ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.08.2018, 03:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 18 » Փոփոխությունների մեծ սպասումներ /Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» գործակալություններին/
10:16
Փոփոխությունների մեծ սպասումներ /Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» գործակալություններին/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» լրատվական գործակալություններին։
–Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, մունդիալը կազմակերպված Ռուսաստանում։
–Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, այսօր, 21—րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուրհազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973—ին եւ 1975—ին–հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ հանրապետության համար։
Վերջին տարիներին մեր ընտանիքի սիրած թիմը Լոնդոնի «Արսենալ»—ն է, եւ մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետեւ այնտեղ է լավագույն հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը։
–Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ո՞ւմ էիք երկրպագում։
–Ֆրանսիային։ Դրա համար միանգամից մի քանի պատճառ կար։ Առաջինը՝ նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ։ Երկրորդը՝ Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, երկու հայ էին խաղում՝ Ջորկաեֆն ու Պողոսյանը։ Երրորդը՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են։ Ֆրանսիան մի երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան տվեց հսկայական թվով հայերի, երկիր է, որը ճանաչել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։
Բացի այդ, ըստ վկայությունների, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ հայ, կիսով չափ ֆրանսիացի էր, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ՝ ֆրանսիացի։
Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, այս տարի Երեւանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ անձամբ ինձ համար եզրափակիչ խաղում Ֆրանսիային չսատարելը, այն էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, դժվար կլիներ։
Ընդհանրապես, այս առաջնությունում ինչ—որ մի թիմի գերակայություն չկար, ինչպես նախկինում էր լինում։ Եվ այս տարի չեմպիոնի տիտղոսին մի քանի թիմ էին հավակնում, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականը։ Մենք եզրափակիչից առաջ գործընկերների հետ այդ մասին էինք խոսում։ Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես մեծ հոկեյ ունեցող երկիր։ Բայց հիմա, ինձ թվում է, դարձել է նաեւ ֆուտբոլի մեծ երկիր, իսկ Ռուսաստանի թիմը երկրում հերոս է դարձել, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար։
–Շատերն ակնկալում են, որ տարբեր երկրների քաղաքական եւ գործարար վերնախավի հետ Ձեր կապերը հնարավորություն կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել երկրի համար։ Հաջողվե՞լ է արդյոք ինչ—որ պայմանավորվածություններ ձեռք բերել։
–Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ—որ լծակներ չի ենթադրում։ Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար։
Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում։ Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ։
Իմ տեսլականը հետեւյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք։ Եվ երբ ասում եմ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում։ Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ։
Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա։ Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ։ Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում։
Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, «Dassault Systemes», «Orange», «THALES»։ Հանդիպումներ եղան ոչ միայն բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաեւ «Chanel»—ի սեփականատիրոջը։ Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները։
–Իշխանափոխությունից հետո ակտիվացել է Հայաստան հայրենադարձության գործընթացը։ Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին, աշխատանք կա՞ նրանց համար։ Ասենք, սիրիահայերը կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում։
–Իսկապես, հիմա մեծ հոսք կա։ Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են։ Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ։
Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի։ Կարեւորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան։ Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ։
Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ։ Նրանք տեղափոխվում են Հայաստան եւ ամեն ինչ սկսում զրոյից։ Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել։
–Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից։
–Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է։
Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ—որ մեկին պահել նույն տեղում։ Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն եւ երբեք չկորցնի հայրենիքի հետ կապը։
Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ։ Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է։ Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան։ Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է եւ մեզ ամենամոտը թե ֆիզիկապես, թե ոգով։
–Պահպանվե՞լ է արդյոք Ձեր մասնագիտական հետաքրքրությունը տեսական ֆիզիկայի նկատմամբ, որով զբաղվել եք մինչեւ քաղաքականություն մտնելը, եւ ինչպե՞ս է գիտական ոլորտի փորձն օգնում Ձեզ նոր կարգավիճակում։
–Իհարկե, հետաքրքրություն մնացել է։ Այն ոլորտները, որով ես զբաղվել եմ՝ հարաբերականության տեսություն, տիեզերագիտություն, ռելյատիվիստական աստղաֆիզիկա՝ դա տիեզերքի, աշխարհի ճանաչումն է, եւ գիտական իմացության միջոցով մենք ավելի շատ ենք մոտենում ճշմարտությանն ու Աստծո ընկալմանը։ Որքան խորն ենք մենք հասկանում ֆիզիկայի օրենքները, այնքան ավելի հաճախ ենք բացահայտում բացարձակ պարզությունն ու բացարձակ գեղեցկությունը։
Ի՞նչ է ինձ տվել գիտությունը իմ ներկայիս աշխատանքում։ Առաջին հերթին՝ մտածողության կարգապահություն։ Երկրորդը. անկախ նրանից, ինչով ես դու զբաղվում՝ գիտությամբ, բիզնեսով, թե քաղաքականությամբ, շատ կարեւոր գործոն է առողջ բանականությունը եւ տրամաբանությունը։ Շատ կարեւոր է նաեւ, որ ներքին զգացողություն ունենաս, թե ինչպիսին պետք է լինի տվյալ խնդրի լուծումը։ Ես դա անվանում եմ տեսլական։ Այնուհետեւ լուծման մեթոդների, ծրագրերի, կոնկրետ քայլերի հաշվարկ՝ ընդհուպ մինչեւ իրական նպատակները։
–Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար։ Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը։
–Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականությունն են։ Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան։
Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, եւ անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը։ Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում։
Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, եւ ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը։
Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում։ Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձեւը գոյություն ունի բավականին երկար։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018