ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 11:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի /Հայաստանում, Արցախում եւ այլուր ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը/
11:06
Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի /Հայաստանում, Արցախում եւ այլուր ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը/

Լրացավ Հայոց ցեղասպանության հերթական՝ 103—րդ տարելիցը։ Ու թեեւ ոճրագործն առ այսօր ժխտում է Օսմանյան կայսրությունում ծրագրված եւ իրականացված եղեռնը, աշխարհի ամբողջ հայությունը, ունենալով նաեւ առաջադեմ մարդկության աջակցությունը, ոգեկոչել է մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Երեկ Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ովքեր օրվա կապակցությամբ նաեւ ուղերձներ են հղել, Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանց ուղեկցել են կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ անմար կրակի մոտ հոգեհանգստյան պաշտոն է կատարել հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ են խոնարհել եւ մեկ րոպե լռությամբ հարգել սրբադասված նահատակների հիշատակը։
Ամբողջ օրը հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարել. այստեղ են այցելել նաեւ բազմահազար քաղաքացիներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արտասահմանյան երկրների դիվանագետներ, հյուրեր։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դա պայքար է ոչ թե ընդդեմ, այլ պայքար է հանուն՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման, հանուն նրա, որ ժխտողականությունը գլուխ չբարձրացնի»,–ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Նա հայտնել է, որ ՄԱԿ—ի ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 70–րդ տարեդարձի առթիվ Ազգային ժողովը մեծ ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր երկրներում, ինչպես, օրինակ, Սլովակիայում, Կիպրոսում, Հունաստանում, մերձբալթյան երկրներում. «Սրանով ցանկանում ենք եւս մեկ անգամ ասել՝ մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն, դրանք պետք է դատապարտվեն այնքան ժամանակ, մինչեւ ինքը՝ դահիճը եւ ոճրագործը, չի ճանաչել այդ ցեղասպանությունը»։
«Անցյալից մենք պետք է դասեր քաղենք, ամբողջ աշխարհը պետք է հետեւություն անի։ Իհարկե, նման ոճրագործությունները կանխելու համար միայն դասեր քաղելը քիչ է, մենք պետք է շարունակենք մեր ձայնը բարձրացնել։ Ամբողջ աշխարհը պետք է նման ոճրագործությունների դեմ պայքարի, որ այլեւս այդպիսի բան չկրկնվի։ Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների կատարած ոճրագործությունը»,–ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ապրիլի 24—ի խորհուրդն է համարում Հայոց պետականության ամրացումը, ժողովրդի պահանջատիրությունն ազգային եւ պետական խնդիրների նկատմամբ։ Նա նշել է. «Կարծում եմ՝ Հայոց պետականության վերածնունդը, որի 100—ամյակը նշելու ենք շուտով, նաեւ Եղեռնից քաղված դասերի արդյունք է։ Ներկայիս անկախ, ինքնիշխան պետությունում, որը բոլորիս համար թանկ է, կան անցյալի հուշեր եւ մի շատ կարեւոր բաց թողնված դաս. պետք է մեր պետությունը, պետականությունը պահել միայն միասնական եւ ուժեղ բռունցքված լինելով, մեր շուրջը լավ հասկանալով, մեզ լավ ճանաչելով եւ մեր ապագան հնարավորինս պարզ տեսնելով»։
Նրա խոսքով՝ մեր պահանջատիրությունը, ցեղասպանության վերաբերյալ զգայուն մոտեցումը, սերունդներից եւ աշխարհից ունեցած ակնկալիքները բխում են նաեւ նրանից, որ հայերն ակամայից դարձել են մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից մեկի զոհերը. «Մենք դարձել ենք ամենամեծ հանցանքն այլեւս կրկնելի եւ հնարավոր չդարձնելու առաջամարտիկը, եւ մեզ հաջողվել է անել դա տարիների ընթացքում անընդհատ խնդիրը բարձրաձայնելով, անընդհատ մերժողականության դեմ պայքարելով»։
Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ ապրիլի 24—ի խորհուրդը մեկն է՝ ամրացնել պետականությունը եւ միշտ պահանջատեր լինել ազգային եւ պետական խնդիրների նկատմամբ։
Հայաստանի տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը։
«Ամեն տարի այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ մեր աշխատանքով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի հայերին, դատապարտի Հայոց ցեղասպանությունը»,–ասել է Վահան Մարտիրոսյանը։
Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն առաջին հերթին կարեւոր են այն բանի նրա համար, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործություններն այլեւս չկրկնվեն։
«Հարյուրամյակի միջոցառումների շրջանում մենք սրբադասեցինք մեր նահատակներին, որոնք 1915 թվականին դարձան մարդկային չարիքի զոհ։ Այստեղ կա կարեւոր խորհուրդ. 100—րդ տարելիցից հետո արդեն հարգանքի տուրքն ուղղված է սրբադասված նահատակների հիշատակին»,—ասել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ նշանակալի քայլն այն է, որ Հայաստանը ստանձնել է կարեւոր դերակատարություն ամբողջ աշխարհում նման երեւույթները խստորեն դատապարտելու հարցով. «Կրոնի եւ ազգային հիմքով չի կարելի ատելություն սերմանել ու բնաջնջել ժողովրդին աշխարհի երեսից»։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի խոսքով, առաջին կարեւորագույն դասը, որ պետք է սերտել, պետության ամուր պահպանությունն է։ «Ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք ապրում, դրա համար անհրաժեշտություն կա, որ մեր երկրում տրամաբանությունը, խելամտությունը գործի մշտապես. դա առաջին դասն է, եթե մենք դա չենք պահպանելու, մենք մշտապես ունենալու ենք խնդիրներ»,—ասել է նա։
Դավիթ Լոքյանը նշել է, որ աշխարհում բազմաթիվ ազգեր կորցրել են պետականություն, պետություն՝ չպահպանելով տարրական կանոններ։
«Մենք նոր ձեւավորված՝ 25 տարվա պետություն ենք, եւ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, ինչ քաղաքական դավանանք ունի, իր համար առաջնային պետք է լինի այս կանոնների պահպանությունը, եթե դրանք պահպանենք, մենք երբեք չենք ունենա 1915 թվական»,—ասել է նա։
Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում, վստահ է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ «Վստահ եմ՝ Թուրքիան նաեւ կպարտավորվի հատուցում կատարել։ Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի։ Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ, եւ մեր քաղաքական պատասխանատուները ապրիլի 24—ի շեմին կարողացան կամք դրսեւորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից եւ երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից»,–ասել է նա։
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ այս համընդհանուր կեցվածքը պետք է նոր էներգիա տա բոլորին եւ մղիչ ուժ դառնա՝ կողք կողքի գալու ու համախմբվելու համար։
«Որ կարողանանք համախմբությամբ մշակել այն ծրագրերը, որոնք կարողանան երկրի հիմնական հարցերին լուծում բերել եւ երկիրը առաջ տանել։ Հիմա դրա մասին պետք է մտածենք»,—ավելացրել է Հրանտ Մարգարյանը։
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը զգում է, որ Թուրքիան արդեն պարտավորվում է անել այնպիսի քայլեր, որոնք մենք 10—20 տարի առաջ չէինք էլ ենթադրել։
«Զգում ենք, որովհետեւ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է միջպետական հարաբերությունների մղիչ հարց, միջազգային կառույցների, օրվա խնդիր եւ Թուրքիայի խնդիրը»,—ասել է նա։

Դիտումներ: 13 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018