ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 15 » Քննարկվել է համագործակցության հարցերի լայն շրջանակ /Հայաստանում է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին/
15:55
Քննարկվել է համագործակցության հարցերի լայն շրջանակ /Հայաստանում է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարությունում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ–իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով ԻԻՀ առաջին փոխնախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու եւ անելիքները նախանշելու համար։ Մենք միշտ կարեւորել ենք բարեկամ եւ հարեւան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Իրանը մեր կարեւորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»։ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Իրանի առաջին փոխնախագահի այցը հնարավորություն կտա ամփոփել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները եւ հստակեցնել հետագա քայլերը։
Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու հրավերի համար եւ նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում։ «Հայաստանը եւ Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում։ Հայաստանի Հանրապետությունն իր հատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, եւ մենք որեւիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով։ Նախորդ տարի Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք պայմանավորվեցինք՝ յուրաքանչյուր տարի ե՛ւ Երեւանում, ե՛ւ Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկա բոլոր հարցերը, եւ եթե կան խնդիրներ, լուծում տալ դրանց»,–ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահը։
ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նախ եւ առաջ գոհունակություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայուն զարգացման։
Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժն իրացնելու եւ առեւտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին կարեւորել են հոկտեմբերի 15–ին Երեւանում հայ–իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը հնարավորություն կտա ակտիվացնել եւ ընդլայնել գործարար կապերը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ–իրանական փոխշահավետ համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը։
Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին, մասնավորապես, գոհունակություն են հայտնել Հայաստան–Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան եւ կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018 թվականից ավելացնել գազ–էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը։ Անդրադարձ է եղել նաեւ Մեղրիի ՀԷԿ–ի կառուցման հետ կապված հետագա քայլերին։ Երկուստեք կարեւորվել է հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ են համարվել պարբերական հանդիպումները, որոնք կխթանեն երկու երկրների առեւտրատնտեսական կապերը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը եւ ԵԱՏՄ–Իրան հարաբերութուններին առնչվող հարցերի։ Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ–ԻԻՀ համագործակցության համար, եւ ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՏՄ–Իրան երկխոսության ձեւավորմանը եւ տնտեսական գործակցության զարգացմանը։
Այնուհետեւ հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական եւ իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանավորվածությունների եւ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։ Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման եւ պատմամշակութային կապերի սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցումներով են հանդես եկել նաեւ հայկական եւ իրանական կողմերի համապատասխան նախարարները։ Երկուստեք ընդգծվել է, որ ձեւավորվել է արդյունավետ համագործակցություն, բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետում եւ նախատեսված ծավալով, ինչպես նաեւ մշտական կապի միջոցով լուծում է տրվում ցանկացած հարցի։
Նշված հարցերի համատեքստում ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին եւ Հայաստան–Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարեւորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման եւ միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում։ Կողմերը կարեւորել են նաեւ մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը եւ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը։
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը եւ Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ բարեկամական եւ կառուցողական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերն ու ծրագրերը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024