ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 21:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 21 » Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը
09:35
Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջերմորեն շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատողներին եւ վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես եւ ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերեւացող, բայց խիստ կարեւոր աշխատանք է եւ գործունեություն։ 
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են եւ բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ եւ դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։
Հայաստանում այս տարվա ապրիլ—մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը եւ ուղենշում ապագան։ Այս համատեքստում ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման եւ կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը եւ հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի եւ ժողովրդի համար։
Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան եւ կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները եւ ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը։
Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից։ Այսուհետ խոսելու ենք, որովհետեւ սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ։ Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որեւէ այլ աղբյուր, բացի Հայաստանի քաղաքացիներից, չկա եւ չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու եւ ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին եւ մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու։
Ուրախ եմ արձանագրել, որ ի վերջո Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության միաձայն գնահատականով համապատասխանում են ժամանակակից առաջատար չափանիշներին։ Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաեւ մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, եւ հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների եւ այլնի մասին։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից եւ ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որեւէ կոմպոնենտ։ Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին։ Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության եւ ժողովրդի շահերին։ Այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա մոտեցումը, որ վետերանների միության հարգելի նախագահն անվանեց գթասրտություն։ Ըստ էության, եթե միջնադարյան գթասրտությունը թարգմանենք ժամանակակից տերմինաբանությամբ՝ կհանգենք հենց այս ձեւակերպումներին՝ օրինականություն, օրենքի պաշտպանություն, արդար եւ անկախ դատական համակարգի կայացում եւ ընդհանրապես քննության եւ քննչական պրոցեսների անաչառություն, որովհետեւ եթե միջնադարում մարդկանց ճակատագրերը կախված էին կառավարիչների անձնական, անհատական որոշումներից, ապա մենք պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծենք, որ որեւէ անհատի կամքով՝ լինի վարչապետ, ազգային անվտանգության ծառայության տնօրեն կամ որեւէ այլ պաշտոնյա, որեւէ մեկի նկատմամբ որեւէ դատավճիռ չկայացվի։ Սա է մեծագույն խնդիրը, եւ որեւէ կասկած չկա, որ մենք նվիրված ենք այս գաղափարին եւ այս տեսլականին։ 
Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ծառայությունների համար, որոնց շահառուն եւ նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, անփորձանք ծառայություն եւ հաջողություններ ձեր դժվար, սակայն պատվաբեր գործում»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ որոշումներով ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, վարչապետի շնորհակալագրերով եւ հուշամեդալով։ Արիության հուշամեդալով պարգեւատրվել են՝ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ—մայոր Տիգրան Հարությունյանը, ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Շահումյանը։ Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են՝ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Դաշյանը, ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Սամվել Հայրապետյանը, պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հայկ Անանյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Առաքելյանը, ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արտաշես Սարոյանը։ Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել է ազգային անվտանգության ծառայության պայմանագրային—իրավական վարչության պետ, գնդապետ Արտեմ Դադոյանը, Երախտագիտության մեդալով՝ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության պետ, գնդապետ Արման Եփրեմյանը։ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա առթիվ ԱԱԾ մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրերով։ 

Համակարգային կոռուպցիան չպետք է կարողանա անգամ ծիլ տալ

Ազգային անվտանգության ծառայության խնդիրներից մեկն է ստեղծել այնպիսի պայմաններ եւ երաշխիքներ, որպեսզի Հայաստանում համակարգային կոռուպցիան այլեւս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ազգային անվտանգության ծառայության 100—ամյակին եւ անվտանգության աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շնորհավորելով անվտանգության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։
«Այդ խնդիրը լինելու է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում նորաստեղծ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատանքի գերակայություններից մեկը։ Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ մենք զերծ ենք մնում եւ զերծ ենք մնալու այնպիսի վարքագծից, որը կարող է մեկնաբանվել որպես որեւէ մեկի իրավունքների ոտնահարում»,–ասաց Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ ԱԱԾ—ն անելու է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովվեն անմեղության կանխավարկածը, Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
«Պատրաստ ենք բաց քննարկելու դրանց ոչ պատշաճ ապահովման կամ առավել եւս ոտնահարման մասին ցանկացած ահազանգ։ Մենք նպատակ չենք դնում որքան հնարավոր է շատ մարդկանց ենթարկել քրեական պատասխանատվության, մեր նպատակն արդարության վերականգնումն է, օրինականության, օրենքի հավասարության, այլ սահմանադրական սկզբունքների ապահովումը եւ մեր երկրի ազգային անվտանգության ապահովմանը խոչընդոտող երեւույթներն արմատախիլ անելը»,–նշեց Վանեցյանը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024