ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 21.05.2018, 03:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [491]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [406]
Մշակույթ [14]
Հասարակություն [709]
Սպորտ [1]
Տեսակետ [42]
Տարածաշրջան [69]
Զանազան [149]
Քաղաքականություն [551]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 2 » Պատկերացումների եւ մոտեցումների հստակեցում /Գերակշռող էին ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերը/
14:03
Պատկերացումների եւ մոտեցումների հստակեցում /Գերակշռող էին ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերը/

ԱԺ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի ընթացակարգերը եւ հայտարարեց, որ քննարկում են փոքրամասնության ներկայացրած թեկնածուի՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության հարցը։
Այնուհետեւ պատգամավորները հարցեր ուղղեցին վարչապետի թեկնածուին։
Մինչ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելը ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը նշեց, թե իրենք ազգային—պահպանողական ուժեր են, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Փաշինյանի խմբակցությունը լիբերալ են։
Նա հետաքրքրվեց, թե վարչապետ դառնալու դեպքում արդյո՞ք երկիրը միմիայն լիբերալ գաղափարախոսությամբ է ղեկավարվելու։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմիցս հայտարարել է, որ իրեն լիբերալ չի համարում, իսկ աշխարհում «իզմ»—երով պայմանավորված սահմանազատումները վերանում են։ 
«Հիմա մի դարաշրջանում ենք ապրում, երբ կարեւորը ոչ թե «իզմն» է, այլ մարդու երջանկությունն ապահովելը»,–ասաց նա։
Բաբուխանյանը նաեւ ՌԴ—ի կողմնորոշումից հարցրեց, որին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ կան ռիսկեր ու հարցեր, որոնց պետք է անդրադառնալ որպես իշխանություն՝ կտրուկ չփոխելով որեւէ աշխարհաքաղաքական քաղաքականություն. «ՀՀ—ում քաղաքական գործունեությունը պետք է ծավալեն միայն ու միայն հայամետ քաղաքական գործիչները։ Իմ մեծ քաղաքականության հիմնական նպատակը ներգաղթ ապահովելն է»։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը վարչապետի թեկնածուից հետաքրքրվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականի վերաբերյալ, մասնավորապես հարցնելով, թե մտահոգություն չունի՞ արդյոք, որ աշխարհաքաղաքական ուժերը պարտադրեն հայկական կողմի համար անցանկալի լուծումներ։ 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման զարգացումներ թույլ չտալու կարեւորագույն պայմանն ազգային միասնությունն է ու զարթոնքը։ Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը՝ նա ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը որեւէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ ՀՀ—ին, ԼՂՀ—ին եւ հայությանը։
«Այս իրավիճակում բանակցությունները ձեւական բնույթ են կրում, դրանք կարգավորմանը չեն ուղղված։ Բանակցություններն իրական իմաստ կստանան այն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է միջազգային իրավունքի նորմերը կատարել եւ պատրաստ է խնդրի կարգավորմանն այդ իրավունքի սահմաններում»,—ասաց նա եւ նշեց, որ բացի այդ, միջազգային հանրությունն իր հեղինակությամբ պարտավոր է հետ պահել Ադրբեջանին ուժի կիրառման սպառնալիքից։
Իսկ անելիքները, ըստ նրա, այն են, որ պետք է ազգովի համախմբել ներուժը՝ հայրենիքը ագրեսիայից պաշտպանելու համար։
«Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը մեջբերեց շրջանառվող մի տեքստ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ խնդրի ԼՂ հարցով տեսակետ էր հրապարակել «Հայկական ժամանակ» թերթում։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ մեջբերումը արդեն 5 տարի իր լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցցանցերում, եւ ինքը բազմիցս հերքել է, որ նման տեքստ գոյություն չունի։ 
Սաղաթելյանը հարցրեց, թե այդ դեպքում ինչպես է Փաշինյանը պատկերացնում փոխզիջումը, եթե մտադիր են երկիրը բանակցային գործընթացում ներկայացնել։ 
Փաշինյանը պատասխանեց. «Հստակ ասել ենք, որ փոխզիջման մասին խոսելը նման մթնոլորտում, երբ սպառնում են հայկական պետականությունը վերացնել, անիմաստ է։ Այս պայմաններում կարող ենք խոսել միայն սեփական երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին։ Իսկ փոխզիջման մասին կարող ենք խոսել, երբ Ալիեւը հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել ԼՂՀ ժողովրդի իրավունքը»։
ՀՀԿ խմբակցության մյուս անդամ Կարինե Աճեմյանն էլ տեսակետ հայտնեց, թե Փաշինյանը պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը։
Բացի այդ, նա նաեւ ավելացրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի եւ մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը շարունակում է պնդել, որ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականությունում, կա բազմաթիվ երկրների փորձը։
«Որեւէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկզբունքների համար պետք է շնորհակալ լինենք որեւէ մեկին, որովհետեւ մենք դա վաստակել ենք սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,—ասաց նա։
Կարինե Աճեմյանը հարցրեց, թե համոզվա՞ծ է, որ այդ բեռը կարող է տանել, հատկապես որ նրա հայրն էլ չի տեսնում Փաշինյանին որպես վարչապետ։ 
Փաշինյանը նշեց, որ ինքը որեւէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչեւ վերջ։ «Որեւէ մեկին իմ քաղաքական կենսագրության մեջ հիմք չեմ տվել այլ կերպ մտածելու»,—ասաց նա։
ՀՀԿ խմբակցությունից Կարեն Ավագյանի հարցն էլ վերաբերում էր արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ՀՀ քաղաքացիների ներխուժմանը։
Ըստ Ավագյանի՝ այս օրերին նման հարձակումները ոչ թե իշխանությանն էին ուղղված, այլ պետությանը եւ վարկաբեկել են Հայաստանի Հանրապետության հեղինակությունը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ՀՀ քաղաքացիները Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում իրականացրել են բողոքի գործողություններ, որին միացել են նաեւ ՀՀ քաղաքացիներն արտերկրում։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները ՀՀ տարածք են։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Հայաստանում բնակչության սոցիալական վիճակն աղետալի է, արտագաղթը շարունակվում է։ Առանձնակի տեղ ունեն ՀՀ—ում իրականացվող հարկային, մաքսային տեռորները, արդարության բացակայությունը։
Այն, որ ժողովուրդը Ձեզ հավատում է, անվիճելի է, որովհետեւ Դուք հիմա այդտեղ եք կանգնած։ Արդյոք մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Ձեր ընտրվելու դեպքում մենք այլեւս չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենացածր արժեքն է, որտեղ մանր ու միջին բիզնեսը կեղեքվում է, որտեղ հացը վաստակելու համար սահմանից մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների։ Մենք չե՞նք ապրի այն Հայաստանում, որտեղ ձու գողացողը անազատության մեջ է, ձի գողացողը՝ հարստության»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական պրոցեսների ամենամեծ ու կարեւոր պահանջը արդար Հայաստանն է, իսկ «երաշխիքները կստեղծվեն հընթացս»։
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, որ այս փոփոխություններից հետո պարզվի, որ արատավոր երեւույթները կամ դրանց մի մասը շարունակեն գոյություն ունենալ։ Բա այս ամեն ինչն ինչի՞ համար է։ Մենք ունենք ամենակարեւոր երաշխիքը, որը հրապարակում կանգնած է։ Ես լինեմ, Դուք լինեք, որեւէ մեկը կլինի, այս ժողովուրդը չի հանդուրժելու։ Հաղթած ժողովուրդն է երաշխիքը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Նայել եմ ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ներգրավված չեն։ Տրամաբանական կլիներ, որ որպես վաղվա վարչապետ՝ Դուք առանցքային դարձնեիք սոցիալական ոլորտը։ Սոցիալական ոլորտի հետ կապված Ձեր ծրագրում սկզբունքներ չկան»,–ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։
Պատգամավորը նշեց, որ նախընտրական ծրագրում կա ժողովրդագրության հետ կապված խնդիր, ասվում է, որ Հայաստանի բնակչությունը 20 տարում պետք է դառնա 5,6 միլիոն։ «Մեր ծրագրով սահմանված 4 միլիոնին Դուք չեք քվարկել։ Ինչո՞ւ, որովհետեւ 4 միլիոնը քի՞չ էր, թե՞ որովհետեւ դա հնարավոր չէր»,–հարցրեց Հակոբ Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չգիտի՝ ի՞նչ նկատի ունի 4 միլիոնի քվեարկություն ասելով, բայց «կքվեարկեր դրան դեմ, որովհետեւ դա սուտ է»։
Վարչապետի թեկնածուն նշեց, որ իրենք կապահովեն այնպիսի տնտեսություն, որոնք կապահովեն մարդկանց կարիքները եւ կախարդական փայտիկի միջոցով չէ, որ անելու են դրական տեղաշարժ, հայկական սփյուռքի ներդրումների հոսքի հաշվին են զարգացնելու տնտեսությունը։
«Ձեր բոլոր փաստարկները կարող են ազդել միայն աշխատատեղ ստեղծելու, գործազրկությունը պակասեցնելու համար։ Ինձ համար հայտնի չէ աշխատավարձերի ու թոշակների հետ կապված Ձեր մոտեցումը»,–հակադարձեց Հակոբ Հակոբյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ աշխատատեղերի ստեղծումը, տնտեսության զարգացումը կհանգեցնեն նրան, որ բարձրանա աշխատավարձը։ «Եթե լուծվում է աշխատատեղի խնդիրը, մյուս խնդիրները չեն կարող նույն մակարդակի մնալ»,–ասաց նա։
ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, վերաբերում էր դատական համակարգին։ Նա հետաքրքրվեց, թե որպես վարչապետ որոնք են լինելու դատական անաչառության բարձրացմանն ուղղված քայլերը։
Մյուս հարցը վերաբերում էր ազգային փոքրամասնություններին։ «Ուզում եմ իմանալ, թե ՀՀ—ի գործող իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների հարցում ինչպիսի բացթողումներ կան, որոնք Ձեր վարչապետության օրոք կշտկվեն»,—հարցրեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են ՀՀ—ում։ «Փոքրամասնությունների իրավունքները ՀՀ—ում վատ վիճակում չեն, բայց գիտեմ ոլորտ, որտեղ նրանց համար էականորեն սահմանափակված են, դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է»,—ասաց նա։ Փաշինյանը նշեց, թե պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ շտկեն այդ բացը, նաեւ որպեսզի ազգային փոքրամասնությունները իրենց ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու իրավունք ունենան, ունենալով լիարժեք իրավունքներ։
Դատական համակարգի խնդիրն ըստ նրա՝ օրենսդրական չէ։ «Ուղղակի իրականությանը չի համապատասխանում, ծայրից ծայրից սուտ է»,–ասաց նա։ 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը չի ասում օրենսդրական փոփոխությունների կարիք չկա, բայց վերջին 20 տարվա ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց դատական համակարգը չի փոխվել։
«Որն է լինելու մեր քայլը, փոխելու մի տարբերակ կա, իշխանությունը հրաժարվի իր քաղաքական, կլանային շահերին ծառայեցնելուց, երաշխիքը հրապարակում կանգնած ազատագրված քաղաքացին է, որը ոչ մի իշխանության չի ներելու սուտը»,—ասաց նա։
ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզան Մուրադյանը Փաշինյանին հարց ուղղելով՝ նշեց, թե անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ։
«Եթե դուք ընտրվեք վարչապետ, ու որոշ ժամանակ անց այլ ուժեր, այլ խնդիրներով բողոքի ակցիաների դուրս գան Ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ Ձեր երեխաները, ինչպե՞ս դուք դրան կվերաբերվեք»,—ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց շարժման ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։
Սա կնպաստի նրանց՝ որպես քաղաքացի ձեւավորմանը, ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։ «Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից, ու դա ես շատ եմ կարեւորում»,—ասաց նա։
Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»։
«Ես 10 րոպեով կլքեմ դահլիճը, որպես բողոք»,–հայտարարեց Արա Բաբլոյանը՝ հայտարարելով, որ ինքը Փաշինյանի հետ կշփվի հենց իր իսկ մեթոդներով։
Ըստ նրա՝ իր այդ քայլն այն պատճառով էր, որ Փաշինյանն արեց երեխաների իրավունքի հետ կապված։ «Հուսով եմ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն եւ եթե ընտրվեք վարչապետ, այլեւս երբեք նման հայտարարություն չեք անի»,—ասաց Բաբլոյանը՝ պատասխան չակնկալելով։
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Հույս ունեմ տասը րոպեից, այնուամենայնիվ, կվերադառնաք»։
Նույն խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, արդյոք կոշտ պայքար է լինելու, ինչը չի բխում ժողովրդի շահերից։
Նա մեկ այլ հարց տվեց, թե արդյոք չկա տարբերակ՝ որոշակի կառույցներ, օղակներ հատկացնել օրենսդիրից, գործադիրից, որպես ընդդիմության, ու այդպես համապատասխան վերահսկողության ենթարկել։
«Ձեզ տրված ժամանակահատվածում այդ վերահսկողությունը կիրականացնի ձեր խմբակցությունը։ Երբ ասում եք, որ ցանկացած իշխանության համար հետեւությունների տեղ կա, որպեսզի հետագայում շտկի իրավիճակը, եթե նկատի ունեք ՀՀԿ—ին, սխալ նկատի ունեք, որովհետեւ ՀՀԿ—ն այլեւս ՀՀ—ում չունի իշխանություն, եւ որքան շուտ արձանագրեք այդ իրողությունը, այնքան լավ։ Խնդիրն այն չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ այն, թե դուք նպաստում եք այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե այն պիտի լուծվի առանց ձեզ»,– ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պայքարի առաջին իսկ օրվանից իրենք մերժել են բռնությունը, եւ չի պատկերացնում իրադարձությունների այնպիսի ընթացք, որ հակառակ սցենարներ լինեն։ Փաշինյանը կոչ արեց ուշադիր ընթերցել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը։
«Սա ուրիշ Հայաստան է, որտեղ դուք չեք կարող լինել իշխող քաղաքական ուժ»,—հավելեց Փաշինյանը։
«Մեզանից արեւելք ընկած հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության եւ քաղաքացիների համար պետք է շատ հստակ լինի, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է բռունցքված ու համախմբված հայ ժողովրդի միասնական դիմակայությանը»,—նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։ Նա շեշտեց, որ Հայաստանի եւ Արցախի սահմաններին հակառակորդի կողմից արկածախնդիր գործողությունների ժամանակ ՀՀ—ում չի լինելու որեւէ քաղաքական հայացքների տարբերություն։
«Սա պետք է մեր հակառակորդն ականջին օղ անի եւ լավ իմանա»,–շարունակեց Ֆարմանյանը։
Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշեց, թե կա տեղեկատվություն, որ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներն արդեն իսկ առաջարկում են ԼՂՀ հարցով հրատապ նիստ հրավիրել։
«Առաջարկում եմ, որ Դուք՝ որպես վարչապետի թեկնածու, խոսեք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի, ԳՇ շտաբի պետ Մովսես Հակոբյանի, Արցախի ՊՆ նախարար Լեւոն Մնացականյանիեւ ԳՇ շտապի հետ ու տեղեկանալ այս պահին ռազմաքաղաքական վիճակի մասին եւ Ձեր եզրափակիչ ելույթում զեկուցել»,–շեշտեց Սամվել Ֆարմանյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե 100 տոկոսով պաշտպանում է Ֆարմանյանի խոսքի նախաբանում ասված միտքը։ Նրա խոսքով՝ որեւէ կասկած չի կարող լինել, որ ԱՀ—ի եւ ՀՀ—ի անվտանգության ապահովման հարցում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ամբողջ հայ ժողովուրդը միասնական են։ Նա հորդորեց, որ վերացնեն ներքաղաքական ճգնաժամը, այլ ոչ թե խորացնեն։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018