ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 23 » Ով է ավելի համոզիչ /Ընտրողներին կողմնորոշելու համար դեռ ժամանակ կա/
12:30
Ով է ավելի համոզիչ /Ընտրողներին կողմնորոշելու համար դեռ ժամանակ կա/


Նրանց անհրաժեշտ է 54 մանդատ
 

Երեկ «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Նուբարաշենում։ Դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թակել է մարդկանց դռները եւ բաժանել իրենց դաշինքի նախընտրական բուկլետները՝ նշելով, որ ինքն այդտեղ է առաջադրված։ Նա իր այդ քայլը բացատրում է նրանով, որ օրերս Նուբարաշենի բնակիչները բողոքել էին, թե իրենք ծայրամասում են ապրում, ու ոչ ոք չի գնում իրենց ծրագրերը ներկայացնելու։
Դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Ելքն» ունի 54 մանդատի ակնկալիք։
«Նոր Սահմանադրության համաձայն, եթե չունենանք 54 մանդատ, չենք կարողանա վարչապետ նշանակել եւ կառավարություն ձեւավորել»,—բացատրել է պատգամավորը՝ քաղաքացիներին հորդորելով չփոշիացնել իրենց ձայները եւ քվեն տալ իրենց։
«Առանց կասկածելու՝ ձեր ձայնը տվեք դաշինքին։ Դուք գիտեք, որ ես ու Նիկոլ Փաշինյանը տարաձայնություններ ունեինք, բայց հանուն Հայաստանի տեսլականի՝ ամեն ինչ մի կողմ ենք դրել»,– ընդգծել է նա։
«Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց ասում ենք՝ «Ելք կա»։ Մեր հիմնական ուղերձը հետեւյալն է. վստահեք մեզ եւ տվեք ձեր քվեն, իսկ մենք կօգնենք լուծել ձեր խնդիրները»,–նշել է դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Զարուհի Բաթոյանը, որն առաջադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում համակարգային փոփոխություններ բերելու համար։
Բաթոյանի խոսքով, մարդիկ շատ ջերմ են ընդունում իրենց, ինչը հույս է տալիս կարծելու, որ ԱԺ—ում բավարար ներկայացվածության պարագայում «Ելքը» ընդդիմադիր այլ ուժերի հետ կկարողանա հակակշռել իշխանությանը։


Կարող են վերացնել ստվերը
 

«Այն ծրագիրը, որ ներկայացնում է Հրանտ Բագրատյանը, նշանակում է, որ նվազագույն կենսաթոշակը հասնելու է առնվազն 73 հազար դրամի, նվազագույն աշխատավարձը՝ 110 հազար դրամի»,–հանրային հեռուստատեսության եթերում տարվող քարոզարշավային տեսահոլովակում ասել է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը։ «Մենք կարող ենք երկուսից երեք ամսում վերացնել ստվերը։ Յուրաքանչյուրի կյանքը բարելավելով առնվազն 35 տոկոսով՝ Հայաստանում աղքատությունը կրճատել առնվազն երկու անգամ, ստեղծել 140 հազար աշխատատեղ։ Մենք հստակ ցույց կտանք, թե ինչպես կարող ենք դա ապահովել։ Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք այն Հայաստանը, որտեղ չի լինելու քաղցած, ճնշված քաղաքացի»,–նշել է Քոքոբելյանը։
«Գործող իշխանության ամենամեծ հակառակորդը մենք ենք։ Փոքր բիզնեսը պետք է քիչ հարկվի»,–նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։


Ծրագիր՝ լավ ապրելու համար
 

Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանում վատ ապրելու պատճառները գիտեն բոլորը, դրա համար ՀՎԿ—ն առաջարկում է իր ծրագրերը. «Մենք ուզում ենք, որ լինի հաշվետու իշխանություն։ Մենք խոստանում ենք ավանդների վերադարձ հաղթելու դեպքում, պրոֆեսիոնալ բանակի ստեղծում, 18 տարեկան քաղաքացին չպետք է կանգնի սահմանին։ Այսօր բազմաթիվ մարդիկ կան, որ մի փոքր վերապատրաստումից հետո պատրաստ են կանգնել սահմանին եւ դրա դիմաց վճարվել։ Մենք առաջարկում ենք մարզկենտրոնների ձեւավորում, գյուղատնտեսության ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացում եւ առաջարկում ենք հիմնավորված՝ ապրանքային վարկի միջոցով»։
Նա կոչ է արել ապրիլի 2—ին քվեարկել փոփոխությունների օգտին։ Կարեւորել է առաջիկա ընտրությունների դերը եւ առաջարկել ընտրողներին իրենց ընտրությունը կատարել համեմատության մեջ։ Նրա խոսքով՝ այն, ինչ առաջարկում է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, Հայաստանին հույս է բերելու։
«Այնքան հրաշալի բաներ կան անելու Հայաստանում։ Մենք ունեցել են 5 պատգամավոր եւ 200 օրենքների հեղինակ ենք։ Բազմաթիվ լուսավոր ծրագրեր ու գործեր ենք իրականացրել, սակայն մի շարք ծրագրեր անավարտ են մնացել։
Ասում ենք՝ հեղափոխություն մեր հոգիներում ու գաղափարներում։ Ժողովենք մեր կոլեկտիվ խելքը, բացատրենք մեր կողքիններին, որ կարելի է շատ արագ փոփոխություններ իրականացնել երկրում։ Մենք չենք պայքարում, որ դառնանք ընդդիմություն, քանի որ իշխանությունն է հնարավորություն տալիս փոփոխություններ կատարել»,–ասել է կուսակցության ղեկավարը՝ հավելելով, որ ունեն գիտելիքներ, փորձառություն եւ ուզում են կյանքի կոչել իրենց ծրագրերը։
Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատությանն» ասել է, որ կուսակցությունը կոալիցիա կազմելու հարցը չի քննարկել. «Նախ մենք պետք է մեր գրպանի լոբիները հաշվենք։ Սպասենք, ընտրությունները տեղի ունենան, հետո նոր կորոշենք՝ ինչ պետք է անենք հետագայում։ Մենք այդ մասին ընդհանուր առմամբ ասել ենք, որ մենք կոալիցիա կկազմենք այն դեպքում, եթե մենք ունենանք փաստացի ազդեցություն որոշումների կայացման վրա»։


Նրանց պետք է 50+1 ձայն
 

«Մենք հրաժարվեցինք կոալիցիա մտնելուց, որովհետեւ չէինք կարող մեր ծրագրերն իրականացնել, իսկ մենք ձեզ խոսք էինք տվել»,–Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։
«Այսօր սովորական մարդկանց շատ բան պետք չէ, պայման ու հնարավորություն է պետք»,–ասել է նա՝ ավելացնելով, որ դաշինքի ներկայացրած 15 կետերը վերաբերում են բոլորին ու բոլոր ոլորտներին։
Նա նշել է, որ տարեցտարի սոցիալական վիճակը վատանում է, մարդիկ չեն կարողանում ապրել բարեկեցիկ կյանքով, աշխատում են միայն բանկերի համար. «Մեր բոլոր առաջարկները հնարավոր է անել, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է կամենալ, ցանկանալ, ժողովրդին սիրել, նրա մասին մտածել, նրան հնարավորություն տալ։ Այսօր մեզ պետք է 50+1 ձայն, որ մենք կարողանանք անմիջապես լուծումներ տալ։ Բոլորի լուծումը ունենք, միայն պետք է բյուջեի գումարները նպատակային ծախսվեն, ներդրումները լինեն համամասնական՝ ըստ մարզերի, գյուղերի»։
Ծառուկյանը հորդորում է ընտրողներին ապրիլի 2—ին ընտրություն կատարելիս հիշել, թե տվյալ քաղաքական ուժն ու անհատն ինչ են արել, ոչ թե ինչպիսի նախընտրական ծրագիր են ներկայացրել, քանի որ, ըստ, նրա, այնպիսի նախընտրական ծրագրեր կան, որ թվում է՝ Շվեյցարիայում ես գտնվում. «Անկախ ամեն ինչից, թե ում կընտրեք, 15 կետերը պիտի կատարվեն, թե չէ ավելի վատ կլինի։ Այնպես որ ընտրողը դուք եք, այնպես որ ոչ մի բանի համար ոչ մեկին չմեղադրեք»։
Դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել նաեւ Կապան քաղաքում։ Ծառուկյանը նշել է, որ Սյունիքի մարզը հանդիսանում է պետության «սիրտը», քանի որ այն հանքարդյունաբերական ոլորտի ամենախոշոր տարածաշրջանն է։ Նա սյունեցիներին խոստացել է իշխանության գալու դեպքում կարգավորել նաեւ այդ ոլորտը, կանոնակարգել գերշահույթները, կրկնապատկել աշխատավարձերը։
Այնուհետեւ դաշինքի առաջնորդը հորդորել է բոլորին մասնակցել ընտրություններին, եթե նույնիսկ հարցնում են, թե ում են ընտրելու, հստակ պատասխան չտալ։
Իսկ ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա դաշինքից պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը լրագրողներին ասել է, որ դաշինքը բացառում է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելը։
Նրա խոսքով՝ երկրի զարգացման վերաբերյալ երկու քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները զգալիորեն տարբերվում են. «Մենք վստահ ենք, որ դեպի հաղթանակ ենք գնում։ Եթե մենք հաղթենք եւ կառավարություն ձեւավորելու ինքնուրույն հնարավորություն ունենանք, բնականաբար, կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կիսում են մեր մոտեցումները, մեր ծրագրային դրույթները։ Մենք դեպի հաղթանակ ենք գնում, բայց քաղաքական մենաշնորհի ձգտմամբ չենք տառապում»։


...Եվ ոչ մի Ալիեւ չի դիմանա ճնշմանը
 

«Խաղաղության ծրագրի արծարծումը խորհրդարանական ընտրարշավի ժամանակ նպաստում է արցախյան կարգավորման հարցում Հայաստանի միջազգային դրական ընկալմանը»,–լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Աժ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը։
Նա նշել է որ քարոզարշավի ընթացքում նկատել է՝ «Կոնգրես—ՀԺԿ»—ի խաղաղության ծրագիրը հավանության է արժանանում հատկապես ավագ սերնդի տղամարդկանց եւ, ընդհանրապես, կանանց շրջանում։ Հակառակը, ըստ պատգամավորի, ավելի երիտասարդ սերունդն ավելի դժվար է ընկալում գաղափարը։
Արամ Մանուկյանը նշել է, որ ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր ուժերը հանդես են գալիս միատեսակ խոստումներով՝ աշխատատեղերի, թոշակների ու աշխատավարձերի բազմապատկման մասին, բայց քիչ թե շատ վերլուծող մարդիկ հասկանում են, որ այդ խոստումները իրատեսական չեն. «Եթե անգամ դա ականջի համար հաճելի է, բանական մարդը հասկանում է, որ դա անիրականանալի է։ Եվ այստեղ է, որ մենք շահեկան վիճակի մեջ ենք հայտնվում, որովհետեւ քաղաքացին փորձում է գտնել գաղափար, ծրագիր։ Եվ այդ առումով, որքան էլ մեր մոտեցումը հակառակորդներ ունենա, այնուամենայնիվ, սկսել է աշխատել»։
Նա ընդգծել է, որ խաղաղության ծրագիրն առաջ մղող հայկական կողմը առավելության կհասնի Ադրբեջանի նկատմամբ այնքանով, որ գերտերությունների ճնշման դեմ կմնա մենակ, «եւ ոչ մի Ալիեւ, անգամ՝ բազմապատկած հինգով, չի դիմանա այդ ճնշմանը»։
«Սպիտակով խաղացողը նախաձեռնության տերն է, մանավանդ, որ գերտերությունները հակված են լուծելու խնդիրը, այդ թվում եւ հատկապես՝ Ռուսաստանը։ Կարծես թե Ռուսաստանի խնդիրները՝ կապված Սիրիայի, Թուրքիայի, Ղրիմի հետ, մեղմացել են, եւ այժմ Ռուսաստանը կարող է ու շահագրգռված է լուծված տեսնել խնդիրը»,–նշել է պատգամավորը։


Ոչ թե խոստում, այլ բեռ վերցնելու պատրաստակամություն
 

ՀՀԿ ներկայացուցիչները երեկ կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հանդիպել են Շիրակի մարզի ընտրողների հետ։ Վարչապետը նշել է, որ այսօր կառավարությունում ձեւավորված թիմը շատ լավ հասկանում է՝ եթե հանրությունն իր վստահության քվեն տա իրեն, այդ թիմն առնվազն 5 տարի անքուն գիշերներ է ունենալու, մարդավարի կյանք չի ունենալու եւ զրկված է լինելու հանգստանալու հնարավորությունից։
«Բայց ինչո՞ւ ենք մենք սրա տակ մտնում։ Որովհետեւ շատ անհանգիստ ենք մեր վաղվա օրվա համար, շատ անհանգիստ ենք մեր երեխաների համար։ Ես չափազանց անհանգիստ եմ, թե ինչպես ենք զարգանալու, չափազանց անհանգիստ եմ ապակայունացումից, որովհետեւ մենք խնդիր ունենք Արցախում։ Ես ձեզ որեւէ խոստում տվե՞լ եմ։ Իմ խոսքերը ոչ թե խոստումներ են, այլ մեծ պատրաստակամություն՝ ծառայելու եւ ինձ վրա բեռ վերցնելու»– հավելել է Կ. Կարապետյանը։
Նա այցելել է Արթիկի եւ Ախուրյանի տարածաշրջանների մի շարք գյուղական համայնքներ՝ Մեծ եւ Փոքր Մանթաշներ, Սարալանջ, Նահապետավան, Հոռոմ, Ազատան եւ Ար—իկ։ Համայնքներում նա ծանոթացել է այն խնդիրներին, որոնք հուզում են գյուղացուն. դրանք հիմնականում առնչվում են գյուղատնտեսության ոլոտին՝ բերքի իրացում, խմելու ու ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ։ Այնուհետեւ Կ. Կարապետյանն այցելել է Գյումրի։
«Մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով եւ արձանագրված առաջընթացով»,–ասել է Կարեն Կարապետյանը Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ։
«Վստահ ենք, որ մեր ծրագիրն իրագործելի է, քանի որ դա ցույց ենք տալիս մեր 6 ամսվա փորձով՝ կատարված աշխատանքով եւ արձանագրված առաջընթացով»,–հայտարարել է նա։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը, տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումների տրամաբանությունը եւ վերջնական նպատակը. «Բոլոր ոլորտներում լավ ապրելու համար մենք արդյունավետության պակաս ունենք։ Օրինակ, մեր գյուղատնտեսությունը գնում է ոչ ճիշտ ուղղությամբ։ Ուժեր կան, որոնք ասում են՝ մեր պապական մեթոդներով պետք է առաջ գնանք։ Եթե մեր պապական մեթոդներով գյուղատնտեսությունում առաջ գնանք, վարի ենք գնալու, որովհետեւ դա բացարձակ սխալ ուղղություն է։ Ամբողջ աշխարհն այսօր նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում»։


Կապահովեն յուրաքանչյուրին
 

«Հայաստանի ողջ կոմունիստներն այսօր դուրս են եկել իրենց սիրելի ժողովրդի առաջ ասելու՝ մենք կանք եւ պատրաստ ենք ձեր կողքին կանգնելու»,–Հանրայինի եթերում ասել է «Առաջադիմական կոմկուսի» ղեկավար Վազգեն Սաֆարյանը։ «Ձեզ հետ միասին մենք Հայաստանում կստեղծենք սոցիալական արդարության բարձր մակարդակ։ Յուրաքանչյուր մարդու կձգտենք ապահովել աշխատանքով, բուժվելու եւ անվճար սովորելու հնարավորությամբ»,–նշել է նա։


Տվեք մեզ իշխանություն եւ...
 

«Գնացեք ապրիլի 2—ին, վերցրեք համար 8 քվեաթերթիկը եւ դուք չեք փոշմանելու, վստահեցնում եմ»,–Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան—Րաֆֆի—Օսկանյան» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա թալինցիներին ասել է. «Տվեք ինձ իշխանություն եւ մոտ 15—20 մարդ, եւ ես ձեզ կտամ զարգացած ու ծաղկուն Հայաստան»։
Չնայած մարտի 20—ին Ապարանում կայացած նախընտրական քարոզարշավին էր միացել Րաֆֆի Հովհաննիսյանը, թալինցիների հետ հանդիպմանը նա կրկին բացակայում էր։
«Հայաստան եկող սպառնալիքներն այնքան արագ են զարգանում, որ մենք իրավունք չունենք էվոլյուցիոն ճանապարհով, դանդաղ տեմպերով որոշումներ ընդունել եւ փորձել առաջընթաց ապահովել Հայաստանի համար»,–հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ իր համար որոշումներ ընդունելու եւ ծրագրեր մշակելու համար ամեն ինչի հիմքում դնում է երկրի անվտանգությունը. «Եթե այսօր ռազմական անվտանգությունը գտնվում է բարվոք վիճակում, ապա մենք կարող ենք ասել, որ անվտանգության այլ բաղադրիչների մեջ՝ տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, գիտական, կրթական, առողջապահական, մենք բավականին մեծ թերություններ ունենք։ Եվ դա է ստիպել, որ ես, խոր վերլուծելով իրավիճակը, տեսնելով՝ ինչ խաղի կանոններ կան Հայաստանում, որոշում եմ ընդունել մեր գաղափարակից ընկերների հետ քաղաքական այս կառույցը ձեւավորել եւ գնալ պետական համակարգի փոփոխությունների։ Դրանց կարիքի մասին ոչ միայն ես, ոչ միայն մեր գաղափարակիցները, այլ ողջ ժողովուրդն է խոսում»։
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ հաջողության հասնելու համար պետք է թռիչքային, կոշտ փոփոխություններ արվեն, շուկան ազատականացվի մենաշնորհները վերանան, կոռուպցիայի, անարդարության դեմ պայքարել. «Մեծ ռեսուրսներ այդ խնդիրների լուծման համար չեն պահանջվում, այլ անհրաժեշտ է քաղաքական կամք, վճռականություն, ամուր բռունցք, ամուր ձեռք, մենք պատրաստ ենք դրանք իրականացնելու մեր անցած ճանապարհով, մեր փորձառությամբ»։
Արթիկում Վարդան Օսկանյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի կազմը միանգամից բոլոր ուղղություններով բանակցային սեղանի վրա առավելություններ կստանա։ Նույն վստահությամբ նա հայտարարել է, որ արդեն հնարավոր է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը։


Պայմանը՝ «զարգանալ՝ չզիջելով»
 

«Անցած քսանհինգ տարիները փաստում են, որ մեր սերնդի արժանապատիվ կյանքն ապահովելու, նրա ազգային նպատակներից չշեղվելու պայմանը «զարգանալ՝ չզիջելով» կարգախոսով առաջ շարժվելն է»,–Հանրային հեռուստատեսությամբ տարվող քարոզարշավի ընթացքում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա ընդգծել է, որ դա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է։ «Հակառակը հեշտ է, բայց կործանարար, հետեւաբար այդ կարգախոսը նշանակում է, որ Արցախի ազատագրված տարածքները ոչ թե բեռ են, որից պետք է օր առաջ ազատվել, այլ զարգացման մեծագույն հնարավորություն»,–ընդգծել է Ռուստամյանը։
«Ոչինչ հնարավոր չէ փոխել, եթե ժողովրդի մտածելակերպը չփոխվի։ Մարդիկ վախենում են ընտրել առանց թելադրանքի»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ պատգամավորության թեկնածու Անահիտ Հարությունյանը։
«Ամեն բան կախված է մեզնից։ Ապրիլյան պատերազմին մենք ցույց տվեցիք, որ մի ամբողջ միավոր ենք, նույնը պետք է ցույց տանք նաեւ ընտրությունների օրը՝ գնալու դեպի արդար Հայաստան։ Կարծում եմ՝ այս ընտրություններին ՀՅԴ—ն ավելի շատ քվոտաներ կունենա։ Ինչո՞ւ. որովհետեւ ազգաբնակչության մոտ Դաշնակցության հանդեպ վստահության մեծ չափաբաժին կա»,–ասել է պատգամավորության թեկնածուն։ hhpress.am

Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 8 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017