ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 17 » Պայքար տարերքի դեմ /Հրդեհաշիջման աշխատանքները Արտավանում ավարտվել են, Խոսրովի արգելոցում  մոտենում են ավարտին/
12:25
Պայքար տարերքի դեմ /Հրդեհաշիջման աշխատանքները Արտավանում ավարտվել են, Խոսրովի արգելոցում  մոտենում են ավարտին/

Ընթացիկ ամառվա աննախադեպ բարձր ջերմային ֆոնը եւ տեղումների բացակայությունը հանրապետությունում ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ։ Դրա հետեւանքով օգոստոսի առաջին տասնօրյակից հետո երկու տարածքներում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եւ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարեւանությամբ բռնկվել է երկու խոշոր հրդեհ, որոնց դեմ պայքարը տեւել է մի քանի օր՝ պահանջելով մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների մոբիլիզացում։
Օգոստոսի 12—ին, ժամը 12։30—ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տարածքում։ Հրդեհը շատ արագ տարածվել էր՝ առկա քամու եւ բարձր ջերմային ֆոնի պատճառով. հրդեհը մարելու համար հրշեջներին էր միացել նաեւ Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ։ Օգոստոսի 13—ին եւ 14—ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, սակայն դրանց խանգարել է ուժգին քամին։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ Օգոստոսի 14—ի նախնական տվյալներով՝ 200—250 հա տարածքում այրվում էր բուսածածկ եւ անտառածածկ տարածք։ Նույն օրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ—76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում օգոստոսի 14—ի երեկոյան։ ՀՀ ՊՆ ուղղաթիռով մասնագետների հետախուզական թռիչք իրականացնելուց հետո որոշում է կայացվել 42 տոննա ջրատարողությամբ ինքնաթիռով օդային հրդեհաշիջումն անցկացնել օգոստոսի 15—ի վաղ առավոտյան։
Օգոստոսի 15—ի ժամը 12։00—ի դրությամբ պետական արգելոցի սահմաններում այրվել էր 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ։ Նույն այդ ժամի դրությամբ «ԻԼ—76» ինքնաթիռն իրականացրել էր հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով «Էրեբունի» օդանավակայանում։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել էր, որ պետական արգելոցում հրդեհը բռնկվելուց հետո այն շատ արագ էր տարածվել, անմիջական գործողություններն արդյունք չէին տվել՝ պայմանավորված թե՛ տեղանքի, թե՛ կլիմայական պայմանների առանձնահատկություններով։ Lինելով պետական արգելոց, որտեղ օրենքի ուժով արգելված է որեւէ գործողություն իրականացնել, մասնավորապես խոտհունձ, հակահրդեհային բաժանարարների ապահովում, ժամանակի ընթացքում այստեղ ձեւավորվել է մի միջավայր, որը հրդեհի տեսանկյունից բարձր ռիսկային դաշտում է գտնվել։
«Թեեւ կանխարգելիչ բազմաթիվ գործողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել, ինչի հետեւանքով պետական արգելոցի տարածքում, ինչպես նաեւ համայնքային նշանակության տարածքներում հրդեհը բռնկվել եւ շատ արագ տարածվել է... Այն վնաս է հասցրել թե՛ բուսական աշխարհին՝ հարյուրամյա ծառերին, թե՛ կենդանական աշխարհին։ Տարածքի առանձնահատկությունը նաեւ այն է, որ պետարգելոցը գտնվում է էկոմիջանցքում։ Եղած մարդկային, տեխնիկական հնարավորությունների սահմաններում բոլոր գործողությունները ձեռնարկվել են, սակայն տեղանքի առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհնարին է եղել կանգնեցնել հրդեհը»,–հայտարարել էր նախարարը։
Օգոստոսի 15—ին, ժամը 17։30—ին ռուսական ինքնաթիռը 5—րդ անգամ էր ուղեւորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու։ Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝ երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր էր եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը։ Օդանավից իրականացվում էր ջրի թիրախային բացթողում կրակի տարածման ճակատների ուղղությամբ։ Ինքնաթիռի 6—րդ թռիչքն անցկացվել է ժամը 18։55—ին, իսկ ժամը 19։00—ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էին ՀՀ ԱԻՆ 56 հրշեջ—փրկարար, ՀՀ ՊՆ 105 զինծառայող եւ անտառտնտեսության 55 աշխատակից։
Օգոստոսի 16—ի առավոտյան հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել եւ մարվել էր, աշխատանքներ էին իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ։ Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում էր իր թռիչքներն ու մարման աշխատանքները։
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով՝ «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել։ Նրանք արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։ Հրդեհի հետեւանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները։
«Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները եւ հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո։ Հրդեհն ընդգրկած 2.5—3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. այրված տարածքների 8—10 տոկոսն անտառածածկ են»,–հայտնել է նա։
Երեկ, ժամը 17։30—ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները։ Արգելոցում իրականացվում էին հետմարման աշխատանքներ։ 
Հիմնականում կրակի ճիրաններում էր հայտնվել գիհի ծառատեսակը, որը շուտ բռնկվող տեսակ է՝ շուրջ 200 հա տարածքով։
Ընդհանուր առմամբ արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 150—ից ավելի փրկարարական ծառայող եւ 6 միավոր հրշեջ—փրկարարական ավտոմեքենա։ Բացի «ԻԼ—76» ինքնաթիռից, ընդգրկվել են ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ եւ զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ՀՀ ոստիկանության 70 ծառայող, անտառտնտեսության 50 աշխատակից, բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր եւ հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ, կամավորներ։
Մյուս խոշոր հրդեհը բռնկվել էր օգոստոսի 10—ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում։ Կրակի դեմ 5—օրյա պայքարից հետո, օգոստոսի 15—ին, ժամը 12.00—ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ՝ 4—10 մ լայնությամբ խրամատներ. այդ ժամի դրությամբ հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել էր, տարածման վտանգ չկար։ Օգոստոսի 15—ի ժամը 12։00—ի դրությամբ՝ այրվել էր շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ։ Հրդեհի առաջին օրերին 14 էլեկտրասյուների այրման հետեւանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը։ Հրդեհի մարման համար առաջին անգամ օգտագործվել էր մոտակա ջրամբարի ջուրը։
Օգոստոսի 16—ի ժամը 09։24—ի դրությամբ հրդեհը ամբողջությամբ մարվել է։ Հրդեհի (450—500 հա խոտածածկ եւ անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները։
ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 100 փրկարարական ծառայող եւ 9 միավոր հրշեջ—փրկարարական ավտոմեքենա։ Հրդեհաշիջմանը ներգրավվել էին ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռը, «Լիդիան Արմենիա» ընկերության 14 աշխատակից եւ «Caterpillar D10» տեսակի 2 եւ «Caterpillar D9» տեսակի 1–ական տրակտոր, 3 միավոր «Կամազ» մակնիշի 10 տոննա ջրատարողությամբ ջրատար, բարձր անցանելիության 3 մարդատար մեքենա, ՀՀ ՊՆ ԶՈՒ ստորաբաժանումների 270 եւ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության զորքերից 150 ծառայող, Վայոց ձորի մարզպետարանի 12, անտառտնտեսության 40, բնապահպանության պետական տեսչության 4 աշխատակից, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան, Սարավան եւ Զառիթափ գյուղերի շուրջ 100 բնակիչ։
ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 372 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024