ Դուք էլ այդ հարգալից վերաբերմունքը պարտավոր եք տարածել հանրության մեջ, եւ հենց դրանով էլ պայմանավորված է, որ նման մարդիկ կան մեր ցուցակում։ Դուք ընդհանրապես կարող եք տեսնել, որ մենք ապահովել ենք մեր ցուցակում բազմազանություն՝ մտավորականներ, մշակույթի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դրա նպատակը այն է, որ ՀՀԿ—ն մի ուժ է, որը պետք է միավորի բոլոր կարող ուժերին։
–Մյուս կուսակցությունների ղեկավարներից քաղաքական «դինոզավրեր» եք բերում Ազգային ժողով։ Դա Ձեզ վնա՞ս, թե օգուտ կբերի։
–Քաղաքական գործիչներին տարբեր գնահատականներ են տրվում, սակայն ընտրությունները հենց այն պահն են, երբ պարզվում է՝ այդ գնահատականները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։ Այսօր մենք գնում ենք ժողովրդի մոտ այդ վստահության քվեն ստանալու համար։ Հենց ժողովուրդն էլ կորոշի, թե ով է հնամաշ, իսկ ով հմուտ եւ փորձառու քաղաքական գործիչ, ում է ուզում ժողովուրդը տեսնել։ Կարեն Դեմիրճյանի վերաբերյալ ասում էին, թե ինքը կոմունիստական ռեժիմի քաղաքական գործիչ է, սակայն անցան տարիներ, ժողովրդի վերաբերմունքը փոխվեց նրա նկատմամբ, եւ ինքն ունեցավ բավականին մեծ վարկանիշ։ Համաձայն չեմ, որ պետք է մեր քաղաքական գործիչներին այդպես բնութագրել։ Թողենք այդ հարցի պատասխանը մեր ժողովրդին։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 509 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024