ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 00:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 27 » Պետականություն եւ բանակաշինություն /Միավորվել են ոլորտը կարգավորող եւ գործող օրենքների դրույթներ/
10:08
Պետականություն եւ բանակաշինություն /Միավորվել են ոլորտը կարգավորող եւ գործող օրենքների դրույթներ/

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։


Քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին ընթերցմամբ քննարկելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որում միավորվել են ոլորտը կարգավորող եւ գործող ՀՀ մի քանի օրենքների դրույթներ։ Նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները։
Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծը լայնորեն քննարկվել է տարբեր մակարդակներում. մինչ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելը ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ նախագծի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն եւ ծառայեն բոլոր զինապարտ անձինք, իսկ տարկետման իրավունքից օգտվելու կամ զինծառայությունից ազատման դեպքերը պետք է լինեն թափանցիկ եւ հասանելի հանրությանը։ Փոփոխություններ են կատարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման, զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված իրավահարաբերություններում։ Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 24 ամիս, բացառությամբ նախագծով սահմանված դեպքերի։ Իրականացվելու է զինվորական ծառայության երեք տեսակ՝ ժամկետային, պահեստազորային եւ զորահավաքային։ Սահմանվել են «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Կիրականացվեն սպայական անձնակազմի բնակարանային խնդիրների կարգավորմանն ուղղված ծրագրեր։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հաշվի առնելով՝ զորակոչ հայտարարելու իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը։ Վերանայվել են զորակոչից տարկետում տալու հիմքերը, դրանց մեծ մասը փոխարինվել է բովանդակային արտոնություններով։ Մասնավորապես՝ բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետեւ պատրաստ է ծառայելու որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման վարձի փոխհատուցում։ Կառավարությունը կսահմանի այն հիվանդությունների ցանկը, որոնք ունենալու դեպքում զորակոչիկը կամ կազատվի զինծառայությունից, կամ տարկետում կստանա բուժման նպատակով։
Նախարարը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, տվել պարզաբանումներ։
Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում, բացի այդ, հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ օրինագծի ընդունման հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերն ուսումնասիրելու համար։ Պարոն Նահապետյանի խոսքով՝ ներկայում մեր երկրում ձեւավորված ռազմաքաղաքական իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխություններ, եւ օրինագիծը պիտի դիտարկել այս համատեքստում։ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով զինված ուժերի համալրման հարցը, նշել է, որ առաջնային է այս բնագավառի օրենսդրական կարգավորումը։


Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն
 

Էդմոն Մարուքյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության գործում մասնագիտացած լինելով՝ կողմնակից է, որպեսզի բոլորը ծառայեն, սակայն, իր կարծիքով, այս օրինագիծը դա չի ապահովելու։ Պարոն Մարուքյանի խոսքով՝ արդարությունը պիտի լինի բոլորի համար. անգամ իննսունական թվականներին ուսանողներն ունեցել են տարկետման իրավունք՝ շարունակելով կրթությունը։ Շիրակ Թորոսյանը կարեւորել է օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ ներառված են արդարության, հավասարության եւ ընտրելու հնարավորություն ընձեռող սկզբունքներ։ Oրենսդրորեն բացառվում են բուհական համակարգում կոռուպցիայի հնարավորությունները, ապահովվում է քաղաքացու կրթության շարունակականությունը։ Լենա Նազարյանն անդրադարձել է բանակից խուսափելու համար ակադեմիական տարկետումից օգտվելու հնարավորությանը, կարծիք հայտնել, որ ոլորտում արդարության պակաս կա։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բանակից ազատվում են մեծամասամբ առողջական խնդիրների պատճառաբանությամբ, այսինքն՝ խնդիրը հիմնականում առնչվում է առողջապահության ոլորտին, ինչը, սակայն, այս նախագծով չի կարգավորվում։ Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ներկայացված է անվտանգության նոր հայեցակարգ, որն անհրաժեշտություն է եւ միտված է ՀՀ եւ Արցախի անվտանգության ապահովմանը։ Տիկին Նաղդալյանը կարեւորել է այն փաստը, որ պաշտպանության ոլորտի օրինագծերը հանրային քննարկումների կարեւոր փուլ են անցել։ Ռուզաննա Մուրադյանը կարեւորել է օրենսդրական կարգավորումները եւ նշել, որ օրինագծում ամրագրված են սոցիալական եւ իրավական այն երաշխիքները, որոնք ցույց են տալիս, որ պետության ուշադրության կենտրոնում զինվորն է եւ նրա կարգավիճակը։ Պատգամավորը խոսել է կամավորության հստակ սկզբունքի, զինվորական ծառայությունը գրավիչ դարձնելուն ուղղված եւ մի շարք այլ դրույթների մասին։ Ռոմիկ Մանուկյանը եւս դրական է գնահատել օրենսդրական կարգավորումները։ Պարոն Մանուկյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, բանակաշինության գործում կամավորների ներգրավմանը եւ նրանց վերապատրաստմանը, խոսել առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ։ Մանե Թանդիլյանը, չժխտելով, որ օրինագծով լուծվում են որոշ խնդիրներ, նշել է, որ բանակում գոյություն ունեցող բազմաթիվ լրջագույն հարցեր դեռեւս մնում են չկարգավորված։ Պատգամավորը խոսել է սոցիալական արդարության սկզբունքի իրացման եւ գիտության ու կրթության ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի մեխանիզմների անհրաժեշտության մասին։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ օրենքի նախագիծը չպետք է նույնացնել տարկետման իրավունքի հետ։ Նա կարծիք է հայտնել, որ արմատական փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը եւ տարկետման իրավունքի բացասական ազդեցությունը պետք է հստակ ներկայացվի։ ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ առաջնագծում հիմնականում պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները։ Այս հարցում պարոն Մելքումյանը կարեւորել է հաշվետվողականության եւ քաղաքական պատասխանատվության սահմանումն օրենքով։ Բանակի հենքը համարելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է դառնալ զենքի արտահանման երկիր։ «Մենք պետք է կարողանանք արդյունաբերական քաղաքականությունը դնել արդյունավետ ռելսերի վրա։ Ես ուզում եմ հավատալ, որ սա կարող է լինել մոբիլիզացիոն օրենք, բայց վարչարարության քաղաքական պատասխանատվությունը պետք է լինի։ Մեր խմբակցությունը, կարծում եմ, այս օրենքին կողմ է քվեարկելու»,—ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը։ Սամվել Նիկոյանը կարծիք է հայտնել, որ անկախ պետականությունն ու բանակաշինությունը զուգահեռ են ընթանում, եւ հայեցակարգային այս փոփոխությունները դիտարկել է հենց այդ համատեքստում։ Պատգամավորը խոսել է օրինագծի հիմքում դրված հավասարության եւ արդարության գաղափարի, սոցիալական գրավչության կարեւորության մասին։ Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի այն հարցում, թե արդյո՞ք այս փոփոխություններով լուծվելու են բանակում առկա կոռուպցիոն դրսեւորումները։ Նրա գնահատմամբ՝ այս բնագավառում մեծագույն խնդիրն արդարության ճգնաժամն է։ Տիկին Զոհրաբյանի խոսքով՝ տարիների փորձը ցույց է տալիս, որ բանակում կոռուպցիայի դեմ պայքարելու այլ մեխանիզմ, քան «վիրահատական» միջամտությունն է, չկա։ Արման Սաղաթելյանի համոզմամբ՝ կգա մի օր, երբ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար՝ անկախ սովորելու կամ չսովորելու հանգամանքից եւ սոցիալական դիրքից, այլ այս կամ այն եղանակով պարտադիր է լինելու բոլոր քաղաքացիների համար՝ անգամ անկախ սեռային պատկանելությունից, քանի որ ֆիզիկական սպառնալիքի ներքո պետականություն կերտող հասարակությունն ու ազգն այլ ճանապարհ չունեն։ Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ հստակեցված են գործող երեք օրենքների դրույթները, ներառված են նոր մոտեցումներ՝ ուղղված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի իրավական հիմքերի ստեղծմանը։ Տիկին Բաղդասարյանը կարեւորել է մասնավորապես զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերի կանոնակարգումը։
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների բանավոր հարցերին։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024