Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եւ տիկին Լաուրա Մատարելան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում։
Սերջիո Մատարելան Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով։
Սերջիո Մատարելան եւ տիկին Լաուրա Մատարելան Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի հետ միասին երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ—իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը։
Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը եւ շրջայց կատարել տարածքում։
Կենտրոնը հիմնվել է հայկական եւ իտալական կողմերի համատեղ նախաձեռնությամբ եւ նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր։
Լաուրա Մատարելան Նունե Սարգսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն—թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական եւ գրական ժառանգությունը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ տուն—թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի ողբերգական եւ փառահեղ դրվագները՝ ներկաներին ծանոթացնելով նրա ստեղծագործություններին՝ ֆիլմերին, կոլաժներին, տիկնիկներին, այլ հետաքրքիր գործերի։
Սարգսյանը պատմել է, որ Փարաջանովը սկսել է կոլաժներ ստեղծել՝ ասելով, որ Խորհրդային Միությունում իշխանություններն իրեն թույլ չեն տալիս կինոժապավեններ նկարահանել, ուստի ինքը այդ բացը կլրացնի կոլաժներով. կոլաժը սեղմված ֆիլմն է։
Զավեն Սարգսյանն անդրադարձել է «Նռան գույնը» («Սայաթ—Նովա») հանրահայտ եւ աղմկահարույց կինոնկարին՝ նշելով, որ այն չունի սյուժե։ Այդ ժապավենով ռեժիսորը ցանկացել է երկրի պատկերը ստեղծել։
Հյուրերը շրջել են տուն—թանգարանի բոլոր հատվածներով, լուսանկարվել, իսկ շրջայցի ավարտին Զավեն Սարգսյանը Լաուրա Մատարելային նվիրել է «Նռան գույնը» կինոնկարի սկավառակը՝ շեշտելով, որ այն լավագույն ֆիլմն է Հայաստանի մասին, Սերգեյ Փարաջանովի աշխատանքների փոքր ալբոմը։
Տնօրենը Իտալիայի նախագահի դստերը եւ ՀՀ նախագահի կնոջը նվիրել է «Մեկուսացում» գիրքը, որում զետեղված են Փարաջանովի կյանքի բանտային տարիներին վերաբերող նամակներ, նյութեր, նկարներ։
Մարտիրոս Սարյանի տուն—թանգարանը երեկ իր դռներն է բացել Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելայի առջեւ։ Նրան ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկին Իրինա Իգիթխանյանն ու ՀՀ—ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի տիկին Դիան Մարի Ռիսոպուլոսը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ տուն—թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը հյուրերին պատմել է նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջանների մասին։ Ռուզան Սարյանի խոսքով՝ տուն—թանգարանի յուրահատկությունն այն է, որ սկսել է գործել Մարտիրոս Սարյանի կենդանության օրոք։ Ներկայացված է նկարչի գործունեության ողջ ուղին՝ նաեւ նրա ստեղծած առաջին դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները։
Հյուրերը հատկապես մեծ ուշադրություն են դարձրել Սարյանի «Սեր։ Հեքիաթ» կտավին, որը հիշեցնում է Գուստավ Կլիմտի հանրահայտ «Համբույրը», սակայն ստեղծվել է Կլիմտի գործից մեկ տարի առաջ։
Տուն—թանգարանի տնօրենն ասել է, որ Սարյանը ռուս կոլեկցիոներներից մեկի հավաքածուում ծանոթացել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչների ստեղծագործություններին, սակայն, գնահատելով արեւմտյան արվեստը, ոչ թե Փարիզ է մեկնել, այլ արեւելք՝ Թուրքիա, Եգիպտոս, Պարսկաստան։ Հենց այդ երկրներում են ծնվել հեղինակի բազմաթիվ սիրված գործեր։
Տուն—թանգարանի բոլոր սրահներում շրջելուց հետո հյուրերը կոնյակ են ըմպել վարպետի ճաշասենյակում։ Ռուզան Սարյանը նրանց նվիրել է Մարտիրոս Սարյանի մասին պատմող ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի «Ծաղիկներ» ֆիլմի խտասալիկը, նկարչի կտավների վերատպություններով աքսեսուարներ եւ ալբոմներ։
|