ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 14 » Ուղենշվել են կառավարության անելիքները /Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում/
10:30
Ուղենշվել են կառավարության անելիքները /Ներդրումների խրախուսում, բանակի զարգացում, աղքատության կրճատում/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ նշել. «Դեկտեմբերի 9—ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մեր կառավարության առաջին նիստն է, եւ ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջեւում են, ինչը նշանակում է, որ մենք առնվազն որոշ բաներ հասցրել ենք անել, ինչը Հայաստանի քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»։
Վարչապետի պաշտոնակատարը ուղենշել է կառավարության՝ առաջիկա շրջանի մի քանի կարեւոր անելիքները. «Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, եւ պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, եւ այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, եւ իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար։ Հույս ունեմ, որ որեւէ ազդակ չեմ ստանա որեւէ պաշտոնյայի մասին, որ որեւէ ներդրումային նախագծի առջեւ խոչընդոտներ են հարուցվում եւ այլն։ Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից է, որ մենք պետք է ներդրումների եւ ընդհանրապես տնտեսական գործունեության համար անհրաժեշտ բյուրոկրատական քաշքշուկների՝ օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնենք եւ հնարավորինս պարզեցնենք ընթացակարգերը, որպեսզի նաեւ այդ առումով դե յուրե որեւէ արհեստական խոչընդոտ չլինի։ Հետեւաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, եւ պետք է շատ արագ դրա համար բարենպաստ միջավայր եւ պայմաններ ստեղծել։
Երկրորդ կարեւորագույն անելիքը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է։ Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել ռազմարդյունաբերական համալիրում, եւ այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաեւ Հայաստանում ինժեներական եւ տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարեւոր անելիքներից է։
Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է։ Սրա մասին մենք խոսել ենք նաեւ նախընտրական շրջանում, եւ ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար։ Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք։ Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաեւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»։
Հաջորդ կարեւոր ուղղությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը։ «Խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել բուհական համակարգի եւ գերատեսչական համակարգի միջեւ, եւ մենք պետք է նույնականացնենք եւ ունենանք միասնական բուհական համակարգ, որը կոնկրետ խնդիրներ լուծի»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Նիկոլ Փաշինյանը մյուս կարեւոր խնդիրը համարել է առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումների իրականացումը, որի նպատակը հանրության լայն շերտերի համար ծառայությունների հասանելիության ապահովումն է։ «Կարեւորում ենք նաեւ պետական կառավարման համակարգի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման խնդիրը, որը նույնպես նախընտրական շրջանում եւ ընդհանրապես բազմիցս քննարկել ենք։ Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի եւ բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը։ Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը եւ աղքատությունն էականորեն նվազեցնելը։ Ունենք քաղաքացիների մանդատը եւ այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ եւ աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհով»,–ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։

Քայլեր արդյունավետության բարձրացման ուղղությամբ

Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը եւ վերջինիս լիազորությունների իրականացումն ապահովել նախարարության կառուցվածքում ստեղծվող ստորաբաժանման միջոցով։ Ընդ որում, նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։
Խնդրի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, անդրադարձ է եղել հարցի վերաբերյալ Համաշխարհային բանկի արտահայտած մտահոգություններին։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, ընդգծել է, որ 2019թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում կոնկրետ հանձնարարականներ է տվել։ «Հիմա ես նորից վերադառնալու եմ այդ թեմային, եւ վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս համատեքստում չեն կատարել։ Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է «ծիգիզմի», «պոակիզմի» եւ «հիմնադրամիզմի» տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք է քննարկել։ Ոչ մի բան նորից պետք է չքննարկենք. ի՞նչ է ԾԻԳ—ը՝ «պադավատներ» են, «ատկատներ» են, կոռուպցիա է, կոռուպցիայի ամենամեծ օջախներն են այսօր. գնացեք, մտեք ցանկացած ոլորտ, շուտով հերթով կբացահայտվեն։ Եվ, այո, հերիք է, ամեն անգամ ասում են՝ նախարարությունում, գիտեք, աշխատողները կարողություններ չունեն։ Այդ նախարարություններն ուրեմն լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաներին սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի, ու հետո ասում ենք պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք։ Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան պետական կառավարման համակարգեր, երբ մարդիկ ստանում են բոլորից բարձր, 10 անգամ բարձր աշխատավարձ։ Ի՞նչ է, իրենք արտոնյալնե՞ր են։ Ես ասում եմ՝ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, ես հիմա կանդրադառնամ, եւ այն պաշտոնյաները, որոնք, եթե պարզվի, հանձնարարականները չեն կատարել, այսօրվանից թող իրերը հավաքեն, գնան իրենց գործին։ Շատ հստակ եմ ասում»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ծրագրերի իրականացմանը վերաբերող մտահոգությանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում ծրագիրն իրականացրել ենք։ Հիմա «Հյուսիս—հարավ» ծրագիրն էլ ենք իրականացրել, ի՞նչ ենք իրականացրել. բռնել, թալանել ենք «Հյուսիս—հարավ» ծրագիրը։ Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետեւ չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան, եւ ես դրա մասին խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից։ Մենք ունենք քաղաքական մոտեցում, եւ այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»։
Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման կարեւոր բաղադրիչներից է համարել աշխատավարձերի բարձրացումը. «Դա մենք, ըստ էության, արդեն իրականացնում ենք։ Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ եւ համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց։ Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետեւ մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում։ Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, եւ կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, որոնք կարողություններ չունեն, եւ կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, եւ, ընդ որում, նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առաջ։ 

Կառավարությունը կփոխհատուցի 

Կառավարության որոշմամբ 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ 2016թ. ապրիլի 2—6—ը ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը բազմաթիվ դիմումներ եւ հարցումներ է ստանում վերոնշյալ անձանցից՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում ստանալու խնդրանքով։ Նախարարությունը քննարկել է հարցը եւ, հիմք ընդունելով նախորդ տարիների ցուցանիշները, նախատեսում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողներին ու երկու եւ ավելի երեխա ունեցող 112 ուսանողներին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերը կզեղչվեն 20 տոկոսով, իսկ երկու եւ ավելի երեխա ունեցողներինը՝ 100 տոկոսով։ Վերջիններիս համար նախարարությունը նախատեսում է տրամադրել եւս 30 մլն դրամ։ 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայում Կենտրոնական բանկի հետ քննարկվում են ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման տարբերակները։ «Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի։ Բայց ընդհանուր առմամբ մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որեւէ սպառնալիք չառաջանա։ Նրանք իսկապես պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաեւ խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձեւավորելու համար»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ 13,762.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018—2019թթ. ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով։ 2018թ. ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող։ Ըստ հիմնավորման՝ 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, 50 տոկոսը՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին։ Իսկ 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50 տոկոսը վճարում է ուսանողը, իսկ 50 տոկոսը՝ պետբյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ։
 

«Dasaran» կրթական հարթակում կստեղծվի նոր մշակութային բաժին


ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը։ Նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի եւ ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում անվճար այցելել 3 մշակութային կենտրոն։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է 11604.0 հազար դրամ տրամադրել Dasaran կրթական հարթակում նոր մշակութային բաժնի ստեղծման համար։ Վերոնշյալ գումարն առաջացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի դադարեցման հետեւանքով։ Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380000 աշակերտի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից եւ մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ կրթության եւ գիտության ու ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» եւ «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով կհատկացվի 82795.0 հազար դրամ գումար։ Ծրագրերի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում մշակութային կրթության բաղադրիչի բացը, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, ընդլայնել քաղաքացիական գիտակցության եւ արվեստի ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։
ՀՀ կրթության եւ գիտության ու ՀՀ մշակույթի նախարարների պաշտոնակատարները մանրամասներ են ներկայացնել իրականացվող վերոնշյալ ծրագրերի ընթացքից եւ նշել, որ արձանագրված արդյունքները, դպրոցներից եւ ծնողներից ստացվող արձագանքը նույնպես դրական են։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը եւ ուրախալի համարել աշակերտների շրջանում գիտության, արվեստի նկատմամբ հետաքրքրության առկայությունը։ Առաջարկվել է նմանատիպ ծրագրեր իրականացնել զորամասերում, ինչպես նաեւ կալանավայրերում։ Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ արվեստը շատ կարեւոր է նաեւ մարտունակության բարձրացման առումով. «Կարծում եմ՝ կարող ենք նոր ծրագիր մշակել նաեւ զինված ուժերի ներկայացուցիչների համար»։

Կապահովվի եւս 26 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հաստատել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը։ Այդ դպրոցները ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման եւ/կամ նորի կառուցման։ Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ։
Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի եւ կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց։ Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում։ Կառավարության 2017թ. համապատասխան որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։ Ներկայում շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երեւանի թիվ 135 եւ 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում եւ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հաստատված 20 դպրոցներից 5—ի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են եւ գտնվում են փորձաքննության փուլում։

Կերկարաձգվի վարկային համաձայնագրի ժամկետը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015թ. դեկտեմբերի 11—ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ—համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենում կառուցել տարածաշրջանային աղբավայր եւ փակել Աջափնյակի եւ Նուրաբաշենի գործող աղբավայրերը։ Վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը լրանում է 2018թ. դեկտեմբերի 11—ին։ Երեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն, Վարկային համաձայնագրի շրջանակում մրցութային փաթեթի պատրաստման, վերանայման եւ հաստատման ժամկետների երկարաձգմամբ պայմանավորված՝ առ այսօր ծրագրի շրջանակներում գումարներ չի ներգրավվել, որը պայմանավորված է մի շարք պատճառներով։ Կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ—ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով։ Ընդ որում, նմանատիպ մրցույթները կարող են տեւել վեց ամսից մինչեւ մեկ տարի, որի ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր, եւ վերջինս վեց ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման եւ երկու հին աղբավայրերի փակման նախագծերը։ Վերջնական նախագծի հաստատումից եւ համապատասխան ՇՄԱԳ—ների մշակումից եւ հաստատումից հետո միայն կմեկնարկեն նոր աղբավայրի կառուցման եւ հին աղբավայրերի փակման աշխատանքները, որի տեւողությունը երկու տարի է։ Ըստ այդմ՝ ծրագրի անխափան իրականացման նպատակով նախատեսվում է վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը երկարաձգել մինչեւ 2021թ. հուլիսի 1—ը։

Այլ որոշումներ

Կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով։
Գործադիրը սահմանել է.
– առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը։ Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությամբ։
– դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն ու առավելագույն չափն ու վճարման կարգը։
– մարզում պաշտոնավարող բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսի եւ օրապահիկի չափը եւ հատուցման կարգը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024